Առաջին Նախագահության Ուղերձ, Սեպտեմբեր 2010
Մորմոնի Գիրքը որպես Անձնական Ուղեցույց
Մեր ամենահոգևոր պահերին մենք բոլորս ցանկություն ենք զգում տուն վերադառնալու և Աստծո հետ ապրելու: Նա տվել է մեզ որպես մեր Փրկիչ Իր Սիրելի Որդու պարգևը, ուղի պատրաստելով և մեզ սովորեցնելով հետևել դրան: Ճանապարհը ցույց տալու համար Նա մեզ մարգարեներ է տվել: Ջոզեֆ Սմիթ Մարգարեն ոգեշնչվեց թարգմանելու մարգարեների արձանագրությունները` Մորմոնի Գիրքը: Այն մեր ստույգ ուղեցույցն է առ Աստված մեր տան ճանապարհին:
Ջոզեֆ Սմիթն այդ թանկագին գրքի վերաբերյալ ասել է. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:1
Մորմոնի Գրքի ցուցումները Աստծո պատվիրաններն են: Որոշ ցուցումներ Իր մարգարեների միջոցով տրված Փրկչի ուղիղ պատվիրաններն են այն մասին, ինչ մենք պետք է անենք և ինչպիսին մենք պետք է դառնանք: Մորմոնի Գիրքը մեզ տալիս է Փրկչի օրինակը՝ մեր հավատքը մեծացնելու և Նրան հետևելու պատվիրանին հնազանդվելու համար: Գիրքը լի է Քրիստոսի վարդապետությամբ՝ մեզ առաջնորդելու համար: Ահա մի օրինակ 2 Նեփիից.
«[Հիսուսն] ասել է մարդկանց զավակներին. Հետևի՛ր ինձ: Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, կարո՞ղ ենք մենք հետևել Հիսուսին, եթե մենք հոժար չլինենք՝ պահելու Հոր պատվիրանները:
Եվ Հայրն ասել է. Ապաշխարեք, ապաշխարեք և մկրտվեք, իմ Սիրելի Որդու անունով» (2 Նեփի 31.10-11):
Գիրքը պարզ ասում է, որ մենք պետք է ստանանք Սուրբ Հոգին որպես կրակով մկրտություն՝, որը կօգնի մեզ մնալ նեղ և անձուկ արահետի վրա: Մեզ սովորեցրել են, որ մենք պետք է միշտ աղոթենք Քրիստոսի անունով, չթուլանալով, և այդ անելով մենք ունենք այս խոստումը. «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք» (2 Նեփի 31.20):
Բենիամին Թագավորի հրաշալի քարոզում Մորմոնի Գիրքը պարզ է դարձնում, թե ինչ է նշանակում սեր ունենալ Աստծո և բոլոր մարդկանց հանդեպ: Երբ մեր էությունը փոխվի Քավության զորության և պատվիրաններին մեր հավատարիմ հնազանդության միջոցով, մենք լցված կլինենք Աստծո սիրով (տես Մոսիա 4.1–12):
Մորմոնի Գիրքը նաև տալիս է մեզ վստահություն, որ մենք կարող ենք դառնալ այնքան մաքրված այս կյանքում, որ այլևս ցանկություն չենք ունենա չարիք գործելու (տես Մոսիա 5.2): Այս հույսը մեզ համարձակություն և հանգստություն է տալիս՝ մինչ Սատանան փորձում է գայթակղել ու հուսահատել մեզ մեր ճանապարհին:
Ամեն անգամ Մորմոնի Գրքից նույնիսկ մի քանի տող ընթերցելիս ես զգում եմ, ինչպես է ամրանում իմ վկայությունը այն մասին, որ գիրքը ճշմարիտ է, որ Հիսուսը Քրիստոսն է, որ մենք կարող ենք հետևել Նրան դեպի տուն և որ մենք կարող ենք նրանց, ում սիրում ենք, մեզ հետ տուն տանել: Այն ինձ համար եղել է գրքերի գիրքը: Այն Աստծո խոսքն է:
Ես աղոթում եմ, որ մենք և նրանք, ում մենք սիրում ենք, խմեն դրանից առատորեն և ամեն օր: Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, որ այն ճշմարիտ ուղեցույց է:
© 2010 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/09: Թարգմանության հաստատումը. 6/09: First Presidency Message, September 2010 -ի թարգմանությունը: Armenian 09369 201