Գերագույն համաժողով
Մեկ լինենք Քրիստոսում
2023 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Մեկ լինենք Քրիստոսում

Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր անձնական հավատարմությամբ է, որ մենք կարող ենք հուսալ, որ կլինենք մեկ:

Ինչպես նշեց Նախագահ Դալլին Հ. Օուքսը, այսօր Ծաղկազարդի կիրակին է՝ Սուրբ շաբաթվա սկիզբը, որը նշանավորում է Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ, Նրա տառապանքը Գեթսեմանիում և մահը խաչի վրա՝ մի քանի օր անց, ինչպես նաև Նրա փառավոր Հարությունը Զատիկի կիրակի օրը: Եկեք վճռենք երբեք չմոռանալ այն ամենը, ինչ Քրիստոսը համբերությամբ տարավ՝ մեզ փրկագնելու համար:1 Եվ եկեք երբեք չկորցնենք այն անսահման ուրախությունը, որը մենք կրկին զգալու ենք Զատիկի օրը, երբ խորհենք գերեզմանի վրա Նրա հաղթանակի և համընդհանուր հարության պարգևի մասին:

Իրեն սպասվող փորձություններին և խաչելությանը նախորդող երեկոյան Հիսուսը միացավ Պասեքի ճաշկերույթին Իր աշակերտների հետ: Այդ Վերջին Ընթրիքի ավարտին սրբազան միջնորդական աղոթքով Հիսուսը խնդրեց Իր Հորը այս խոսքերով. «Ով Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունովը [իմ Առաքյալներին], որոնց տվիր ինձ, որ մեկ լինեն ինչպես մենք»:2

Այնուհետև, քնքշությամբ, Փրկիչը տարածեց Իր աղեսանքը` ներառելով բոլոր հավատացյալներին.

«Բայց ոչ թե միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խոսքովը կհավատան ինձ:

Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»:3

Մեկ դառնալը կրկնվող թեմա է Հիսուս Քրիստոսի ավետարանում և Իր զավակների հետ ունեցած Աստծո գործերում: Սիոն քաղաքի առնչությամբ Ենովքի օրերում ասում են, որ «նրանք մեկ սրտի էին և մեկ մտքի»:4 Հիսուս Քրիստոսի նախնադարյան Եկեղեցու վաղ Սրբերի մասին Նոր Կտակարանը նշում է. «Հավատացյալների բազմության սիրտը և հոգին մեկ էր»:5

Մեր իսկ տնտեսությունում Տերը հորդորում է. «Ասում եմ ձեզ. Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:6 Տերը նշել է պատճառները, թե ինչու վաղ շրջանի Սրբերին չհաջողվեց Սիոնի տեղ հաստատել: Դրանցից մեկն այն էր, որ նրանք «միաբանված չեն այն միության համաձայն, որը պահանջվում է սելեստիալ արքայության օրենքով»:7

Այնտեղ, որտեղ Աստված է գերիշխում բոլորի սրտերում և մտքերում, մարդիկ նկարագրվում են որպես «մեկ, Քրիստոսի զավակները»:8

Երբ հարություն առած Փրկիչը հայտնվեց Մորմոնի Գրքի հին ժողովուրդներին, Նա դժգոհությամբ նշեց, որ անցյալում վիճաբանություններ էին եղել ժողովրդի մեջ մկրտության և այլ հարցերի վերաբերյալ: Նա պատվիրեց.

«Ձեր մեջ չպիտի լինեն վիճաբանություններ, ինչպես մինչև այժմ է եղել. ոչ էլ պիտի վիճաբանություններ լինեն ձեր մեջ` իմ վարդապետության կետերի վերաբերյալ, ինչպես մինչև այժմ է եղել:

Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը՝ բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ»:9

Հակառակությունով լի մեր աշխարհում ինչպե՞ս կարելի է հասնել միասնության, հատկապես Եկեղեցում, որտեղ մենք պետք է ունենանք «մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն»:10 Պողոսը մեզ տալիս է բանալին.

«Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։

Այլևս ոչ հրեա կայ և ոչ հույն, ոչ ծառայ կա և ոչ ազատ, ոչ արու կա և ոչ էգ․ որովհետեւ դուք ամենքդ մեկ էք Քրիստոս Հիսուսումը»:11

Մենք չափազանց տարբեր ենք, իսկ երբեմն՝ չափազանց հակասական, որպեսզի կարողանանք համախմբվել որևէ այլ հիմքի վրա կամ որևէ այլ անվան ներքո: Միայն Հիսուս Քրիստոսում մենք կարող ենք դառնալ մեկ:

Քրիստոսում մեկ դառնալը տեղի է ունենում մեկ առ մեկ, մենք յուրաքանչյուրս սկսում ենք մեզանից: Մենք երկակի էակներ ենք՝ կազմված մարմնից և հոգուց, և երբեմն պատերազմում ենք մեր ներսում: Ինչպես արտահայտել է Պողոսը.

«Որովհետև, ես հավանում եմ Աստուծո օրենքին ներսի մարդովը,

«Բայց ես տեսնում եմ մեկ այլ օրենք [իմ մարմնի] անդամներում, որոնք պատերազմում են մտքիս օրենքի դեմ, և ինձ գերության են տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է»:12

Հիսուսը նույնպես մարմնից և հոգուց կազմված էակ էր: Նա փորձվեց, Նա հասկանում է, Նա կարող է օգնել մեզ միասնության հասնել մեր սեփական մտքի և ցանկությունների մեջ:13 Ուստի, հենվելով Քրիստոսի լույսի և շնորհի վրա, մենք ձգտում ենք մեր հոգուն և Սուրբ Հոգուն գերիշխանություն տալ ֆիզիկականի վրա: Եվ երբ մենք սխալվում ենք, Քրիստոսը Իր Քավությամբ տալիս է մեզ ապաշխարության պարգևը և կրկին փորձելու հնարավորությունը:

Եթե անձնապես մենք յուրաքանչյուրս «Քրիստոսով զգեստավորվենք», ապա միասին կարող ենք հույս ունենալ` մեկ դառնալ, ըստ Պողոսի, ինչպես «Քրիստոսի մարմինը»:14 «Քրիստոսով զգեստավորվ[ելը]» իհարկե ներառում է` դարձնել Նրա «առաջին և մեծ պատվիրանը»15 մեր առաջին և մեծ պարտավորությունը, և եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք կպահենք Նրա պատվիրանները:16

Միասնությունը մեր եղբայրների և քույրերի հետ Քրիստոսի մարմնում աճում է, երբ մենք ականջ ենք դնում երկրորդ պատվիրանին, որն անխզելիորեն կապված է առաջինի հետ՝ սիրել ուրիշներին, ինչպես ինքներս մեզ:17 Եվ ես ենթադրում եմ, որ նույնիսկ ավելի կատարյալ միասնություն ձեռք կբերենք մեր մեջ, եթե հետևենք այս երկրորդ պատվիրանի՝ Փրկչի ավելի բարձր ու ավելի սուրբ ձևակերպմանը` սիրել միմյանց ոչ միայն ինչպես մենք ենք սիրում մեզ, այլ ինչպես Նա սիրեց մեզ:18 Ամփոփելով դա՝ «ամեն մարդ փնտր[ում է] իր մերձավորի շահը, և բոլոր բաներն ան[ում է] պարզ աչքով ուղղված Աստծո փառքին»:19

Նախագահ Մարիոն Դ. Ռոմնին՝ Առաջին նախագահության նախկին խորհրդականը, բացատրել է, թե ինչպես է ձեռք բերվում կայուն խաղաղությունն ու միասնությունը.

«Եթե միայնակ մարդը ենթարկվում է սատանային, լցվում է մարմնի գործերով, նա պատերազմում է իր ներսում: Եթե երկու հոգի են ենթարկվում, նրանցից յուրաքանչյուրը պատերազմում է իր ներսում և երկուսով կռվում են միմյանց հետ: Եթե շատ մարդիկ են ենթարկվում, հասարակությունը [հնձում է] մեծ սթրեսի և հակառակության բերքահավաքը: Եթե երկրի կառավարիչներն են ենթարկվում սատանային, համաշխարհային հակամարտություն է առաջանում»:

Նախագահ Ռոմնին շարունակել է. «Ինչպես որ մարմնի գործերը համաշխարհային կիրառում ունեն, նմանապես խաղաղության ավետարանն ունի: Եթե մի հոգի ապրում է ըստ դրա, նա իր մեջ խաղաղություն ունի: Եթե երկու հոգի են ապրում ըստ դրա, նրանցից յուրաքանչյուրն ունի խաղաղություն իր մեջ և միմյանց հետ: Եթե քաղաքացիներն ապրում են ըստ դրա, ապա ազգն ունի ներքին խաղաղություն: Երբ կլինեն Հոգու պտուղը վայելող բավականաչափ ազգեր, որոնք կվերահսկեն միջազգային հարաբերությունները, ապա միայն այդ ժամանակ պատերազմի թմբուկներն այլևս չեն հնչի և ճակատամարտի դրոշները կհավաքեն»։ … (Տես Ալֆրեդ Լորդ Թենիսոն. ‘Locksley Hall,’ The Complete Poetical Works of Tennyson, ed. W. J. Rolfe, Boston, Houghton–Mifflin Co., 1898, p. 93, lines 27–28:)»20

Երբ մենք «հագնում ենք Քրիստոսին, հնարավոր է դառնում՝ կա՛մ լուծել, կա՛մ մի կողմ դնել տարբերությունները, անհամաձայնություններն ու վեճերը: Բաժանումը հաղթահարելու մի բավականին դրամատիկ օրինակ կա մեր Եկեղեցու պատմության մեջ:: Երեց Բրիգամ Հենրի Ռոբերտսը (որը սովորաբար հայտնի է որպես Բ. Հ. Ռոբերտս), ծնվել է Անգլիայում 1857թ., ծառայել որպես Յոթանասունի Առաջին Խորհրդի անդամ, որն այժմ կոչվում է Յոթանասունի Նախագահություն: Երեց Ռոբերտսը վերականգնված ավետարանի և Եկեղեցու կարողունակ ու անխոնջ պաշտպանն էր նրա ամենադժվարին ժամանակներում։

Նկար
Երեց Բ. Հ. Ռոբերտս

Սակայն 1895թ. Երեց Ռոբերտսի ծառայությունը Եկեղեցում դրվեց վտանգի տակ հակառակության պատճառով: Բ. Հ.-ն Նշանակվեց որպես համագումարի պատգամավոր, որը սահմանադրություն էր մշակել Յուտայի համար, երբ այն դարձավ նահանգ: Այնուհետև նա որոշեց դառնալ Միացյալ Նահանգների Կոնգրեսի թեկնածու, բայց չծանուցեց կամ թույլտվություն չխնդրեց Առաջին Նախագահությունից: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը՝ Առաջին Նախագահության խորհրդականը, դատապարտեց Բ.  Հ.-ին այդ ձախողման համար քահանայության ընդհանուր ժողովում: Երեց Ռոբերտսը պարտվեց ընտրություններում և զգաց, որ իր պարտությունը մեծապես պայմանավորված էր Նախագահ Սմիթի հայտարարություններով: Նա քննադատում էր Եկեղեցու ղեկավարներին որոշ քաղաքական ելույթներում և հարցազրույցներում: Նա հեռացավ Եկեղեցու ակտիվ ծառայությունից: Սոլթ Լեյքի Տաճարում Առաջին Նախագահության և Տասներկուսի Խորհրդի անդամների հետ երկարատև հանդիպման ժամանակ Բ.Հ.-ն անդրդվելի մնաց`արդարացնելով իրեն: Հետագայում «Նախագահ [Վիլֆորդ] Վուդրուֆը [Երեց Ռոբերտսին] երեք շաբաթ տվեց` վերանայելու իր դիրքորոշումը: Եթե նա չապաշխարեր, նրանք կազատեին նրան Յոթանասունից»:21

Առաքյալներ Հեբեր Ջ. Գրանտի և Ֆրենսիս Լայմանի հետ հետագա առանձին հանդիպման ժամանակ Բ.Հ.-ն ի սկզբանե անկոտրում էր, բայց սերը և Սուրբ Հոգին ի վերջո հաղթեցին: Նրա աչքերը լցվեցին արցունքներով: Երկու առաքյալները կարողացան արձագանքել զգացած որոշակի անարգանքների ու վիրավորանքների, որոնք անհանգստացնում էին Բ. Հ.-ին և նրանք հեռացան հաշտության սրտաբուխ խնդրանքով: Հաջորդ առավոտյան երեց Ռոբերտսը մի երկտող ուղարկեց երեց Գրանտին և երեց Լայմանին, որ ինքը պատրաստ է վերամիավորվել իր եղբայրների հետ:22

Ավելի ուշ, հանդիպելով Առաջին Նախագահության հետ, Երեց Ռոբերտսն ասաց. «Ես գնացի Տիրոջ մոտ և լույս ու հրահանգ ստացա Նրա Հոգու միջոցով` ենթարկվելու Աստծո իշխանությանը»:23 Աստծո հանդեպ իր սիրուց մղված՝ Բ. Հ. Ռոբերտսը մինչև իր կյանքի վերջը մնաց Եկեղեցու հավատարիմ և կարողունակ ղեկավար:24

Նկար
Երեց Բ. Հ. Ռոբերտս

Այս օրինակում մենք կարող ենք նաև տեսնել, որ միասնությունը չի նշանակում պարզապես համաձայնել, որ ամեն մեկը պետք է «անի իր սեփական գործը» կամ գնա իր սեփական ճանապարհով: Մենք չենք կարող մեկ լինել, մինչև բոլորս չուղղենք մեր ջանքերը ընդհանուր գործին: Բ. Հ. Ռոբերտսի խոսքերով՝ դա նշանակում է ենթարկվել Աստծո իշխանությանը: Մենք Քրիստոսի մարմնի տարբեր անդամներն ենք՝ ականջը, աչքը, գլուխը, ձեռքը, ոտքը, և կատարում ենք տարբեր գործառույթներ տարբեր ժամանակներում, սակայն բոլորս մեկ մարմնին ենք:25 Ուստի մեր նպատակն է «որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան»:26

Միասնությունը երբեք չի պահանջում նույնականություն, բայց այն պահանջում է ներդաշնակություն: Մենք կարող ենք մեր սրտերը միավորել սիրով, մեկ լինել հավատքով և վարդապետությամբ, այնուամենայնիվ չհամաձայնվել քաղաքական հարցերում, սպորտային թիմերին աջակցելու, բանավիճելու նպատակների և դրանց հասնելու ճիշտ ճանապարհի ու նման շատ այլ բաների մասին: Սակայն մենք երբեք չենք կարող չհամաձայնվել կամ վիճել՝ միմյանց հանդեպ զայրույթով կամ արհամարհանքով լցված: Փրկիչն ասել է.

«Քանզի ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա, որ ունի հակառակության ոգին, ինձանից չէ, այլ դևից է, որը հակառակության հայրն է, և նա դրդում է մարդկանց սրտերը` բարկությամբ վիճելու մեկը մյուսի հետ:

Ահա, սա իմ վարդապետությունը չէ՝ բարկության դրդել մարդկանց սրտերը մեկմեկու դեմ. այլ այս է իմ վարդապետությունը, որ այդպիսի բաները պիտի վերացվեն»:27

Մեկ տարի առաջ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը աղերսեց մեզ այս խոսքերով. «Մեզանից ոչ ոք չի կարող վերահսկել ազգերին, այլ մարդկանց կամ, նույնիսկ, մեր ընտանիքի անդամների գործողությունները: Բայց մենք կարող ենք վերահսկել ինքներս մեզ: Իմ այսօրվա կոչն է, սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, վերջ դնենք հակամարտություններին, որոնք մոլեգնում են ձեր սրտում, ձեր տանը և ձեր կյանքում: Թաղեք ուրիշներին վիրավորելու բոլոր տեսակի հակումները՝ լինի դա բնավորություն, սուր լեզու, թե վիրավորանք մեկի հանդեպ, ով ձեզ վիրավորել է: Փրկիչը պատվիրեց մեզ շրջել նաև մյուս երեսը, [տես 3 Նեփի 12.39] որ սիրենք մեր թշնամիներին և աղոթենք նրանց համար, ովքեր չարչարում են մեզ [տես 3 Նեփի 12.44]»:28

Ես ասում եմ կրկին, որ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր անձնական հավատարմությամբ է, որ մենք կարող ենք հուսալ, որ կլինենք մեկ՝ մեկ ներսում, մեկ` տանը, մեկ` եկեղեցում, ի վերջո մեկ` Սիոնում, և ամենից առաջ, մեկ` Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ:

Ես վերադառնում եմ Սուրբ շաբաթվա իրադարձություններին և մեր Քավիչի հաղթանակին: Հիսուս Քրիստոսի Հարությունը վկայում է Նրա աստվածայնության մասին, և որ Նա հաղթահարել է բոլոր բաները: Նրա Հարությունը վկայում է, որ Նրա հետ կապված լինելով ուխտով, մենք ևս կարող ենք հաղթահարել բոլոր բաները և դառնալ մեկ: Նրա Հարությունը վկայում է, որ Նրա միջոցով անմահությունը և հավերժական կյանքը իրականություն են:

Այս առավոտ ես վկայում եմ Նրա բառացի հարության և այն ամենի մասին, ինչ այն բովանդակում է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: