Ապաշխարության պարգևը

Առաջին Նախագահության ուղերձ, հունվար 2018

Ապաշխարության պարգևը

«Մեր պարտականությունն է՝ միջակությունից վեր բարձրանալ դեպի արհեստավարժություն, ձախողումից՝ դեպի նվաճում»,- ուսուցանել է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը։ «Մեր խնդիրն է՝ դառնալ մեր լավագույն եսը։ Մեզ տրված Աստծո մեծագույն պարգևներից մեկը կրկին փորձելու ուրախությունն է, քանզի ձախողումը երբեք չպետք է լինի վերջնակետը»։1

Նոր տարվա գալուստը մենք հաճախ զուգորդում ենք որոշումների և նպատակների հետ։ Մենք որոշում ենք կատարելագործվել, փոխվել, կրկին փորձել։ Թերևս կրկին փորձելու ամենակարևոր միջոցը հանդիսանում է այն, ինչը Նախագահ Մոնսոնն անվանել է «ապաշխարության պարգև»։2

Եկեղեցու Նախագահ դառնալուց ի վեր Նախագահ Մոնսոնն իր ուսմունքների հետևյալ հատվածներում մեզ խորհուրդ է տալիս «գործի դնել Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից, և մեր սրտերը կարողանան մաքրվել»։3

Ներման հրաշքը

«Մենք բոլորս էլ կատարել ենք սխալ ընտրություններ: Եթե դեռևս չենք ուղղել մեր կատարած այդ ընտրությունները, ես հավաստիացնում եմ ձեզ, որ դա հնարավոր է անել: Այդ գործընթացը կոչվում է ապաշխարություն։ Ես աղերսում եմ ձեզ՝ շտկել ձեր սխալները: Մեր Փրկիչը վախճանվեց այդ օրհնված պարգևը ինձ և ձեզ մատուցելու համար։ Թեպետ ուղին հեշտ չէ, բայց խոստումն իրական է. «Եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան» [Եսայիա 1․18]: «Եվ ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» [ՎևՈւ 58․42]: Մի վտանգեք ձեր հավերժական կյանքը: Եթե մեղանչել եք, որքան շուտ սկսեք ետ դառնալ, այնքան շուտ կգտնեք քաղցր խաղաղությունն ու ուրախությունը, որ գալիս են ներման հրաշքի հետ»:4

Վերադարձեք դեպի ճանապարհը

«Թեև շատ կարևոր է, որ իմաստուն ընտրություններ կատարենք, կլինեն պահեր, երբ մենք անմիտ որոշումներ կկայացնենք։ Մեր Փրկիչի կողմից տրված ապաշխարելու պարգևը թույլ կտա կարգավորել մեր կյանքը, որպեսզի մենք վերադառնանք դեպի այն ճանապարհը, որը մեզ կհանգեցնի սելեստիալ փառքին»։5

Ետդարձի ճանապարհը

«Եթե ձեզանից որևէ մեկը սայթաքել է իր ճանապարհին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ կա ետդարձի ճանապարհ։ Այդ գործընթացը կոչվում է ապաշխարություն։ Չնայած ուղին դժվար է, ձեր հավերժական փրկությունը կախված է դրանից։ Ի՞նչը կարող է ավելի արժանի լինել ձեր ջանքերին։ Ես աղաչում եմ, որ դուք այստեղ, այս պահին որոշում կայացնեք և լիովին ապաշխարելու համար քայլեր ձեռնարկեք։ Որքան շուտ անեք դա, այնքան շուտ կզգաք այն խաղաղությունը, հանգստությունը և ապահովությունը, որի մասին խոսել է Եսայիան [տես Եսայիա 1․18]»։6

Մարդիկ կարող են փոխվել

«Մենք պիտի հիշենք , որ մարդիկ կարող են փոխվել: Նրանք կարող են հրաժարվել վատ սովորույթներից: Նրանք կարող են ապաշխարել օրինազանցություններից: Նրանք կարող են արժանիորեն կրել քահանայությունը: Եվ նրանք կարող են ծառայել Տիրոջը ջանասիրաբար»:7

Վերստին դարձեք մաքուր

«Եթե ձեր կյանքում ինչ-որ բան այնպես չէ, դուք դա ուղղելու հնարավորություն ունեք: Դադարեցրեք ամեն անօրինություն: Զրուցեք ձեր եպիսկոպոսի հետ: Ինչ խնդիր էլ լինի, այն կարող եք շտկել ճիշտ ապաշխարությամբ: Դուք կարող եք վերստին մաքուր դառնալ»:8

Փրկիչի առանցքային դերը

«Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, [փրկության] ծրագրի կարևորագույն մասն է։ Առանց Նրա քավիչ զոհաբերության բոլորը կորստյան կմատնվեին: Այնուամենայնիվ, բավական չէ պարզապես հավատալ Նրան և Նրա առաքելությանը: Մենք պետք է աշխատենք և սովորենք, փնտրենք և աղոթենք, ապաշխարենք և կատարելագործվենք: Մենք պետք է իմանանք Աստծո օրենքները և ապրենք դրանցով: Մենք պետք է ստանանք Նրա փրկող արարողությունները։ Միայն կատարելով այդ ամենը, մենք ձեռք կբերենք ճշմարտություն և հավերժական երջանկություն»։9

Հղումներ

  1. “The Stake President,” Ensign, May 1987, 68.

  2. «Ընտրություններ», Լիահոնա, մայիս 2016, 86։

  3. Մոսիա 4․2

  4. «Ընտրության երեք դասերը», Լիահոնա, նոյ. 2010, 69։

  5. «Ընտրություններ», 86

  6. «Պահեք պատվիրանները», Լիահոնա, նոյ. 2015, 85։

  7. «Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ», Լիահոնա, նոյ. 2012, 68:

  8. «Քահանայության զորությունը», Լիահոնա, մայիս 2011, 67:

  9. «Կատարյալ ուղին դեպի երջանկություն», Լիահոնա, նոյ. 2016, 80–81: