Հարոմի գիրքը
Գլուխ 1
Նեփիացիները պահում են Մովսեսի օրենքը, սպասում Քրիստոսի գալստին և բարգավաճում են երկրում – Շատ մարգարեներ աշխատում են պահել ժողովրդին ճշմարտության ուղու վրա: Մոտ 399–361թթ. Ք.ծ.ա.:
1 Եվ ահա, ես՝ Հարոմս, գրում եմ մի քանի խոսքեր իմ հոր՝ Ենովսի պատվիրանների համաձայն, որպեսզի մեր տոհմաբանությունը պահպանվի:
2 Եվ քանի որ այս թիթեղները փոքր են, և քանի որ այս բաները գրվում են ի շահ մեր եղբայրների՝ Լամանացիների, ուստի, անպայման պետք է, որ ես գրեմ մի քիչ. բայց ես չեմ գրի բաներն իմ մարգարեանալու, ոչ էլ իմ հայտնությունները: Քանզի ի՞նչ կարող էի ես գրել ավելի, քան իմ հայրերն են գրել: Քանզի չե՞ն բացահայտել նրանք փրկության ծրագիրը: Ես ասում եմ ձեզ՝ Այո՛. և սա բավական է ինձ:
3 Ահա, անհրաժեշտ է, որ այս ժողովրդի մեջ շատ բան արվի, նրանց սրտերի կարծրության, և նրանց ականջների խլության, և նրանց մտքերի կուրության, և նրանց պարանոցների խստության պատճառով. այնուամենայնիվ, Աստված չափազանց ողորմած է նրանց հանդեպ և դեռ նրանց չի սրբել երկրի երեսից:
4 Եվ կան շատերը մեր մեջ, ովքեր բազմաթիվ հայտնություններ ունեն, քանզի նրանք բոլորը չեն խստապարանոց: Եվ բոլոր նրանք, ովքեր խստապարանոց չեն և ունեն հավատք, հաղորդակցություն ունեն Սուրբ Հոգու հետ, որը հայտնվում է մարդկանց զավակներին՝ ըստ իրենց հավատքի:
5 Եվ արդ, ահա, երկու հարյուր տարիներ անցել էին, և Նեփիի ժողովուրդը զորացել էր երկրում: Նրանք պահում-պահպանում էին Մովսեսի օրենքը և հանգստության օրը սուրբ՝ Տիրոջ համար: Եվ նրանք չէին սրբապղծում. ոչ էլ նրանք հայհոյում էին: Եվ երկրի օրենքները չափազանց խիստ էին:
6 Եվ նրանք ցրված էին երկրի երեսի մեծ մասի վրա և Լամանացիները՝ նույնպես: Եվ նրանք շատ ավելի մեծաքանակ էին, քան Նեփիացիները. և նրանք սիրում էին սպանություն և խմում էին գազանների արյունը:
7 Եվ եղավ այնպես, որ նրանք շատ անգամներ եկան մեր՝ Նեփիացիների դեմ ճակատամարտելու: Բայց մեր թագավորները և մեր առաջնորդները զորեղ մարդիկ էին՝ Տիրոջ հավատքում. և նրանք սովորեցնում էին ժողովրդին Տիրոջ ուղիները. ուստի, մենք դիմադրեցինք Լամանացիներին և քշեցինք նրանց մեր հողերից և սկսեցինք ամրացնել մեր քաղաքները, կամ մեր ժառանգության ամեն մի վայր:
8 Եվ մենք շատ բազմացանք և տարածվեցինք երկրի երեսին և դարձանք անչափ հարուստ՝ ոսկով և արծաթով, թանկարժեք բաներով և փայտի նրբագեղ աշխատանքով, շենքերով և սարքավորումներով և նաև երկաթով ու պղնձով, արույրով ու պողպատով, պատրաստելով հողը հերկելու տարբեր ձևերի՝ ամեն տեսակի գործիքներ և պատերազմի զենքեր,– այո՛, սրածայր նետեր, կապարճներ, նիզակներ, տեգեր և ամեն տեսակի նախապատրաստություններ պատերազմի համար:
9 Եվ այսպես, նախապատրաստված լինելով հանդիպելու Լամանացիներին, նրանք հաջողություն չունեցան մեր դեմ: Բայց Տիրոջ խոսքը հաստատվեց, որը նա հայտնել էր մեր հայրերին՝ ասելով, որ. Որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում:
10 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ մարգարեները սպառնացին Նեփիի ժողովրդին, ըստ Աստծո խոսքի, որ՝ եթե նրանք չպահեին պատվիրանները, այլ ընկնեին օրինազանցության մեջ, նրանք կկորչեին երկրի երեսից:
11 Ուստի, մարգարեները, քահանաները և ուսուցիչները ջանասիրաբար տքնում էին՝ ողջ երկայնամտությամբ ջանասիրության հորդորելով ժողովրդին. սովորեցնելով Մովսեսի օրենքը և նպատակը, ինչի համար որ այն տրվել էր. համոզելով նրանց սպասելու Մեսիային և հավատալու նրա գալուն այնպես, կարծես թե նա արդեն եկել էր: Եվ այս ձևով էին նրանք սովորեցնում նրանց:
12 Եվ եղավ այնպես, որ այսպես անելով, նրանք պահում էին նրանց երկրի երեսից կործանվելուց. քանզի նրանք խոսքով խայթում էին նրանց սրտերը՝ շարունակ սթափեցնելով նրանց ապաշխարելու համար:
13 Եվ եղավ այնպես, որ երկու հարյուր և երեսունևութ տարի էր անցել,– այդ ժամանակահատվածի մեծ մասը՝ պատերազմներով և հակառակություններով և երկպառակություններով:
14 Եվ ես՝ Հարոմս, չեմ գրում ավելին, քանզի թիթեղները փոքր են: Բայց ահա, իմ եղբայրնե՛ր, դուք կարող եք դիմել Նեփիի մյուս թիթեղներին. քանզի, ահա, դրանց վրա մեր պատերազմների հիշատակարաններն են փորագրված՝ ըստ թագավորների գրածների, կամ նրանց, ում նրանք գրել էին տվել:
15 Եվ ես հանձնում եմ այս թիթեղներն իմ որդի Օմնիի ձեռքը, որպեսզի դրանք կարողանան պահվել՝ ըստ իմ հայրերի պատվիրանների: