«Ամեն ինչ կորած է», գլուխ 5, Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, Հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815-18թթ.46 (2018)
Գլուխ 5. «Ամեն ինչ կորած է»
ԳԼՈՒԽ 5
Ամեն ինչ կորած է
Երբ Ջոզեֆը ոսկե թիթեղները տուն բերեց, գանձ որոնողները շաբաթներ շարունակ փորձում էին գողանալ դրանք: Թիթեղները ապահով տեղում պահելու համար նա ստիպված էր դրանք տեղից տեղ տեղափոխել, թաքցնելով բուխարու տակ, իր հոր խանութի հատակի տակ և հացահատիկի կույտի մեջ: Նա միշտ պիտի աչալուրջ լիներ։
Հետաքրքրասեր հարևաններն այցելում էին նրանց տուն և աղերսում էին նրան ցույց տալ հիշատակարանը: Ջոզեֆը միշտ մերժում էր, նույնիսկ երբ ինչ-որ մեկը գումար էր առաջարկում նրան: Նա վճռել էր հոգ տանել թիթեղների մասին, վստահելով Տիրոջ խոստումին, որ եթե նա աներ ամենը, ինչ կարող էր, դրանք պաշտպանված կլինեին:1
Այս պառակտումները հաճախ խանգարում էին նրան ուսումնասիրել թիթեղները և ավելի շատ բան սովորել Ուրիմի ու Թումիմի մասին: Նա գիտեր, որ մեկնիչները պետք է օգնեին իրեն թարգմանել թիթեղները, բայց նա երբեք նախկինում չէր օգտագործել տեսանող քարերը հնադարյան լեզու կարդալու համար: Նա անհամբերությամբ ցանկանում էր սկսել աշխատանքը, բայց նրա համար պարզ չէր, թե ինչպես պիտի աներ դա:2
Երբ Ջոզեֆն ուսումնասիրում էր թիթեղները, Մարտին Հարրիսը՝ մի հարգված հողատեր Պալմիրայից, սկսեց հետաքրքրվել նրա աշխատանքով: Մարտինը Ջոզեֆի տարիքին էր և երբեն վարձում էր Ջոզեֆին, որ օգներ իրեն իր հողի վրա աշխատելու: Մարտինը լսել էր ոսկե թիթեղների մասին, սակայն այնքան էլ չէր մտածել դրանց մասին, մինչև Ջոզեֆի մայրը հրավիրեց նրան այցելել իր որդուն:3
Ջոզեֆն աշխատում էր դրսում, երբ Մարտինը այցելեց նրանց, ուստի նա թիթեղների մասին հարցեր տվեց Էմմային և ընտանիքի մյուս անդամներին: Երբ Ջոզեֆը տուն հասավ, Մարտինը բռնեց նրա բազկից և հարցեր տվեց ավելի շատ մանրամասներ իմանալու համար: Ջոզեֆը պատմեց նրան ոսկե թիթեղների մասին, դրանց վրայի ձեռագրերը թարգմանելու և հրատարակելու վերաբերյալ Մորոնիի հրահանգների մասին:
«Սա սատանայի աշխատանքն է -, ասաց Մարտինը,- ես դրա հետ գործ չունեմ»: Բայց դա Տիրոջ աշխատանքն էր, նա ցանկանում էր օգնել, որ Ջոզեֆը հռչակեր դա աշխարհին:
Ջոզեֆը թույլ տվեց, որ Մարտինը բարձրացնի թիթեղների սնդուկը: Մարտինը հասկացավ, որ ինչ-որ ծանր բան կար այնտեղ, բայց նա համոզված չէր, որ դա ոսկե թիթեղների հավաքածու էր: «Դու չպիտի մեղադրես ինձ, որ չեմ հավատում քո խոսքին», ասաց նա Ջոզեֆին:
Երբ Մարտինը տուն հասավ կեսգիշերից հետո, նա լուռ մտավ իր սենյակը և աղոթեց, խոստանալով Աստծուն, որ կտա իր ողջ ունեցվածքը, եթե կարողանա իմանալ, որ Ջոզեֆը աստվածային աշխատանք էր կատարում:
Աղոթելիս Մարտինը լսեց, որ մի մեղմ, հանդարտ ձայն խոսում է իր հոգու հետ: Այդ ժամանակ նա հասկացավ, որ թիթեղներն Աստծուց էին, և ինքը պետք է օգներ Ջոզեֆին տարածել դրանց ուղերձը:4
1827թ.-ի վերջում Էմման իմացավ, որ հղի է և գրեց իր ծնողներին: Համարայա մի տարի էր, ինչ նա ու Ջոզեֆն ամուսնացել էին, իսկ նրա հայրն ու մայրը դեռևս դժբախտ էին: Բայց Հեյլսները համաձայնվեցին թույլ տալ երիտասարդ զույգին վերադառնալ Հարմոնի, որպեսզի Էմման ծննդաբերեր իր ընտանիքի կողքին:
Չնայած այդպիսով Ջոզեֆը հեռու կլիներ իր ծնողներից և հարազատ քույրերից ու եղբայրներից, նա անհամբերությամբ սպասում էր գնալուն: Նյու Յորքում մարդիկ դեռևս փորձում էին գողանալ թիթեղները և, տեղափոխվելով նոր վայր, նա կարող էր գտնել խաղաղություն և մենություն, որի կարիքը նա ուներ Տիրոջ գործը կատարելու համար: Ցավոք, նա պարտքեր ուներ, և գումար չկար տեղափոխվելու համար:5
Հույս ունենալով կարգավորել իր ֆինանսները, Ջոզեֆը գնաց քաղաք՝ վճարելու իր մի քանի պարտքերը: Մինչ նա խանութում վճարում էր կատարում, Մարտին Հարրիսը մեծ քայլերով մոտեցավ նրան: «Ահա հիսուն դոլար, պարոն Սմիթ», ասաց նա: «Ես տալիս եմ սա ձեզ, որպեսզի դուք կատարեք Տիրոջ աշխատանքը»:
Ջոզեֆը գումարն ընդունեց, սակայն հուզված էր և խոստացավ վերադարձնել այն, բայց Մարտինն ասաց նրան, որ չանհագստանա դրա համար: Գումարը նվեր էր և նա խնդրեց սենյակում գտնվողներին վկայել, որ ինքն անվերադարձ էր տվել այն:6
Շուտով Ջոզեֆը վճարեց իր պարտքերը և բեռնեց իր կառքը: Հետո նա և Էմման հեռացան Հարմոնիից, իրենց հետ տանելով ոսկե թիթեղները՝ թաքցնելով լոբով լցված տակառում:7
Մոտ մի շաբաթ անց զույգը ժամանեց Հեյլսների ընդարձակ տունը:8 Շուտով Էմմայի հայրը պահանջեց, որ ցանկանում է տեսնել ոսկե թիթեղները, բայց Ջոզեֆն ասաց, որ կարող է ցույց տալ միայն արկղը, որտեղ նա պահում էր դրանք: Իսահակը վրդովված բարձրացրեց սնդուկը և զգաց դրա ծանրությունը, սակայն թերահավատությամբ վերաբերվեց: Նա ասաց, որ Ջոզեֆը չէր կարող պահել այն տանը, եթե իրեն ցույց չտար դրա պարունակությունը:9
Թարգմանությունը հեշտ չէր լինի Էմմայի հոր մշտական ներկայությամբ, բայց Ջոզեֆը փորձում էր անել հնարավոր ամեն բան: Աջակցություն ստանալով Էմմայի կողմից, նա թիթեղներից թղթին հանձնեց անծանոթ նշանների մեծ մասը:10 Հետո մի քանի շաբաթների ընթացքում նա փորձում էր թարգմանել դրանք Ուրիմի ու Թումիմի օգնությամբ: Գործընթացը նրանից պահանջում էր ավելին անել, քան պարզապես մեկնիչների միջով նայելն էր: Նա պիտի լիներ խոնարհ և հավատք գործադրեր, մինչ ուսումնասիրում էր նշանները:11
Մի քանի ամիս անց Մարտինը եկավ Հարմոնի: Նա ասաց, որ զգացել էր, որ Տերն իրեն կանչել էր հեռավոր Նյու Յորք Սիթի հնադարյան լեզուների մասնագետների հետ խորհրդակցելու համար: Նա հուսով էր, որ իրենք կկարողանային թարգմանել նշանները:12
Ջոզեֆը ևս մի քանի նշաններ արտագրեց թիթեղներից, գրի առավ իր թարգմանությունը և թուղթը հանձնեց Մարտինին: Նա և Էմման հետևեցին, թե իրենց ընկերն ինչպես էր ուղևորվում դեպի արևելք, որպեսզի խորհրդակցեր ականավոր գիտնականների հետ:13
Երբ Մարտինը հասավ Նյու Յորք Սիթի, նա այցելեց Չարլզ Անտոնին, ով լատիներենի և հունարենի պրոֆեսոր էր Կոլումբիայի համալսարանում: Պրոֆեսոր Անտոնը երիտասարդ տղամարդ էր, Մարտինից մոտ տասնհինգ տարի փոքր և հայտնի էր իր կողմից հրատարակված հունական և հռոմեական մշակույթի մասին հանրագիտարանով: Նա նաև սկսել էր պատմություններ հավաքել ամերիկյան հնդկացիների մասին:14
Անտոնը խիստ գիտնական էր, ով զայրանում էր, երբ իրեն խանգարում էին, բայց նա ընդունեց Մարտինին և ուսումնասիրեց նշաններն ու թարգմանությունը, որոնք տրամադրել էր Ջոզեֆ Սմիթը:15 Չնայած պրոֆեսորը չգիտեր հին եգիպտական լեզուն, նա կարդացել էր որոշ ուսումնասիրություններ լեզվի վերաբերյալ և գիտեր, թե ինչ տեսք ուներ այն: Նայելով նշաններին, նա որոշ նմանություններ տեսավ հին եգիպական լեզվի հետ և Մարտինին ասաց, որ թարգմանությունը ճիշտ էր:
Մարտինը նրան ավելի շատ նշաններ ցույց տվեց և Անտոնն ուսումնասիրեց դրանք: Նա ասաց, որ դրանք պարունակում էին շատ հնադարյան լեզուների նշաններ և Մարտինին տվեց մի վկայական, որը հավաստում էր դրանց իսկությունը: Նա նաև խորհուրդ տվեց, որ Մարտինը նշանները ցույց տար մեկ այլ գիտնականի՝ Սամուել Միտչիլին, ով մի ժամանակ ուսուցանում էր Կոլումբիայի համալսարանում:16
«Նա այս հնադարյան լեզուների գիտակ է -, ասաց Անտոնը,- և ես կասկած չունեմ, որ նա կկարողանա ձեզ բավարարող պատասխան տալ»:17
Մարտինը վկայականը դրեց գրպանը, բայց երբ պատրաստվում էր հեռանալ, Անտոնը հետ կանչեց նրան: Նա ուզում էր իմանալ, թե Ջոզեֆն ինչպես է գտել ոսկե թիթեղները:
«Աստծո հրեշտակն է հայտնել դա նրան», ասաց Մարտինը: Նա վկայեց, որ ոսկե թիթեղների թարգմանությունը կփոխի աշխարհը և կփրկի այն կործանումից: Եվ հիմա, երբ Անտոնն արդեն հաստատել էր դրանց իսկությունը, նա նախատեսել էր վաճառել իր ագարակը և գումարը նվիրաբերել թարգմանության հրատարակությանը:
«Թույլ տվեք տեսնել այդ վկայականը», ասաց Անտոնը:
Մարտինը գրպանից հանեց այն և տվեց նրան: Անտոնը պատռեց այն և ասաց, որ ծառայող հրեշտակներ գոյություն չունեն: Եթե Ջոզեֆը ցանկանում է, որ թիթեղները թարգմանվեն, նա կարող է բերել դրանք Կոլումբիա և որևէ գիտնական կթարգմաներ դրանք:
Մարտինը բացատրեց նրան, որ թիթեղների մի մասը կնքված էր և Ջոզեֆին արգելված էր ցույց տալ դրանք որևէ մեկին:
«Ես չեմ կարող կարդալ կնքված գիրքը», ասաց Անտոնը: Նա նախազգուշացրեց Մարտինին, որ Ջոզեֆը հավանաբար խաբում էր նրան: «Զգուշացեք անազնիվ մարդկանցից», ասաց նա:18
Մարտինը հեռացավ Պրոֆսոր Անտոնի մոտից և գնաց Սամուել Միթչիլի մոտ: Վերջինս քաղաքավարությամբ ընդունեց Մարտինին, լսեց նրա պատմությունը և նայեց նշաններին ու թարգմանությանը: Նա չկարողացավ հասկանալ դրանց իմաստը, բայց ասաց, որ դրանք իրեն հիշեցնում էին եգիպտական հիերոգլիֆները և անհետացած ազգի ձեռագրերը:19
Կարճ ժամանակ անց Մարտինը հեռացավ քաղաքից և վերադարձավ Հարմոնի, առավել քան համոզված, որ Ջոզեֆն ուներ հնադարյան թիթեղներ և դրանք թարգմանելու զորությունը: Նա Ջոզեֆին պատմեց պրոֆեսորների հետ ունեցած իր հարցազրույցների մասին և հիմնավորեց, որ եթե Ամերիկայի մի քանի ամենագիտուն մարդիկ չկարողացան թարգմանել գիրքը, Ջոզեֆը պիտի աներ դա:
«Ես չեմ կարող», ասաց Ջոզեֆը, առաջադրանքից ճնշված, քանի որ «ես կրթված չեմ»: Բայց նա գիտեր, որ Տերը նախապատրաստել էր մեկնիչները, որպեսզի ինքը կարողանար թարգմանել թիթեղները:20
Մարտինը համաձայնվեց: Նա ծրագրել էր ետ գնալ Պալմիրա, կարգի բերել իր բիզնեսը և շուտով վերադառնալ և ծառայել Ջոզեֆին՝ որպես գրագիր:21
1828թ.-ի ապրիլին Էմման և Ջոզեֆը ապրում էին Սասքվեհանա գետի ափին գտնվող մի տանը, որը հեռու չէր Էմմայի ծնողների տնից:22 Այժմ, իր հղիության վերջին ամիսներին, Էմման հաճախ էր իր վրա վերցնում Ջոզեֆի գրագրի դերը, երբ նա սկսեց թարգմանել հիշատակարանը: Մի օր թարգմանության ժամանակ Ջոզեֆը հանկարծ գունատվեց: «Էմմա, արդյո՞ք Երուսաղեմը շրջապատված է պատերով», հարցրեց նա:
«Այո,- ասաց Էմման, հիշելով Աստվածաշնչի նկարագրությունները դրա վերաբերյալ:
«Օ՜հ», Ջոզեֆը թեթևացած շունչ քաշեց, «Վախենում էի, որ ինձ խաբել էին»:23
Էմման զարմացավ, որ իր ամուսնու գիտելիքների պակասը պատմությունից և սուրբ գրություններից չէր խոչընդոտում թարգմանությանը: Ջոզեֆը դժվարությամբ էր մի կապակցված նամակ գրում: Այնուամենայնիվ, նա ժամերով նստում էր ամուսնու կողքին, մինչ նա թելադրում էր հիշատակարանը, առանց որևէ գրքի կամ ձեռագրի օգնության: Նա գիտեր, որ միայն Աստված կարող էր ոգեշնչել է նրան թարգմանել այնպես, ինչպես Ջոզեֆն էր թարգմանում:24
Մարտինը ժամանակին վերադարձավ Պալմիրայից և ստանձնեց գրագրի պարտականությունները, Էմմային հնարավորություն տալով հանգստանալ, նախքան երեխայի ծնունդը:25 Բայց հանգիստը հեշտությամբ չտրվեց: Մարտինի կինը՝ Լյուսին, պնդում էր, որ ինքը ևս պիտի նրա հետ գնա Հարմոնի, իսկ Հարրիսները երկուսն էլ ուժեղ անձնավորություններ էին:26 Լյուսին կասկածում էր, որ Մարտինը ցանկանում է ֆինանսապես աջակցել Ջոզեֆին և բարկացել էր, որ ամուսինն առանց իրեն գնացել էր Նյու Յորք Սիթի: Երբ Մարտինն ասաց կնոջը, որ գնում էր Հարմոնի, որպեսզի օգներ թարգմանել, վերջինս նույնպես մեկնեց նրա հետ, որոշելով տեսնել թիթեղները:
Լյուսին կորցնում էր լսողությունը, և երբ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ էին ասում մարդիկ, երբեմն մտածում էր, որ իրեն էին քննադատում: Բացի այդ նա նաև գաղտնապահ չէր: Երբ Ջոզեֆը հրաժարվեց նրան ցույց տալ թիթեղները, նա սկսեց փնտրել դրանք տանը, քրքրելով ընտանիքի զգեստապահարանները, սպասքի պահարանները և ճամպրումները: Ջոզեֆն այլընտրանք չուներ և թիթեղները թաքցրեց անտառում:27
