2025
Օգնություն և ուղղորդում քո ապագայի համար
Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2025


Օգնություն և ուղղորդում քո ապագայի համար

Կյանքը միշտ չէ, որ ընթանում է քո ծրագրերի համաձայն, բայց Տիրոջն ապավինելը կփոխի քո կյանքը դեպի ավելի լավը։

տղամարդ՝ հարցական նշաններով և ցուցանշանով

Երբեմն թվում է, որ աշխարհը լի է անորոշությամբ: Գուցե հետաքրքրված ես, թե ինչ է քեզ սպասվում քո ապագայում: Ես զգացել եմ նույնը։

Ես և ծնողներս միացանք Եկեղեցուն, երբ ես 16 տարեկան էի: Այդ ժամանակ ես շատ ամաչկոտ էի: Եկեղեցուն միանալուց հետո ես վստահություն ձեռք բերեցի: Ես իմացա, թե ով եմ ես, որտեղից եմ, ինչու եմ այստեղ, և ուր եմ գնում այս կյանքից հետո:

Այն ժամանակ ես հասկացա, որ չնայած մանրամասնորեն չգիտեի, թե ինչ եմ անելու իմ կյանքում, կար օգնություն և ուղղորդում՝ առաջնորդելու ինձ դեպի մեծ ապագա:

Նույնը ճշմարիտ է քո դեպքում։

Ուղղորդում մարգարեից

Ես 17 տարեկան էի, երբ մարգարեն՝ նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895-1985), 1975 թվականին այցելեց Հարավային Կորեա: Ես տեսա նրան մի հանդիպման ժամանակ, որտեղ շուրջ 400 կորեացի երիտասարդներ հավաքվել էին լսելու նրա ձայնը։

Նախագահ Քիմբալը պատմեց, որ նա ուսումնասիրում էր սուրբ գրությունները և աղոթում ամեն օր՝ դեռևս երիտասարդության տարիներից։ Նա խոսեց առաջնահերթությունների սահմանման կարևորության մասին: Նա ասաց, որ մենք պետք է հաճախենք սեմինարիա, պատրաստվենք միսիայի և հավերժական ամուսնությանը, նաև աշխատենք փրկության ուղղությամբ: Նա նաև բերեց իր վկայությունը։

Մարգարեի խոսքերը լուսավորեցին իմ միտքը։ Ես ավագ դպրոցում էի, բայց ինձ չէին հետաքրքրում դասերը: Ես սիրում էի սպորտով զբաղվել։ Խաղում էի ֆուտբոլ, երբ հնարավորություն ունեի և հաճախ խաղում էի սովորելու փոխարեն: Ես լավ ուսանող չէի: Մարգարեին լսելուց հետո ես դեռ վայելում էի ֆուտբոլը, բայց որոշեցի որոշ առաջնահերթություններ սահմանել:

Ես կներդնեի իմ լավագույն ջանքերը ուսման մեջ։ Ես կծառայեի միսիա, կկնքվեի տաճարում և կունենայի երջանիկ ընտանիք: Ես գիտեի, որ եթե ցանկանում էի այդպիսի մեծ ապագա, պետք է հետևեի մարգարեին, անկախ ամեն ինչից:

Բոլոր հնարավորություններով և մարտահրավերներով հանդերձ, որոնց կբախվես կյանքում, ամեն ինչ լավ կլինի, երբ հետևես այն առաջնորդությանը, որ ապահովում են կենդանի մարգարեները:

Անորոշ միսիա

Ես պարտավորվել էի ծառայել միսիա, բայց Հարավային Կորեայում կա նաև պարտադիր զինվորական ծառայություն: Ավագ դպրոցից հետո շատ երիտասարդներ դարձան զինվորականներ, կատարեցին իրենց պարտադիր ծառայությունը և անմիջապես հետամուտ եղան կրթությանը, ապա գտան աշխատանք: Դժվար էր ևս երկու տարի տալ միսիոներական ծառայությանը: Այդ ժամանակ ընդամենը մի քանի կորեացի երեցներ կային:

Երբ դարձա 19 տարեկան, ես իրականացրի իմ պարտավորությունը՝ պատրաստեցի և ուղարկեցի իմ միսիայի թերթերը: Ես կանչվեցի ծառայելու Կորեայի Բուսան միսիայում: Մեկ տարի անց ինձ զորակոչեցին բանակ: Ես այնքան տխուր էի, որ ստիպված էի դադարեցնել միսիան:

Երբ ավարտեցի զինվորական ծառայությունը երեք տարի անց, ես զգացի, որ դեռ չեմ ավարտել իմ միսիան: Բոլորն ինձ ասում էին. «Դու արդեն ծառայել ես միսիա: Տերը հասկանում է քո իրավիճակը, ուստի միայն մեկ տարի ծառայելը բավական է»:

Ես հարցրի սեմինարիայի իմ լավ ընկերուհուն, թե ինչ անեմ: Նա ասաց, որ գիտի․ ես ծառայելու եմ միսիայում ևս մեկ տարի: Նրա վստահությունն ինձ ինքնավստահություն և հաստատում տվեց ավելի երկար ծառայելու համար: Ես ծառայեցի իմ միսիայի երկրորդ տարին Կորեայի Սեուլ միսիայում: Ավարտելիս արդեն 25 տարեկան էի: Հետագայում ես ամուսնացա այդ նույն ընկերուհու հետ, և մենք կնքվեցինք Լայի (Հավայի) տաճարում:

Այդ փորձն ինձ սովորեցրեց, որ ամեն ինչ լավ է լինելու նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ չի ընթանում քո նախատեսած ձևով: Երբ քո ծրագրերն ու տեսլականը համահունչ են Տիրոջ կամքի հետ, նա կօգնի քեզ քո կյանքի որոշումներում:

Հիանալի ապագան հնարավոր է

Չնայած ես՝ որպես երիտասարդ համոզված չէի, թե ինչպիսի կյանք կունենամ, սակայն հասկացա, որ հոգևոր բաներն առաջին տեղում դնելն այս կյանքի հաջողության բանալին է:

Երբ մկրտվեցիր, դու ստացար Սուրբ Հոգու պարգևը։ Երբ կենտրոնանաս քո ստացած հուշումների վրա, Սուրբ Հոգին կպաշտպանի քեզ և կուղեկցի ճիշտ ճանապարհով: Դու կզգաս մխիթարություն և խաղաղություն։

Մինչ պատրաստվում ես քո ապագային, հիշիր․

  • Ուսումնասիրիր սուրբ գրությունները։

  • Շարունակիր աղոթել։

  • Հետևիր մարգարեին։

  • Միշտ ապավինիր Տիրոջը։

Երբ ես քո տարիքին էի, սովորեցի Փրկչին բնորոշ գծերի և հատկանիշների մասին, և թե ինչպես կարող եմ ավելի նմանվել Նրան։ Նա կատարյալ է։ Ես չեմ կարող ամբողջովին նմանվել Նրան այս կյանքում, բայց ես անում եմ ամեն բան՝ իմ ուժերի ներածին չափով և շարունակաբար կատարելագործվում։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է։ Նրա շնորհիվ ես մեծ հույս ունեմ ապագայի համար, և դու նույնպես կարող ես ունենալ։