Ինստիտուտ
6 Աստծո պարգևը և զորությունը


«Աստծո պարգևը և զորությունը», գլուխ 6 Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, Հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018)

Գլուխ 6. «Աստծո պարգևը և զորությունը»

ԳԼՈՒԽ 6

Աստծո պարգևը և զորությունը

Նկար
Թանաքաման

Երբ 1828թ.-ի ամռանը Ջոզեֆը վերադարձավ Հարմոնի, Մորոնին հայտնվեց նրան և վերցրեց թիթեղները: «Եթե դու բավականաչափ խոնարհ լինես և զղջաս,- ասաց հրեշտակը,- դու նորից կստանաս դրանք սեպտեմբերի քսաներկուսին»:1

Մեղքի զգացումը տանջում էր Ջոզեֆին:2 Նա գիտեր, որ սխալ էր վարվել, անտեսելով Աստծո կամքը և ձեռագիրը վստահելով Մարտինին: Հիմա Տերը այլևս չէր վստահում նրան թիթեղների և մեկնիչների հարցում: Նա զգում էր, որ արժանի է այն պատժին, որով երկինքը պատժում էր իրեն:3

Մեղքի և զղջման զգացումներով համակված, նա ծնկի իջավ, խոստովանեց իր մեղքերը և ներում աղերսեց: Նա մտածում էր, թե որտեղ էր սխալվել և ինչ կարող էր անել, եթե Տերը թույլ տար իրեն կրկին թարգմանել:4

Հուլիսյան մի օր, երբ Ջոզեֆը նոր էր տանից դուրս եկել, Մորոնին հայտնվեց նրան: Հրեշտակը նրան հանձնեց մեկնիչները, և Ջոզեֆը աստվածային պատգամ տեսավ դրանցում. «Աստծո գործերը և ծրագրերը և նպատակները չեն կարող խափանվել, ոչ էլ կարող են ոչնչանալ»:5

Խոսքերը հուսադրող էին, բայց շուտով դրանց հետևեցին հետևյալ բառերը: «Որքա՜ն խիստ էին քո պատվիրանները», ասաց Տերը: «Քանզի ահա, դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց»: Նա պատվիրեց Ջոզեֆին ավելի զգույշ լինել սուրբ բաների հետ: Ոսկե թիթեղների գրանցումներն ավելի կարևոր էին, քան Մարտինի հեղինակությունը կամ մարդկանց գոհացնելու Ջոզեֆի ցանկությունը: Աստված նախապատրաստել էր այն, որպեսզի նորոգեր Իր հին ուխտերը և ուսուցաներ բոլոր մարդկանց փրկության համար ապավինել Հիսուս Քրիստոսին:

Տերը հորդորեց Ջոզեֆին հիշել Իր ողորմությունը: «Ապաշխարիր այն բանից, ինչ դու արել ես,- պատվիրեց Նա,- դու դեռևս ընտրված ես»: Մեկ անգամ ևս Նա Ջոզեֆին կանչեց լինել Իր մարգարեն ու տեսանողը: Սակայն Նա նախազգուշացրեց նրան, որ ականջալուր լինի Իր խոսքերին:

«Եթե դու չանես այն,- հայտարարեց նա,- դու կհանձնվես ու կդառնաս ուրիշ մարդկանց պես և այլևս պարգև չես ունենա»:6


Այդ աշնանը Ջոզեֆի ծնողները ճամփորդեցին հյուսիս՝ դեպի Հարմոնի: Համարյա երկու ամիս էր անցել այն ժամանակից, ինչ Ջոզեֆը հեռացել էր Մանչեստրի իրենց տնից, և նրանք լուր չունեին նրանից: Նրանք անհանգստացած էին ամռանը տեղի ունեցած ողբերգությունների պատճառով, որոնք հուսահատության հասցրին նրան: Մի քանի շաբաթվա ընթացքում նա կորցրել էր իր առաջին զավակին, քիչ էր մնացել կորցներ իր կնոջը և կորցրել էր ձեռագիր էջերը: Նրանք ցանկանում էին համոզվել, որ իրենց որդին և Էմման լավ էին:

Ջոզեֆի տուն չհասած՝ մեկ մղոն (2 կմ) հեռավորության վրա, Ջոզեֆ Ավագը և Լյուսին անչափ ուրախացան, իրենց առջև տեսնելով Ջոզեֆին՝ հանգիստ ու երջանիկ տեսքով ճանապարհին կանգնած: Նա ծնողներին պատմեց Աստծո վստահությունը կորցնելու, իր մեղքերը ապաշխարելու և հայտնություն ստանալու մասին: Տիրոջ հանդիմանությունը ցավ պատճառեց նրան, բայց հնադարյան մարգարեների նման նա գրի առավ հայտնությունը, որ ուրիշները կարդան: Առաջին անգամն էր, որ նա գրանցում էր երբևէ իրեն հայտնված Տիրոջ խոսքերը:

Ջոզեֆը նաև ասաց ծնողներին, որ Մորոնին վերադարձրել էր թիթեղներն ու մեկնիչները: Հրեշտակը, կարծես, գոհ էր, պատմում էր Ջոզեֆը: «Մորոնիի հրեշտակն ասաց, որ Տերը սիրում է ինձ իմ հավատարմության և խոնարհության համար»:

Այժմ հիշատակարանը ապահով պահվում էր տանը՝ ճամպրուկի մեջ թաքցված: «Հիմա Էմման է գրում իմ փոխարեն,- Ջոզեֆն ասաց ծնողներին,- բայց հրեշտակն ասաց, որ Տերը կուղարկի ինչ-որ մեկին իմ փոխարեն գրելու համար, և ես վստահ եմ, որ այդպես կլինի»:7


Հաջորդ գարնանը Մարտին Հարրիսը ուղևորվեց Հարմոնի մի քանի վատ նորություններով: Նրա կինը բողոքի հայց էր ներկայացրել դատարան, պնդելով, որ Ջոզեֆը խաբեբա է, ով ձևացնում է, թե թարգմանում է ոսկե թիթեղները: Այժմ Մարտինը սպասում էր ծանուցագրի, որ վկայություն տար դատարանում: Նա ստիպված պիտի լիներ հայտարարել, որ Ջոզեֆը խաբել էր իրեն, այլապես Լյուսին իրեն ևս կմեղադրեր խաբեության մեջ:8

Մարտինը ճնշում էր Ջոզեֆին, որ իրեն ավելի շատ վկայություն տար այն մասին, թե թիթեղներն իսկական էին: Նա ցանկանում էր դատարանում ամեն բան պատմել թարգմանության մասին, բայց անհանգստանում էր, որ մարդիկ չէին հավատա իրեն: Ի վերջո, Լյուսին խուզարկել էր Սմիթների տունը և չէր գտել հիշատակարանը: Եվ չնայած Մարտինը երկու ամիս ծառայել էր որպես Ջոզեֆի գրագիր, նա ևս երբեք չէր տեսել թիթեղները և չէր կարող վկայել, թե տեսել էր:9

Ջոզեֆը հարցրեց Տիրոջից և պատասխան ստացավ իր ընկերոջ համար: Տերը Մարտինին չէր հայտնելու՝ ինչ ասել դատարանում, այլևս վկայություն չէր տրամադրելու նրան, մինչև Մարտինը ընտրեր դառնալ խոնարհ և հավատք գործադրեր: «Եթե նրանք չկամենան հավատալ իմ խոսքերին, նրանք չեն հավատա քեզ, իմ ծառա՛ Ջոզեֆ,- ասաց Նա,- եթե հնարավոր լիներ, որ դու նրանց ցույց տայիր բոլոր այս բաները, որոնք ես հանձնել եմ քեզ»:

Տերը խոստանում էր Մարտինին գթությամբ վերաբերվել, եթե նա վարվեր այնպես, ինչպես Ջոզեֆը այդ ամառ և խոնարհ լիներ, վստահեր Աստծուն ու սովորեր իր սխալներից: Տերը ասաց, որ երեք հավատարիմ վկաներ ժամանակին կտեսնեին թիթեղները, և Մարտինը կարող էր լինել նրանցից մեկը, եթե դադարեր փնտրել ուրիշների հավանությունը:10

Նախքան իր խոսքերի ավարտը, Տերը հայտարարություն արեց: «Եթե այս սերունդը չկարծրացնի իր սիրտը,- ասաց Նա,- ես կհիմնեմ իմ եկեղեցին նրանց մեջ»։11

Ջոզեֆը խորհում էր այս խոսքերի մասին, մինչ Մարտինը գրի էր առնում հայտնությունը: Հետո Նա և Էմման լսեցին, երբ Մարտինը նորից կարդաց այն, որպեսզի ստուգեն դրա իսկությունը: Երբ նրանք կարդում էին, Էմմայի հայրը մտավ սենյակ ու լսեց: Երբ նրանք ավարտեցին, նա հարցրեց, թե ում բառերն էին դրանք:

«Հիսուս Քրիստոսի բառերը», բացատրեցին Ջոզեֆն ու Էմման:

«Ես այդ ամենը համարում եմ խաբեություն», ասաց Իսահակը: «Դադարեցրեք դա»:12

Անտեսելով Էմմայի հորը, Մարտինը վերցրեց հայտնության իր օրինակը և կառք նստելով՝ ուղևորվեց տուն: Նա եկել էր Հարմոնի վկայություն փնտրելու թիթեղների վերաբերյալ, բայց հեռացավ, իր հետ տանելով դրանց իսկությունը վկայող հայտնությունով: Նա չէր կարող օգտագործել այն դատարանում, բայց նա վերադարձավ Պալմիրա, իմանալով, որ Տերը տեղյակ էր իր մասին:

Ավելի ուշ, երբ Մարտինը կանգնած էր դատավորի առաջ, նա առաջարկեց մի պարզ, հզոր վկայություն: Ձեռքերը երկինք պարզած, նա վկայեց ոսկե թիթեղների ճշմարտության մասին և հայտարարեց, որ ինքը Ջոզեֆին անվերադարձ տվել էր հիսուն դոլար, որպեսզի կատարի Տիրոջ աշխատանքը: Չունենալով որևէ վկայություն Լյուսիի մեղադրանքը ապացուցելու համար, դատարանը կարճեց գործը:13

Միաժամանակ, Ջոզեֆը շարունակում էր թարգմանել, աղոթելով Աստծուն՝ իրեն շուտով մեկ այլ գրագիր ուղարկել:14


Մանչեստրում մի երիտասարդ տղամարդ Օլիվեր Քաուդերի անունով մնում էր Ջոզեֆի ծնողների տանը: Օլիվերը մի տարով փոքր էր Ջոզեֆից և 1828թ.-ի աշնանը սկսել էր ուսուցանել դպրոցում, որը գտնվում էր Սմիթների ագարակից երկու կիլոմետր դեպի հարավ:

Ուսուցիչները հաճախ բնակվում էին իրենց ուսանողների ընտանիքների հետ, և երբ Օլիվերը լսեց Ջոզեֆի և ոսկե թիթեղների մասին լուրերը, նա հարցրեց, թե արդյոք ինքը կարող էր մնալ Սմիթների տանը: Սկզբում նա որոշ տեղեկություններ հավաքեց ընտանիքից: Գողացված ձեռագիրը և տեղական բամբասանքը նրանց զգուշավոր էին դարձրել, ուստի նրանք լռություն էին պահպանում:15

Բայց 1828-29թթ., երբ Օլիվերը ուսուցանում էր Սմիթների երեխաներին, նա վաստակեց իր տանտերերի վստահությունը: Այդ ժամանակ Ջոզեֆ Ավագը վերադարձել էր Հարմոնի կատարած ուղևորությունից հայտնությունով, որ Տերը պատրաստվում էր սկսել մի սքանչելի աշխատանք:16 Այդ ժամանակ Օլիվերը ապացուցել էր, որ անկեղծորեն փնտրում է ճշմարտությունը, և Ջոզեֆի ծնողները խոսեցին նրա հետ իրենց որդու աստվածային կոչման մասին:17

Այն, ինչ նրանք պատմեցին, գերեց Օլիվերին, և նա փափագում էր օգնել թարգմանության գործում: Ջոզեֆի նման Օլիվերը դժգոհ էր ժամանակակից եկեղեցիներից և հավատում էր հրաշքների Աստծուն, ով դեռևս հայտնում էր Իր կամքը մարդկանց:18 Բայց Ջոզեֆը և ոսկե թիթեղները հեռու էին, իսկ Օլիվերը չգիտեր, թե ինքն ինչպես կարող էր օգնել գործին, եթե մնար Մանչեստրում:

Գարնանային մի օր, երբ անձրևը թակում էր Սմիթների տանիքը, Օլիվերն ասաց ընտանիքին, որ ցանկանում էր գնալ Հարմոնի Ջոզեֆին օգնելու, երբ դպրոցական կիսամյակն ավարտվեր: Լյուսին և Ջոզեֆ Ավագը հորդորեցին նրան հարցնել Տիրոջը, թե արդյոք իր ցանկությունները ճիշտ էին:19

Առանձնանալով իր մահճակալի մոտ, Օլիվերը աղոթեց, որ իմանա՝ արդյոք ճիշտ էր այն ամենը, ինչ ինքը լսել էր ոսկե թիթեղների մասին: Տերը տեսիլքի միջոցով նրան ցույց տվեց ոսկե թիթեղները և դրանք թարգմանելու Ջոզեֆի ջանքերը: Խաղաղության զգացումը պատեց նրան, և նա գիտեր, որ ինքը պիտի կամավոր դառնար Ջոզեֆի գրագիրը:20

Օլիվերը ոչ ոքի չասաց իր աղոթքի մասին: Բայց երբ ավարտվեց դպրոցական կիսամյակը, նա և Ջոզեֆի եղբայր Սամուելը ոտքով ճամփա ընկան դեպի Հարմոնի, որն ավելի քան հարյուր մղոն (160 կմ) հեռու էր: Գարնանային անձրևից հետո ճանապարհը սառած էր ու ցեխոտ, և մինչև նա ու Սամուելը հասան Ջոզեֆի և Էմմայի դռան մոտ, Օլիվերի ոտքի մատն արդեն ցրտահարվել էր: Սակայն նա անհամբերությամբ սպասում էր զույգի հետ հանդիպմանը և ցանկանում էր տեսնել, թե Տերն ինչպես էր աշխատում երիտասարդ մարգարեի միջոցով:21


Երբ Օլիվերը հասավ Հարմոնի, այնպես էր զգում, կարծես միշտ այնտեղ էր ապրել: Ջոզեֆը խոսեց նրա հետ ուշ երեկոյան, լսեց նրա պատմությունը և պատասխանեց նրա հարցերին: Ակնհայտ էր, որ Օլիվերը լավ կրթություն ուներ, և Ջոզեֆը պատրաստակամ ընդունեց որպես գրագիր ծառայելու նրա առաջարկը:

Օլիվերի գալուց հետո Ջոզեֆի առաջին խնդիրը աշխատելու ապահով տեղ գտնելն էր: Նա խնդրեց Օլիվերին մի համաձայնագիր կազմել, որով Ջոզեֆը խոստանում էր վճարել իր աներոջը փոքր փայտաշեն տնակի համար, որտեղ ապրում էին ինքն ու Էմման, ինչպես նաև ախոռի, վարելահողի և մոտակա աղբյուրի համար:22 Մտահոգվելով իրենց դստեր բարեկեցության մասին, Էմմայի ծնողները համաձայնվեցին պայմանների հետ և խոստացան օգնել հանդարտեցնել հարևանների անհանգստությունը Ջոզեֆի վերաբերյալ:23

Միաժամանակ Ջոզեֆն ու Օլիվերը սկսեցին թարգմանել: Նրանք շաբաթներով աշխատում էին միասին, հաճախ Էմմայի հետ նույն սենյակում, ով կատարում էր իր առօրյա գործերը:24 Երբեմն Ջոզեֆը թարգմանում էր, նայելով մեկնիչների միջով և անգլերեն կարդալով թիթեղներին գրված նշանները:

Երբեմն նա հարմար էր գտնում թարգմանել տեսանողի մեկ քարով: Նա դնում էր տեսանողի քարը գլխարկի մեջ, իր դեմքը մտցնում այնտեղ, որպեսզի լույսը ներս չթափանցեր և ուշադիր զննում էր քարը: Քարի լույսը փայլում էր մթության մեջ, բացահայտելով խոսքերը, որոնք Ջոզեֆը թելադրում էր, երբ Օլիվերն արագ գրի էր առնում դրանք:25

Տիրոջ հրահանգով Ջոզեֆը չէր փորձում թարգմանել այն, ինչ կորցրել էր: Փոխարենը, նա և Օլիվերը շարունակում էին առաջ գնալ թարգմանության մեջ: Տերը հայտնեց, որ սատանան գայթակղել էր ամբարիշտներին վերցնել էջերը, փոխել դրանց բառերը և օգտագործել դրանք, կասկածի ենթարկելով թարգմանությունը: Բայց Տերը հավաստիացրեց Ջոզեֆին, որ Նա ոգեշնչել էր հնադարյան մարգարեներին, ովքեր պատրաստել էին թեթեղները, ընդգրկել կորած նյութի մեկ այլ, լիարժեք պատմություն:26

«Ես պիտի ձախողեմ նրանց, ովքեր փոխել են իմ խոսքերը», Տերը ասաց Ջոզեֆին: «Ես ցույց կտամ նրանց, որ իմ իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»:27

Աշխատելով որպես Ջոզեֆի գրագիր, Օլիվերը ոգևորված էր: Ամեն օր նա լսում էր, թե ինչպես էր իր ընկերը թելադրում երկու մեծ քաղաքակրթությունների՝ նեփիացիների և լամանացիների բարդ պատմությունը: Նա իմացավ արդար ու ամբարիշտ թագավորների մասին, մարդկանց մասին, ովքեր գերեվարվեցին և ազատվեցին, հնադարյան մարգարեների մասին, ովքեր օգտագործում էին տեսանողի քարերը, որպեսզի թարգմանեին գրանցումները, որոնք ձեռք էին բերվել ոսկորներով լցված դաշտերում: Ջոզեֆի նման այդ մարգարեն տեսանող և հայտնող էր, ով օրհնված էր Աստծո պարգևով և զորությամբ։28

Հիշատակարանը կրկին ու կրկին վկայում էր Հիսուս Քրիստոսի մասին, և Օլիվերը տեսնում էր, թե մարգարերներն ինչպես էին ղեկավարում հնադարյան եկեղեցին, և ինչպես էին սովորական տղամարդիկ և կանայք կատարում Աստծո գործը:

Սակայն Օլիվերը դեռևս շատ հարցեր ուներ Տիրոջ աշխատանքի մասին, և նա փափագում էր պատասխաններ ստանալ: Ուրիմի ու Թումիմի միջոցով Ջոզեֆը պատասխան էր փնտրում նրա համար, և Տերը պատասխանեց: «Եթե խնդրեք ինձանից, դուք կստանաք», Նա հայտարարեց: «Եվ եթե հարցնես, դու կիմանաս խորհուրդներ, որոնք մեծ են և զարմանալի»:

Տերը նաև հորդորեց Օլիվերին հիշել վկայությունը, որը նա ստացել էր նախքան Հարմոնի գալը, որը Օլիվերը պահել էր իր մեջ: «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց», հարցրեց Տերը: «Եվ արդ, ահա, դու ստացել ես վկայություն. քանզի, եթե ես ասել եմ քեզ բաներ, որոնք ոչ ոք չգիտի, դու վկայություն չե՞ս ստացել»:29

Օլիվերն ապշած էր: Նա անմիջապես պատմեց Ջոզեֆին իր գաղտնի աղոթքի և իր ստացած աստվածային վկայության մասին: Ոչ ոք չէր կարող իմանալ այդ մասին, բացի Աստծուց, ասաց նա, և նա այժմ նա գիտեր, որ աշխատանքը ճիշտ էր:

Նրանք վերադարձան աշխատանքին, և Օլիվերը սկսեց հետաքրքրվել, թե արդյոք ինքը ևս կարող էր թագմանել:30 Նա հավատում էր, որ Աստված կարող էր աշխատել տեսանողի քարերին նմանվող գործիքների միջոցով, և նա երբեմն օգտագործել էր աստվածային գավազանը ջուր և հանածոներ գտնելու համար: Սակայն նա համոզված չէր՝ արդյոք իր ձողը աշխատում էր Աստծո զորությամբ: Հայտնության գործընթացը դեռևս գաղտնիք էր նրա համար:31

Ջոզեֆը կրկին Օլիվերի հարցն ուղղեց Տիրոջը, և Տերն ասաց Օլիվերին, որ նա գիտելիքներ ձեռք բերելու զորություն ուներ, եթե խնդրեր հավատով: Տերը հաստատեց, որ Օլիվերի գավազանը աշխատում էր Աստծո զորությամբ, ինչպես Ահարոնի գավազանը Հին Կտակարանում: Հետո նա Օլիվերին ավելի շատ բան ուսուցանեց հայտնության մասին: «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով», հայտարարեց Նա: «Արդ, ահա, սա է հայտնության ոգին»:

Նա նաև ասաց Օլիվերին, որ վերջինս կարող էր թարգմանել հիշատակարանը, ինչպես Ջոզեֆը, եթե ապավիներ հավատին: «Հիշիր,- ասաց Տերը,- որ առանց հավատքի դու ոչինչ չես կարող անել»:32

Հայտնությունից հետո Օլիվերը ոգևորված ցանկանում էր թարգմանել: Նա հետևեց Ջոզեֆի օրինակին, բայց երբ բառերը հեշտությամբ չէին գալիս, նա հուսահատվում էր ու շփոթվում:

Ջոզեֆը տեսնում էր իր ընկերոջ մաքառումները և կարեկցում էր: Նրանից ժամանակ պահանջվեց, որպեսզի իր սիրտն ու միտքը համապատասխանեցներ թարգմանությանը, բայց Օլիվերը կարծես մտածում էր, որ ինքը կարող էր արագ հմտանալ այդ գործում: Միայն հոգևոր պարգև ունենալը բավարար չէր: Նա պետք է սերմաներ և զարգացներ այն ժամանակի ընթացքում, որպեսզի օգտագործեր այն Տիրոջ աշխատանքում:

Օլիվերը շուտով դադարեց թարգմանել և հարցրեց Ջոզեֆին, թե իրեն ինչու չէր հաջողվել:

Ջոզեֆը հարցրեց Տիրոջը: «Դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ», պատասխանեց Տերը: «Դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է»:

Տերը հրահանգեց Օլիվերին համբերատար լինել: «Ներկայումս նպատակահարմար չէ, որ դու թարգմանես», - ասաց Նա։ «Ահա, գործը, որը դու կանչված ես կատարելու, գրելն է իմ ծառա Ջոզեֆի համար»: Նա Օլիվերին խոստացավ այլ հնարավորություններ ավելի ուշ թարգմանելու համար, բայց հիմա նա գրագիր էր, իսկ Ջոզեֆը տեսանող էր:33

Հղումներ

  1. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [9].

  2. Տես Վարդապետություն և Ուխտեր 10.2 (Revelation, Spring 1829, at josephsmithpapers.org):

  3. Տես Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [5]–[7]:

  4. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[9].

  5. Վարդապետություն և Ուխտեր 3.1 (Revelation, July 1828, at josephsmithpapers.org); Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[9]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 10, in JSP, H1:246 (draft 2):

  6. Վարդապետություն և Ուխտեր 3 (Revelation, July 1828, at josephsmithpapers.org); Joseph Smith History, circa Summer 1832, [6], in JSP, H1:16; Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[9]:

  7. Lucy Mack Smith, History, 1845, 138; Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [8]–[11].

  8. Preface to Book of Mormon, circa Aug. 1829, in JSP, D1:92–94; “Testamoney of Martin Harris,” Sept. 4, 1870, [4], Edward Stevenson Collection, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [5]; Historical Introduction to Revelation, Mar. 1829 [DC 5], in JSP, D1:14–16.

  9. “Testamoney of Martin Harris,” Sept. 4, 1870, [4], Edward Stevenson Collection, Church History Library; Lucy Mack Smith, History, 1844–45, book 6, [9]; book 8, [5].

  10. Վարդապետություն և Ուխտեր 5 (Revelation, Mar. 1829, at josephsmithpapers.org):

  11. Revelation, Mar. 1829 [DC 5], in JSP, D1:17.

  12. Isaac Hale, Affidavit, Mar. 20, 1834, in “Mormonism,” Susquehanna Register, and Northern Pennsylvanian, May 1, 1834, [1]; “considered” in original changed to “consider.”

  13. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [6]–[7].

  14. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [11].

  15. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12]; “Mormonism,” Kansas City Daily Journal, June 5, 1881, 1; Morris, “Conversion of Oliver Cowdery,” 5–8.

  16. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12]; Knight, Reminiscences, 5; Doctrine and Covenants 4 (Revelation, Feb. 1829, at josephsmithpapers.org); see also Darowski, “Joseph Smith’s Support at Home,” 10–14.

  17. Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12].

  18. Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:15.

  19. Վարդապետություն և Ուխտեր 6 (Revelation, Apr. 1829–A, at josephsmithpapers.org); Lucy Mack Smith, History, 1844–45, book 7, [12]; book 8, [1]:

  20. volume A-1, 15, in JSP, H1:284 (draft 2); Joseph Smith History, circa Summer 1832, [6], in JSP, H1:16; Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [1]; see also Doctrine and Covenants 6:22–23 (Revelation, Apr. 1829–A, at josephsmithpapers.org).

  21. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [3]–[4]; Joseph Smith History, circa Summer 1832, [6], in JSP, H1:16.

  22. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [4]; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 13, in JSP, H1:276 (draft 2); Agreement with Isaac Hale, Apr. 6, 1829, in JSP, D1:28–34; Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14.

  23. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 18, in JSP, H1:296 (draft 2).

  24. Joseph Smith History, 1838–56, volume A-1, 15, in JSP, H1:284 (draft 2); Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [4]; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290. Topic: Daily Life of First-Generation Latter-day Saints

  25. “Book of Mormon Translation,” Gospel Topics, topics.lds.org; Joseph Smith History, 1838–56, volume A-1, 15, in JSP, H1:284 (draft 2); Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14; Joseph Smith III, “Last Testimony of Sister Emma,” Saints’ Herald, Oct. 1, 1879, 290; “Golden Bible,” Palmyra Freeman, Aug. 11, 1829, [2]. Topic: Book of Mormon Translation

  26. Վարդապետություն և Ուխտեր 10.45 (Revelation, Spring 1829, at josephsmithpapers.org); 1 Nephi 9:5; Words of Mormon 1; Doctrine and Covenants 3 (Revelation, July 1828, at josephsmithpapers.org).

  27. Վարդապետություն և Ուխտեր 10.42–43 (Revelation, Spring 1829, at josephsmithpapers.org). Թեմա. Մորմոնի Գրքի կորսված ձեռագիրը

  28. Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14; Mosiah 8:16–18; see also Omni 1:20; Mosiah 8:8–13; 28:11–15, 20; Alma 37:21, 23; and Ether 3:24–28.

  29. Վարդապետություն և Ուխտեր 6.5, 11, 22–24 (Revelation, Apr. 1829–A, at josephsmithpapers.org)

  30. Վարդապետություն և Ուխտեր 6.10–13 (Revelation, Apr. 1829–A, at josephsmithpapers.org); Doctrine and Covenants 8:4–8 (Revelation, Apr. 1829–B, at josephsmithpapers.org); Historical Introduction to Revelation, Apr. 1829–B [DC 8], in JSP, D1:44–45; Revelation Book 1, 13, in JSP, MRB:15.

  31. Lucy Mack Smith, History, 1844–45, book 8, [1]; Paul and Parks, History of Wells, Vermont, 81; Historical Introduction to Revelation, 1829–B [DC 8], in JSP, D1:44–45; see also Baugh, Days Never to Be Forgotten; Bushman, Rough Stone Rolling, 73; and Morris, “Oliver Cowdery’s Vermont Years and the Origins of Mormonism,” 106–29. Topic: Divining Rods

  32. Վարդապետություն և Ուխտեր 6 (Revelation, Apr. 1829–A, at josephsmithpapers.org); Doctrine and Covenants 8 (Revelation, Apr. 1829–B, at josephsmithpapers.org); Joseph Smith History, 1838–56, volume A-1, 13–14, in JSP, H1:276–78 (draft 2); see also Book of Commandments 7:3; and Վարդապետություն և Ուխտեր 8.6–7:

  33. Վարդապետություն և Ուխտեր 9 (Revelation, Apr. 1829–D, at josephsmithpapers.org); Oliver Cowdery to William W. Phelps, Sept. 7, 1834, LDS Messenger and Advocate, Oct. 1834, 1:14.