Լյուսին շուտով հեռացավ տնից և ժամանակավորապես տեղավորվեց հարևանի տանը: Այժմ զգեստապահարաններն ու սպասքի պահարանները նորից Էմմայի տրամադրության տակ էին, բայց հիմա էլ Լյուսին հարևաններին ասում էր, որ Ջոզեֆը փորձում է ձեռք բերել Մարտինի փողերը: Մի քանի շաբաթ անախորժություններ պատճառելուց հետո Լյուսին վերադարձավ Պալմիրա՝ իր տուն:
Երբ խաղաղությունը վերականգնվեց, Ջոզեֆն ու Մարտինը արագ թարգմանում էին: Ջոզեֆը աճում էր իր աստվածային դերի մեջ՝ որպես տեսանող և հայտնող: Նայելով մեկնիչների կամ տեսանողի այլ քարի միջով, նա կարողանում էր թարգմանել, անկախ այն բանից՝ թիթեղներն իր առջև էին, թե փաթաթված էին Էմմայի սպիտակեղենի կտորի մեջ ու դրված սեղանին:28
Ապրիլ, մայիս ամիսներին և հունիսի սկզբում Էմման ունկնդրում էր, թե Ջոզեֆն ինչպես էր թելադրում հիշատակարանը:29 Նա խոսում էր դանդաղ, բայց հստակ, երբեմն դադար տալով, մինչև Մարտինը կհասցներ Ջոզեֆի բառերի հետևից ու կասեր՝ «գրված է»:30 Էմման նույնպես հերթափոխում էր որպես գրագիր և զարմանում էր, թե ընդհատումներից ու դադարներից հետո Ջոզեֆն ինչպես էր միշտ կարողանում առանց հուշման սկսել նույն տեղից, որտեղ ընդհատել էր:31
Շուտով եկավ Էմմայի ծննդաբերելու ժամանակը: Ձեռագիր էջերի կույտը մեծանում էր, իսկ Մարտինը համոզվում էր, որ եթե ինքը կարողանար թույլ տալ իր կնոջը կարդալ թարգմանությունը, նա կտեսներ դրա արժեքը և կդադարեր միջամտել իրենց աշխատանքին:32 Նա նաև հուսով էր, որ Լյուսին գոհ կլիներ այն հանգամանքից, թե ինքն ինչպես էր ծախսել իր ժամանակը և փողը, որպեսզի օգներ ի հայտ բերել Աստծո խոսքը:
Մի օր Մարտինը Ջոզեֆից թույլտվություն խնդրեց ձեռագրերը մի քանի շաբաթով Պալմիրա տանելու համար:33 Հիշելով, թե Լյուսի Հարրիսն ինչպես էր իրեն պահում, երբ այցելել էր իրենց տուն, Ջոզեֆն անհանգստացավ այդ գաղափարից: Սակայն նա ցանկանում էր գոհացնել Մարտինին, ով հավատացել էր իրեն, երբ շատ ուրիշները կասկածում էին իր խոսքերին:34
Անվստահ լինելով, Ջոզեֆը աղոթեց առաջնորդության համար, և Տերը հանձնարարեց նրան՝ թույլ չտալ Մարտինին տանել էջերը:35 Բայց Մարտինը հավատացած էր, որ դրանք ցույց տալով իր կնոջը, կարող էր փոխել իրերի դրությունը և աղերսեց Ջոզեֆին հարցնել նորից: Ջոզեֆը նորից հարցրեց, բայց պատասխանը նույնն էր: Մարտինի ճնշմամբ նա հարցրեց երրորդ անգամ, սակայն այս անգամ Աստված թույլ տվեց նրանց վարվել այնպես, ինչպես կկամենային:
Ջոզեֆն ասաց Մարտինին, որ կարող էր տանել ձեռագրերը երկու շաբաթով, եթե նա պարտավորվեր պահել դրանք փակի տակ և ցույց տալ միայն ընտանիքի վստահելի անդամներին: Մարտինը խոստացավ և վերադարձավ Պալմիրա՝ ձեռագիրը ձեռքում:36
Երբ Մարտինը մեկնեց, Մորոնին հայտնվեց Ջոզեֆին և մեկնիչները վերցրեց նրանից:37
Մարտինի մեկնումից մեկ օր անց Էմման դժվարությամբ ծննդաբերեց և որդի ունեցավ: Երեխան թույլ էր ու հիվանդ և երկար չապրեց: Այս ծանր փորձությունը Էմմային հյուծեց ֆիզիկապես և հոգեպես, և որոշ ժամանակ թվում էր, թե նա նույնպես կմահանա: Ջոզեֆը մշտապես նրան ուշադրության կենտրոնում էր պահում և երկար ժամանակ նրա կողքից չէր հեռանում:38
Երկու շաբաթ անց Էմմայի առողջությունը սկսեց լավանալ, և նրա մտքերը դարձան դեպի Մարտինը և ձեռագիրը: «Ես այնքան անհանգիստ եմ, - ասաց նա Ջոզեֆին, - որ չեմ կարողանում հանգստանալ և չեմ հանգստանա, մինչև չիմանամ, թե պարոն Հարրիսն ինչ է անում դրա հետ»:
Նա հորդորեց Ջոզեֆին փնտրել Մարտինին, բայց Ջոզեֆը չէր ցանկանում մենակ թողնել նրան: «Կանչիր իմ մորը, - ասաց նա, - և նա կմնա ինձ հետ, մինչ դու բացակայում ես»:30
Ջոզեֆը փոստակառք նստեց և մեկնեց հյուսիս: Ուղևորության ընթացքում նա քիչ էր ուտում ու քնում, վախենալով, որ ինքը վիրավորել էր Տիրոջը, չլսելով Նրան, երբ Նա հորդորեց թույլ չտալ Մարտինին տանել ձեռագիրը:40
Արևածագին նա հասավ Մանչեստր՝ իր ծնողների տունը: Սմիթները նախաճաշ էին պատրաստում և հրավեր ուղարկեցին Մարտինին միանալ իրենց: Ժամը ութին ուտելիքը պատրաստ էր, բայց Մարտինը չէր եկել: Ջոզեֆն ու ընտանիքը սկսեցին անհանգստանալ, երբ սպասում էին նրան:
Ի վերջո, չորս ժամ անց Մարտինը հայտնվեց հեռվում, դանդաղ քայլելով դեպի տունը՝ աչքերը գետնին հառած:41 Դարպասի մոտ նա կանգ առավ, նստեց ցանկապատին և գլխարկն իջեցնելով փակեց աչքերը: Հետո ներս մտավ, նստեց ու սկսեց լուռ ուտել:
Ընտանիքը դիտում էր, երբ Մարտինը բարձրացրեց իր սպասքը, կարծես ցանկանալով ուտել, հետո գցեց դրանք: «Ես կորցրել եմ իմ հոգին», բացականչեց նա, ձեռքերը քունքերին սեղմելով: «Ես կորցրել եմ իմ հոգին»։
Ջոզեֆը տեղից ցատկեց: «Մարտի՛ն, մի՞թե դու կորցրել ես այն ձեռագիրը»:
«Այո»,- ասացի Մարտինը: «Այո, այն անհետացել է, և ես չգիտեմ, թե որտեղ»։
«Օ՜հ, Աստված իմ, Աստված իմ», Ջոզեֆը ծանր հոգոց հանեց, սեղմելով բռունցքները: «Ամեն ինչ կորած է»:
Նա սկսեց անցուդարձ անել սենյակում: Նա չգիտեր ինչ անել: «Վերադարձի՛ր», նա պատվիրեց Մարտինին: «Կրկին փնտրիր»:
«Ամեն բան իզուր է», բացականչեց Մարտինը: «Ես ամբողջ տունը փնտրել եմ: Ես պատռել եմ անկողիններն ու բարձերը և գիտեմ, որ ձեռագիրն այնտեղ չէ»:
«Մի՞թե ես պիտի վերադառնամ իմ կնոջ մոտ ու պատմեմ այս պատմությունը»: Ջոզեֆը վախենում էր, որ նորությունը կսպաներ նրան: «Եվ ինչպե՞ս ես պիտի երևամ Տիրոջ առաջ»։
Մայրը փորձում էր հանգստացնել նրան: Նա ասաց, որ միգուցե Տերը կների նրան, եթե նա խոնարհաբար ապաշխարի: Բայց այժմ Ջոզեֆը հեկեկում էր, զայրանալով իր վրա, որ չհնազանդվեց Տիրոջը առաջին անգամ: Նա ոչինչ չկարողացավ ուտել օրվա մնացած մասը: Նա մնաց գիշերը և հաջորդ առավոտ մեկնեց Հարմոնի:42
Լյուսին ծանր սրտով հետևում էր, թե նա ինչպես է հեռանում: Թվում էր ամեն բան, ինչի համար ընտանիքը հույսեր էր փայփայել, այն ամենը, ինչն ուրախություն էր բերել ընտանիքին վերջին մի քանի տարիներին, մի վայրկյանում հօդս ցնդեց:43