«Հոկտեմբերի 16-22-ը։ Ա և Բ Թեսաղոնիկեցիս․ «Ձեր հավատքի պակասությունը լրացնենք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Հոկտեմբերի 16-22-ը։ Ա և Բ Թեսաղոնիկեցիս», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023
Հոկտեմբերի 16-22-ը
Ա և Բ Թեսաղոնիկեցիս
«Ձեր հավատքի պակասությունը լրացնենք»
Եթե աղոթքով կարդաք Աև Բ Թեսաղոնիկեցիս գրքերը՝ մտքում ունենալով երեխաներին, կգտնեք այն սկզբունքները, որոնք նրանք պետք է հասկանան։
Հրավիրեք կիսվել
Անցած շաբաթվա դասին արդյո՞ք հրավիրել եք երեխաներին կիրառել իրենց սովորածը։ Թույլ տվեք երեխաներին այս շաբաթվա դասի առաջին մի քանի րոպեները տրամադրել իրենց փորձառություններով կիսվելուն։
Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ
Ա Թեսաղոնիկեցիս 5.1-6
Եթե ես հետևեմ Աստծո պատվիրաններին, ես պատրաստ կլինեմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Մենք չգիտենք, թե Փրկիչը երբ կվերադառնա երկիր: Բայց մենք կարող ենք հետևել Նրան և պատրաստվել Նրա գալստյանը:
Հնարավոր վարժություններ
-
Մայրերից մեկին հրավիրեք համառոտ պատմել այն մասին, թե ինչ էր զգում, երբ սպասում էր իր երեխայի ծնվելուն։ Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 5․2–3 և ասացեք երեխաներին, որ Հիսուս Քրիստոսը կրկին կգա Երկիր, սակայն ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե դա երբ է լինելու, ինչպես մայրը չգիտի իր երեխայի ծնվելու ճշգրիտ օրը։
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ իրենք պատրաստվել են ճամփորդության կամ միջոցառման: Ի՞նչ արեցին նրանք պատրաստվելու համար: Բերեք ճամպրուկ կամ պայուսակ և խնդրեք երեխաներին ձևացնել, թե հավաքում են իրենց իրերը ճամփորդության համար։ Յուրաքանչյուր առարկան պայուսակի մեջ դնելիս օգնեք երեխաներին մտածել այն մասին, թե ինչպես կարող ենք պատրաստվել Հիսուս Քրիստոսի գալուստին։
-
Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 5․6-ը և բացատրեք երեխաներին, որ եթե մենք չենք պատրաստվում Հիսուսի գալուն, դա նման է նրան, որ մենք քնած ենք և պատրաստ չենք Նրան տեսնելու։ Հրավիրեք երեխաներին ձևացնել, թե քնած են: Բացատրեք, որ եթե մենք պատրաստվենք, դա նման է նրան, որ արթուն ենք և սպասում ենք Նրան: Հրավիրեք նրանց արթնանալ։
-
Միասին մի երգ երգեք Երկրորդ Գալուստի մասին, օրինակ՝ “When He Comes Again” (Children’s Songbook, 82–83).:
Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3
Պողոսն ուսուցանել է, որ ուրացությունը նախորդելու է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցին, ի վերջո, ընկավ ուրացության մեջ, ինչը նշանակում է, որ քահանայության իշխանությունը և ավետարանի ճշմարտությունները վերցվեցին Երկրի վրայից։ Պողոսը մարգարեացավ, որ այդ ուրացությունը տեղի էր ունենալու Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ Բ Թեսաղոնիկեցիս 2․3-ը կարդալուց հետո թույլ տվեք, որ նրանք պլաստիկ բաժակներից կամ խորանարդիկներից կառուցեն մի աշտարակ։ Ասացեք երեխաներին, որ բաժակները կամ խորանարդիկները ներկայացնում են ճշմարիտ Եկեղեցու կարևոր մասերը, ինչպիսիք են՝ ավետարանի ճշմարտությունները, քահանայությունը, տաճարային կնքումները և մարգարեներին։ Պողոսի և մյուս Առաքյալների մահից հետո այդ ամենը կորած էր, և ճշմարիտ Եկեղեցին շատ տարիներ այլևս Երկրի վրա չէր։ Հրավիրեք երեխաներից մեկին քանդել աշտարակը և բացատրել, որ դա կոչվեց Ուրացություն: Երբ Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցին վերադարձրեց, դա կոչվեց Վերականգնում:
-
Ցույց տվեք Մորմոնի Գիրքը և մարգարեի ու տաճարի նկարներ։ Հրավիրեք երեխաներին ասել «Ուրացություն», երբ պահեք իրերը պարկի մեջ, և «Վերականգնում», երբ նորից հանեք դրանք։
-
Երգեք երգեր, որոնք ուսուցանում են ճշմարտությունները, որոնք վերցվել էին Ուրացության հետևանքով և վերականգնվել մեր օրերում, օրինակ՝ «The Church of Jesus Christ», «The Priesthood Is Restored», և «I Love to See the Temple» (Children’s Songbook, 77, 89, 95):
Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ
Ա Թեսաղոնիկեցիս 5.1-6
Եթե ես հետևեմ Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, ես պատրաստ կլինեմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Պողոսի խորհուրդը կարող է օգնել մեզ պատրաստ լինել այն մեծ օրվան, երբ Փրկիչը կրկին Երկիր գա։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից մեկին խնդրեք կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 5․1-6-ը, մինչ մյուս երեխաները հետևում են։ Ամեն հատվածից հետո խնդրեք երեխային ամփոփել այն, ինչի մասին խոսվում է հատվածում։ Կարող եք բացատրել, որ «Տիրոջ օրը» նշանակում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Ինչո՞ւ է Երկրորդ Գալուստը համեմատվում գիշերային գողի կամ երեխայի սպասող կնոջ հետ։
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ Փրկիչը այսօր այցելելու է ձեր դասին: Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Նրա այցելությանը: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող ենք անել Փրկիչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար։ Օրինակ՝ մենք կարող ենք ապաշխարել, ներել, բարելավել մեր հարաբերությունները մեր ընտանիքի հետ, հետևել մարգարեին, ձգտեք ունենալ Սուրբ Հոգու ազդեցությունը և պահել մեր ուխտերը։ Խրախուսեք երեխաներին ընտրել որևէ գործողություն, որը կանեն, որպեսզի պատրաստեն իրենց ընդունել Փրկիչին Նրա Գալուստի ժամանակ։
Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3
Պողոսն ուսուցանել է, որ ուրացությունը նախորդելու է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին
Եթե երեխաները հասկանան, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և Նրա ավետարանը վերցվել էին Երկրի վրայից Մեծ Ուրացության ժամանակ, նրանց համար պարզ կդառնա Վերականգնման անհրաժեշտությունը։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3։ Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է տեղի ունենար «Քրիստոսի օրից» առաջ, այսինքն՝ Երկրորդ Գալուստից առաջ: Ի՞նչ է նշանակում «ապստամբությունը» բառը: Հավաստիացեք, որ երեխաները հասկանում են, որ դա նշանակում է Մեծ Ուրացությունը, որը տեղի ունեցավ Փրկիչի Առաքյալների մահից հետո: Կարող եք հղում անել «Ուրացություն» բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։
-
Օգնեք երեխաներին թվարկել գրատախտակի ճշմարտություններն ու օրհնությունները, որոնք մենք վայելում ենք ավետարանի շնորհիվ։ Հերթով ջնջեք բառերը և հարցրեք երեխաներին, թե նրանց կյանքն ինչպես կփոխվեր առանց դրանց։ Բացատրեք, որ այս ճշմարտությունները կորսվել էին Մեծ Ուրացության ժամանակաշրջանում: Ինչո՞ւ էր կարևոր, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվեր Երկրի վրա վերջին օրերին։ Հրավիրեք երեխաներին «վերականգնել» կամ գրատախտակին նորից գրել ճշմարտություններն ու օրհնությունները:
Բ Թեսաղոնիկեցիս 3․7-13
Երկնային Հայրը կամենում է, որ ես աշխատեմ
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել աշխատանքը որպես օրհնություն և չխուսափել դրանից։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 3․7-13-ի հատվածները, փնտրելով խնդիրները, որոնց հանդիպում էին Սրբերը։ Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք աշխատենք: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չսովորենք քրտնաջան աշխատել: Խնդրեք երեխաներին հերթով դերակատարել պարզ գործողություններ, իսկ մյուս երեխաները թող գուշակեն, թե ինչ են նրանք անում:
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ տքնաջան աշխատել են որևէ հանձնարարության, ծրագրի կամ նպատակի վրա: Ինչպե՞ս են զգացել ավարտելուց հետո։ Ի՞նչ է նշանակում՝ «մի ձանձրացեք բարիք գործելուց»: (Բ Թեսաղոնիկեցիս 3․13)։ Ի՞նչն է մեզ օգնում շարունակել, երբ աշխատանքը ծանր է:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամներից մեկին կամ ընկերոջը ասել մի պատճառ, որի համար շնորհակալ են, որ այսօր Երկրի վրա ունեն ավետարանը (այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը գաղափարներ կտա նրանց)։
Բարելավենք մեր ուսուցումը
Աջակցեք երեխաների ծնողներին: «Ծնողներն ավետարանի ամենակարևոր ուսուցիչներն են իրենց երեխաների համար. նրանցն է և՛ հիմնական պատասխանատվությունը, և՛ ամենամեծ զորությունը իրենց երեխաների վրա ներգործելու համար (տես Երկրորդ Օրինաց 6.6–7): Երբ երեխաներին ուսուցանում եք Եկեղեցում, աղոթքով որոնեք եղանակներ, թե ինչպես աջակցել նրանց ծնողներին իրենց կարևոր դերում» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):