«Սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքներ. Ուսումնասիրության օժանդակ նյութերի օգտագործումը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 172․ Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ
Սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքներ
Ուսումնասիրության օժանդակ նյութերի օգտագործումը
Այս դասը կարող է օգնել ձեզ բարելավել սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը և ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքների օգտագործման միջոցով:
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու գործիքներով, որոնք հասանելի են՝ այսօրվա աշխարհում մեզ օգնելու համար և հասանելի չէին 50 տարի առաջ: Խնդրեք նրանց պատրաստվել բացատրելու, թե ինչպես են այս գործիքները ազդում մեր կյանքի վրա։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Գործիքներ
Կարող եք ցուցադրել հետևյալ պատկերները (կամ այլ նմանատիպ պատկերներ) և առաջարկել ուսանողներին պատասխանել ստորև բերված հարցերին:
-
Ինչպե՞ս են այս գործիքներն ազդել ճամփորդելու և աշխատելու մեր կարողության վրա:
-
Ի՞նչ այլ գործիքներ են մշակվել տարիների ընթացքում, որոնք մեծացրել են տարբեր գործեր անելու մեր կարողությունը:
-
Կյանքն ի՞նչով կտարբերվեր, եթե մենք չիմանայինք այս գործիքների կամ դրանց օգտագործման եղանակի մասին:
Ինչպես և ճամփորդության ու աշխատանքի դեպքում, կան գործիքներ, որոնք օգնում են մեզ ուսումնասիրել սուրբ գրությունները և ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահ Եղբայր Թադ Ռ. Քալիսթերը կիսվել է հետևյալով․
Ներկայիս սերունդը հայտնաբերում է իր նախահայրերից շատերի համար անհայտ ճշմարտություններ, գաղափարներ և լրացուցիչ հաստատումներ ոչ այն պատճառով, որ ներկայիս սերունդն անպայման ավելի արդար է, ոչ այն պատճառով, որ ավելի բարձր ինտելեկտ ունի, այլ որովհետև ունի ավելի լավ գործիքներ: Ձիով և գութանով աշխատող նույնիսկ ամենափորձառու ֆերմերը չի կարող հասնել նույնքան հմուտ մեկ ուրիշ ֆերմերի, որի տրամադրության տակ կա բարձր տեխնոլոգիական տրակտոր: Լոգարիթմական քանոն օգտագործող մաթեմատիկոսը չի կարող մրցակցել իր գործընկերոջ հետ, որն օգտագործում է գերարագ համակարգիչ: Ձեռքի աստղադիտակով Գալիլեոն երբեք չէր բացահայտի տիեզերքն այնպես, ինչպես դա անում են գերժամանակակից աստղադիտակով: Ավետարանի իմացության հարցում Տերը մեզանից պետք է շատ ավելին ակնկալի, քան նախորդ սերունդներից, քանի որ մենք ունենք շատ ավելի մեծ հնարավորություններ մեր տրամադրության տակ: (Թադ Ռ. Քալիսթեր The Infinite Atonement [2000], 21)
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Որքանո՞վ եք տեղյակ սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքների մասին, որոնք կարող են օգնել ձեզ գտնել ձեր հարցերի պատասխանները և ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Որքանո՞վ եք լավ օգտագործում դրանք:
Այս դասը ուսումնասիրելիս ձգտեք ավելի լավ հասկանալ սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները և այն, թե դրանք ինչպես կարող են օգնել ձեզ:
Սահմանում. Սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքների օգտագործումը
Որպեսզի օգնեք ուսանողներին հստակ հասկանալ, թե որոնք են սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները, արեք հետևյալը։
Առաջարկեք ուսանողներին մտածել և գրել սուրբ գրությունների ուսումնասիրության որևէ գործիք, որը գիտեն, որ Տերը տվել է մեզ՝ օգնելու պատասխանել մեր հարցերին և ավելի մոտենալ Իրեն: Կարող եք ավելացնել հետևյալ գործիքներից որևէ մեկը, որն ուսանողները չեն նշում։
Ծանոթագրություններ
Թեմաների ուղեցույց
Սուրբ գրքերի ուղեցույց
Եռահատորի ցանկ
Քարտեզներ
Եկեղեցու պատմության լուսանկարներ
Մատնանշեք գրատախտակին գրված տարբեր գործիքները և հարցրեք ուսանողներին, թե ինչ են դրանք և որտեղ կարող են դրանք գտնել: Եթե ուսանողները ծանոթ չեն դրանցից որևէ մեկին, կարող եք օգտագործել հետևյալ բացատրությունները և ցույց տալ ուսանողներին, թե որտեղ են գտնվում այդ գործիքները:
Ծանոթագրություններ․ ծանոթագրությունների հղումները նշվում են հատվածում՝ փոքրատառ մանր տառատեսակով և ուղղորդում են ձեզ էջի ներքևի հատված, որտեղ դուք կարող եք գտնել սուրբ գրությունների լրացուցիչ հղումներ կամ տվյալ հատվածի հետ կապված թեմաներ: Սեղմելով ծանոթագրություններին Gospel Library հավելվածում՝ կարող եք տեսնել նույն տեղեկությունները:
Թեմաների ուղեցույց․ այս աղբյուրը պարունակում է տարբեր թեմաներին վերաբերող սուրբ գրություններ և այլ նմանատիպ թեմաների հղումներ: Այն կարելի է գտնել Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի տարբերակի վերջում կամ Gospel Library հավելվածում՝ «Սուրբ գրություններ» բաժնի «Ուսումնասիրության օժանդակ նյութեր» ենթաբաժնում:
Սուրբ գրքերի ուղեցույց․ այս աղբյուրը պարունակում է սուրբգրային եզրույթների հակիրճ, պարզ սահմանումներ, ինչպես նաև յուրաքանչյուր տերմինի հետ կապված սուրբգրային մի քանի հղում։ Այն կարելի է գտնել Մորմոնի Գրքի վերջում կամ Gospel Library հավելվածում՝ «Սուրբ գրություններ» բաժնի «Ուսումնասիրության օժանդակ նյութեր» ենթաբաժնում:
Եռահատորի ցանկ․ այս ցանկը պարունակում է սուրբ գրությունների հղումներ տարբեր թեմաների համար, որոնք պարունակվում են Վարդապետություն և Ուխտեր գրքում, Մորմոնի Գրքում և Թանկագին Մարգարիտում: Այն կարելի է գտնել Եռահատորի վերջում կամ Gospel Library հավելվածում՝ «Սուրբ գրություններ» բաժնի «Ուսումնասիրության օժանդակ նյութեր» ենթաբաժնում:
Քարտեզներ և Եկեղեցու պատմության լուսանկարներ․ այս աղբյուրները կարելի է գտնել Եռահատորի վերջում կամ Gospel Library հավելվածում՝ «Սուրբ գրություններ» բաժնի «Ուսումնասիրության օժանդակ նյութեր» ենթաբաժնում:
Մոդել
Սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքների՝ դասարանով օգտագործումը մոդելավորելու համար կատարեք հետևյալ վարժությունը.
Մտածեք այն մասին, թե ինչ գիտեք և ինչ կցանկանայիք իմանալ ներման մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64․9–11 հատվածը և գտեք ներման մասին ճշմարտություններ։
-
Ի՞նչ իմացաք: Այս հատվածները ի՞նչ են ձեզ օգնում ավելի լավ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։
Այժմ առաջարկեք ուսանողներին ասել, թե ինչ գործիքներ կարող են օգտագործել իրենց հասկացողությունը խորացնելու համար: Երբ ուսանողը ասում է որևէ գործիքի մասին, հարցրեք նրան, թե ինչպես օգտագործել այդ գործիքը և առաջարկեք բոլոր ուսանողներին հետևել նրա ուղղորդմանը։ Օրինակ՝ նրանք կարող են որոնել հատվածների ծանոթագրություններում տրված սուրբ գրությունները: Նրանք կարող են նաև որոնել «Հիսուս Քրիստոս» կամ «Փրկագնել»՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, «Ներել»՝ Եռահատորի ցանկում կամ «Քավություն»՝ Աստվածաշնչի բառարանում։
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով և բացատրել, թե ինչու է այն կարևոր իրենց համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրման այս գործիքների օգտագործումն ինչպե՞ս օգնեց ձեզ ուսումնասիրության ժամանակ:
Գործնական կիրառում
Առաջարկեք ուսանողներին գալ գրատախտակի մոտ և գրել ավետարանական թեմաներ կամ հարցեր, որոնց մասին իրենք կամ իրենց ծանոթները ցանկանում են ավելին իմանալ կամ որոնց պատասխանել են: Որպես այլընտրանք, կարող եք օգտագործել անանուն հարցման գործիքը՝ նրանց պատասխանները ստանալու համար:
Եթե ուսանողները դժվարանում են գաղափարներ տալ, կարող եք գրատախտակին գրել հետևյալ թեմաները: Առաջարկեք ուսանողներին ընտրել այս թեմաներից մեկը (կամ իրենց նախընտրած մեկ այլ թեմա), որի վերաբերյալ իրենք ունեն հարցեր կամ որոնց ուսումնասիրությունն իրենց կարծիքով, ավելի կմոտեցնի իրենց Հիսուս Քրիստոսին.
-
Ներում
-
Ստանալ հայտնություն
-
Երկնային Հայրը
-
Ինչու մենք Հիսուս Քրիստոսի կարիքն ունենք
-
Նախաերկրային կյանք
-
Հոգիների աշխարհ
-
Վերջին դատաստան
-
Ամուսնություն և ընտանիք
-
Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը
Որպես այլընտրանք, ուսանողները կարող են ներկայացնել մի դերախաղ, որում ընկերը ցանկանում է ավելին իմանալ վերը նշված թեմաներից մեկի մասին:
Մի քանի րոպե հատկացրեք այս թեման կամ հարցը ուսումնասիրելու համար՝ օգտագործելով սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքները։ Փնտրեք ճշմարտություններ, որոնք կարևոր են ձեզ համար, պատասխանեք ձեր հարցերին կամ ավելի մոտեցրեք ձեզ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Բավարար ժամանակ հետո կարող եք ուսանողներին առաջարկել զույգերով կամ փոքր խմբերով կիսվել, թե ինչ են սովորել և ինչպես են սովորել: Այնուհետև ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցին՝ դասը եզրափակելու համար։
-
Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում այս գործիքների հետևողական օգտագործումն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքների և Նրանց հետ ձեր հարաբերությունների վրա: