2023
Ինչպե՞ս են Գերագույն համաժողովի ելույթներն օրհնել իմ կյանքը
Հոկտեմբեր 2023 թ․


Տարածաշրջանի ղեկավարության ուղերձ

Ինչպե՞ս են Գերագույն համաժողովի ելույթներն օրհնել իմ կյանքը

Երբ Լիահոնայի այս համարը լույս տեսնի, մենք կսպասենք հաջորդ Գերագույն համաժողովին: Վարդապետություն և Ուխտերում մեզ տրվում է օրինակ մեր ժողովների համար:

«Երբ ժողովվում եք միասին, դուք պետք է հրահանգեք և շենացնեք միմյանց, որ կարողանաք իմանալ՝ ինչպես գործել և ղեկավարել իմ եկեղեցին․․․ և դուք պետք է ինքներդ ձեզ պարտավորեցնեք՝ ամենայն սրբությամբ վարվել իմ առաջ:1

Մենք պետք է ա) հրահանգվենք, բ) շենացվենք, և գ) ինքներս մեզ պարտավորեցնենք՝ գործելու ըստ նրա, ինչ մենք լսում ենք:

Մի քանի տարի առաջ ես խոսում էի մի ընկերոջ հետ, ով այդ օրը ներկա էր եկեղեցու ժողովին և հետաքրքրվեցի, թե ինչպես անցավ ժողովը: Պատասխանը բացասական էր. ըստ երևույթին, ելույթները վատն էին, և ժողովը բոլորովին էլ շենացնող չէր: Այդ օրն ավելի ուշ ես խոսեցի մեկ այլ ընկերոջ հետ, ով մասնակցել էր նույն ժողովին, և ես նույն հարցն ուղղեցի նրան: «Հրաշալի էր», եղավ պատասխանը։

Ես հաճախ եմ խորհել այս երկու ընկերների փորձառությունների մասին: Երկուսն էլ մասնակցել էին նույն ժողովին և լսել նույն ելույթները, սակայն մեկը հեռացել էր հոգևորապես քաղցած, իսկ մյուսը՝ լիովին հագեցած: Հնարավոր է, որ ելույթի թեմաները պարզապես ավելի հոգեհարազատ էին իմ երկրորդ ընկերոջ համար: Սակայն, ես ենթադրում եմ, որ բանը միայն դրա մեջ չէր։ Իմ երկրորդ ընկերը հոգևորապես պատրաստվել էր լսելու բաց սրտով և ցանկություն ուներ գործելու ըստ նրա, ինչ լսել էր:

Անշուշտ, նրանք, ում հանձնարարված է ելույթ ունենալ կամ ուսուցանել, պետք է ջանասիրաբար փնտրեն հոգու առաջնորդությունը, երբ ընտրում են թեման, բովանդակությունը և ներկայացնում են իրենց ուսուցումը: Սակայն իմ փորձառությունն այն է, որ ներկաները պետք է կրեն հոգևորապես պատրաստվելու առնվազն հավասար պատասխանատվություն, որպեսզի շենացվեն և պատրաստակամություն ունենան գործելու ըստ նրա, ինչ լսում են:

Երբ ես կարդում եմ Մորմոնի Գիրքը, ես զգում եմ Նեփիի, Բենիամին թագավորի, Ալմայի, Մոսիայի և այլոց խոսքերի մեծ զորությունը: Գերագույն համաժողովի ժամանակ այդ նույն զորությունը զգում եմ մեր մարգարեից՝ նախագահ Նելսոնից և եկեղեցու մյուս բարձրագույն պաշտոնյաներից:

Մտածեք վերջին տարիների Գերագույն համաժողովներից ընդամենը մի քանի ցուցումների մասին․

«Սակայն իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այնքա՜ն հրաշալի իրադարձություններ են մեզ սպասվում։ Առաջիկա օրերին մենք ականատես կլինենք Փրկչի զորության ամենամեծ դրսևորումներին, որոնք երբևէ տեսել է աշխարհը: Ներկայիս և «զորությունով ու մեծ փառքով» Նրա վերադարձի միջև ընկած ժամանակահատվածում, Նա անհամար արտոնություններ, օրհնություններ և հրաշքներ կշնորհի հավատարիմներին:2

«Ես հասկացել եմ, որ Երկնային Հայրն ավելի շատ հետաքրքրված է Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու իմ աճով , քան Նա հետաքրքրված է ինձ մխիթարելով: Միգուցե միշտ չէ, որ ցանկանում եմ այդպես լինի, բայց դա այդպես է։

Հարմարավետության մեջ ապրելով չենք զորանում։ Մեր օրերի դժվարություններին դիմակայելու համար մեզ զորություն է անհրաժեշտ, որը Տիրոջ զորությունն է, և Նրա զորությունը ստանում ենք Նրա հետ կապած մեր ուխտերի միջոցով»։3

«Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես աճող մաքրության համակցությունը՝ ճշգրիտ հնազանդությունը, անկեղծ որոնումը, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցումը, և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը»:4

«Փրկիչը սիրով վերականգնում է այն, ինչը դուք չեք կարող վերականգնել, Նա սիրով բուժում է վերքերը, որոնք դուք չեք կարող բուժել, սիրով շտկում է այն, ինչն անդարձ կոտրված է, Նա փոխհատուցում է ձեր հանդեպ կատարված ցանկացած անարդարություն, և սիրով ընդմիշտ նորոգում է նույնիսկ փշրված սրտերը»։5

Այս և հարյուրավոր այլ ոգեշնչված ելույթներից ինչպիսի՜ հրաշալի հրահանգներ, կատարելագործում և գործելու հրավերներ ստացանք։ Երբ մենք անձամբ կամ ուղիղ հեռարձակումների միջոցով մասնակցում ենք Գերագույն համաժողովին, կա՛մ կարդում ու դիտում ենք ելույթները, ես հրավիրում եմ մեզանից յուրաքանչյուրին հոգևորապես պատրաստվել՝ շենացվելու և պատրաստ լինելու գործել ըստ նրա, ինչ լսում ենք: Ինչպես Բենիամին թագավորը խորհուրդ տվեց մարդկանց իր օրոք, այնպես էլ այսօրվա ղեկավարները մեզ կառաջնորդեն այս անկայուն և փոթորկոտ ժամանակներում՝ կառուցելով մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը և հրավիրելով մեզ կատարել այնպիսի ընտրություններ, որոնք մեզ ապահով կպահեն ուխտի ուղու վրա:

Նշումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 43․8-9:

  2. Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն, «Հաղթել աշխարհին և գտնել հանգստություն», հոկտեմբեր 2022:

  3. Տես Մ․ Ռասսել Բալլարդի 1999 թվականի ապրիլի «Like a Flame Unquenchable» ելույթը, որը մեջբերել է Միշել Դ. Քրեյգը՝ իր «Ամբողջ սրտով» ելույթում (հոկտեմբեր 2022 թ.)։

  4. Նախագահ Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», ապրիլ 2018:

  5. Երեց Դեյլ Գ․ Ռենլանդ․ «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», ապրիլ 2020 թ․: