2011
Փնտրելով բարին
Մարտ 2011


Առաջին Նախագահության ուղերձ, մարտ 2011

Փնտրելով բարին

Վերջին Օրերի Սրբերի մի երիտասարդ զույգ, նոր տուն փնտրելիս, խոսեց ապագա հարևանների հետ հարևանության և տարածքում դպրոցների մասին:

Կանանցից մեկը, ում հետ նրանք խոսեցին, ասաց այն դպրոցի մասին, ուր հաճախում էին իր երեխաները. «Սա լավագույն դպրոցն է: Տնօրենը հրաշալի մարդ է, ուսուցիչները փորձառու, բարի ու սիրալիր են: Ես շատ գոհ եմ, որ մեր երեխաները կարող են այցելել այս հրաշալի դպրոցը: Ձեզ այս տեղը շատ դուր կգա»:

Մեկ այլ կին իր երեխաների դպրոցի մասին ասաց. «Սա սարսափելի տեղ է: Տնօրենը ինքնահավան է, ուսուցիչները անփորձ, անկիրթ ու կոպիտ: Եթե ես հնարավորություն ունենայի տեղափոխվելու այս տարածքից, ես անհապաղ կանեի դա»:

Հետաքրքրականն այն էր, որ երկու կանայք էլ խոսում էին նույն տնօրենի, նույն ուսուցիչների և նույն դպրոցի մասին:

Դուք երբևէ նկատել եք, որ մարդիկ հաճախ կարող են գտնել այն, ինչ իրենք փնտրում են: Բավականաչափ ուշադիր նայեք և դուք կարող եք գտնել և լավը, և վատը գրեթե ցանկացած մարդու և ցանկացած բանի մեջ: Մարդիկ ամենասկզբից նույնպես վերաբերվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Նրանք, ովքեր փնտրում են բարին, կգտնեն բարի ու կարեկցող մարդկանց, որոնք սիրում են Տիրոջը և ցանկանում են ծառայել Նրան և օրհնել իրենց մերձավորների կյանքը: Բայց նաև ճշմարիտ է, որ նրանք, ովքեր վատն են փնտրում, անշուշտ կգտնեն բաներ, որոնք այնքան էլ կատարյալ չեն:

Ցավոք, երբեմն սա պատահում է նաև Եկեղեցու ներսում: Վերջ չկա ստեղծարար մտքին, հնարագիտությանը և համառությանը նրանց, ովքեր քննադատելու պատճառներ են փնտրում: Նրանք կարծես չեն կարողանում ազատվել իրենց չարության ներգործությունից: Նրանք բամբասում են և սխալներ են գտնում ուրիշների մեջ: Նրանք տասնամյակներ շարունակ վիրավորանքներ են պատրաստում՝ ոչ մի առիթ բաց չթողնելով ուրիշներին տապալելու ու նվաստացնելու համար: Սա հաճելի չէ Տիրոջը, «որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան» (Հակոբոս Գ.16):

Երկար տարիներ սերտորեն աշխատելով Նախագաահ Բրիգամ Յանգի (180–77) հետ, Նախագահ Ջորջ Ք. Քեննոնը (1827–1901) լավ էր ճանաչում նրան՝ և որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, և որպես նրա խորհրդական Առաջին Նախագահությունում: Նախագահ Յանգի մահից հետո Նախագահ Քեննոնը գրել է իր օրագրում. «Ես երբեք իմ սրտում, առավել ևս իմ խոսքերում կամ գործողություններում, չեմ քննադատել կամ սխալներ գտել [Բրիգամ Յանգի] ղեկավարման, նրա խորհուրդների կամ ուսմունքների մեջ: Սա այժմ գոհացնում է ինձ: Միտքը, որ ես միշտ ունեցել եմ, հետևյալն էր. եթե ես քննադատեմ, սխալներ գտնեմ կամ պախարակեմ Եղբայր Բրիգամին, ինչքան հեռու ես կգնամ: Երբ սկսեմ, որտե՞ղ ես պետք է կանգ առնեմ: Ես չհամարձակվեցի դա անել: Ես գիտեի, որ ուխտադրժությունը հաճախ քննադատության և սխալներ գտնելու ոգուն անձնատուր լինելու հետևանք էր: Ուրիշները, ովքեր ավելի ուժեղ, իմաստուն ու փորձառու էին, քան ես, կարող էին շատ բաներ անել ու խուսափել տհաճ հետևանքներից, որը ես չէի կարող անել»:1

Նախագահ Քեննոնի զորեղ խորհուրդը մի բան է, ինչի մասին մենք՝ Եկեղեցու անդամներս, պետք է խորհենք մեծ ուշադրությամբ: Աստծո խոսքը խրատում է Քրիստոսի հետևորդներին լինել «սուրբ … խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ»: Քանզի խաղաղություն անողներին, «արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում» (Հակոբոս Գ.17,18):

Մենք ունենք ընտրություն: Մենք ուրիշների մեջ կարող ենք փնտրել վատը: Կամ մենք կարող ենք խաղաղություն բերել և աշխատել ուրիշներին մոտենալ կարեկցանքով, արդարությամբ և ներողամտությամբ, ինչը մենք անչափ ցանկանում ենք մեզ համար: Դա մեր ընտրությունն է. որովհետև այն, ինչ մենք փնտրում ենք, մենք անշուշտ կգտնենք:

Հղումներ

  1. George Q. Cannon, Journal, Jan. 17, 1878; spelling modernized.

Ուսուցանում այս ուղերձից

«Ձեզ կարող է թվալ, թե հասկացողության պակաս ունեք այն սկզբունքի հետ կապված, որը պատրաստվում եք ուսուցանել», հղումներ Ուսուցում` չկա ավելի մեծ կոչում ([1999], 19): «Սակայն, մինչ դուք աղոթքով ուսումնասիրում եք այն, ձգտում եք ապրել դրանով, պատրաստվում եք սովորեցնել այն, և այնուհետև կիսվում եք դրանով ուրիշների հետ, ձեր անձնական վկայությունը ամրանում և խորանում է»:

Եթե դուք այս ամիս կյանքում և ուրիշների մեջ բարին փնտրեք, դուք ավելի պատրաստված կլինեք ուսուցանելու այս ուղերձը և վկայելու դրա ճշմարտության մասին: