Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 16-22-ը Եթեր 6-11. «Որպեսզի չարիքը վերանա»


Նոյեմբերի 16-22-ը Եթեր 6-11. «Որպեսզի չարիքը վերանա», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 16-22-ը Եթեր 6-11, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Հարեդացիների նավերը ծովի վրա

Ես կրկին վեր կբերեմ ձեզ ծովի խորքերից, Ջոնաթան Արթուր Քլարկ

Նոյեմբերի 16-22-ը

Եթեր 6-11

«Որպեսզի չարիքը վերանա»

Խոսելով հարեդացիների հիշատակարանի մասին, Մորմոնը մեկնաբանել է. «Անհրաժեշտ է, որ ողջ ժողովուրդն իմանա այն բաները, որոնք գրված են այս պատմության մեջ» (Մոսիա 28.19): Հիշեք սա, երբ կարդաք Եթեր 6–11-ը։ Ինչո՞ւ է անհրաժեշտ և օգտակար, որ դուք կամ ձեր սիրելի մարդիկ իմանաք այս ամենի մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հարեդացիների կործանումից հարյուրավոր տարիներ անց Նեփիացիները հայտնաբերեցին իրենց անհետացած քաղաքակրթության ավերակները: Այդ ավերակների թվում կար մի առեղծվածային հիշատակարան՝ «մաքուր ոսկուց» թիթեղներ, որոնք «լցված էին փորագրություններով» (Մոսիա 8.9): Նեփիացիների թագավոր Լիմքին զգաց, որ այս հիշատակարանը կարևոր էր. «Անկասկած, մի մեծ խորհուրդ է պարունակվում այս թիթեղների մեջ»,- ասաց նա (Մոսիա 8.19): Ներկայումս դուք ունեք այս հիշատակարանի կրճատ տարբերակը, որը թարգմանված է ձեր լեզվով և կոչվում է Եթերի գիրք։ Այն առաջացել է նույն գրքից, որը Նեփիացիները «շատ էին փափագում իմանալ», և երբ նրանք արեցին այդ, «նրանք լցված էին վշտով, այնուամենայնիվ այն տվեց նրանց շատ գիտելիք, որով նրանք ուրախացան» (Մոսիա 28.12, 18): Երբ կարդաք հարեդացիների վերելքի և ողբերգական անկման մասին, շատ վշտալի պահեր կգտնեք: Սակայն մի անտեսեք այս պատմությունից դասեր քաղելու ուրախությունը: Ի վերջո, ինչպես Մորոնին է գրել. «Աստծո իմաստությամբ է, որ այս բաները պիտի ցույց տրվեն ձեզ» (Եթեր 8.23), քանի որ եթե մենք կարողանանք դասեր քաղել հարեդացիների ձախողումներից և հաջողություններից, ապա «չարիքը կվերանա, և … կգա ժամանակը, երբ Սատանան իշխանություն չի ունենա մարդկանց զավակների սրտերի վրա» (Եթեր 8.26):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եթեր 6.1–12

Տերը կառաջնորդի ինձ դեպի իմ խոստումի երկիրը։

Դուք կարող եք գտնել հոգևոր մտքեր, եթե հարեդացիների ճամփորդությունը օվկիանոսով համեմատեք ձեր մահկանացու կյանքի ճամփորդության հետ: Օրինակ, Տերը ի՞նչ է տվել ձեզ, որը լուսավորում է ձեր ճանապարհը, ինչպես քարերը հարեդացիների նավերում: Նավերը ի՞նչ կարող են ներկայացնել, կամ քամին, որը «երբեք չդադարեց փչել խոստացված երկրի ուղղությամբ»: (Եթեր 6.8): Ի՞նչ եք սովորում հարեդացիների գործողություններից ճամփորդությունից առաջ, ճամփորդության ընթացքում և դրանից հետո: Տերն ինչպե՞ս է առաջնորդում ձեզ դեպի ձեր խոստումի երկիրը:

Նկար
Հարեդացիները ճամփորդում են կենդանիների հետ

Հարեդացիների ճամփորդությունը Ասիայով, Միներվա Թեյչերտ

Եթեր 6.5–18, 30, 9.28–35, 10.1–2

Տերը կօրհնի ինձ, երբ ես հնազանդ լինեմ

Չնայած հպարտությունն ու ամբարշտությունը, կարծես, գերիշխում են հարեդացիների պատմության մեջ, այս գլուխներում կան նաև խոնարհության օրինակներ, հատկապես՝ Եթեր 6.5–18, 30, 9.28–35 և 10.1–2-ում: Խորհելով հետևյալ հարցերի շուրջ, կարող եք սովորել այս օրինակներից. Հարեդացիներն ինչո՞ւ էին խոնարհ դառնում այդ իրավիճակներում: Նրանք ի՞նչ էին անում իրենց խոնարհությունը ցույց տալու համար: Ինչպե՞ս օրհնվեցին նրանք արդյունքում։ Նկատեք, որ որոշ դեպքերում հանգամանքներն էին ստիպում մարդկանց խոնարհ լինել: Մտածեք, թե դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի պատրաստակամ «խոնարհաբար քայլ[եք] Տիրոջ առաջ» (Եթեր 6.17), հարկադրված խոնարհություն դրսևորելու փոխարեն (տես Մոսիա 4.11–12, Ալմա 32.14–18):

Տես նաև «Խոնարհություն», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org:

Եթեր 7–11

Արդար ղեկավարները օրհնում են այն մարդկանց, ում առաջնորդում են:

Եթերի գրքի 7-11-րդ գլուխները ընդգրկում են առնվազն 28 սերնդի պատմություն: Չնայած շատ մանրամասներ չեն կարող տրվել այդպիսի փոքր տեղում, սակայն ակնհայտ դրսևորվում է մի օրինաչափություն. Արդար առաջնորդությունը հանգեցնում է օրհնությունների և բարգավաճման, մինչդեռ ամբարիշտ առաջնորդությունը հանգեցնում է գերեվարման ու կործանման:

Ստորև ներկայացված են այս գլուխներում նշված մի քանի թագավորներ: Կարդացեք համապատասխան հատվածները և տեսեք, թե ինչ կարող եք սովորել առաջնորդության մասին նրանց դրական և բացասական օրինակներից: Կարդալիս մտածեք հնարավորությունների մասին, որոնք կարող եք ունենալ, որպեսզի առաջնորդեք կամ ազդեցություն ունենաք ուրիշներ վրա ձեր տանը, համայնքում, Եկեղեցու ձեր կոչումներում և այլն:

Եթեր 8.7–26

Ի՞նչ է գաղտնի ծրագիրը:

Երբ երկու կամ ավել մարդիկ համաձայնության են գալիս գաղտնի պահել իրենց ամբարիշտ արարքները, նրանք ընդգրկվում են գաղտնի ծրագրի մեջ: Նրանց շարժառիթը հաճախ իշխանության կամ հարստության հասնելու ցանկությունն է: Ի լրումն Եթեր 8.7–18 հատվածներում նկարագրված գաղտնի ծրագրի, այլ օրինակներ կարելի է գտնել Հելաման 1.9–12, 2.2–11, 6.16–30 և Մովսես 5.29–33-ում: Եթեր 8.18-26-ում նկարագրվում են գաղտնի ծրագրի հետևանքները (տես նաև Եթեր 9.4–12) և զգուշացնում է մեզ չաջակցել դրանց:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Եթեր 6.1–12

Գուցե ձեր ընտանիքը դերախաղով ներկայացնի հարեդացիների ճամփորդությունը դեպի խոստումի երկիր։ Կարող եք օգտագործել որևէ մութ սենյակ՝ որպես նավ, և լուսարձակներ, որոնք կներկայացնեն փայլող քարերը: Կարող եք խոսել այն մասին, թե հարեդացիները ինչպես հավատք դրսևորեցին Տիրոջ հանդեպ նավ նստելով, չնայած գիտեին, որ «կթաղվեին ծովի խորքերում» (Եթեր 6.6): Երբ կարդաք հատված 9-ը, ընտանիքի անդամները կարող են միասին կատարել գովերգի սիրված հիմները: Ինչո՞վ կարող են մեր տները համեմատվել հարեդացիների նավերի հետ: Ո՞րն է խոստումի երկիրը, որտեղ Տերը առաջնորդում է մեր ընտանիքները:

Եթեր 6.22-23

Այս շաբաթվա ընթացքում ձեր ընտանիքը կարող է հետևել, թե ինչպես իրականացավ Հարեդի եղբոր մարգարեական նախազգուշացումը գերության վերաբերյալ: Եկեղեցու ղեկավարներն ի՞նչ նախազգուշացումներ են տվել մեզ: Նրանց խորհրդի անտեսումն ինչպե՞ս կարող է հանգեցնել գերության:

Եթեր 8.23-26

Համաձայն այս հատվածների, Մորոնիին ինչո՞ւ պատվիրվեց գրել «այս բաները» գաղտնի ծրագրերի մասին: (Եթեր 8.23) Մենք ի՞նչ սովորեցինք Եթերի գրքից, որը կարող է օգնել մեզ ձեռք բերել հատված 26-ում նկարագրված օրհնությունները։

Եթեր 9.11

Ինչպե՞ս են մեր ցանկություններն ազդում մեր ընտրությունների վրա: Ի՞նչ կարող ենք անել ընտանիքով, որպեսզի համոզվենք, որ ցանկանում ենք Աստծո բաները։

Եթեր 11.8

Որպեսզի ավելին սովորեք Աստծո ողորմածության մասին նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են, կարող եք կարդալ Մոսիա 26.29–30, 29.18–20, Ալմա 34.14–16 կամ Մորոնի 6.8: Գուցե դասարանի անդամները կիսվեն Աստծո ողորմածության վերաբերյալ օրինակներով սուրբ գրություններից կամ իրենց կյանքից։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ապրեք ըստ ձեր սովորածի: Ավետարանի ուսումնասիրումը ներառում է ավելին, քան սուրբ գրություններ կարդալը և դրանց շուրջը խորհելը: Երբեմն մենք ավելի լավ ենք յուրացնում նյութը, երբ գործում ենք ըստ սուրբ գրություններում տրված ճշմարտությունների (տես Հովհաննես 7.17): Ի՞նչ կանեք դուք Եթեր 6–11 գլուխներից սովորածը ձեր կյանքում կիրառելու համար:

Նկար
Հարեդացիների նավերը ծովի վրա

Հարեդացիների նավերը, Գերի Էռնեստ Սմիթ