Սեմինարիա
2 Նեփի 2.1–16. «Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»


«2 Նեփի 2.1–16. Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«2 Նեփի 2.1–16. Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

2 Նեփի 2.1–16

«Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»

Նկար
Լեքին՝ Հակոբին ուսուցանելիս

Պատկերացրեք ձեր կյանքը, եթե ոչ մի ընտրություն չունենայիք: Կամքի ազատությունը կամ ընտրելու զորությունն Աստծո կողմից մեզ տրված մեծագույն պարգևներից է: Լեքիի որդի Հակոբն արդեն փոքր տարիքում շատ դժվարություններ էր ունեցել, ուստի Լեքին նրան ուսուցանեց արժեքավոր ճշմարտություններ Փրկչի և ընտրության ազատության մասին: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ կամքի ազատության նշանակությունը Երկնային Հոր ծրագրում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարևոր ընտրություններ

Հաջորդող երկու րոպեի ընթացքում գրեք վերջին մի քանի օրերին ձեր կատարած կարևոր ընտրություններից մի քանիսը:

  • Ըստ ձեզ՝ ընտրությունն ինչո՞ւ է կարևոր մեր մահկանացու կյանքի և Երկնային Հոր փրկության ծրագրի համար:

Խորհեք, թե ինչ եք սովորել ընտրություններից, որոնցով հպարտանում եք, և որոնց համար ափսոսում եք: Այս դասի ընթացքում ուսումնասիրություն կատարելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և օգտագործել ընտրություն կատարելու ձեր ունակությունը: Եթե ունեք կամքի ազատության վերաբերյալ հարցեր, նույնպես աղոթեք և ուսումնասիրելու ընթացքում փնտրեք պատասխաններ:

Կամքի ազատության կարևոր ոլորտները

Լեքիի որդի Հակոբը ծնվել էր անապատում՝ Երուսաղեմից նրա ընտանիքի հեռանալուց հետո: Լեքին իր մահվանից քիչ առաջ Հակոբին կարևոր ճշմարտություններ ուսուցանեց կամքի ազատության մասին:

Կարդացեք 2 Նեփի 2.1–4 հատվածները և գտեք, թե Լեքին ինչպես սկսեց իր ուղերձը Հակոբին: Օգտակար կլինի իմանալ, որ «նվիրագործել» բառը նշանակում է նվիրաբերել կամ սրբագործել (Սուրբ գրքերի ուղեցույցում տե՛ս «Նվիրաբերում, նվիրաբերման օրենքը» [scriptures.ChurchofJesusChrist.org]):

  • Շատ փորձությունների հանդիպած մարդու համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ ընտրության զորության կարևորությունը:

  • Այս հատվածի ճշմարտություններից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

Լեքին Հակոբին կամքի ազատության շատ կարևոր ոլորտներ ուսուցանեց: Կարդացեք ստորև ներկայացվող տարբերակները: Ընտրեք երկուսը, որոնց ուսումնասիրությունն ըստ ձեզ նշանակալից կլիներ ձեզ համար, ապա ուսումնասիրեք հաջորդող տեղեկությունը:

Մեր ընտրելու զորությունը

Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024). «2 Նեփի 2.1–16»

Տարբերակ Ա. ընտրելու մեր զորությունն ի՞նչ է ուսուցանում մեզ Աստծո մասին:

Կարդացեք 2 Նեփի 2.14, 16 հատվածը և գտեք, թե Լեքին ինչ էր ուսուցանում Աստծո և մեր կամքի ազատության մասին:

  • Ի՞նչ եք սովորել։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Աստված մեզ գործելու ինքնուրույնության զորություն է տալիս:

  • Ի՞նչ զգացողություն է տալիս ձեզ այն, որ Երկնային Հայրը վստահում է ձեզ՝ կատարելու ձեր սեփական ընտրությունները:

Մտածեք մի օրինակ, որտեղ կամքի ազատությունն օգտագործել եք այնպես, որ ունեցել եք Երկնային Հորը գոհացնելու զգացողություն:

  • Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է ձեր ընտրությունը գոհացրել Աստծուն:

Նաև գուցե օգտակար լինի ձեր կատարած բոլոր այն ընտրությունների մասին մտորելը, որոնք հնարավոր է՝ չեն գոհացրել Աստծուն, և ինչ եք սովորել դրանցից:

Տարբերակ Բ. Ի՞նչ է տվել մեզ Աստված, որպեսզի օգնի մեզ իմաստուն կերպով ընտրություն կատարել:

Կարդացեք 2 Նեփի 2.5, 13 և Մորոնի 7.16 հատվածները՝ փնտրելով հետևյալ ճշմարտությունները: Նկատի ունեցեք, որ «օրենքը» վերաբերում է Աստծո պատվիրաններին:

  • Մենք պետք է տարբերենք չարը բարուց, որպեսզի լիարժեք կիրառենք մեր կամքի ազատությունը:

  • Կամքի ազատություն ունենալու համար մենք պետք է օրենք ունենանք:

  • Ի՞նչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին այն ճշմարտությունից, որ Նրանք յուրաքանչյուրին տալիս են բավարար գիտելիք չարի և բարու մասին, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ընտրությամբ լինել արդարակյաց, թե ամբարիշտ:

  • Ի՞նչ տեղի կունենար, եթե չլինեին օրենքը կամ պատվիրանները:

Տարբերակ Գ. Ինչո՞ւ ենք հակադրություն զգում մեր բարի ընտրությունների նկատմամբ:

Կարդացեք 2 Նեփի 2.11, 16 հատվածները և փնտրեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնք Լեքին ուսուցանում էր կամքի ազատության մասին:

  • Ի՞նչ գտաք:

  • Ըստ ձեզ՝ Երկնային Հոր ծրագրում ինչո՞ւ է հակադրությունը կամքի ազատության անհրաժեշտ կողմ համարվում:

  • Ի՞նչ ձևերով ենք մենք գայթակղվում՝ կատարելու ճիշտ կամ սխալ ընտրություններ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ ելույթը, որը կօգնի ձեզ հասկանալ այս ճշմարտությունը.

Աստծո նախաերկրային զավակները չէին կարող դառնալ նրա նման … մինչև նրանք չստանային … փորձառություն մի վայրում, որտեղ ներկա էին թե՛ բարին և թե՛ չարը: …

… Մենք ուզում էինք ունենալ հնարավորություն … հակադրել բարին և չարը և լինել բավականաչափ ուժեղ՝ բարին ընտրելու համար (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր Ուխտը. Մորմոնի Գրքի Մեսիական Ուղերձը [1997], 200, 204):

Մտածեք այն եղանակների մասին, որոնցով սովորում եք ընտրել բարին, նույնիսկ երբ գայթակղվում եք չարի կողմից: Ձեր մտքերը կարող եք գրել ձեր օրագրում: Կարող եք նաև խորհել այն եղանակների շուրջ, որոնցով կարող եք օգնություն փնտրել բոլոր այն որոշումների համար, որոնք հնարավոր է՝ ցանկանում եք փոխել:

Մենք ունենք Փրկչի կարիքը

Մահկանացու կյանքում կատարյալ կերպով կամքի ազատություն դրսևորեց միայն Փրկիչը: Մենք բոլորս մեղքեր ենք գործում և առանց օգնության բոլորս «կորչում ենք … և դառնում հավիտյան թշվառ» (2 Նեփի 2.5):

Սա իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 2.6–8 հատվածը՝ տեսնելու, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը բոլորիս համար:

Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում 2 Նեփի 2.6–8-ում, այդ հատվածների տեղեկությունների համար ուսումնասիրեք «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժինը:

  • Փրկիչը ինչպե՞ս որոշեց օգնել ձեզ:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս մտքի ըմբռնումը ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ունեցած ձեր զգացողությունների վրա:

  • Ի՞նչ եք սովորում Փրկչի՝ ընտրություններ կատարելու օրինակից:

Մտածեք որևէ ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսի օգնությամբ զղջացել եք որևէ մեղքի համար: Զղջալն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա: