2016
Ապահով վայրէջք մրրիկի ժամանակ
Փետրվար 2016


Առաջին Նախագահության Ուղերձ, ՓԵՏՐՎԱՐ 2016

Ապահով վայրէջք մրրիկի ժամանակ

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Վերջերս ես և կինս՝ Հարիեթը, գնացինք օդակայան՝ դիտելու հոյակապ օդանավերի վայրեջքը։ Քամոտ օր էր, և քամու ուժեղ պոռթկումները բախվում էին վայրէջք կատարող օդանավին, ստիպելով կտրուկ թեքվել և սարսուռ զգալ վայրէջքի ընթացքում։

Մինչ մենք դիտում էինք բնության և մեքենայի միջև տեղի ունեցող պայքարը, ես վերհիշեցի թռիչքի իմ իսկ վարժանքները և սկզբունքները, որ սովորել էի այդտեղ և ավելի ուշ վարժանքների ժամանակ ուսուցանել այլ օդաչուների։

«Փոթորկի ժամանակ մի փորձեք պայքարել թափահարման դեմ»,- սովորաբար ասում էի ես նրանց։ «Շարունակեք հանգիստ մնալ, մի արձագանքեք ծայրահեղ ձևով։ Ձեր ուշադրությունը սևեռված պահեք վազքուղու կենտրոնական գծին։ Եթե դուք շեղվել եք վայրէջքի համար նախատեսված ձեր ուղուց, կատարեք անհապաղ, սակայն կշռադատված ուղղումներ։ Վստահեք ձեր օդանավի ներուժին։ Բարեհաջող կերպով հաղթահարեք թափահարումները»։

Փորձառու օդաչուները հասկանում են, որ իրենք չեն կարող միշտ կառավարել այն ամենը, որ կատարվում է իրենց շուրջը։ Նրանք չեն կարող պարզապես դադարեցնել թափահարումը։ Նրանք չեն կարող անհետացնել անձրևը կամ ձյունը։ Նրանք չեն կարող մեղմել քամին կամ փոխել դրա ուղղությունը։

Սակայն նրանք նաև հասկանում են, որ սխալ կլինի վախենալ փոթորկից կամ ուժեղ քամիներից, և հատկապես դրանց պատճառով իրենց կորցնել։ Ապահով վայրէջքի համար, երբ պայմանները զիջում են սպասվածին, ճիշտ ուղու վրա մնալն է և որքան հնարավոր է ճանապարհը հարթ անցնելը։

Մինչ ես դիտում էի իրար հետևից վերջնական վայրէջք կատարող օդանավերին և վերհիշում որպես օդաչու տարիների ընթացքում իմ սովորած սկզբունքները, ես սկսեցի խորհել, թե արդյոք այդտեղ դաս չկար մեր ամենօրյա կյանքի համար։

Միշտ չէ, որ մենք կարող ենք ղեկավարել փոթորիկները, որոնք կյանքը դնում է մեր ճանապարհին։ Երբեմն իրադարձությունները պարզապես մեր ուզած ձևով չեն ընթանում։ Մենք կարող ենք ցնցվել և վհատվել հիասթափության, կասկածի, վախի, տխրության կամ սթրեսային իրավիճակների փոթորկի պատճառով։

Այդ պահերին հեշտությամբ մեզ կլանում է ամեն բան, որ սխալ է ընթանում և մեր միտքը կենտրոնացնում մեր դժվարությունների վրա։ Գայթակղությունը կայանում է նրանում, որ մենք կարող ենք կենտրոնանալ մեր դժվարությունների վրա՝ Փրկիչի և ճշմարտության վերաբերյալ մեր վկայության վրա կենտրոնանալու փոխարեն։

Սակայն դա լավագույն միջոցը չէ կյանքում մեր դժվարությունների միջով առաջ ընթանալու համար։

Ճիշտ ինչպես փորձառու օդաչուն իր ուշադրությունը չի կենտրոնացնում փոթորկի վրա, այլ վազքուղու կենտրոնի և վայրէջքի ճիշտ կետի վրա, այդպես էլ մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք մեր հավատքի առանցքի՝ մեր Փրկիչի, Նրա ավետարանի և մեր Երկնային Հոր ծրագրի վրա, և մեր վերջնական նպատակի՝ մեր երկնային հանգրվան ապահով վերադառնալու վրա։ Մենք պետք է վստահենք Աստծուն և մեր ջանքերը կենտրոնացնենք աշակերտության արահետում մնալու վրա։ Մենք պետք է մեր աչքերը, սիրտը և միտքը կենտրոնացած պահենք ճիշտ ապրելու վրա։

Մեր հավատքը և վստահությունն առ Երկնային Հայրը, Նրա պատվիրանները ուրախությամբ պահելու միջոցով ցույց տալը մեզ կբերի երջանկություն և փառք։ Եվ եթե մենք մնանք ուղու վրա, մենք կազատվենք ցանկացած փոթորկից, անկախ այն բանից, թե որքան ուժեղ այն կթվա, և ապահով կվերադառնանք մեր երկնային տուն։

Անկախ այն բանից՝ երկինքը պարզ է, թե վտանգավոր ամպերով լի, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ մենք առաջինը փնտրում ենք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, իմանալով, որ եթե մենք անում ենք դա, ապա ամեն անհրաժեշտ բան ի վերջո կտրվի մեզ (տես Մատթեոս Զ․33):

Ինչպիսի կարևոր դաս կյանքի համար։

Որքան շատ մենք կենտրոնանանք մեր դժվարությունների, մեր ջանքերի, մեր կասկածների և մեր վախերի վրա, այնքան ամեն բան ավելի դժվար կարող է դառնալ։ Բայց որքան շատ ենք մենք կենտրոնանում մեր վերջնական երկնային նպատակակետի և աշակերտության արահետին հետևելու ուրախությունների վրա՝ Աստծուն սիրելու և մեր մերձավորներին ծառայելու վրա, այնքան ավելի հավանական է, որ մենք հաջողությամբ անցնենք նեղությունների և փոթորիկների միջով։

Սիրելի ընկերներ, անկախ այն բանից, թե որքան ուժգին են սուլում մեր մահկանացու գոյության մեջ առկա քամիները մեր շուրջ բոլորը, Հիսուս Քրիստոսի ավետարանը միշտ կառաջարկի լավագույն ուղին մեր Երկնային Հոր արքայությունում ապահով վայրէջքի համար։

Ուսուցանում այս ուղերձից

Նախագահ Ուխդորֆը խորհուրդ է տալիս, որ «վստահենք Աստծուն և մեր ջանքերը կենտրոնացնենք աշակերտության արահետում մնալու վրա»։ Հարցրեք նրանց, ում ուսուցանում եք, թե ինչպես են նրանք կենտրոնացած մնացել «վերջնական երկնային նպատակների և աշակերտության արահետին հետևելու ուրախությունների վրա» այն պահերին, երբ հանդիպել են փորձությունների։ Դուք կարող եք հրավիրել նրանց մտածել ուղիների մասին, թե ինչպես կարող են դժվար պահերին կենտրոնանալ իրենց վկայությունների և Քրիստոսի վրա և աղոթքով որոշել, թե ինչպես իրագործել այդ գաղափարներից մեկը կամ մի քանիսն իրենց կյանքում։