2016
Ի՞նչն է հետևում սիրուն
Սեպտեմբեր 2016


Առաջին Նախագահության Ուղերձ, սեպտեմբեր 2016

Ի՞նչն է հետևում սիրուն

Մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է, որ «սերը ավետարանի հենց էությունն է»։1

Սերն այնքան կարևոր է, որ Հիսուսը կոչեց այն «առաջին և մեծ պատվիրանք» և ասաց, որ մնացած բոլոր օրենքները և մարգարեների խոսքերը կախված են դրանից։2

Սերը կարևորագույն մղիչ ուժն է հանդիսանում այն ամենի համար, ինչը մենք անում ենք Եկեղեցում։ Յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր ժողով, յուրաքանչյուր արարք, որի մասնակիցն ենք մենք դառնում որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ, պետք է սկիզբ առնի այս հատկանիշից, քանի որ առանց գթության՝ «Քրիստոսի մաքուր սիրո», մենք ոչինչ ենք։3

Երբ մենք հասկանում ենք սա մեր մտքով և սրտով, երբ մենք հայտարարում ենք, որ սիրում ենք Աստծուն և մեր մերձավորներին, ի՞նչ է հետևում դրան։

Արդյո՞ք ուրիշների հանդեպ կարեկցանք և սեր ունենալը բավական է։ Արդյո՞ք Աստծո և մեր մերձավորների հանդեպ ունեցած սիրո մասին հայտարարելով մենք կատարում ենք մեր պարտականությունը Աստծո առջև։

Երկու որդիների առակը

Երուսաղեմի տաճարի մոտ քահանայապետերը և հրեա երեցները դիմեցին Հիսուսին՝ փորձելով ծուղակը գցել Նրան՝ Իր խոսքերի պատճառով։ Իսկ Փրկիչն էլ նրանց փորձելով պատմեց մի պատմություն։

«Մի մարդ երկու որդի ունէր»,- սկսեց Նա: Հայրը գնաց առաջինի մոտ և խնդրեց նրան գնալ աշխատել այգում։ Սակայն որդին մերժեց նրան։ Հետո այդ որդին «զղջաց եւ գնաց»։

Ապա հայրը գնաց իր երկրորդ որդու մոտ և խնդրեց նրան գնալ աշխատել այգում։ Երկրորդ որդին վստահեցրեց նրան, որ կգնա, սակայն այդպես էլ չգնաց։

Ապա Փրկիչը դարձավ դեպի քահանաներն ու երեցները և հարցրեց․ «Հիմա այս երկուսից ո՞րն արաւ հօր կամքը»։

Նրանք ստիպված էին խոստովանել, որ դա առաջին որդին էր՝ նա ով ասաց, որ չէր գնա, բայց հետո ապաշխարեց և գնաց այգում աշխատելու։4

Փրկիչն օգտագործեց այս պատմությունը, որպեսզի շեշտեր կարևոր սկզբունք․ նրանք, ովքեր հնազանդվում են պատվիրաններին, իսկապես սիրում են Աստծուն։

Հավանաբար դա էր պատճառը, որ Հիսուսը խնդրեց մարդկանց լսել և հետևել փարիսեցիների ու դպիրների խոսքերին, սակայն չհետևել նրանց օրինակին։5 Կրոնի այս ուսուցիչները չէին քայլում իրենց ասած ճանապարհով։ Նրանք սիրում էին խոսել կրոնի մասին, սակայն, ցավոք, անտեսում էին դրա նշանակությունը։

Արարքները և մեր փրկությունը

Իր աշակերտներին ուղղված վերջին դասերից մեկի ժամանակ Փրկիչը խոսեց նրանց հետ վերջին Դատաստանի մասին։ Ամբարիշտները և արդարները կբաժանվեն միմյանցից։ Լավ մարդիկ կժառանգեն հավերժական կյանքը․ ամբարիշտներին սպասվում է հավերժական տանջանք։

Ո՞րն է այդ երկու խմբերի տարբերությունը։

Նրանք, ովքեր ցուցաբերում էին իրենց սերը արարքների միջոցով, փրկվեցին։ Նրանք, ովքեր այդպես չէին անում, դատապարտվեցին։6 Առ Հիսուս Քրիստոսի ավետարանը և դրա արժեքներն ու սկզբունքները իսկապես դարձի գալը կհաստատվի ամենօրյա կյանքում մեր արարքների միջոցով։

Ի վերջո, Աստծո և մերձավորների հանդեպ ունեցած սիրո մասին պարզապես հայտարարելը մեզ արժանի չի դարձնի վեհացմանը։ Քանի որ, ինչպես Հիսուսն է ուսուցանել․ «Ոչ ամեն ոք, ով ասում է ինձ՝ Տե՜ր, Տե՜ր, կմտնի երկնքի արքայությունը. այլ նա, որ անում է իմ Հոր կամքը, որը երկնքում է»:7

Ի՞նչն է հետևում սիրուն։

«Ի՞նչն է հետևում սիրուն» հարցի պատասխանը կարող է լինել պարզ և հստակ։ Եթե մենք իսկապես սիրում ենք Փրկչին, մենք դարձնում ենք մեր սրտերը դեպի Նա, որից հետո քայլում ենք աշակերտության արահետով։ Եթե մենք սիրենք Աստծուն, մենք կձգտենք պահել Նրա պատվիրանները։8

Երբ մենք անկեղծորեն սիրում ենք մեր մերձավորներին, մենք ձգտում ենք օգնել «աղքատներին և կարիքավորներին, հիվանդներին ու չարչարվածներին»:9 Քանի որ նրանք, ովքեր կատարում են կարեկցանքի և ծառայության այս անձնուրաց արարքները,10 Հիսուս Քրիստոսի աշակերտներն են։

Սա հետևում է սիրուն։

Սա Հիսուս Քրիստոսի ավետարանի էությունն է։

Ուսուցում այս ուղերձից

Նախագահ Ուխդորֆը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին նկարագրում է որպես այնպիսի մարդկանց, ովքեր Իր հանդեպ իրենց սերը ցուցաբերում են իրենց արարքների միջոցով։ Նա սովորեցնում է մեզ, որ «եթե մենք իսկապես սիրում ենք Փրկչին, մենք դարձնում ենք մեր սրտերը դեպի Նա, որից հետո քայլում ենք աշակերտության արահետով»։ Հարցրեք նրանց, ում ուսուցանում եք, թե ինչպես է սերը մղել նրանց քայլել աշակերտության արահետով։ Դուք կարող եք նաև կիսվել նրանց հետ ձեր փորձառություններով: Կարող եք նաև հրավիրել նրանց աղոթել ավելի շատ գթություն և ուժ ունենալու համար՝ անելու սիրուց մղված գործեր։