2012
Ծառայելու Փրկչի կանչը
Օգոստոս 2012


Առաջին Նախագահության Ուղերձ, օգոստոս 2012

Ծառայելու Փրկչի կանչը

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Նրանք, ովքեր մաթեմատիկա են ուսումնասիրել, գիտեն, թե ինչ է ընդհանուր հայտարարը: Վերջին Օրերի Սրբերի համար գոյություն ունի մի ընդհանուր հայտարար, որը կապում է մեզ իրար: Այդ ընդհանուր հայտարարը անհատական կոչումն է, որ մեզանից յուրաքանչյուրը ստանում է, որպեսզի այստեղ երկրի վրա Աստծո թագավորությունում հանձնարարություններ կատարի:

Դուք երբևէ մեղանչե՞լ եք, տրտնջալով, երբ կոչում եք ստացել: Թե՞ դուք երախտագիտությամբ եք ընդունում ձեր եղբայրներին ու քույրերին ծառայելու յուրաքանչյուր հնարավորությունը, իմանալով, որ մեր Երկնային Հայրը կօրհնի նրանց, ում Նա կանչում է:

Ես հուսով եմ, որ մենք չենք կորցնի ծառայելու մեր փայփայված հնարավորությունների իրական նպատակը: Այդ նպատակը` այդ հավերժական նպատակը, նույնն է, որ տրվել է Տիրոջ կողմից, և գտնվում է Թանկագին Մարգարիտում. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:1

Թող որ մենք միշտ հիշենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը կանչված է կրելու ոչ թե հարմարավետ թիկնոց, այլ պարտականության փարաջա: Մեր անձը փրկելու հետ մեկտեղ, մեր պարտականությունն է՝ առաջնորդել ուրիշներին դեպի Աստծո սելեստիալ արքայությունը:

Աստծուն ծառայելու ճանապարհով հոժարակամ քայլելով մենք երբեք չենք հայտնվի Շեքսպիրի Կարդինալ Վոլսեյի իրավիճակում: Իր թագավորին ամբողջ կյանքում ծառայելուց հետո իր իշխանությունից զրկվելուց հետո նա տխրությամբ գանգատվում է.

Եթե ես միայն ծառայեի իմ Աստծուն,

Իմ թագավորին ծառայածի կիսով չափ, Նա ինձ իմ այս տարիքում

Մերկ չէր թողնի իմ թշնամիների առաջ:2

Ինչպիսի՞ ծառայություն է պահանջում երկինքը: «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»:3

Ես մի պահ կանգ եմ առնում, երբ մտածում եմ Նախագահ Ջոն Թեյլորի (1808–87) խոսքերի շուրջ. «Եթե դուք չեք մեծարում ձեր կոչումները, Աստված պատասխանատվության կկանչի ձեզ նրանց համար, ում դուք կարող էիք փրկել, եթե դուք կատարեիք ձեր պարտականությունը»:4

Հիսուսի կյանքը նման էր բարության փայլող լույսի, մինչ Նա ծառայում էր մարդկանց մեջ. «Ես ձեր միջումը ծառայողի պէս եմ»,5 - հայտարարեց Հիսուսը, երբ Նա ամրացրեց հաշմանդամի ոտքերը, վերականգնեց կույրի տեսողությունը, խուլի լսողությունը և կյանք շնորհեց մահացածի մարմնին:

Բարի Սամարացու խնդրի հետ կապված Ուսուցիչը սովորեցրեց մեզ սիրել մեր մերձավորներին մեր անձերի պես:6 Հարուստ իշխանին տրված պատասխանի միջոցով Նա սովորեցրեց մեզ ազատվել մեր եսասիրությունից:7 5000-ին կերակրելով, Նա սովորեցրեց մեզ տեսնել ուրիշների կարիքները:8 Եվ Լեռան Քարոզի միջոցով Նա սովորեցրեց մեզ նախ փնտրել Աստծո թագավորությունը:9

Նոր Աշխարհում հարություն առած Տերը հայտարարեց. «Դուք գիտեք այն բաները, ինչ դուք պիտի անեք իմ եկեղեցում. քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դուք անեք. քանզի այն, ինչ դուք տեսաք ինձ անելիս, հենց այդ պետք է դուք անեք»:10

Մենք օրհնում ենք ուրիշներին, մինչ ծառայում ենք նմանվելով «Հիսուսին, որ Նազարեթիցն է, … որ ման եկաւ բարի անելով»:11 Աստված օրհնի մեզ, որ ուրախություն գտնենք մեր Երկնային Հորը ծառայելում, մինչ մենք ծառայենք Նրա զավակներին երկրի վրա:

Ուսուցանում այս ուղերձից

«[Տերը] թույլ չի տա, որպեսզի մենք ձախողվենք, եթե մենք կատարենք մեր մասը: Նա կմեծարի մեզ նույնիսկ մեր տաղանդներից ու ունակություններից առավել: … Դա ամենաքաղցր փորձառություններից մեկն է, որ կարող է լինել մարդ արարածի կյանքում» (Էզրա Թավթ Բենսոն, Ուսուցում՝ չկա ավելի մեծ կոչում [1999], 20): Կիսվեք փորձառությամբ, երբ դուք կամ մեկը, ում դուք գիտեք, զգացել է, թե ինչպես է Տերը մեծարում տաղանդներն ու ունակությունները: Հրավիրեք ընտանիքին կիսվել իրենց դրական փորձառությամբ, երբ նրանք արձագանքել են «ծառայելու Փրկչի կանչին»: