2017
Մեզ առաջնորդող մարգարեներ
September 2017


Առաջին Նախագահության ուղերձ, սեպտեմբեր 2017

Մեզ առաջնորդող մարգարեներ

Մի քանի տարի առաջ ես նստել էի Սոլթ Լեյք Տաճարի այն սենյակում, որտեղ շաբաթը մի անգամ հանդիպում են Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը։ Իմ հայացքն ուղղված էր Առաջին Նախագահության դիմացի պատին , որտեղ ես տեսնում էի Եկեղեցու Նախագահներից յուրաքանչյուրի դիմանկարը։

Մինչ ես նայում էի նրանց՝ իմ նախորդներին, սկսած Մարգարե Ջոզեֆ Սմիթից (1805–44) մինչև Մարգարե Գորդոն Բ․ Հինքլին (1910–2008), ես մտածեցի․ «Որքա՜ն երախտապարտ եմ ես նրանցից յուրաքանչյուրի առաջնորդության համար»։

Նրանք հրաշալի մարդիկ են, ովքեր երբեք չեն տատանվել, երբեք չեն վարանել և երբեք չեն ձախողվել։ Նրանք Աստծո մարդիկ են։ Երբ ես մտածում եմ մեր ժամանակների մարգարեների մասին, ում ես ճանաչել և սիրել եմ, վերհիշում եմ նրանց կյանքը, նրանց հատկանիշները և նրանց ոգեշնչված ուսմունքները։

Երբ ես ծնվեցի, Եկեղեցու Նախագահը Նախագահ Հեբեր Ջ․ Գրանտն էր (1856–1945)։ Երբ ես խորհում եմ նրա կյանքի և ուսմունքների մասին, մտածում եմ, որ Նախագահ Գրանտը հաստատակամության մարմնավորում էր, ինչն էլ դրսևորվում էր բարի և ազնիվ գործերում:

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը (1870–1951) Եկեղեցու Նախագահ էր այն ժամանակ, երբ ես ծառայում էի որպես եպիսկոպոս իմ ծխում՝ Սոլթ Լեյք Սիթիում։ Նա նշել է, որ մեծ պայքար է գնում Տիրոջ և հակառակորդի միջև։ «Եթե դուք մնաք սահմանագծի Տիրոջ կողմում, դուք կլինեք Նրա ազդեցության տակ և սխալ գործելու ցանկություն չեք ունենա»։1

1963թ․-ին Նախագահ Դեյվիդ Օ․ Մակքեյը (1873–1970) ինձ ծառայության կանչեց՝ որպես Տասներկուսի Քվորումի անդամ։ Նա ուսուցանում էր հոգատարություն ուրիշների հանդեպ՝ իր ապրած կյանքի օրինակով։ «Ճշմարիտ քրիստոնեությունը,- ասել է նա,- սերն է գործողության մեջ»:2

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը (1876–1972)՝ Եկեղեցու ամենաբեղմնավոր գրողներից մեկը, իր կյանքում որպես առաջնորդող սկզբունք է ընդունել ավետարանի ուսումնասիրությունը։ Նա անդադար կարդում էր սուրբ գրությունները և երբևէ իմ ճանաչած մարդկանցից լավ գիտեր դրանց էջերում գտնվող ուսմունքներն ու վարդապետությունները։

Նախագահ Հարոլդ Բ․ Լին (1899-1973) ծառայում էր որպես իմ ցցի նախագահ, երբ ես պատանի էի։ Նրա սիրած մեջբերումն էր՝ «Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք» արտահայտությունը:3 Նա խրախուսում էր Սրբերին հաղորդակից լինել և արձագանքել Սուրբ Հոգու հուշումներին։

Իմ կարծիքով, Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալի (1895–1985) կյանքի առաջնորդող սկզբունքը նվիրումն էր։ Նա ամբողջությամբ, աներկբայորեն նվիրված էր Տիրոջը։ Նա լիովին ապրում էր ավետարանով ։

Երբ Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) դարձավ Եկեղեցու Նախագահ, նա կանչեց ինձ ծառայելու որպես իր Երկրորդ Խորհրդական Առաջին Նախագահությունում։ Սերը նրա առաջնորդող սկզբունքն էր, որն արտահայտված է նրա կողմից սիրված Փրկիչի հետևյալ խոսքերում․ «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել։ Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»:4

Նախագահ Հովարդ Վ․ Հանթերը (1907–95) միշտ լավն էր տեսնում ուրիշների մեջ։ Նա միշտ քաղաքավարի էր և խոնարհ։ Ինձ համար պատիվ էր ծառայել որպես նրա Երկրորդ Խորհրդական։

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է մեզ՝ անել հնարավորինս լավագույնը։ Նա զորեղ վկայություն էր բերում Փրկիչի և Նրա առաքելության վերաբերյալ։ Նա մեզ ուսուցանում էր սիրով: Ինձ համար պատիվ ու օրհնություն էր որպես նրա Առաջին Խորհրդական ծառայելը ։

Փրկիչն ուղարկում է մարգարեներ, որովհետև Նա սիրում է մեզ։ Հոկտեմբերի գերագույն համաժողովին Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորները կրկին հնարավորություն կունենան կիսվելու Նրա խոսքով։ Մենք մոտենում ենք այս պատասխանատվությանը մեծ լրջությամբ ու խոնարհությամբ։

Ինչքան օրհնված ենք մենք, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին գոյություն ունի երկրի վրա և, Եկեղեցին հիմնված է հայտնության վեմի վրա։ Շարունակվող հայտնությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի կենարար արյունն է։

Եկեք պատրաստվենք անձնական հայտնություն ստանալուն, ինչն առատորեն տրվում է գերագույն համաժողովի ընթացքում։ Թող մեր սրտերը լցվեն խորը վճռականությամբ, մինչ մենք կբարձրացնենք մեր ձեռքերը՝ հաստատելու կենդանի մարգարեներին և առաքյալներին։ Թող մենք լուսավորվենք, վեհանանք , մխիթարվենք և ամրապնդվենք, մինչ կլսենք նրանց ուղերձները։ Եվ թող մենք պատրաստ լինենք կրկին նվիրելու մեր անձերը Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա ավետարանին ու Նրա գործին և ապրենք, մեկ անգամ ևս վճիռ կայացնելով՝ պահել Նրա պատվիրանները և կատարել Նրա կամքը։

Տպել