2021
Փակ դուռը
Մայիս/հունիս 2021թ․


Փակ դուռը

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ)։

Այս պատմությունը տեղի է ունեցել Կենտրոնական Հունգարիայում։

Գուցե Էմման կարող է օգնել:

«Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել» (Վարդապետություն և Ուխտեր 11․12

Նկար
girl sitting on steps outside apartment

Էմման ցատկում էր քարե մայթի ճեղքերի վրայով: Պայծառ, արևոտ օր էր։ Նա մայրիկի հետ գնում էր մթերային խանութ:

«Մայրի՛կ, արևը որքա՞ն հեռու է»,- հարցրեց նա։

«Ես ստույգ չգիտեմ»,- պատասխանեց մայրիկը:

Էմման նայեց երկնքին: «Ի՞նչ ես կարծում՝ հնարավո՞ր է, որ մի օր արբանյակ թռնի դեպի արևը: Այն կայծակից է՞լ թեժ է։ Ի՞նչ ես կարծում …»:

Մայրիկը ծիծաղեց: «Հարցերդ գնալով ավելի՜ ու ավելի՜ են բարդանում»:

Էմման նույնպես ծիծաղեց։ Նա բազմաթիվ հարցեր ուներ։ Մայրիկը միշտ ջանացել էր պատասխանել դրանց։ Դա պատճառներից մեկն էր, թե ինչու էր Էմման սիրում զբոսնել մայրիկի հետ։

Էմման նայեց շուրջը: Տաքսիները սլանում էին քարապատ փողոցով: Մարդիկ հեծանիվ էին քշում: Շատ մարդիկ նույնպես դուրս էին եկել զբոսնելու։

Հետո Էմման նայեց փողոցի մյուս կողմը: Մի փոքրիկ աղջիկ նստած էր բազմաբնակարան շենքի դիմացի աստիճաններին: Նա կարծես լաց էր լինում։

Էմման դանդաղեցրեց քայլերը։ Գուցե նա պետք է կա՞նգ առներ և օգնե՞ր։ Իսկ միգուցե աղջիկն ուզում էր մենակ մնալ։ Երբեմն տխուր պահերին Էմման ցանկանում էր մենակ մնալ։

Էմման կանգնեց։ Օգնության կարիք ունենալիս Էմման հիմնականում ցանկանում է ինչ-որ մեկի հետ խոսել։ Հնարավոր է, որ ինքը կարող է օգնել։

Նա բռնեց մայրիկի ձեռքը։ «Մայրի՛կ, տե՛ս: Ինձ թվում է այն աղջիկը օգնության կարիք ունի»։

Մայրը նայեց փողոցի մյուս կողմը: «Դու ճիշտ ես»։

Փողոցն անցնելիս Էմման բռնել էր մայրիկի ձեռքը։ Նա բարձրացավ աստիճաններով դեպի այնտեղ, ուր նստած էր աղջիկը։ «Բարև»,- ասաց Էմման։ «Կարո՞ղ եմ օգնել քեզ»:

Փոքրիկ աղջիկը հեծկլտալով նայեց նրանց։ Նա ձեռքերով գրկել էր ծնկները, իսկ աչքերը կարմրած ու այտուցված էին։

«Իմ … տան դուռը փակվել է, ես դուրսն եմ մնացել»: Նա հոգոց հանեց։ Նա ցածր ու դողացող ձայնով էր խոսում։ Էմման կքանստեց նրա կողքին, որպեսզի կարողանա լսել նրան։

«Ես չեմ կարող կարդալ», - ասաց աղջիկը։ «Ես չգիտեմ, թե որ կոճակը սեղմեմ, որ ներս մտնեմ»:

Էմման նայեց շենքի արտաքին պատին։ Բազմաթիվ փոքրիկ կոճակներ կային։ Յուրաքանչյուրի վրա անուն կար գրված։ Կոճակների կողքին բարձրախոսն էր:

«Կասե՞ս քո ազգանունը»,- հարցրեց Էմման։

«Շնայդեր»,- պատասխանեց փոքր աղջիկը։

Մայրը հերթով կարդաց կոճակների վրա գրված ազգանունները, մինչև գտավ այն մեկը, որի վրա գրված էր «Շնայդեր»։ Նա սեղմեց այն։

Զա՜նգ։

Կոճակը բարձր զնգաց։ Ապա մի ձայն խոսեց բարձրախոսի մեջ։

«Շնայդերների բնակարանն է։ Ինչո՞վ կարող եմ օգնել»։

Էմմայի մայրն ասաց․ «Ողջո՜ւյն։ Ես ու դուստրս դրսում ենք մի աղջնակի հետ, որն ասում է, որ դրսում է մնացել»:

Աղջիկը արագ կանգնեց ու վազեց դեպի բարձրախոսը։ «Մայրի՛կ,- ասաց նա,- ես չէի կարող գտնել մեր տան կոճակը՝ ներս մտնելու համար, և այս մարդիկ օգնեցին ինձ»:

Բարձրախոսից հնչեց զարմացած ձայն։ «Լենի՛: Ես կարծում էի, թե դու քո սենյակում ես։ Մի անհանգստացիր։ Ես հիմա իջնում եմ այդտեղ»։

Մի քանի րոպե անց դուրս վազեց մի կին։ Աղջիկը վազեց և փաթաթվեց նրան։

Կինը դիմեց Էմմային։ «Շնորհակալությո՜ւն, իմ փոքրիկ Լենիին օգնելու համար»։

Էմման ժպտաց։ «Դժվար չէր օգնել»:

Նրանք ցտեսություն ասացին և աստիճաններով ներքև քայլեցին: Էմմայի ամբողջ մարմինը ջերմացավ։ Նա մի հարց էլ մտածեց մայրիկին տալու համար։

«Այդ աղջկան օգնելը հեշտ էր: Բայց ինչո՞ւ եմ ես այդքան երջանիկ այդ կապակցությամբ»։

Մայրը սեղմեց Էմմայի ձեռքը։ «Դա Սուրբ Հոգին է ասում քեզ, որ լավ ընտրություն ես կատարել»:

Էմման ժպտաց։ Նա ուրախ էր, որ կանգ առավ և օգնեց։

Նկար
May 2021 Friend