Արժանավորությունը չի ենթադրում անթերիություն
Երբ զգաք, որ շատ անգամներ փորձել եք, բայց ձախողվել եք, հիշեք, որ Քրիստոսի Քավությունը և շնորհը, որ այն հնարավոր է դարձրել, իրական են:
Մի անգամ աղջկաս ու փեսայիս հաղորդագրություն ուղարկեցի՝ օգտագործելով հեռախոսիս ձայնային-տեքստային հնարավորությունը: Ես ասացի․ «Հե՜յ, դո՛ւք երկուսդ: Իմացեք, որ սիրում եմ ձեզ»։ Հեռախոսը տառադարձեց․ «Ատում եմ երկուսիդ: Պետք է սիրեմ ձեզ»: Զարմանալի չէ՞, թե դրական ու լավ դիտավորություն ունեցող ուղերձը ինչ հեշտությամբ կարող է սխալ ընկալվել: Աստծո ուղարկած ապաշխարության և արժանավորության ուղերձները նույնպես երբեմն սխալ են ընկալվում:
Ոմանք սխալմամբ ստանում են այնպիսի հաղորդագրություն, որ ապաշխարությունն ու փոփոխությունը ավելորդություն են: Իսկ Աստծո ուղերձը հուշում է, որ դրանք կարևոր են։1 Բայց մի՞թե Աստված մեզ չի սիրում մեր թերություններով հանդերձ։ Իհարկե՜։ Նա կատարելապես սիրում է մեզ: Ես սիրում եմ իմ թոռներին, նրանց անկատարությունները, բայց դա չի նշանակում, որ ես չեմ ուզում, որ նրանք կատարելագործվեն և դառնան այնպիսին, ինչպիսին կարող են դառնալ: Աստված սիրում է մեզ ինչպիսին որ կանք, բայց Նրա սերը այնքան շատ է, որ չի ուզում, որ մենք մնանք՝ ինչպիսին որ կանք:2 Մահկանացու կյանքի նպատակը զարգանալն ու Տիրոջը նմանվելն է։3 Քրիստոսի քավության նպատակը փոփոխությունն է։ Քրիստոսը կարող է ոչ միայն հարություն տալ, մաքրել, մխիթարել և բուժել մեզ, այլ այդ ամենի միջոցով նաև փոխակերպել մեզ, որ ավելի շատ նմանվենք Իրեն:4
Ոմանք սխալմամբ հաղորդագրություն են ստանում, որ ապաշխարությունը միանգամյա իրադարձություն է: Աստծո ուղերձը, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել, հետևյալն է. «Ապաշխարությունը … գործընթաց է»:5 Ապաշխարությունը կարող է ժամանակ և կրկնվող ջանքեր պահանջել»,6 այնպես որ մեղքը թողնելը7 և «այլևս չարիք չգործելու, այլ շարունակ բարիք գործելու» հակվածությունը8 ողջ կյանքի ձգտում է։9
Կյանքը նման է հեռավոր ճամփորդության: Մենք չենք կարող մեր նպատակակետին հասնել վառելիքի մեկ լիցքավորմամբ: Մենք պետք է նորից ու նորից լիցքավորվենք: Հաղորդություն ընդունելը նման է լցակայան մտնելուն։ Երբ ապաշխարում և նորոգում ենք մեր ուխտերը, մենք երաշխավորում ենք պատվիրանները պահելու մեր պատրաստակամությունը, և Աստված ու Քրիստոս օրհնում են մեզ Սուրբ Հոգով:10 Այլ կերպ ասած, մենք խոստանում ենք շարունակել մեր ճամփորդությունը, և Աստված ու Քրիստոս խոստանում են լիցքավորել մեզ վառելիքով:
Ոմանք սխալմամբ ստանում են հաղորդագրություն, թե իրենք արժանի չեն ամբողջությամբ մասնակցելու ավետարանին, քանի որ լիովին ազատված չեն վատ սովորություններից: Իսկ Աստծո ուղերձը հուշում է, որ արժանավորությունը չի ենթադրում անթերիություն։11 Արժանավորությունը ազնվորեն ջանք գործադրելն է։ Մենք պետք է ազնիվ լինենք Աստծո, քահանայության ղեկավարների և մեզ սիրողների առաջ,12 և մենք պետք է ձգտենք պահել Աստծո պատվիրանները և երբեք չհանձնվենք միայն այն պատճառով, որ սայթաքում ենք։13 Երեց Բրյուս Ս. Հաֆենն ասել է, որ Քրիստոսանման բնավորության ձևավորումը «ոչ այնքան անթերիություն է պահանջում, որքան համբերություն և համառություն»։14 Տերն ասել է, որ Հոգու պարգևները «տրված են նրանց օգտի համար, ովքեր սիրում են ինձ և պահում են իմ բոլոր պատվիրանները, և նրա համար, ով փնտրում է այդպես վարվել»:15
Մի երիտասարդ, որին ես կանվանեմ Դեյմոն, գրել է. «Երիտասարդ տարիքից ես պայքարում էի պոռնոգրաֆիա դիտելու խնդրի դեմ: Ես միշտ շատ ամաչում էի, որ չէի կարողանում հաղթել այդ պայքարում»: Ամեն անգամ, երբ Դեյմոնը սայթաքում էր, ափսոսանքի ցավն այնքան էր ուժգնանում, որ նա իրեն խստորեն դատում էր, որ անարժան է Աստծո կողմից տրված ցանկացած շնորհի, ներողամտության կամ լրացուցիչ հնարավորությունների: Նա ասել է. «Ես որոշեցի, որ պարզապես արժանի եմ, որ անընդհատ ինձ վատ զգամ: Ես մտածեցի, որ Աստված հավանաբար ատում է ինձ, քանի որ ես պատրաստ չէի ավելի շատ ջանք գործադրել և մեկընդմիշտ հաղթահարել այդ սովորությունը: Ես մեկ շաբաթ, իսկ երբեմն նույնիսկ մեկ ամիս չէի դիտում, բայց հետո նորից սայթաքում էի ու մտածում. «Ես երբեք բավականաչափ լավը չեմ լինի, այնպես որ ջանք գործադրելը օգուտ չունի»:
Այդպիսի մի դառը պահի Դեյմոնը ասաց իր քահանայության ղեկավարին. «Գուցե ես պարզապես դադարե՞մ եկեղեցի գալ: Ես հոգնել եմ կեղծավորության զգացումից»:
Նրա ղեկավարը պատասխանեց. «Վատ սովորություն ունենալն ու փորձել այն թողնելը քեզ կեղծավոր չի դարձնում: Դու կեղծավոր կլինեիր, եթե թաքցնեիր ու սուտ խոսեիր այդ մասին կամ փորձեիր քեզ համոզել, որ Եկեղեցին խնդիր ունի, քանի որ նման բարձր չափանիշներ է սահմանում: Քո գործողություններում ազնիվ լինելն ու դրանից ազատվելու քայլեր ձեռնարկելը կեղծավորություն չէ: Դա աշակերտություն է»:16 Առաջնորդը վկայակոչեց Երեց Ռիչարդ Գ. Սքոթին, որ ուսուցանել է. «Տերը թուլություններին տարբեր կերպ է վերաբերվում, քան ապստամբությանը: … Թուլությունների մասին Տերը միշտ ողորմածությամբ է խոսում»:17
Այդ տեսանկյունը Դեյմոնին հույս ներշնչեց: Նա հասկացավ, որ Աստված չէր ասում. «Դեյմոնը նորից տապալվեց»: Փոխարենը, նա, հավանաբար, ասում էր. «Տեսեք, թե Դեյմոնը որքան է մոտեցել նպատակին»: Երիտասարդը վերջապես դադարեց ամոթից ներքև նայել կամ արդարացում ու հիմնավորում փնտրել շրջապատում: Նա աստվածային օգնություն փնտրեց և գտավ այն:18
Դեյմոնը ասել է. «Անցյալում ես Աստծուն դիմում էի միայն ներում խնդրելու համար, բայց այժմ ես նրանից նաև շնորհ եմ խնդում՝ Նրա «զորացնող ուժը» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Շնորհ»]։ Նախկինում ես դա չէի արել: Այժմ ես շատ ավելի քիչ ժամանակ եմ տրամադրում, որ իմ արարքի համար ինքս ինձ ատեմ, և ավելի շատ ժամանակ եմ տրամադրում, որ Հիսուսին սիրեմ այն բանի համար, ինչ Նա արել է»:
Հաշվի առնելով, թե որքան երկար էր Դեյմոնը պայքարել, նրան օգնող ծնողների և ղեկավարների համար անօգուտ և անիրատեսական կլիներ, որ նրան ժամանակից շուտ «այլևս երբեք» ասեին կամ «արժանի» լինելու կամայական չափանիշներ ու ձեռնպահ մնալու որոշումներ սահմանեին: Փոխարենը, նրանք սկսեցին փոքր, հասանելի նպատակներից: Նրանք ազատվեցին կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ ակնկալիքից և կենտրոնացան աստիճանական աճի վրա, ինչը թույլ տվեց Դեյմոնին թերացումների փոխարեն հիմնվել հաջողությունների վրա:19 Լիմքիի ստրկացած ժողովրդի նման նա իմացավ, որ կարող է «աստիճանաբար բարգավաճել»։20
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խորհուրդ է տվել … «Շատ մեծ գործ անելու համար մենք գուցե կարիք ունենանք դրա վրա աշխատել ամենօրյա փոքր բաժիններով…․ Մեր բնավորության մեջ նոր և օգտակար սովորությունների ներառումը կամ վատ սովորությունների ու հակումների հաղթահարումը ամենից հաճախ նշանակում է այսօրվա ջանք, որին հաջորդում է վաղվա ջանքը, հետո մյուս օրվանը, գուցե շատ օրեր, նույնիսկ՝ ամիսներ և տարիներ…․ Բայց մենք կարող ենք դա անել, քանի որ կարող ենք դիմել Աստծուն … օգնության համար, որ մեզ անհրաժեշտ է ամեն օր»:21
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, COVID-19 համավարակը ոչ մեկի համար հեշտ չէր, բայց կարանտինային սահմանափակումների հետ կապված մեկուսացումը հատկապես դժվարացրել է վատ սովորությունների դեմ պայքարողների կյանքը: Հիշեք, որ փոփոխությունը հնարավոր է, ապաշխարությունը գործընթաց է, և արժանավորությունը չի ենթադրում անթերիություն: Ամենակարևորը, հիշեք, որ Աստված և Քրիստոս պատրաստ են օգնել մեզ այստեղ ու այս պահին:22
Ոմանք սխալ հաղորդագրություն են ստանում, որ Աստված սպասում է, որ ապաշխարենք, հետո օգնում է։ Աստծո ուղերձն այն է, որ Նա կօգնի մեզ երբ ապաշխարում ենք։ Նրա շնորհը մեզ հասանելի է՝ «անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում հնազանդության ճանապարհին»:23 Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ասել է․ «Աստված չի փնտրում անթերի մարդկանց։ Նա փնտրում է մարդկանց, ովքեր իրենց «սիրտն ու պատրաստակամ միտքը» կմատուցեն, [Վարդապետություն և Ուխտեր 64․34], և Նա նրանց կդարձնի «կատարյալ Քրիստոսում» [Մորոնի 10․32–33]»։24
Շատերը, վիրավորված լինելով խզված և լարված ընտանեկան հարաբերություններից, դժվարանում են հավատալ Աստծո կարեկցանքին ու երկայնամտությանը: Նրանք դժվարանում են տեսնել Աստծուն՝ ինչպիսին որ Նա կա՝ սիրող Հայր, որ մեզ այցելում է մեր կարիքի մեջ25 և գիտի ինչպես «բարիք պարգևի նրանց, ովքեր խնդրում են իրեն»։26 Նրա շնորհը միայն արժանավորներին տրվող մրցանակ չէ: Նրա շնորհած «աստվածային օգնությունն» է, որ մեզ օգնում է արժանի դառնալ: Այն միայն արդարների վարձատրություն չէ: Նրա շնորհը Նրա պարգևած «զորության օժտումն» է, որ մեզ օգնում է արդար ապրել:27 Մենք ոչ միայն քայլում ենք դեպի Աստված և Քրիստոս։ Մենք քայլում ենք Նրանց հետ ։28
Եկեղեցում երիտասարդները արտասանում են Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի նշանաբանը։ Նոր Զելանդիայից մինչև Իսպանիա, Եթովպիայից մինչև Ճապոնիա երիտասարդ կանայք ասում են. «Ես գնահատում եմ ապաշխարության պարգևը»: Չիլիից մինչև Գվատեմալա, մինչև Մորոնի (Յուտա), երիտասարդ տղամարդիկ ասում են. «Ամեն օր ծառայելու, հավատ գործադրելու, ապաշխարելու և կատարելագործվելու ձգտումը ինձ կորակավորի ստանալու տաճարային օրհնությունները և ավետարանի հարատև ուրախությունը»:
Ես խոստանում եմ, որ այդ օրհնություններն ու ուրախությունը իրական են և հասանելի են բոլոր պատվիրանները պահող մարդկանց և «նրա համար, ով փնտրում է այդպես վարվել»:29 Երբ զգաք, որ շատ անգամներ փորձել եք, բայց ձախողվել եք, հիշեք, որ Քրիստոսի Քավությունը և շնորհը, որը այն հնարավոր է դարձրել, իրական են:30 «[Նրա] ողորմության ձեռքերը պարզած են» դեպի ձեզ:31 Նա սիրում է ձեզ՝ այսօր, 20 տարի անց և ընդմիշտ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։