2015
Հետևել մարգարեին
Հունվար 2015


Առաջին Նախագահության ուղերձ, հունվար 2015

Հետևել մարգարեներին

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Ես ծառայել եմ Միացյալ Նահանգների նավատորմում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին մոտ: Ես նավաստի էի և նավատորմում հնարավոր ամենացածր աստիճանն ունեի: Ապա ես որակվեցի որպես Առաջին աստիճանի նավաստի:

Ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը, որից հետո ես զորացրվեցի: Սակայն ես որոշում կայացրեցի, որ եթե ես երբևէ վերադառնայի զինված ուժեր, ես կցանկանայի ծառայել որպես սպա: Ես մտածեցի. «Ես այլևս չեմ աշխատի ընդհանուր ճաշարանում, այլևս չեմ մաքրի սեղանները, եթե ես կարող եմ խուսափել դրանից»:

Զորացրվելուց հետո ես միացա Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերին: Ամեն երկուշաբթի երեկոյան ես գնում էի վարժանքի: Ես ջանասիրաբար սովորում էի, որպեսզի կարողանայի հանձնել քննությունները: Ես հանձնեցի ամեն տեսակի քննություն, որ կարելի է պատկերացնել` մտավոր, ֆիզիկական և էմոցիոնալ: Վերջապես եկավ հիանալի լուրը. «Դուք ստանում եք սպայի կոչում Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերում»:

Ես ուրախ ցույց տվեցի այն իմ կնոջը` Ֆրենսիսին և ասացի. «Ես արեցի դա: Ես արեցի դա»: Նա գրկեց ինձ և ասաց. «Դու բավականաչափ ջանասեր ես եղել դրան հասնելու համար»:

Սակայն այնուհետև մի բան պատահեց: Ես կանչվեցի լինելու իմ ծխի եպիսկոպոսության խորհրդական: Եպիսկոպոսի խորհրդի ժողովը նույն երեկոյան էր, երբ իմ նավատորմային վարժանքի ժողովն էր: Ես գիտեի, որ դա ահավոր հակասություն էր: Ես գիտեի, որ ես ժամանակ չունեի հետամուտ լինելու Ռազմածովային ուժերի և իմ եպիսկոպոսության պարտականություններին: Ի՞նչ պետք է ես անեի: Պետք էր որոշում կայացնել:

Ես աղոթեցի դրա մասին: Ապա ես գնացի տեսնելու մի մարդու, ով իմ ցցի նախագահն էր եղել, երբ ես պատանի էի՝ Երեց Հարոլդ Բ. Լիին (1899–1973), ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումում էր: Ես նստեցի սեղանի մոտ նրա դիմաց: Ես պատմեցի նրան, թե որքան արժեքավոր էր ինձ համար այդ աշխատանքը: Բացի դրանից, ես ցույց տվեցի նրան այն նամակը, որտեղ ինձ հանդիպման էին հրավիրել:

Մի պահ այս խնդրի շուրջ խորհելուց հետո նա ասաց ինձ. «Ահա, թե ինչ պետք է դուք անեք, Եղբայր Մոնսոն: Դուք նամակ կգրեք Ռազմածովային նախարարության վարչությանը և կասեք նրանց, որ եպիսկոպոսության անդամի ձեր կոչման պատճառով դուք չեք կարող ընդունել այդ պաշտոնը Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերում»:

Սիրտս նվաղեց: Նա ավելացրեց. «Ապա գրեք Սան Ֆրանցիսկոյի Տասներկուերորդ Ռազմածովային շրջանի պարետին և ասեք նրանց, որ դուք կցանկանայիք հեռացվել ուժերից»:

Ես ասացի. «Երեց Լի, դուք չեք հասկանում, թե ինչ է զինծառայությունը: Իհարկե նրանք կհրաժարվեն ինձ տալ այդ պաշտոնը, եթե ես հրաժարվեմ ընդունել այն, սակայն Տասներկուերորդ Ռազմածովային շրջանը ինձ չի ազատի ծառայությունից: Կորեայում ահագնացող պատերազմում պաշտոն չունեցող սպան անկասկած ծառայության կկանչվի: Եթե հետ կանչվեմ, ես կնախընտրեմ հետ գնալ որպես պաշտոն ունեցող սպա, սակայն ես այն չեմ ունենա, եթե չընդունեմ այս պաշտոնը: Դուք վստա՞հ եք, որ սա է այն խորհուրդը, որն ուզում եք, որ ես ստանամ»:

Երեց Լին իր ձեռքը դրեց իմ ուսին և հայրաբար ասաց. «Եղբայր Մոնսոն, ավելի շատ հավատք ունեցեք: Զինծառայությունը ձեզ համար չէ»:

Ես տուն գնացի: Արցունքներով թրջված հրավերը ես ետ դրեցի ծրարի մեջ դրան կցված նամակի հետ միասին և հրաժարվեցի ընդունել այն: Ապա ես նամակ գրեցի Տասներկուերորդ ռազմածովային շրջանին և խնդրեցի ազատել ինձ Ռազմածովային ծառայությունից:

Ռազմածովային ծառայությունից ես դուրս եկա, երբ կազմավորվում էր վերջին խումբը Կորեայի պատերազմի բռնկումից առաջ: Ես կրում էի իմ վարչության հագուստները: Եպիսկոպոսությունում որպես խորհրդական կանչվելուց վեց շաբաթ անց ես կանչվեցի լինելու իմ ծխի եպիսկոպոսը:

Եկեղեցում ես չէի ունենա այն կոչումը, որն ունեմ այսօր, եթե չհետևեի մարգարեի խորհրդին, չաղոթեի այդ որոշման համար, չգնահատեի կարևոր ճշմարտությունը. Աստծո իմաստությունը հաճախ հիմարություն է թվում մարդկանց:1 Սակայն ամենամեծ դասը, որը մենք կարող ենք սովորել մահկանացու կյանքում այն է, որ երբ Աստված խոսում է և Նրա զավակները հնազանդվում են, նրանք միշտ ճիշտ կլինեն:

Ասում են, որ պատմության մեջ մանրուքներից են կախված մեծ շրջադարձները, և դա այդպես է նաև մեր կյանքում: Որոշումներից է կախված ճակատագիրը: Սակայն մենք անօգնական չենք թողնված մեր որոշումներում:

Եթե դուք ուզում եք տեսնել երկնքի լույսը, եթե դուք ուզում եք զգալ Ամենազոր Աստծո ոգեշնչումը, եթե դուք ուզում եք ձեր կրծքում ունենալ այն զգացումը, որ Երկնային Հայրն առաջնորդում է ձեզ, ապա հետևեք Աստծո մարգարեներին: Երբ դուք հետևեք մարգարեներին, դուք կլինեք ապահով տարածքում:

Ուսուցանում այս ուղերձից

Եկեղեցու ոչ շատ անդամներ անձամբ խորհուրդ կստանան Առաքյալից, ինչպես ստացավ Նախագահ Մոնսոնը: Սակայն մենք ևս կարող ենք օրհնվել, եթե հետևենք մարգարեների և առաքյալների ուսմունքներին: Կարող եք կարդալ Նախագահ Մոնսոնի ելույթները վերջին գերագույն համաժողովից (նաև հիշեք նրա բացիչ և եզրափակիչ ելույթները): Փնտրեք գործելու վերաբերյալ առանձնահատուկ ցուցումներ կամ կոչեր: Դուք կարող եք քննարկել ձեր սովորածը նրանց հետ, ում այցելում եք, և խորհել, թե ինչպես կարող եք կիրառել Նախագահ Մոնսոնի խորհուրդը:

Տպել