Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13․ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»


«Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13․ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում․ Ալմա 7.11–13

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»

Նկար
Փրկչի տառապանքները Գեթսեմանիում

Ալմա 7.1–13 հատվածի ուսումնասիրությունից իմացաք, թե ինչ տառապանքներ կրեց Փրկիչը որպես Իր Քավության մաս, «որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին» (Ալմա 7.12)։ Այս դասը կօգնի ձեզ մտապահել Ալմա 7.11–13 հատվածի վարդապետության սերտման հղումն ու սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրել այս հատվածում ուսուցանվող վարդապետությունը և իրատեսական իրավիճակներում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Օգնեք ուսանողներին ստանձնել իրենց ուսման պատասխանատվությունը։ Ավետարանի ուսանումը, որը դարձի է բերում, ուսանողներից պահանջում է հավատք և մեծ ջանք գործադրել։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ սեմինարիայում նրանց ուսման հաջողությունը մեծապես կախված է իրենցից։ Ուսանողներին խրախուսեք պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար․ դա անելու համար նրանց հնարավորություններ տվեք և վստահություն ներշնչեք, որ նրանք հաջողության կհասնեն։

Ուսանողի նախապատրաստում․ կարող եք ուսանողներին առաջարկել աղոթքով խորհել, թե ինչ կարող են անել՝ ստանալու այն օգնությունը և զորությունը, որ Հիսուս Քրիստոսը տալիս է իր Քավությամբ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս հատվածի դասը նախատեսված է անցկացնել «Ալմա 7.1–13» դասից հետո, որը Ալմա 7.11–13 վարդապետության սերտման հատվածների ուսումնասիրման համատեքստային դասն է։ Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ալմա 7.11–13 հատվածների սուրբ գրության հիմնական արտահայտությունն է՝ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։ Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այս հատվածը, եթե այն դեռ չեք նշել։

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, կարող եք առաջարկել նրանց դասընկերոջ հետ անընդհատ կրկնել այնքան, մինչև երկուսն էլ կարողանան հեշտությամբ անգիր կրկնել այն։

Այնուհետև կարելի է օգտագործել հետևյալ նյութը, որը հնարավորություն կտա ուսանողներին բացատրել այս հատվածի վարդապետությունը։

Նախորդ դասին Ալմա 7.11–13 հատվածից սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից և օգնի մեզ հաղթահարել մահկանացու կյանքի դժվարությունները:

Պատկերացրեք, որ ձեր ընկերը հաղորդագրություն է ուղարկել ձեզ, որում պատմում է իր որևէ դժվարության մասին, որ նա ունի այդ պահի։ Դուք կարծում եք, որ Ալմա 7.11–13 հատվածի ուղերձը օգտակար կլինի ձեր ընկերոջ համար, բայց անհանգստանում եք, որ նա չի կարդա այն, եթե նրան ուղարկեք միայն սուրբ գրության հղումը։

  • Ինչպե՞ս ամփոփ կներկայացնեիք Ալմա 7.11–13 հատվածն այնպես, որ այն օգներ ձեր ընկերոջը հաղթահարել իր դժվարությունը։

Կարող եք ուսանողներին ժամանակ հատկացնել, որպեսզի գրեն նախորդ հարցի իրենց պատասխանները։ Երբ ավարտեն, մի քանի կամավորի առաջարկեք կիսվել իրենց գրածով։ Ուսանողները կարող են նաև կիսվել իրենց պատասխաններով դասընկերոջ հետ կամ փոքր խմբերով։

Գործնական կիրառում

Ուսանողներին հարցրեք, թե արդյոք կարող են մտաբերել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները։ Եթե չկարողանան, առաջարկեք նրանց հետևել հաջորդ պարբերության ցուցումներին։

Գտեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Այդ սկզբունքները ձեր օրագրերում գրեք որպես վերնագրեր՝ յուրաքանչյուրի միջև տեղ թողնելով, որպեսզի կարողանաք հետո դասի ընթացքում պատասխանել դրանց վերաբերյալ հարցերին։

Մտածեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ալմա 7.11–13 հատվածներում ուսուցանվող վարդապետությունը ինչպես կարող են օգնել հետևյալ սցենարում։

Կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան դասի մնացած հատվածում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք սցենարը հարմարեցնել՝ ներառելով իրավիճակներ, որոնք ամենաշատն են առնչվում ձեր ուսանողներին։

Երբ մի քանի տարի առաջ Փիթերի ծնողներն ամուսնալուծվեցին, նա սկսեց զգալ, որ իր կյանքը աստիճանաբար դժվարանում է։ Նա խնդիրներ ուներ դպրոցում, իր ընկերներից մի քանիսը, կարծես, չէին ընդգրկում իրեն իրենց ընկերների շարքերը, ինչպես նախկինում էր։ Փիթերը գրեթե դադարել էր նաև եկեղեցի հաճախել, կարդալ իր սուրբ գրությունները և աղոթել Աստծուն։ Մի օր Փիթերն իր խնդիրների մասին պատմեց իր ընկերներից մեկին։ Նա ասաց․ «Ես ուզում եմ, որ իրավիճակը շտկվի, բայց չգիտեմ ուր դիմել։ Ես այնքան մենակ եմ զգում ինձ ու կարծես՝ չեմ կարողանում դուրս գալ այս իրավիճակից»։

Պատկերացրեք, որ դուք Փիթերի ընկերն եք, որի հետ նա խոսում էր, և որ նա նաև խորհուրդ էր հարցրել ձեզնից, թե ինչպես հաղթահարի իր դժվար իրավիճակը։ Փիթերին իր դժվար իրավիճակում օգնելու համար օգտագործեք Ալմա 7.11–13 հատվածները և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։

Ուսանողները այս վարժությունը կարող են կատարել բազմաթիվ եղանակներով։ Եղանակներից մեկն է՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում ուսումնասիրել Ալմա 7.11–13 և 5–8, 11–12 պարբերությունները՝ փնտրելով ուսմունքներ, որոնք կարող են օգտակար լինել Փիթերին։ Հետո ուսանողները կարող են կիսվել դասարանի, դասընկերների հետ կամ փոքր խմբերում։

Հետևյալ հարցերը և նյութերը կարող են օգտակար լինել նրանց քննարկումներում։ Կարիք չկա օգտագործել այս բոլոր նյութերը և հարցերը․ դրանք օրինակներ են այն բաների, որոնք ուսանողները կարող են նկատի ունենալ սցենարի վրա աշխատելու ընթացքում։

Գործեք հավատքով

Կարդացեք պարբերություններ 5–7-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Կարող եք նշել այն, ինչ օգտակար կհամարեք։

  • Ի՞նչ կարող եք ուսուցանել Փիթերին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, որը կարող է օգնել Փիթերին հավատքով գործել։

  • Ի՞նչ կարող է անել Փիթերը՝ ստանալու այն օգնությունը, որը Հիսուս Քրիստոսը կարող է տալ։

Հասկացություններն ու հարցերը քննեք հավերժության հեռանկարով

Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում կարդացեք պարբերություն 8-ը։ Կարող եք նշել այն, ինչ օգտակար կհամարեք

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հայրն ինչպե՞ս կցանկանար, որ Փիթերը մտածեր իր իրավիճակի մասին։

  • Ըստ ձեզ՝ Փիթերի համար ինչո՞ւ օգտակար կլիներ իր իրավիճակը տեսնել հավերժության հեռանկարով։

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Աստծո կողմից նշանակված ո՞ր աղբյուրները կարող եք խորհուրդ տալ Փիթերին, որոնք կարող են ապահովել նրան անհրաժեշտ օգնությունը:

Ալմա 7.11–13-ը Աստվածայնորեն նշանակված կարևոր աղբյուրներից մեկն է, որ կարող է օգնել այս իրավիճակում։ Վերընթերցեք այս հատվածները և փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգտակար լինել Փիթերի համար։

  • Ի՞նչ կցանկանայիք, որ Փիթերը հասկանա ու զգա այս հատվածներից։

  • Կարո՞ղ եք սուրբ գրությունների այլ հատվածներ հիշել, որոնք ուսուցանում են, թե Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ Փիթերն իմանա։

Երբ ուսանողներն ավարտեն, կարող եք առաջարկել նրանց մտածել իրենց սեփական իրավիճակների մասին, որոնցում նրանց անհրաժեշտ է Փրկչի օգնությունը։ Կարող եք խնդրել նրանց մտածել, թե Ալմա 7.11–13 հատվածներում ուսուցանվող հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և վարդապետությունը ինչպես կարող են օգնել իրենց կյանքում հասանելի դարձնել Փրկչի օգնությունը։ Ուսանողներն այս մտքերը կարող են գրել իրենց օրագրերում։

Վարդապետության սերտման կրկնություն

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի այս դասին հաջորդող դասի ընթացքում։

Կարող եք ուսանողներին առաջարկել դասընկերոջ հետ կրկնել «Ալմա 7.11–13-ի հղումն ու հիմնական արտահայտությունը՝ «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»․ պետք է կրկնեն այնքան, մինչև երկուսն էլ հեշտությամբ կարողանան անգիր հիշել այն։