Երիտասարդներ
Կատարեք ոգեշնչված ընտրություններ


«Կատարեք ոգեշնչված ընտրություններ», Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց (2022)

«Կատարեք ոգեշնչված ընտրություններ», Երիտասարդներին զորացնելու համար

Նկար
երիտասարդ կինը աղոթում է՝ մահճակալին նստած

Կատարեք ոգեշնչված ընտրություններ

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում դուք կգտնեք Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ուսմունքները: Այս ճշմարտություններն ընդունելով որպես ձեզ ուղեցույց՝ դուք կարող եք կատարել ոգեշնչված ընտրություններ, որոնք կօրհնեն ձեզ այժմ և ողջ հավերժության ընթացքում:

Հիսուս Քրիստոսը հավիտենական ուրախության ճանապարհն է: Երբ դուք օգտագործում եք Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրության ձեր ազատությունը, դուք այն ուղու վրա եք, որը տանում է դեպի հավերժական երջանկություն: Հիսուս Քրիստոսին դարձրեք ձեր չափանիշը, ձեր քարակոփ ամուր հիմքը: Կառուցեք ձեր կյանքը Նրա ուսմունքների վրա և ձեր ընտրությունները գնահատեք դրանցով: Ուխտերը, որոնք դուք կապում եք մկրտության ժամանակ, հաղորդության ժամանակ և տաճարում, Քրիստոսում ձեր ամուր հիմքի կառուցման քարն են: Դուք դեռևս կբախվեք մաքառումների և գայթակղությունների, բայց Երկնային Հայրը և Փրկիչը կօգնեն ձեզ հաղթահարել դրանք:

Դուք Աստծո սիրելի հոգևոր զավակն եք: Նրա երջանկության մեծ ծրագիրը հնարավորություն է տալիս ձեզ հոգևորապես աճել և զարգացնել ձեր աստվածային ներուժը: Ահա թե ինչու Նա ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ որպես ձեր Փրկիչ:

Ձեր Երկնային Հայրը վստահում է ձեզ: Նա մեծ օրհնություններ է տվել ձեզ, ներառյալ ավետարանի լրիվությունը և սուրբ արարողություններն ու ուխտերը, որոնք կապում են ձեզ Նրա հետ և Նրա զորությունը բերում ձեր կյանք: Այդ օրհնությունների հետ մեկտեղ ավելանում է պատասխանատվությունը: Նա գիտի, որ դուք կարող եք փոխել աշխարհը, և դա, շատ դեպքերում, պահանջում է տարբերվել աշխարհից: Ընտրություններ կատարելիս փնտրեք ձեր Երկնային Հոր առաջնորդությունը: Սուրբ Հոգու միջոցով Նա կօրհնի ձեզ ոգեշնչմամբ:

Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի նպատակը ձեզ «այո» կամ «ոչ» ասելը չէ ամեն հնարավոր ընտրության վերաբերյալ, որին կարող եք հանդիպել: Փոխարենը, Տերը հրավիրում է ձեզ ապրել ավելի բարձր և սուրբ ձևով՝ Իր ճանապարհով: Այս ուղեցույցը ձեզ կսովորեցնի Նրա ճանապարհի մասին: Այն բացատրում է ճշմարտությունները, որոնք Ինքն է հայտնել: Դարձրեք այս ճշմարտությունները ընտրություն կատարելու ձեր ուղեցույցը, այնպիսի մեծ ընտրություններ, ինչպիսիք են՝ ուխտեր կապել տաճարում և ծառայել միսիայում, ինչպես նաև ամենօրյա ընտրությունները, օրինակ՝ ինչպես վերաբերվել մարդկանց կամ ինչպես ծախսել ձեր ժամանակը:

Թեև ուրիշները կարող են օգնել ձեզ, սակայն ձեր հոգևոր աճը անձնական է: Դա ձեր և Տիրոջ միջև է: Նա գիտի ձեր սիրտը և միայն Նա կարող է լինել վերջնական Դատավորը: Ամեն օր գործադրեք ձեր լավագույն ջանքերը կատարելագործվելու համար, պահեք Աստծո պատվիրանները, հարգեք ձեր ուխտերը և օգնեք ուրիշներին ավելի մոտենալ Փրկչին:

Տես Մոսիա 4.29–30 (մեղք գործելու ուղիներն անթիվ են, ուստի մենք պետք է զգույշ լինենք), Հելաման 5.12 (կառուցեք ձեր հիմքը Քրիստոսի վրա), Վարդապետություն և Ուխտեր 45.57 (վերցրեք Սուրբ Հոգուն՝ որպես առաջնորդ), 82.15 (կապեք ձեզ Տիրոջ հետ ուխտերի միջոցով):

Նկար
մարդիկ օգտագործում են քարտեզը, պատկերակ

Ինչպես է կազմված այս ուղեցույցը

Յուրաքանչյուր թեմա ունի երեք մաս.

  1. Հավերժական ճշմարտություններ կամ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը

  2. Հրավերներ՝ գործելու այդ ճշմարտությունների հիման վրա

  3. Խոստացված օրհնություններ, որոնք Տերն առաջարկում է նրանց, ովքեր ապրում են Իր ուսմունքներով