2017
«Ինչպես ես ձեզ սիրեցի»
Փետրվար 2017


Առաջին Նախագահության Ուղերձ, փետրվար 2017

«Ինչպես ես ձեզ սիրեցի»

Տարիներ առաջ Լուիս անունով մի ընկեր պատմեց ինձ իր մեղմ ու քնքուշ մոր մասին։ Երբ նա մահացավ, իր որդիներին ու դուստրերին չթողեց ֆինանսական հարստություն, այլ լավ օրինակի, զոհաբերության, հնազանդության ժառանգություն։

Հուղարկավորման խոսնակի ելույթը լսելուց և գերեզման տանող տխուր երթն ավարտելուց հետո մեծ ընտանիքը հավաքվեց իրենց մոր թողած աղքատիկ ունեցվածքի շուրջ։ Լուիսն այնտեղ գտավ մի գրություն և բանալի։ Գրության մեջ նշված էր․ «Անկյունում գտնվող ննջասենյակի իմ պահարանի ներքևի դարակում մի փոքրիկ տուփ կա։ Այն պարունակում է իմ սրտի գանձերը։ Այս բանալին կբացի այդ տուփը»։

Բոլորը սկսեցին խորհել այն մասին, թե ինչ արժեքավոր բան ուներ իրենց մայրը, որ դրել էր փակի տակ։

Տուփը դուրս բերվեց իր տեղից և զգուշորեն բացվեց բանալիի օգնությամբ։ Երբ Լուիսը և մյուսները զննեցին տուփի պարունակությունը, նրանք գտան յուրաքանչյուր երեխայի նկարը, որի վրա գրված էր երեխայի անունը և ծննդյան ամսաթիվը։ Ապա Լուիսը հանեց տանը պատրաստված մի բացիկ, որը պատրաստվել էր սիրո տոնի կապակցությամբ։ Ճանաչելով իր մանկական ձեռագիրը՝ նա կարդաց բառերը, որոնք գրել էր 60 տարի առաջ․ «Թանկագին մայրիկ, ես սիրում եմ քեզ»։

Սրտերը լցվեցին ջերմությամբ, ձայները մեղմացան և աչքերը լցվեցին արցունքով։ Մոր գանձը նրա հավերժական ընտանիքն էր։ Դրա ուժը բխում էր «Ես սիրում եմ քեզ» բառերից։

Մեր օրերում այդ սիրո կարիքը զգացվում է ոչ միայն տանը։ Եվ ինչպես կարող է աշխարհը գտնել այդ ուժի ավելի լավ օրինակ, քան Վերջին Օրերի Սրբերի տներում, ովքեր սերը դարձնում են իրենց ընտանեկան կյանքի սիրտը։

Նրանց, ովքեր ուզում են լինել Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտները, Նա տվել է այս խորիմաստ հրահանգը․

«Նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք. ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք:

«Սորանով կգիտենան ամենքը թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։1

Եթե ցանկանում ենք պահել իրար սիրելու պատվիրանը, մենք պետք է միմյանց հանդեպ կարեկցանք և հարգանք ունենանք՝ սեր ցուցաբերելով ամենօրյա փոխհարաբերություններում։ Սերն առաջարկում է բարի խոսք, համբերատար պատասխան, ինքնազոհ արարք, հասկացող ականջ, ներող սիրտ։ Մեր բոլոր հարաբերություններում այս և նմանատիպ արարքներն օգնում են ցույց տալ մեր սրտի սերը։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008) նշել է․ «Սերը … մի կճուճ ոսկի է, որ գտնվում է ծիածանի վերջնակետում։ Թերևս այն գտնվում է ոչ միայն ծիածանի վերջում։ Սեր կա նաև սկզբում, և դրանից է բխում այն գեղեցկությունը, որ կամար է կապում երկնքում փոթորկոտ օրերին։ Սերն ապահովությունն է, որի համար երեխաները լալիս են, որին ծարավ են երիտասարդները, ամուսնությունները կապող ուժն է և այն, ինչը թույլ չի տալիս, որ տանը կործանարար բախումներ տեղի ունենան․ դա ծերության խաղաղությունն է, հույսի շողը, որ փայլատակում է մահվան շավիղներից։ Որքան հարուստ են նրանք, ովքեր վայելում են այն ընտանիքում, ընկերական շրջապատում, եկեղեցում և հարևանության մեջ»։2

Սերը ավետարանի հենց էությունն է, մարդկային հոգու ամենաազնվագույն հատկանիշը։ Սերը դեղամիջոց է անհանգիստ ընտանիքների, անառողջ հասարակության և ազգերի համար։ Սերը ժպիտ է, ողջույն, բարի խոսք և հաճոյախոսություն։ Սերը զոհաբերություն է, ծառայություն և անեսապաշտություն։

Ամուսիններ, սիրեք ձեր կանանց: Եղեք նրանց հանդեպ սիրալիր և երախտագետ։ Քույրեր, սիրեք ձեր ամուսիններին: Եղեք նրանց հանդեպ հարգալից և քաջալերող։

Ծնողներ, սիրեք ձեր երեխաներին։ Աղոթեք նրանց համար, ուսուցանեք նրանց և բերեք նրանց ձեր վկայությունը: Երեխաներ, սիրեք ձեր ծնողներին։ Ցուցաբերեք նրանց հանդեպ հարգանք, երախտագիտություն և հնազանդություն։

Առանց Քրիստոսի մաքուր սիրո, ինչպես ասել է Մորմոնը, «[մենք] ոչինչ ենք»։3 Իմ աղոթքն է, որ մենք կարողանանք հետևել Մորմոնի խորհրդին, «[աղոթելով] Հորը սրտի ողջ կորովով, որ [մենք] կարողանանք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են, որ [մենք] կարողանանք դառնալ Աստծո որդիները, որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման»(4

Ուսուցում այս ուղերձից

Նախագահ Մոնսոնը մեզ ուսուցանում է ճշմարիտ Քրիստոսանման սեր ցուցաբերելու կարևորությունը հատկապես տանը։ Խնդրեք նրանց, ում այցելում եք, հավաքվել ընտանիքով և քննարկել, թե ինչպես նրանք կարող են ավելի շատ սեր ցուցաբերել միմյանց հանդեպ։ Դուք կարող եք խրախուսել նրանց ընտրել այս գաղափարներից մեկը և ծրագրել, թե ինչպես կարող են հասնել դրան ընտանիքով։ Օրինակ, ընտանիքի անդամները կարող են ամեն շաբաթ գաղտնի պայմանավորվել և ծառայություններ մատուցել ընտանիքի անդամներից մեկին։ Դուք կարող եք խրախուսել նրանց հետագայում ուշադրություն դարձնել այն փաստին, թե ինչպես է իրենց նպատակին հասնելու ձգտումը մեծացրել սերը իրենց տանը։

Տպել