Գերագույն համաժողով
Ձայն ուրախությա՜ն
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ձայն ուրախությա՜ն

Մարգարե Ջոզեֆ Սմիթից սկսած՝ տաճարների կառուցումը եղել է բոլոր մարգարեների ամենաբարձր առաջնահերթություններից մեկը:

«Արդ, ի՞նչ ենք լսում այն ավետարանից, որը մենք ստացել ենք։ Ձայն ուրախությա՜ն։ Ողորմության ձայն երկնքից. ճշմարտության ձայն երկրից. ավետիք մահացածների համար. ուրախության ձայն ողջերի և մահացածների համար. մեծ ուրախության ավետիք»:1

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, գրեթե անհնար է լսել մարգարե Ջոզեֆ Սմիթի այս խոսքերը և չժպտալ լայն ժպիտով:

Ջոզեֆի ցնծալի արտահայտությունը իսկապես արտացոլում է Աստծո՝ մեր Երկնային Հոր երջանկության մեծ ծրագրի լիակատար և վեհ ուրախությունը, քանի որ Նա հավաստիացրել է մեզ՝ «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:2

Նախամահկանացու կյանքում, երբ լսեցինք Աստծո երջանկության ծրագիրը, մենք բոլորս բացականչեցինք ուրախությունից3 և շարունակում ենք բացականչել ուրախությունից այստեղ, երբ ապրում ենք համաձայն Նրա ծրագրի: Բայց հատկապես ինչ համատեքստում էր մարգարեի կողմից արված այդ ուրախալի հայտարարությունը: Ի՞նչն առաջացրեց այդ խորը և սրտառուչ զգացմունքները:

Մարգարե Ջոզեֆն ուսուցանել էր մահացածների մկրտության մասին: Սա իհարկե փառահեղ հայտնություն էր, որն ընդունվեց մեծ ուրախությամբ: Երբ Եկեղեցու անդամներն առաջին անգամ իմացան, որ իրենք կարող էին մկրտվել իրենց մահացած սիրելի մարդկանց համար, նրանք ուրախացան: Վիլֆորդ Վուդրուֆն ասել է, «Այն պահին, երբ լսեցի այդ մասին, հոգիս ցնծաց ուրախությունից»:4

Մեր մահացած սիրելի մարդկանց համար մկրտությունը միակ ճշմարտությունը չէր, որ Տերը հայտնելու էր և վերականգնելու էր: Կային բազմաթիվ այլ պարգևներ կամ օժտումներ, որոնք Աստված ցանկանում էր շնորհել Իր որդիներին ու դուստրերին»:

Այդ մյուս պարգևները ներառում էին՝ քահանայության իշխանությունը, ուխտերն ու արարողությունները, ամուսնությունները, որոնք կարող են տևել հավերժ, երեխաներին Աստծո ընտանիքում իրենց ծնողների հետ կնքելը և, ի վերջո, տուն վերադառնալու և Աստծո՝ մեր Երկնային Հոր ու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ներկայությամբ ապրելու օրհնությունը: Այդ բոլոր օրհնությունները հնարավոր էին դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Քանի որ Աստված դրանք համարում էր Իր բարձրագույն և ամենասուրբ օրհնություններից,5 Նա հրահանգեց, որ սրբազան շինություններ կառուցվեն, որտեղ Նա կարող էր շնորհել այդ թանկագին պարգևներն Իր զավակներին:6 Այդ շենքերը լինելու էին Նրա տունը երկրի վրա: Այդ շենքերը լինելու էին տաճարներ, որտեղ այն ինչ կնքվում կամ կապվում էին երկրի վրա Նրա անունով, Նրա խոսքով և Նրա իշխանությամբ, կկնքվեր երկնքում:7

Այսօր, որպես Եկեղեցու անդամներ, գուցե մեզ համար հեշտ լինի այդ փառահեղ հավերժական ճշմարտությունները սովորական մի բան համարել: Դրանք մեզ համար երկրորդ էություն են դարձել: Երբեմն օգտակար է, երբ մենք տեսնում ենք դրանք նրանց աչքերով, ովքեր առաջին անգամ են իմանում դրանց մասին: Սա ինձ համար ակնհայտ դարձավ վերջերս տեղի ունեցած մի փորձառության միջոցով:

Անցյալ տարի՝ Տոկիոյի (Ճապոնիա) տաճարի վերանվիրագործումից անմիջապես առաջ, մեր հավատքին չպատկանող շատ հյուրեր շրջեցին այդ տաճարում: Այդպիսի շրջագայություններից մեկին ներկա էր մեկ այլ կրոնի մի լուրջ առաջնորդ: Մենք ուսուցանեցինք մեր հյուրին Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին, այդ ծրագրում Հիսուս Քրիստոսի փրկագնող դերի մասին, և այն վարդապետությունը, որ ընտանիքները կարող են հավերժ միավորվել կնքման արարողության միջոցով:

Մեր շրջագայության ավարտին ես հրավիրեցի մեր ընկերոջը կիսվել իր զգացումներով: Անդրադառնալով անցյալի, ներկայի և ապագայի ընտանիքների միավորմանը՝ այս լավ մարդը ամենայն անկեղծությամբ հարցրեց. «Արդյոք ձեր հավատքին պատկանող անդամները իսկապես հասկանո՞ւմ են, թե որքան խորն է այս վարդապետությունը»։ Նա ավելացրեց. «Սա կարող է հաջողությամբ լինել միակ ուսմունքներից մեկը, որը կարող է միավորել այս աշխարհը, որն այնքան բաժանված է»:

Ինչպիսի՜ հզոր դիտարկում: Այդ մարդուն պարզապես հուզեց ոչ թե տաճարի՝ նրբագեղ վարպետությամբ արված շինվածքը, այլ ավելի շուտ, ապշեցուցիչ և խորիմաստ վարդապետությունը, որ ընտանիքները միավորվում են և կնքվում հավերժ՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:8

Ուստի, մենք չպետք է զարմանանք, երբ նույնիսկ ոչ մեր հավատքից որևէ մեկը ընդունում է տաճարում տեղի ունեցածի վեհությունը: Այն, ինչ կարող է դառնալ սովորական կամ առօրյա մեզ համար, երբեմն իր շքեղության և վեհության մեջ տեսնում են նրանք, ովքեր դա լսում կամ զգում են առաջին անգամ:

Չնայած տաճարները գոյություն են ունեցել հնում, սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումով տաճարների կառուցումը եղել է բոլոր մարգարեների ամենաբարձր առաջնահերթություններից մեկը՝ մարգարե Ջոզեֆ Սմիթից սկսած: Եվ հեշտ է հասկանալ, թե ինչու:

Երբ մարգարե Ջոզեֆն ուսուցանում էր մահացածների մկրտության մասին, նա հայտնեց ևս մեկ մեծ ճշմարտություն: Նա ուսուցանել է. «Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ սրանք սկզբունքներ են մահացածների և ապրողների հետ կապված, որոնք չի կարելի անուշադրության մատնել, ինչ վերաբերում է մեր փրկությանը: Քանզի նրանց փրկությունն անհրաժեշտ և էական է մեր փրկության համար, … առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ, ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների»:9

Ինչպես տեսնում ենք, տաճարների անհրաժեշտությունը և այն աշխատանքը, որը կատարվում է՝ և՛ ապրողների, և՛ մահացածների համար, շատ հստակ է դառնում:

Հակառակորդը զգոն է։ Տաճարներում կատարվող արարողություններն ու ուխտերը սպառնում են նրա զորությանը, և նա անում է ամեն ինչ, որպեսզի փորձի դադարեցնել աշխատանքը: Ինչո՞ւ: Որովհետև նա գիտի այն զորության մասին, որը գալիս է այս սրբազան աշխատանքից: Երբ յուրաքանչյուր նոր տաճար նվիրագործվում է, Հիսուս Քրիստոսի փրկող զորությունը տարածվում է ողջ աշխարհով մեկ՝ հակառակորդի ջանքերին հակազդելու և մեզ փրկագնելու համար, երբ մենք Նրա մոտ ենք գալիս: Երբ տաճարները և ուխտ պահողները աճում են թվով, հակառակորդը թուլանում է:

Եկեղեցու վաղ օրերին ոմանք անհանգստանում էին, երբ հայտարարվում էր նոր տաճարի մասին, քանի որ նրանք ասում էին. «Մենք երբեք չենք սկսել տաճար կառուցել՝ առանց դժոխքից հնչող զանգերի ղողանջի»: Սակայն Բրիգամ Յանգը խիզախորեն առարկում էր. «Ես ուզում եմ, որ դրանք կրկին ղողանջեն»:10

Այս մահկանացու կյանքում մենք երբեք չենք խուսափի պատերազմից, բայց մենք կարող ենք զորություն ունենալ թշնամու վրա: Այդ զորությունն ու ուժը գալիս են Հիսուս Քրիստոսից, երբ մենք կապում և պահում ենք տաճարային ուխտերը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Գալիս է ժամանակը, երբ նրանք, ովքեր չեն հնազանդվում Տիրոջը, կզատվեն նրանցից, ովքեր հնազանդվում են: Մեր ամենահուսալի ապահովագրությունն է` շարունակել արժանի լինել՝ ընդունվելու Նրա սուրբ տունը»:11

Ահա մի քանի լրացուցիչ օրհնություններ, որոնք Աստված խոստացել է մեզ Իր մարգարեի միջոցով:

Արդյո՞ք ունեք հրաշքների կարիք: Մեր մարգարեն ասել է. «Ես ձեզ խոստանում եմ, որ երբ զոհաբերություններ կատարեք, ծառայեք և երկրպագեք Նրա տաճարներում, Տերը ցույց կտա հրաշքներ, որոնք, Նրա կարծիքով, ձեզ անհրաժեշտ են»:12

Արդյո՞ք ունեք Փրկիչ Հիսուս Քրիստոսի բժշկող և զորացնող ուժի կարիքը։ Նախագահ Նելսոնը հավաստիացնում է մեզ. «Այն ամենը ինչ ուսուցանվում է տաճարում… մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: … Երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ: Եվ օ՜, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը»:13

Առաջին Ծաղկազարդի կիրակի օրը, երբ Հիսուս Քրիստոսը հաղթական մտավ Երուսաղեմ, Նրա աշակերտների մի բազմություն «ցնծա[ց] ու փառաբանե[ց] Աստծուն՝ բարձր ձայնով … ասելով. «Օրհնյալ լինի Թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով»:14

Որքա՜ն տեղին էր, որ 1836 թվականի Ծաղկազարդի կիրակի օրը Կիրթլենդի տաճարն էր նվիրագործվում: Այդ առիթով Հիսուս Քրիստոսի աշակերտները ևս ցնծում էին: Այդ նվիրագործման աղոթքում մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց գովաբանության այս խոսքերը.

«Ով Ամենազոր Տեր Աստված, լսիր մեզ, … և պատասխանիր մեզ երկնքից, … որտեղ դու նստած ես գահ բարձրացած, փառքով, պատվով, զորությամբ, վեհափառությամբ, [և] հզորությամբ: …

… Օգնիր մեզ քո Հոգու զորությամբ, որ մենք կարողանանք մեր ձայները միախառնել քո գահը շրջապատող վառ, փայլուն սերովբեներին, գովքի բացականչություններով՝ երգելով. Ովսա՜ննա Աստծուն և Գառին:

Եվ թող … քո սրբերն ուրախությունից բացականչեն»:15

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այսօր՝ այս Ծաղկազարդի կիրակի օրը, եկեք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ մենք ևս գովաբանենք մեր սուրբ Աստծուն և ցնծանք մեր հանդեպ Նրա բարությամբ: «Ի՞նչ ենք լսում այն ավետարանից, որը մենք ստացել ենք»։ Իսկապես «ձայն ուրախությա՜ն»:16

Ես վկայում եմ, որ դուք ավելի ու ավելի շատ կզգաք ուրախություն, երբ մտնեք Տիրոջ սուրբ տաճարները: Ես վկայում եմ որ դուք կզգաք այն ուրախությունը, որ Նա Իր հերթին ունի ձեզ համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: