«Բալասան չկա՞յ Գաղաադում»
Փրկիչի բժշկող զորությունը ոչ միայն մեր մարմինները բժշկելու Նրա ունակությունն է, այլ որ գուցե ավելի կարևոր է, մեր սրտերը բժշկելու Նրա ունակությունն է:
Իմ միսիայից կարճ ժամանակ անց, երբ Բրիգամ Յանգ Համալսարանի ուսանող էի, ես հեռախոսազանգ ստացա հորիցս։ Նա ասաց, որ իր մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է ախտորոշվել, ու թեև նրա բուժվելու հավանականությունը փոքր էր, նա վճռել էր բուժվել ու վերադառնալ իր բնականոն կյանքին։ Այդ հեռախոսազանգը սթափեցնող պահ էր ինձ համար։ Հայրս եղել է իմ եպիսկոպոսը, իմ ընկերը և իմ խորհրդատուն։ Երբ ես, մայրս, իմ եղբայրներն ու քույրերը մտածում էինք ապագայի մասին, այն մռայլ էր թվում: Կրտսեր եղբայրս՝ Դեյվը, ծառայում էր Նյու Յորքի միսիայում և հեռակա մասնակցում էր այդ արագ ծավալվող ընտանեկան իրադարձություններին:
Այդ օրվա բժիշկներն առաջարկեցին վիրահատել հորս՝ փորձելով նվազեցնել կամ դադարեցնել քաղցկեղի տարածումը։ Մեր ընտանիքը ջանասիրաբար ծոմ էր պահում և աղոթում հրաշքի համար։ Ես զգում էի, որ բավականաչափ հավատք ունենիք, որ հայրս կարող է բուժվել: Անմիջապես վիրահատությունից առաջ ես ու ավագ եղբայրս՝ Նորմը, օրհնություն տվեցինք հորս: Մեր ամբողջ հավատքը գործի դնելով՝ մենք աղոթում էինք, որ նա բժշկվի։
Նախատեսված էր, որ վիրահատությունը երկար ժամեր էր տևելու, սակայն ընդամենը կարճ ժամանակ անց բժիշկը եկավ սպասասրահ՝ հանդիպելու մեր ընտանիքին։ Նա պատմեց, որ վիրահատությունը սկսելով, տեսել էին, որ քաղցկեղը տարածվել էր հորս ամբողջ մարմնով: Հիմնվելով նրանց տեսածի վրա՝ հայրս ընդամենը մի քանի ամիս ուներ ապրելու: Մենք հուսալքված էինք:
Երբ հայրս արթնացավ վիրահատությունից, շատ էր ուզում իմանալ, թե արդյոք վիրահատությունը հաջող էր անցել։ Մենք նրա հետ կիսվեցինք այդ մռայլ լուրով։
Մենք շարունակեցինք ծոմ պահել և աղոթել հրաշքի համար։ Երբ հորս առողջությունը արագ վատանում էր, սկսեցինք աղոթել, որ նա զերծ լինի ցավից։ Ի վերջո, երբ նրա վիճակը վատթարացավ, խնդրեցինք Տիրոջը, որ թույլ տա նրան արագ հեռանալ այս աշխարհից: Վիրահատությունից ընդամենը մի քանի ամիս անց, ինչպես կանխատեսել էր վիրաբույժը, հայրս մահացավ։
Մեր ծխի անդամներն ու ընտանիքի ընկերները սիրով ու հոգատարությամբ էին շրջապատել մեր ընտանիքը: Մենք հրաշալի թաղում կազմակերպեցինք, որը մեծարում էր հորս կյանքը: Ժամանակի ընթացքում, սակայն, ես ու ընտանիքս սկսեցինք զգալ հորս բացակայության ցավը։ Ես սկսեցի մտածել, թե հայրս ինչու չէր բուժվել։ Ես մտածում էի՝ արդյոք հավատս բավականաչափ ամուր չէր: Ինչո՞ւ որոշ ընտանիքներ հրաշք տեսան, բայց մեր ընտանիքին այդպես էլ չտրվեց այն։ Իմ միսիայի ժամանակ ես սովորել էի պատասխանների համար դիմել սուրբ գրություններին, ուստի ես սկսեցի ուսումնասիրել սուրբ գրությունները։
Հին Կտակարանն ուսուցանում է մի անուշաբույր համեմունքի կամ քսուքի մասին, որն օգտագործվում էր վերքերը բուժելու համար և պատրաստվում էր Գաղաադում աճեցված թփից: Հին Կտակարանի ժամանակներում այդ քսուքը հայտնի դարձավ որպես «Գաղաադի բալասան»:1 Երեմիա մարգարեն ողբում էր այն դժբախտությունների համար, որոնք տեսնում էր իր ժողովրդի մեջ և բժշկման հույս էր տածում: Երեմիան հարցրել է. «Բալասան չ’կա՞յ Գաղաադում, կամ բժիշկ չ’կա՞յ այնտեղ»:2 Գրականության, երաժշտության և արվեստի միջոցով Փրկիչ Հիսուս Քրիստոսին հաճախ են կոչել «Գաղաադի բալասան»՝ իր նշանավոր բժշկող զորության շնորհիվ: Երեմիայի նման ես մտածում էի. «Մի՞թե «Գաղաադում բալասան չկա՞» Նիլսոն ընտանիքի համար»։
Նոր Կտակարանի Մարկոս 2-րդ գլխում Փրկիչը գնում է Կափառնայում: Փրկիչի բժշկող զորության մասին լուրը տարածվել էր ողջ երկրով, և շատ մարդիկ մեկնել էին Կափառնայում՝ Փրկիչի կողմից բժշկվելու: Շատ մարդիկ էին հավաքվել այն տան շրջակայքում, որտեղ գտնվում էր Փրկիչը, ուստի տեղ չկար, որ Նա ընդուներ բոլորին։ Չորս մարդ տանում էին կաթվածահար մի մարդու, որպեսզի Փրկիչը բժշկեր նրան: Նրանք չկարողացան անցնել ամբոխի միջով, ուստի քանդեցին տան ծածկը և մարդուն իջեցրին գետնին, որ տեսնի Փրկիչին։
Կարդալով այս պատմությունը՝ ես զարմացա, թե Փրկիչն ինչ ասաց, երբ հանդիպեց այս մարդուն. «Որդեակ, թողուած են քեզ քո մեղքերը»:3 Ես մտածում էի, որ եթե ես լինեի այն չորս մարդկանցից մեկը, ովքեր բերել էին այս մարդուն, գուցե ասեի Փրկիչին. «Մենք նրան իրականում բերել ենք այստեղ, որպեսզի բժշկվի»: Կարծում եմ, Փրկիչը գուցե պատասխաներ. «Ես իսկապես բժշկեցի նրան»: Հնարավո՞ր էր, որ ես լիովին չէի հասկացել, որ Փրկիչի բժշկող զորությունը ոչ միայն մեր մարմինը բժշկելու Նրա ունակությունն էր, այլ որ գուցե ավելի կարևոր է, մեր սրտերն ու իմ ընտանիքի կոտրված սրտերը բժշկելու Նրա ունակությունն է:
Փրկիչը կարևոր դաս ուսուցանեց այս փորձառության միջոցով, քանի որ Նա, ի վերջո, ֆիզիկապես բժշկեց այդ մարդուն։ Ինձ համար պարզ դարձավ, որ Նրա ուղերձն այն էր, որ Նա կարող էր դիպչել կույրերի աչքերին, և նրանք կարողանում էին տեսնել։ Նա կարող էր դիպչել խուլ մարդկանց ականջներին, և նրանք կարողանում էին լսել: Նա կարող էր դիպչել նրանց ոտքերին, ովքեր չէին կարողանում քայլել, և նրանք սկսում էին քայլել։ Նա կարող է բժշկել մեր աչքերը, մեր ականջներն ու ոտքերը, բայց ամենակարևորը՝ Նա կարող է բժշկել մեր սրտերը, քանի որ Նա մեզ մաքրում է մեղքից և օգնում է դիմանալ դժվարին փորձություններին:
Երբ Փրկիչն Իր Հարությունից հետո հայտնվում է Մորմոնի Գրքի ժողովրդին, Նա կրկին խոսում է Իր բժշկող զորության մասին: Նեփիացիները լսում են Նրա ձայնը երկնքից, որն ասում էր. «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»։4 Հետագայում Փրկիչն ուսուցանում է. «Քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց»:5 Փրկիչը նկատի ուներ ոչ թե ֆիզիկական ապաքինումը, այլ նրանց հոգիների հոգևոր ապաքինումը։
Մորոնին լրացուցիչ հասկացողություն է բերում, երբ կիսվում է իր հոր՝ Մորմոնի խոսքերով։ Հրաշքների մասին խոսելուց հետո Մորմոնը բացատրում է. «Եվ Քրիստոսն ասել է. Եթե դուք հավատք ունենաք առ ինձ, ապա զորություն կունենաք՝ անելու ինչ-որ նպատակահարմար է ինձ»:6 Ես սովորեցի, որ իմ հավատքի առարկան պետք է լինի Հիսուս Քրիստոսը, և ես պետք է ընդունեի այն, ինչ նպատակահարմար էր Նրան, երբ ես հավատք էի գործադրում Նրա հանդեպ։ Ես հասկանում եմ, որ հորս մահը համապատասխանում էր Աստծո ծրագրին: Այժմ, երբ ես իմ ձեռքերը դնում եմ մեկ ուրիշի գլխին՝ նրան օրհնելու համար, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, հասկանալով, որ մարդը կարող է և բժշկվի ֆիզիկապես, եթե դա նպատակահարմար է Քրիստոսին:
Փրկիչի Քավությունը, որը մատչելի է դարձնում և՛ Նրա փրկագնումը, և՛ Նրա արտոնող զորությունը, գերագույն օրհնությունն է, որ Հիսուս Քրիստոսը առաջարկում է բոլորին: Երբ մենք ապաշխարում ենք անկեղծ սրտով, Փրկիչը մաքրում է մեզ մեղքից: Երբ ուրախությամբ մեր կամքը հնազանդեցնենք Հորը, նույնիսկ ամենադժվար հանգամանքներում, Փրկիչը կբարձրացնի մեր բեռները և կթեթևացնի դրանք:7
Բայց ահա իմ սովորած ավելի մեծ դասը: Ես սխալմամբ կարծում էի, որ Փրկիչի բժշկող զորությունը չէր օգնել իմ ընտանիքին։ Այժմ, երբ հետ եմ նայում ավելի հասուն աչքերով և փորձառությամբ, տեսնում եմ, որ Փրկիչի բժշկող զորությունը ներկա էր իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի կյանքում։ Ես այնքան կենտրոնացած էի ֆիզիկական ապաքինման վրա, որ չտեսա տեղի ունեցած հրաշքները։ Այս դժվարին փորձության մեջ Տերը զորացրեց մորս և բարձրացրեց իր կարողությունից վեր, և նա երկար ու արգասաբեր կյանք ապրեց։ Նա անհավատալի դրական ազդեցություն ունեցավ իր երեխաների և թոռների վրա։ Տերը օրհնեց ինձ, իմ քույրերին ու եղբայրներին՝ սիրով, միասնությամբ, հավատքով և տոկունությամբ, որոնք դարձան մեր կյանքի կարևոր մասը և շարունակվում են այսօր:
Իսկ ի՞նչ կարելի է ասել հորս մասին: Ինչպես բոլոր նրանք, ովքեր ապաշխարելու են, նա ևս հոգևորապես բժշկվեց, երբ փնտրում էր և ստանում էր բոլորի համար մատչելի օրհնությունները՝ Փրկիչի Քավության շնորհիվ: Նա ստացավ իր մեղքերի թողությունը և այժմ սպասում է Հարության հրաշքին: Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:8 Հասկանում եք, ես ասում էի Փրկիչին. «Մենք իմ հորը Քեզ մոտ բերեցինք, որ բժշկվի», և այժմ ես հստակ հասկանում եմ, որ Փրկիչն իսկապես բժշկել է նրան: Գաղաադի բալասանը օգնեց Նիլսոնների ընտանիքին ոչ թե այնպես, ինչպես մենք ենթադրում էինք, այլ նույնիսկ ավելի նշանակալի ձևով, որն օրհնել է և շարունակում է օրհնել մեր կյանքը:
Նոր Կտակարանի Հովհաննես 6-րդ գլխում Փրկիչը կատարեց ամենահետաքրքիր հրաշքը։ Ընդամենը մի քանի ձկով և մի քանի հացով Փրկիչը կերակրեց 5000 մարդու: Ես շատ անգամ եմ կարդացել այս պատմությունը, բայց այդ փորձառության մի մասը բաց եմ թողել, որն այժմ մեծ նշանակություն ունի ինձ համար։ 5000 մարդու կերակրելուց հետո Փրկիչը խնդրում է Իր աշակերտներին հավաքել մնացած պատառիկները՝ մնացորդները, որոնք լցրեցին 12 զամբյուղ: Ես մտածել եմ, թե ինչու Փրկիչը ժամանակ տրամադրեց դա անելու համար։ Ինձ համար պարզ դարձավ, որ մի կարևոր դաս կարող ենք սովորել այդ դեպքից. Նա կարողացավ կերակրել 5000 մարդու, և դեռևս մնացորդներ էին մնացել: «Իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար»։9 Փրկիչի փրկագնող և բժշկող զորությունը կարող է ընդգրկել ցանկացած մեղք, վերք կամ փորձություն, անկախ նրանից, թե որքան մեծ կամ որքան դժվար է այն, ու դեռևս մնացորդներ կմնան: Նրա շնորհը բավական է:
Այդ գիտելիքով ես և դուք կարող ենք առաջ շարժվել հավատքով, իմանալով, որ երբ դժվար ժամանակներ են գալիս, իսկ դրանք անշուշտ կգան, կամ երբ մեղքը պատում է մեր կյանքը, Փրկիչը «բժշկութիւն պիտի լինի [իր] թեւերի վերա»՝10 հրավիրելով մեզ գալ Իր մոտ:
Ես ձեզ վկայում եմ Գաղաադի բալասանի, Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մեր Քավիչի և Նրա հրաշալի բժշկող զորության մասին: Ես իմ վկայությունն եմ բերում ձեզ բժշկելու Նրա ցանկության մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։