Գերագույն համաժողով
Խոսքերը կարևոր են
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Խոսքերը կարևոր են

Խոսքերը ընդհանուր վերաբերմունք են ստեղծում: Դրանք հնչեցնում են մեր մտքերը, զգացմունքները և փորձառությունները՝ լավ և վատ հետևանքներով:

Եղբայրներ, քույրեր և աշխարհասփյուռ ընկերներ, ես պատիվ եմ համարում դիմել այս լայնածավալ լսարանին, որոնցից շատերը մեր Եկեղեցու անդամներ են, շատերը՝ ընկերներ և այս համաժողովի հեռարձակման նոր լսողներ: Բարի գալուստ:

Ուղերձները, որոնք տրվում են այս ամբիոնից, հաղորդվում են խոսքերի միջոցով: Դրանք տրվում են անգլերեն և թարգմանվում են մոտ 100 տարբեր լեզուներով: Հիմքը միշտ նույնն է: Խոսքեր Իսկ խոսքերը շատ կարևոր են: Թույլ տվեք կրկին ասել դա։ Խոսքերը կարևոր են:

Դրանք հիմնաքարն են այն բանի, թե մենք ինչպես ենք հաղորդակցվում, դրանք ներկայացնում են մեր համոզմունքները, բարքերը և հեռանկարները: Երբեմն մենք արտաբերում ենք խոսքեր, այլ պահերի մենք լսում ենք: Խոսքերը ընդհանուր վերաբերմունք են ստեղծում: Դրանք հնչեցնում են մեր մտքերը, զգացմունքները և փորձառությունները՝ լավ և վատ հետևանքներով:

Դժբախտաբար, խոսքերը կարող են լինել անմիտ, շտապողական և վիրավորական: Ինչպես ասում են, մենք չենք կարող դրանք հետ վերցնել: Դրանք կարող են վիրավորել, պատժել, թրի նման կտրել և նույնիսկ հանգեցնել կործանարար գործողությունների: Դրանք կարող են տխրեցնել:

Մյուս կողմից՝ խոսքերը կարող են տոնել հաղթանակ, լինել հուսադրող և քաջալերող: Դրանք կարող են հուշել մեզ վերանայել, վերագործարկել և վերաուղղորդել մեր ընթացքը: Խոսքերը կարող են բացել մեր մտքերը ճշմարտության համար:

Ուստի, առաջինը և հատկապես, Տիրոջ խոսքերն են կարևոր:

Մորմոնի Գրքում Ալմա մարգարեն և նրա ժողովուրդը հին Ամերիկայում դիմակայում էին անվերջ պատերազմի նրանց հետ, ովքեր արհամարհել էին Աստծո խոսքը, կարծրացրել էին իրենց սրտերը և ապականել իրենց մշակույթը: Հավատարիմները կարող էին կռվել, բայց Ալման խորհուրդ տվեց. «Եվ արդ, քանի որ խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը»:

«Աստծո խոսքը» գերազանցում է բոլոր մյուս արտահայտությունները: Դա այդպես է եղել երկրի ստեղծումից ի վեր, երբ Տերն ասաց. «Թող լույս լինի և լույս եղավ»:

Փրկչից եկան այս հավաստիացումները Նոր Կտակարանում. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերս չեն անցնի»։

Եվ այս. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի։ Եվ իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ»։

Մարիամից` Հիսուսի մորից, եկավ այս խոնարհ վկայությունը. «Ահա, Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի պէս լինի ինձ»:

Հավատալով և ականջ դնելով Աստծո խոսքին՝ մենք ավելի կմոտենանք Նրան: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է. «Եթե դուք ուսումնասիրեք Նրա խոսքերը, Նրան ավելի նմանվելու ձեր ունակությունը կմեծանա»:

Մի՞թե մենք բոլորս չենք կամենում լինել՝ ինչպես օրհներգն է ասում. «ավելի օրհնված և սուրբ` ավելի, Փրկիչ` նման Քեզ»:

Ես պատկերացնում եմ երիտասարդ Ջոզեֆ Սմիթին ծնկի եկած՝ լսելով Իր Երկնային Հոր խոսքերը. «[Ջոզեֆ,] Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»։

Մենք «լսում ենք Նրան» սուրբ գրությունների խոսքերում, բայց արդյոք կիրառո՞ւմ ենք այդ խոսքերը մեր կյանքում, կամ հասկանո՞ւմ ենք, որ Նա խոսում է մեզ հետ: Արդյոք մենք փոխվո՞ւմ ենք:

Մենք «լսում ենք Նրան» անձնական հայտնության և Սուրբ Հոգու հուշումների մեջ, աղոթքի պատասխաններում, և այն պահերին, երբ միայն Հիսուս Քրիստոսը, Իր Քավության զորությամբ, կարող է բարձրացնել մեր բեռները, շնորհել մեզ ներում և խաղաղություն և գրկել մեզ «Իր սիրո բազուկներում»:

Երկրորդ՝ մարգարեների խոսքերը կարևոր են:

Մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Նրանք ուսուցանում են Նրա ավետարանը և ցույց տալիս Նրա սերը բոլորի հանդեպ: Ես բերում եմ իմ վկայությունը, որ մեր կենդանի Մարգարեն` Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, լսում և խոսում է Տիրոջ խոսքը:

Նախագահ Նելսոնը խոսքերի հետ վարվել գիտի: Նա ասել է. «Շարունակեք ուխտի արահետում», «Հավաքեք Իսրայելը», «Թող Աստված տնօրինի», «Ստեղծեք փոխըմբռնման կամուրջներ», «Շնորհակալություն հայտնեք», «Մեծացրեք ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս», «Պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար», և «Դարձեք խաղաղարարներ»:

Հենց վերջերս նա խնդրեց մեզ «Ունենալ սելեստիալ մտածելակերպ»։ «Երբ դուք բախվում եք երկընտրանքի,- ասաց նա,- ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ փորձվում եք գայթակղությամբ, ունեցեք սելեստիալ մտածելակերպ»։ Երբ կյանքը կամ սիրելիները ձեզ հուսահատեցնում են, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ ինչ-որ մեկը վաղաժամ մահանում է, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։… Երբ կյանքի ճնշումները կուտակվում են ձեզ վրա, ունեցեք սելեստիալ մտածելակերպ։ Երբ ունենաք սելեստիալ մտածելակերպ, դուք նոր լույսի ներքո կդիտարկեք փորձություններն ու հակադրությունը, … [և] ձեր հավատքը կաճի»։

Երբ մենք սելեստիալ մտածելակերպ ունենք, մենք տեսնում ենք «իրերն այնպես, ինչպես դրանք իրականում կան և … իրականում կլինեն»: Այս աշխարհում, որը ծանրաբեռնված է խառնաշփոթությամբ և հակառակությամբ, մենք բոլորս ունենք այդ հեռանկարի կարիքը:

Եկեղեցու նախագահ դառնալուց շատ առաջ երեց Ջորջ Ալբերտ Սմիթը խոսել է մարգարեին հաստատելու և նրա խոսքերին ականջ դնելու մասին: Նա ասել է. «Պարտականությունը, որ մենք վերցնում ենք, երբ բարձրացնում ենք մեր ձեռքը … ամենասրբազաններից մեկն է: … Դա նշանակում է … , որ մենք կկանգնենք նրա թիկունքին, մենք կաղոթենք նրա համար, … մենք կձգտենք կատարել նրա հրահանգները, երբ Տերն ուղղություն տա»: Այլ խոսքով, մենք ջանասիրաբար կգործենք՝ համաձայն մարգարեի խոսքերի:

Որպես 15 մարգարեներից, տեսանողներից և հայտնողներից մեկը, որոնք երեկ հաստատվել են մեր համաշխարհային Եկեղեցու կողմից, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել մարգարեին աջակցելու և նրա խոսքերն ընդունելու իմ փորձառությամբ: Դա ինձ համար շատ նման էր Հակոբ մարգարեի պատմությանը. «Ես լսել էի Տիրոջ ձայնը, որը խոսում էր ինձ հետ իսկական բառերով»:

Նկար
Երեց և քույր Ռասբենդները Թաիլանդում

Անցյալ հոկտեմբերին ես և կինս՝ Մելանին, Բանգկոկում էինք (Թաիլանդ), երբ ես պատրաստվում էի նվիրագործել Եկեղեցու 185-րդ տաճարը: Ինձ համար հանձնարարությունը և անիրական էր, և խոնարհեցնող: Սա առաջին տաճարն էր հարավարևելյան Ասիայի թերակղզում: Այն վարպետորեն նախագծված էր՝ վեց հարկանի, ինը ծայրաձողերով կառույց, «ներդաշնակորեն միավորված»՝ որպես Տիրոջ տուն: Ամիսներ շարունակ մտածում էի նվիրագործման մասին։ Իմ հոգում և մտքում ես հասկացել էի, որ երկիրն ու տաճարը փայփայված էին մարգարեների և առաքյալների գրկում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց տաճարի մասին, իսկ Նախագահ Նելսոնը` նվիրագործման:

Նկար
Բանկոկի (Թաիլանդ) տաճարը

Ես նախապատրաստել էի նվիրագործման աղոթքը ամիսներ առաջ: Այդ սուրբ խոսքերը թարգմանվեցին 12 լեզուներով: Մենք պատրաստ էինք: Կամ ես էի այդպես կարծում։

Նվիրագործման նախորդ գիշերը ես արթնացա քնիցս նվիրագործման աղոթքի վերաբերյալ անհանգիստ, հրատապ զգացումով: Ես փորձեցի մի կողմ թողնել հուշումը` մտածելով, որ աղոթքը պատրաստ էր: Բայց Տիրոջ Հոգին ինձ հանգիստ չէր տալիս: Ես հասկացա, որ որոշ խոսքեր բացակայում էին, և աստվածային ծրագրով դրանք եկան ինձ հայտնությամբ, և ես տեղադրեցի այդ խոսքերը աղոթքի վերջին մասում. «Թող որ մենք ունենանք սելեստիալ մտածելակերպ, թույլ տալով, որ Քո Հոգին տնօրինի մեր կյանքում և ձգտենք միշտ լինել խաղաղարարներ»: Տերը հիշեցնում էր ինձ ականջ դնել մեր ապրող մարգարեի խոսքերին` «Ունենալ սելեստիալ մտածելակերպ», «թույլ տալ, որ Հոգին տնօրինի», «ձգտել լինել խաղաղարարներ»: Մարգարեի խոսքերը կարևոր են Տիրոջ և մեզ համար:

Երրորդ՝ և այնքան խիստ կարևոր են մեր սեփական խոսքերը: Հավատացեք ինձ, էմոջիներով լեցուն մեր աշխարհում մեր խոսքերը կարևոր են:

Մեր խոսքերը կարող են լինել աջակցող կամ զայրացկոտ, ուրախ կամ անպատիվ, կարեկցող կամ անտեսված: Շիկացած պահին խոսքերը կարող են խայթել և ցավ պատճառելով խորասուզվել հոգու մեջ ու մնալ այնտեղ: Մեր խոսքերը համացանցում, հաղորդագրություններում, սոցիալական մեդիայում կամ թվիթերում ինքնուրույն կյանք են ստանում: Ուստի զգույշ եղեք, թե ինչ եք ասում և ինչպես եք ասում: Մեր ընտանիքներում, հատկապես ամուսինների, կանանց և երեխաների հետ շփումներում, մեր խոսքերը կարող են մոտեցնել մեզ կամ սեպ խրել մեր միջև:

Թույլ տվեք առաջարկել երեք պարզ արտահայտություն, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ դժվարություններից և տարբերություններից խայթը հանելու, միմյանց բարձրացնելու և հանգստացնելու համար:

«Շնորհակալություն»:

«Ներիր ինձ»:

Եվ «ես սիրում եմ քեզ»:

Մի պահեք այս խոնարհ արտահայտությունները հատուկ իրադարձության կամ աղետի համար: Օգտագործեք դրանք հաճախ և անկեղծորեն, քանի որ դրանք ցույց են տալիս հարգանք ուրիշների հանդեպ: Խոսակցությունն էժանանում է, մի հետևեք այդ ոճին:

Մենք կարող ենք «շնորհակալություն» ասել վերելակում, ավտոկայանատեղիում, շուկայում, գրասենյակում, հերթում կամ մեր հարևաններին ու ընկերներին: Մենք կարող ենք ասել «ներեցեք», երբ սխալվում ենք, բաց ենք թողնում հանդիպումը, մոռանում ենք ծննդյան օրը կամ տեսնում ենք ինչ-որ մեկին ցավի մեջ: Մենք կարող ենք ասել «Ես սիրում եմ քեզ» և այդ բառերն արտահայտում են «Ես մտածում եմ քո մասին», «Ես հոգում եմ քեզ համար», «Ես այստեղ եմ քեզ համար» կամ «Դու ինձ համար ամեն ինչ ես» ուղերձները:

Թույլ տվեք կիսվել մի անձնական օրինակով։ Ամուսիններ ականջ դրեք: Քույրեր, սա ձեզ ևս օգնելու է: Նախքան Եկեղեցում իմ լիաժամկետ նշանակումը՝ ես շատ էի ճամփորդում իմ ընկերության գործերով: Ես բավականին երկար ժամանակով գնում էի աշխարհի հեռավոր վայրեր: Իմ օրվա վերջում, անկախ նրանից, թե որտեղ էի, ես միշտ տուն էի զանգում: Երբ կինս՝ Մելանին, վերցնում էր հեռախոսը, և ես հայտնում էի օրվա ընթացքի մասին, մեր զրույցը միշտ մղում էր մեզ ասելու «Ես սիրում եմ քեզ» խոսքերը։ Ամեն օր այդ խոսքերը իմ հոգու և վարքի համար խարիսխ էին դառնում, դրանք պաշտպանություն էին ինձ համար չարի հնարքներից: «Մելանի, ես սիրում եմ քեզ»,- արտահայտությունը խոսում էր մեր միջև ունեցած թանկարժեք վստահության մասին:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը սովորաբար ասում էր. «Ոտքեր կան ամրացնելու, ձեռքեր բռնելու, մտքեր խրախուսելու, սրտեր ոգեշնչելու և հոգիներ փրկելու»: «Շնորհակալ եմ», «Ներիր», «Ես սիրում եմ քեզ» խոսքերն ասելը կանի հենց դա:

Եղբայրներ և քույրեր, խոսքերն իսկապես կարևոր են:

Ես խոստանում եմ, որ եթե մենք «սնվենք Քրիստոսի խոսքերով», որոնք տանում են դեպի փրկություն, մեր մարգարեի խոսքերով, որոնք առաջնորդում և քաջալերում են մեզ, և մեր իսկ խոսքերով, որոնք խոսում են այն մասին, թե ով ենք մենք և ինչն ենք թանկ համարում, ապա երկնքի զորությունները կթափվեն ներքև՝ մեզ վրա։ «Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»։ Մենք Երկնային Հոր զավակներն ենք, և Նա մեր Աստվածն է և Նա սպասում է, որ մենք խոսենք «հրեշտակների լեզվով»՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Ես սիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսին: Նա Հին Կտակարանի Եսայիայի խոսքերում է. «Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»: Ինչպես Հովհաննես առաքյալն է պարզաբանել Հիսուս Քրիստոսը Ինքը «Խոսքն է»:

Այս մասին ես վկայում եմ`որպես Առաքյալ, կանչված լինելով Տիրոջ աստվածային ծառայությանը և կանչված` կանգնելու որպես Նրա հատուկ վկա: Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: