Գերագույն համաժողով
Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Մաքուր ճշմարտություն, մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն

Խնդրում եմ այս համաժողովը դարձնել Իր ծառաների միջոցով հայտնված՝ Տիրոջ ուղերձներով սնվելու ժամանակ։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, բարի գալուստ գերագույն համաժողով: Ինչպիսի՜ ուրախություն է ձեզ հետ լինել: Այս վերջին վեց ամիսների ընթացքում ես գրեթե միշտ մտածել եմ ձեր մասին։ Ես աղոթել եմ ձեր մասին և ձեզ համար: Վերջին շաբաթների ընթացքում ես սրտանց աղոթել եմ, որ այս համաժողովը լինի հայտնությունների և մտորումների ժամանակ բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են այդ օրհնությունները:

Ուրախ ենք մեկ անգամ ևս ձեզ հետ խոսել Համաժողովների կենտրոնից: Աթոռների մեծ մասը դատարկ է մնում, սակայն Թաբերնաքլ երգչախմբի որոշ անդամների ներկայությունը հրաշալի առաջընթաց է։ Մենք ողջունում ենք բոլորիդ հիմնականում հեռավար այս համաժողովին, որտեղ էլ որ լինեք:

Մենք դեռ առնչվում ենք COVID-19-ի կործանարար հետևանքների և դրա տարբերակների հետ: Մենք շնորհակալություն ենք հայտնում, որ հետևում եք ձեր համայնքներում բժշկական փորձագետների և պետական պաշտոնյաների խորհուրդներին:

Յուրաքանչյուր գերագույն համաժողով մենք գումարում ենք այնպես, ինչպես ուղղորդում է Տերը։1 Տարիների ընթացքում ձևաչափը փոխվել է: Երբ ես շատ ավելի երիտասարդ էի, համաժողովը տևում էր երեք կամ չորս օր: Հետագայում համաժողովը կրճատվեց և դարձավ երկու օր: Յուրաքանչյուր ուղերձ՝ թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա, անկեղծ աղոթքի և հոգևոր մեծ պատրաստության արդյունք է:

Եկեղեցու Բարձրագույն իշխանությունները և Բարձրագույն պաշտոնյաները, ովքեր խոսելու են, իրենց ուղերձները կկենտրոնացնեն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի, Նրա ողորմության և Նրա անսահման քավիչ զորության վրա: Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկիչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի մարդկային բոլոր հոգիների համար: Պատկերացրեք, թե որքան արագ կլուծվեին կործանարար հակամարտություններն ամբողջ աշխարհում և մեր կյանքում անհատապես, եթե բոլոր մարդիկ որոշեին հետևել Հիսուս Քրիստոսին և ուշադիր լսել Նրա ուսմունքները:

Այդ համատեքստում ես հրավիրում եմ ձեզ համաժողովի ընթացքում ուշադրություն դարձնել երեք բանի վրա՝ մաքուր ճշմարտություն, Քրիստոսի մաքուր վարդապետություն և մաքուր հայտնություն: Հակառակ ոմանց կասկածների, իրոք կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ ճիշտը և սխալը: Իսկապես գոյություն ունի բացարձակ ճշմարտություն՝ հավերժական ճշմարտություն: Մեր օրերի պատուհասներից մեկն այն է, որ շատ քչերը գիտեն, թե որտեղ փնտրել ճշմարտությունը։2 Ես կարող եմ հավաստիացնել, որ այն, ինչ կլսեք այսօր և վաղը, մաքուր ճշմարտություն է:

Քրիստոսի մաքուր վարդապետությունը զորավոր է: Այդ վարդապետությունը փոխում է այն մարդու կյանքը, ով հասկանում և ձգտում է իրագործել այն իր կյանքում: Քրիստոսի վարդապետությունն օգնում է մեզ գտնել ուխտի ճանապարհը և մնալ դրա վրա: Այդ նեղ, բայց հստակ գծված ճանապարհի վրա մնալով, ի վերջո, մենք կարժանանանք և կստանանք այն ամենը, ինչ Աստված ունի։3 Ոչինչ չի կարող ավելի արժեքավոր լինել, քան այն ամենը, ինչ մեր Հայրն ունի:

Եվ վերջում՝ ձեզ տանջող հարցերի համար տրվող մաքուր հայտնությունը այս համաժողովը կդարձնի արդյունավետ և անմոռանալի: Եթե դուք դեռ չեք փնտրել Սուրբ Հոգու սպասավորությունը, որն օգնում է ձեզ լսել այն, ինչ Տերը կուզեր, որ դուք լսեիք այս երկու օրվա ընթացքում, ես ձեզ հրավիրում եմ անել դա հիմա: Խնդրում եմ այս համաժողովը դարձնել Իր ծառաների միջոցով հայտնված՝ Տիրոջ ուղերձներով սնվելու ժամանակ։ Սովորեք, թե ինչպես կիրառել դրանք ձեր կյանքում:

Սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է։ Մենք Նրա ուխտի ժողովուրդն ենք: Տերը հայտարարել է, որ Նա արագացնելու է Իր աշխատանքը Իր ժամանակին,4 և Նա դա անում է անընդհատ աճող քայլերով: Մենք արտոնություն ունենք մասնակցելու Նրա սուրբ աշխատանքին:

Իմ օրհնությունն եմ թողնում բոլոր նրանց վրա, ովքեր փնտրում են ավելի մեծ լույս, գիտելիք և ճշմարտություն: Ես իմ սերն եմ արտահայտում ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: