Համասեռամոլություն
Իմ սիրելին գեյ է։ Ես ինչպե՞ս վարվեմ:


«Իմ սիրելին գեյ է։ Ես ինչպե՞ս վարվեմ»։ Նույն սեռի հանդեպ հակվածություն. Ընտանիքի և ընկերների համար (2020)

«Իմ սիրելին գեյ է։ Ես ինչպե՞ս վարվեմ»։ նույն սեռի հանդեպ հակվածություն. Ընտանիքի և ընկերների համար

Իմ սիրելին գեյ է։ Ես ինչպե՞ս վարվեմ:

Նախ սեր ցուցաբերեք

նույն սեռի հանդեպ հակվածություն ունենալու մասին խոսելը կարող է սարսափելի և շփոթեցնող լինել: Ձեր երեխան, ամուսինը կամ կինը, ընտանիքի մյուս անդամը գուցե չգիտեն, թե ինչպես խոսել ձեզ հետ այդ մասին: Երբեմն դուք կարող եք անհամապատասխանության զգացում ունենալ։ Թեև միշտ չէ, որ դուք գիտեք, թե ինչպես վարվել ձեր ընտանիքի անդամի մաքառումների դեպքում, բայց դուք երբեք չեք փոշմանի, եթե ցուցաբերեք սեր և հասկացողություն։

Դուք երբեք չեք փոշմանի «Ես քեզ սիրում եմ» ասելու համար:

Երբեք չեք փոշմանի մտերիմ մարդուն գրկելու համար: Դուք երբեք չեք փոշմանի լսելու համար: Դուք երբեք չեք փոշմանի, որ փորձել եք հասկանալ։

Եթե շատ բուռն արձագանքեք, բարկանաք կամ ասեք բաներ, որոնց համար հետո կզղջաք, մի՛ հուսահատվեք: Դա կյանքի տևողությամբ զրույցի միայն մի պահն է: Երբեք ուշ չէ ներողություն խնդրել։

Եթե ուրիշից եք իմանում ձեր մտերիմի նույն սեռի հանդեպ հակվածություն ունենալու մասին, մի՛ վիրավորվեք։ նույն սեռի հանդեպ հակվածություն ունենալու մասին խոսելը կարող է սարսափելի և շփոթեցնող լինել: Ձեր մտերիմը գուցե չի իմացել, թե ինչպես պատմի ձեզ այդ մասին:

Տխրելը բնական բան է։ Դուք զգում եք, որ «կատարյալ» ընտանիքի ձեր երազանքը փլուզվո՞ւմ է: Դուք վախենո՞ւմ եք մտերիմ հարաբերությունները կորցնելուց։ Վախենու՞մ եք, որ ձեր մտերիմի հետ բարյացակամ չեք լինի: Այս զգացումները բնական են: Տխրելու մեջ ամոթալի բան չկա։

Մի մեղադրեք ինքներդ ձեզ նրա համար, որ ձեր մտերիմը նույն սեռի հանդեպ հակվածությունով է տարված։ Այդ բանում ոչ մեկը մեղավոր չէ։ Մեղադրանքը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ օգտակար:

Փնտրեք հոգևոր առաջնորդություն։

Այդ դեպքում ընտանիքի անդամի աղոթքում ամենաքիչ արդյունավետություն ունեցող հարցն «ինչու՞»-ն է: Հաջորդ անարդյունավետ մոտեցումն է․ «Խնդրում եմ, վերացրեք դա հենց հիմա»: Ամենաօգտակար հարցը, որը կարող եք տալ՝ «ինչպե՞ս»-ն է: Ինչպե՞ս կարող եմ օգնել: Ինչպե՞ս կարող եմ ապահովել այն աջակցությունը, որն անհրաժեշտ է իմ մտերիմին: Ինչպե՞ս կարող ենք դրանից դասեր քաղել:

Փնտրեք գիտելիքներ և սովորեք այն ամենը, ինչ կարող եք: Խոսեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ և խորհրդատվություն ստացեք Տիրոջ լիազորված ծառայից: Եթե հուշում զգաք, խնդրեք նրանից քահանայության օրհնություն, որպեսզի կարողանաք օգնել ձեր մտերիմին։ Որոշ մարդիկ հեռանկար են գտնում աջակցության խմբերում կամ տաճար հաճախելու միջոցով: Իրականում, խաղաղություն և հեռանկար գտնելու համար ավելի լավ տեղ չկա, քան տաճարն է:

Կառուցեք հասկացողության մթնոլորտ

Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր քաջալերում են ձեզ։ Որոշ մարդիկ հոգատար են։ Որոշ մարդիկ հետաքրքրասեր են։ Հարցերին պատասխանելը կարող է խթանել հասկացողությունը, բայց կարող է նաև հոգնեցուցիչ լինել: Ուշադիր եղեք, որ լիցքավորեք ձեր հոգևոր մարտկոցը՝ բավարար ժամանակ անցկացնելով սուրբ վայրերում: Ոչ ոք ավելի շատ հոգատար չէ, քան ձեր Երկնային Հայրը:

Այս ճանապարհորդության ընթացքում դուք կսովորեք ծնող լինել։ Փնտրելով Հոգու ընկերակցությունը, դուք ավելի կմոտենաք Աստծուն, ձեր երեխային և ձեր ամուսնուն կամ կնոջը: Հիշեք, որ պետք է հարգել ազատ կամքը։ Եթե ձեր կինը կամ ամուսինը համաձայն չէ այն բանի հետ, թե ինչպես եք ցանկանում կարգավորել գործերը, հարցը հարգալից ձևով լուծեք։ Եթե ձեր երեխան կատարում է այնպիսի ընտրություններ, որոնց հետ դուք համաձայն չեք, սիրով տեղեկացրեք նրան, թե ինչ եք դուք մտածում: Երբեք մի՛ փորձեք վերահսկել կամ մանիպուլացնել երեխաներին։ Տրամադրեք նրանց ձեր ժամանակը և հավաստիացրեք, որ սիրում եք նրանց։

Հավասարակշռելով սերը և օրենքը

«Որպես վերջին օրերի սրբեր՝ մեզանից շատերը՝ ոչ բոլորը, բայց շատերս հակված ենք պնդելու օրենքի գերակայությունը և դա անել ոչ սիրալիր կերպով:

Ես շատ նամակներ եմ ստանում այն մարդկանցից, ովքեր վրդովված են իրենց ընտանիքի անդամի ընտրությունների պատճառով։ Եվ նրանք հարցնում են՝ «մենք ինչպե՞ս վարվենք»։ Առաջին բանը, որ ես ասում եմ, սա է՝ «շարունակեք սիրել նրանց»։ Ի վերջո, դա մի բան է, որը միշտ կարող ես անել: Մենք պետք է միշտ մտքում ունենանք Տիրոջ պատվիրանները, որոնք ես կանվանեմ օրենք, ինչպես նաև՝ միմյանց սիրելու մեծ պատվիրանը: Դրանք հակադրության մեջ են մտնում, երբ ինչ-որ մեկը, ում հետ շփվում ենք, չի պահում պատվիրանները կամ չի պահում օրենքը: Եվ մեզ համար ավելի դժվար է դառնում շփվել այդպիսի մարդկանց հետ և սիրել նրանց։ Այնուամենայնիվ, դա հնարավոր է՝ եթե մենք սիրում ենք այդ անձին, միևնույն ժամանակ ամուր կառչած ենք մնում այն բաներից, որոնք գիտենք, որ մեր պարտականություններն են օրենքի առաջ։ …

Այն մարդկանց հետ, ում ընտրություններն այնպիսին չեն, ինչպիսին մենք ենք ցանկանում, որ լինեին, մեր շփումը չպետք է սկսվի նրանց ընտրությունների շուրջ վիճաբանելուց։ Ավելի լավ է զրույցը սկսել նմանատիպ հարցերից․ «Դուք որտեղի՞ց եք»։ «Որո՞նք են ձեր հիմնական արժեքները»։ «Ի՞նչ նպատակներ ունեք, որ ցանկանում եք իրականացնել»։ Եվ հետո, այդ համատեքստում մենք կարող ենք բացատրել, որ մեզ հուզում են Տիրոջ պատվիրանները, քանի որ մեզ համար կարևոր է մնալ հավերժական կյանքի ճանապարհին:

Մեզ տրված են պատվիրաններ: Երբ մենք ենթարկվում ենք այդ պատվիրաններին, ապա մենք հնազանդ ենք: Պատվիրաններին հնազանդվելու շնորհիվ մենք ներդաշնակ ենք դառնում հավերժական օրենքի հետ, որը թույլ է տալիս մեզ աճել և առաջ շարժվել դեպի հավերժական կյանք: Փրկիչը պատվիրել է Իր հետևորդներին՝ «Իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 13.34): Այսպիսով, մենք նայում ենք, թե Նա ինչպես է մեզ սիրել։ Նա զոհաբերել է Իրեն մեզ համար: Նա մտահոգ էր ամեն մի անհատի համար։ Նա հրաշալի կերպով օգնության էր հասնում մարդկանց։ Կարծում եմ, որ դրանք բոլորը ցուցիչներ են այն բանի, թե ինչպես կարող ենք սիրել միմյանց, ինչպես Նա մեզ սիրեց: Եթե մենք Նրան մեր օրինակը դարձնենք, մենք պետք է միշտ փորձենք օգնության հասնել՝ ընդգրկելով բոլորին» (Դալլին Հ․ Օուքս, “Love and Law,” ChurchofJesusChrist.org

Աստվածային սերը չի արդարացնում մեղք գործելը. «Քանզի, ես` Տերս, չեմ կարող մեղքը նվազագույն աստիճանով թույլատրելի համարել. Այնուամենայնիվ, նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի» (Վարդապետություն և Ուխտեր 1.31-32): Նմանապես, մենք պետք է անզիջում լինենք, ապրելով և պաշտպանելով Աստծո պատվիրանները, սակայն Աստծո սերը լիարժեք արտացոլելու համար, մենք պետք է նաև սիրենք միմյանց այնպիսի անկեղծ ու համապարփակ սիրով, որ ոչ ոք իրեն լքված,միայնակ կամ հուսալքված չզգա:

Խոսելով ընկճախտի և ինքնասպանություն գործելու մասին

Ընկճախտային զգացումներն իրական են և կարող են լինել անհաղթահարելի և հյուծող: Հաճախ մասնագիտական խորհրդատվությունը և բժշկական օգնությունը կարող են օգնել մարդկանց հաղթահարել ընկճախտը: Երբ ընկճախտային զգացողությունները վերածվում են ինքնասպանության մտքերի, ծայրահեղ կարևոր է ունենալ մեկին, ում հետ կարող ես խոսել։ Ինքնասպանության հակված մարդիկ, ովքեր զգալի ֆիզիկական, մտավոր կամ հուզական ցավ են ապրում, հաճախ մեկուսի են և կարող են մտածել, որ ապագայի որևէ հույս չունեն: Նրանք կարող են մտածել, որ աղետալի ցավը դադարեցնելու այլ տարբերակ չկա, բացի կյանքին վերջ տալուց։ Ինքնասպանությամբ մահվան մասին մտքերը հաճախ մտածվում, դիտարկվում և վերադիտարկվում են, նախքան ցանկացած այդպիսի փորձ կատարելը: Մտորումների այդ ժամանակահատվածում միջամտությունը կարող է կյանք փրկել:

Ինքնասպանության կանխումը սկսվում է վտանգավոր նախանշանների ճանաչմամբ: Վտանգավոր նախանշանների ցուցակը տեսնելու համար, այցելեք American Foundation of Suicide Prevention։

Եթե պարզվում է, որ ինչ-որ մեկն այդպիսի սպառնալիքի ներքո է, ամենալավ բանը, որ կարելի է անել, նրա հետ խոսելն է այդ մասին: Կարող է տարօրինակ կամ հանդուգն թվալ, բայց ընկճախտ ունեցող մարդիկ հաճախ ծայրաստիճան կարիք ունեն խոսելու մեկի հետ, ով կօգնի նրանց կարգի բերել մտքերն ու զգացումները: Այս զրույցները կարող են դժվար լինել, բայց դրանք կարևոր են մեկուսի և հուսահատ զգացումները նվազեցնելու համար, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության: Եթե պարզվում է, որ անձին անմիջականորեն սպառնում է ինքնասպանության փորձը, զանգահարեք ազգային ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ՝1-800-273-TALK (8255)։

Crisis Help Lines, ChurchofJesusChrist.org