Սեմինարիա
Մոսիա 27.1–24. «Նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար»


«Մոսիա 27:1–24. «Նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Մոսիա 27.1–24», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

Մոսիա 27.1–24

«Նա աղոթել է մեծ հավատքով քեզ համար»

Նկար
հրեշտակը կանգնեցնում է Ալմա Կրտսերին

Գիտե՞ք, թե ինչ է նշանակում տեսնել, որ սիրելի մարդիկ մերժում են ճշմարտությունը: Ալման և Մոսիա թագավորը գիտեին, թե սիրտն ինչ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես են ընտանիքի անդամներն ապստամբում Փրկչի ու Նրա Եկեղեցու դեմ: Քրիստոսի ողորմածության շնորհիվ նրանք ի վերջո օրհնվեցին և ուրախություն զգացին՝ տեսնելով այդ սիրելի մարդկանց ապաշխարումը: Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե ինչ ճանապարհներով կարող եք օգնել նրանց, ովքեր մերժում են Հիսուս Քրիստոսի ուսմունքները դեպի Իրեն դարձի գալու մասին:

Քրիստոսի միջոցով հույս կա

Կա՞ ինչ-որ մեկը, ում համար անհանգստանում եք, որ նա հոգևոր տառապանքի մեջ է կամ նույնիսկ ապստամբում է Աստծո դեմ: Եթե այո, այսօր ուսումնասիրելիս մտքում հիշեք այդ մարդու մասին: Նույն կերպ, եթե դուք եք հոգևոր տառապանքի մեջ, կարող եք դասի ընթացքում ձեր սեփական իրավիճակը պահել մտքում:

Խորհեք, թե հետևյալ պնդումները որքանով են ճիշտ նկարագրում ձեզ.

  1. Ես կարծում եմ, որ նրանց համար, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են, չափազանց ուշ չէ Հիսուս Քրիստոսի կողմից բժշկվելու համար:

  2. Ես սուրբ գրություններում և իմ շրջապատի մարդկանց մեջ տեսել եմ օրինակներ, որոնք ինձ հույս են տվել հոգևոր տառապանքի մեջ գտնվող կամ ապստամբող մարդկանց համար:

  3. Ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ հոգևոր տառապանքի մեջ գտնվող կամ ապստամբող մարդկանց:

Երբ այսօր ուսումնասիրեք Մոսիա 27 գլուխը, փնտրեք հույս ունենալու պատճառներ, և ինչ կարող եք անել՝ օգնելու նրանց, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են:

Ինչպես օգնել հոգևոր մոլորության մեջ գտնվողներին

Կարդացեք Մոսիա 27.1, 8–10 հատվածները՝ տեսնելու, թե Ալմա մարգարեն և Մոսիա թագավորն ում համար էին անհանգստանում:

  • Ըստ ձեզ՝ այդ երիտասարդ տղաների ընտրությունն ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ նրանց ծնողների, քույրերի, եղբայրների և ընկերների վրա:

Կարդացեք Մոսիա 27.11–16, 19 հատվածները՝ տեսնելով, թե ինչ արեց Տերը, որպեսզի օգնի Ալմա Կրտսերին փոխել իր կյանքը և ինչու: Կարող եք դիտել «Ալմա Կրտսերը դարձի է գալիս դեպի Տերը» տեսանյութի 3:06-6:59 հատվածը:

  • Ըստ ձեզ՝ հրեշտակի ուղերձի ո՞ր արտահայտությունները ամենից ազդեցիկը կլինեին այդ երիտասարդ տղաների համար:

  • Այդ փորձառությունն ինչպե՞ս կարող է ցույց տալ Աստծո սերը և այդ երիտասարդ տղաներին (ինչպես նաև նրանց, ովքեր հոգևոր մոլորության մեջ են) փրկելու ցանկությունը:

  • Ըստ Մոսիա 27.14 հատվածի հրեշտակն ինչո՞ւ ասաց, որ երևալու է Ալմա Կրտսերին և Մոսիայի որդիներին: (Այս հարցի պատասխանը կարող եք նշել ձեր սուրբ գրություններում:)

Մի պահ խորհեք, թե ինչ սկզբունքներ կարող եք սովորել այդ հատվածներից:

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, հետևյալն է. եթե մեծ հավատքով աղոթենք նրանց համար, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են, Տերը կօգնի նրանց գալ ճշմարտության իմացությանը:

Հիշեք, որ Տերը չի անտեսի նրանց բարոյական ազատ կամքը, ում համար աղոթում ենք: Չնայած հրեշտակի այցին՝ Ալման ու Մոսիայի որդիները կարող էին, այնուամենայնիվ, օգտագործել իրենց ազատ կամքը և չապաշխարել: Թեև Երկնային Հայրը գուցե մեր սիրելիներին հրեշտակ չուղարկի, բայց կպատասխանի մեր աղոթքներին Իր ձևով ու Իր ժամանակին: Մենք կարող ենք վստահել Նրան մեզ օգնելու հարցում: Հաջորդ դասին դուք ավելին կիմանաք Տիրոջ դերի և Ալմայի փոփոխության մասին:

  • Ձեր պատկերացմամբ, ինչպիսի՞ն կարող էին լինել Ալմայի Ավագի աղոթքները: Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում աղոթել «մեծ հավատքով» (Մոսիա 27.14):

  • Ըստ ձեզ՝ Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ աղոթենք նրանց համար, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են կամ ապստամբում են:

  • Ե՞րբ եք զգացել, որ ձեր աղոթքները փոխել են մեկ ուրիշի կյանքը: Ըստ ձեզ՝ ե՞րբ են մեկ ուրիշի աղոթքները օգնել ձեզ:

Խորհեք այն հատուկ բաների մասին, որոնց համար գուցե աղոթեիք, երբ Երկնային Հորը խնդրեիք օգնել մեկին, ով հոգևոր տառապանքի մեջ է: Դուք կարող եք նույնիսկ ընդմիջել ձեր ուսումնասիրությունը, որպեսզի հենց հիմա աղոթեք նրանց համար:

Ուրիշ ի՞նչ կարող եք անել

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և փնտրեք, թե աղոթելուց բացի ինչ արեցին Ալման և մյուսները, որպեսզի օգնեն նրա որդուն դարձի գալ դեպի Տերը:

Մոսիա 27.20–24

Ալմա 36.17–19 (Ալմա Կրտսերն ավելի ուշ նկարագրում է, թե իր հայրն ինչ էր ուսուցանել, և ինչպես էր դա օգնել իրեն)

  • Աղոթելուց բացի՝ Ալման ի՞նչ էր արել՝ որդուն օգնելու համար:

Ուսումնասիրեք Ալմայի կատարած քայլերից մեկը և գրի առեք ձեր մտքերը: Ուսումնասիրելիս կարող եք մտածել որևէ սիրելի անձի մասին, որը հոգևոր տառապանքի մեջ է կամ նույնիսկ ապստամբում է.

  1. Ծոմապահություն. իմացեք ավելին ծոմապահության մասին` որոնելով ChurchofJesusChrist.org կայքում, Gospel Library հավելվածում, Սուրբ գրությունների ուղեցույցում կամ սուրբ գրությունների այլ հատվածներում, օրինակ՝ Մարկոս 9.17–18, 25–29: Ինչպե՞ս կարող է ծոմապահությունն օգնել ձեզ կամ ձեր հարազատին: Կա՞ն այլ մարդիկ, ում կարող եք առաջարկել ձեզ հետ միասին ծոմ պահել:

  2. Վկայություն. Ալմա 36.17–19 հատվածներում նկարագրված Ալմայի փորձառությունը համեմատեք Ենովս 1.1–5 հատվածում նկարագրված Ենովսի փորձառության հետ: Խորհեք այն մասին, որ Սուրբ Հոգին կարողանում է հիշեցնել մարդկանց, թե ինչ են լսել նրանք, երբ ունեցել են դրա կարիքը (տես Հովհաննես 14.26): Դա կարող է քաջություն տալ մեզ՝ Քրիստոսի մասին մեր վկայությամբ կիսվելու նույնիսկ նրանց հետ, ովքեր թվում է, թե չեն ընդունի վկայությունը: Դա նաև կարող է օգնել մեզ հիշել, թե ինչ գիտենք ու ինչին ենք հավատում Փրկչի մասին, երբ դրա կարիքն ամենաշատն ունենք: Ինչպե՞ս կարող եք կիսվել Փրկչի մասին ձեր վկայությամբ:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երեքին.

    • Ի՞նչ սովորեցիք այս պատմությունից այն մասին, թե ինչպես օգնել նրանց, ովքեր հոգևոր տառապանքի մեջ են:

    • Ի՞նչ խորհրդով կկիսվեիք մեկի հետ, ում սիրելի մարդը արագ չի փոխվում:

    • Ո՞րն է Փրկչի դերը մեր սիրած մարդկանց օգնելու հարցում: Ինչո՞ւ կարող եք վստահել Նրան, որ օգնի նրանց:

    • Ի՞նչ հատուկ բաներ կան, որոնց համար զգում եք, որ հուշում եք ստացել՝ անելու կամ ասելու մեկին, որ դարձի գա դեպի Փրկիչը: