2023 թվականի հոգևոր հավաքներ
Պաշտպանել ճշմարտությունը


Պաշտպանել ճշմարտությունը

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

21 մայիս 2023 թ․, կիրակի

Նախագահ Դալլին Հ. Օուքս․ Շնորհակալություն այդ գեղեցիկ երաժշտության համար: Եվ շնորհակալություն, հանձնակատար Գիլբերտ, այդ գեղեցիկ ներկայացման համար:

Սիրելի չափահաս երիտասարդներ, այդ թվում՝ ավագ դպրոցի շրջանավարտներ, ես և քույր Օուքսը ուրախ ենք արտահայտելու մեր սերը ձեր հանդեպ և դիմելու ձեզ այս կարևոր հոգևոր հավաքի ժամանակ: Սրանք սթրեսային ժամանակներ են բոլորիս համար, բայց Հիսուս Քրիստոսի ավետարանը բավարար հիմք է տալիս ուրախ լինելու համար: Աստված մեր առաջ խնդիր է դրել Իր մարգարեի միջոցով դիմակայել ձախորդություններին, իսկ Հիսուս Քրիստոսի ուսմունքները ուրվագծում են այն ճանապարհը, որը տանում է դեպի մեր աստվածային ճակատագիրը՝ հավերժական կյանքը:

I.

Խոսելով ձեզ նման հանդիսատեսի հետ՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը առաջարկեց այս կարևոր դեղատոմսը. «Քանի որ աշխարհը դառնում է ավելի շատ աշխարհիկ և ավելի քիչ հոգևոր, ձեր աճը պետք է լինի ավելի շատ հոգևոր և ավելի քիչ աշխարհիկ: Ձգտեք պաշտպանել սկզբունքը և ոչ թե հանրաճանաչ տեսակետները»:

Այնուհետև նա հղեց հետևյալ մարտահրավերը, որով և մենք վերնագրում ենք այսօրվա հոգևոր հավաքը. «Ճանաչեք ճշմարտությունը և պաշտպանեք այն, նույնիսկ եթե ճշմարտությունը քաղաքական առումով հանրաճանաչ չէ»:1

Մահկանացու կյանքում մեր նպատակը և այն ուղին, որին մենք պետք է հետևենք, որպեսզի հաղթենք, տրված են փրկության ծրագրում, իսկ վերջերս՝ «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Խորհեք, թե ինչպես է նախագահ Նելսոնը ամփոփել դա․

«Կյանքը մեկ գործողությամբ ներկայացում չէ։ Իսկապես գոյություն ունի նախաերկրային ժամանակաշրջան: Եվ իսկապես գոյություն ունի կյանք մահից հետո: Նախաերկրային և մահկանացու մասերը մեր հետմահկանացու կյանքի նախերգանքն են: Մարգարեների միջոցով տրված փառքի երեք աստիճանները մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մեր հետմահկանացու ներուժի մասին: Հավիտենական կյանքը փառահեղ է և արժե նրան ձգտել»։2

Մեզ՝ վերջին օրերի սրբերիս, ժամանակակից հայտնությամբ ավելի մեծ պատկերացում է տրված այս մահկանացու կյանքի նպատակի մասին: Ինչպես ասել է նախագահ Նելսոնը, մենք մահկանացու կյանքը չենք դիտարկում որպես մեկ գործողությամբ ներկայացում: Մեր հավերժական ճամփորդության մեջ գոյություն ունի առնվազն երեք գործողություն: 1-ին գործողությունը մեր նախաերկրային կյանքն է: Մեր ներկայիս մահկանացու կյանքը հաջորդում է դրան և ներկայացնում 2-րդ գործողությունը: Մեր կյանքը մահից հետո 3-րդ գործողությունն է: Այս վերջին գործողությունը ներառում է բոլոր նրանց իրական Հարությունը, ովքեր երբևէ ապրել են, և Վերջին դատաստանը, որն ուղղորդում է մեզ դեպի այն փառքի արքայությունը, որի համար մեր գործերը, որոշումներն ու ցանկությունները մեզ որակավորել են:

Միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն է հնարավորություն տալիս ճանաչելու ճշմարտությունը՝ Իր զավակների համար մեր սիրող Երկնային Հոր փրկության ծրագիրը:

Երկրի վրա մեր կյանքի նպատակն այն է, որ զարգանանք դեպի հավերժական կյանքի մեր ճակատագիրը: Մենք դա իրագործում ենք, երբ հաղթահարում ենք այն, ինչը Մորմոնի Գիրքը նկարագրում է որպես հակադրություն բոլոր բաներում, այդ թվում՝ Աստծո պատվիրանները խախտելու բազում գայթակղությունները: Երբ բախվում ենք ու հաղթահարում գայթակղությունը, երբ ճիշտ ընտրությունների և սխալներից ապաշխարելու միջոցով ավելի ենք մոտենում Աստծուն, մենք ունենում ենք այն հավերժական աճը, որն Աստծո զավակների մահկանացու կյանքի նպատակն է:

Սուրբ Հոգու պարգևի և ժամանակակից հայտնության առաջնորդության շնորհիվ մենք կարող ենք ստանալ բազում մտքեր։ Օրինակ՝ Մորմոնի Գրքում խոստացված է, որ նրանք, ովքեր ջանասիրաբար փնտրում են, «կգտնեն. և Աստծո խորհուրդները հայտնի կդառնան նրանց՝ Սուրբ Հոգու զորությամբ»:3 Իմ ողջ սրտով ես աղոթում եմ, որ բոլոր նրանք, ում ես սիրում եմ, իսկ դա ներառում է Աստծո բոլոր զավակներին, գործեն համաձայն այդ հրավերի՝ գտնեն և ճանաչեն ճշմարտությունը:

II.

Առաջին ճշմարտությունը վերաբերում է ամուսնությանը։ Ամուսնությունը առանցքային է մահկանացու կյանքի և դրան հաջորդող նպատակների համար: Մենք սիրառատ Երկնային Հոր զավակներն ենք, ով ստեղծել է մեզ՝ բազմանալու և երկիրը լցնելու Իր պատվիրանին հետևելու կարողությամբ: Արարելու այդ զորությունը ամենաթանկ պարգևներից մեկն է, որը մենք ունենք մահկանացու կյանքում: Բայց այդ պարգևի համար առանցքային նշանակություն ունի մաքրաբարոյության օրենքը․ այն պատվիրանը, որ ծնունդ տալու մեր զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք ամուսնացած են: Այդ պատվիրանը առանցքային է Հիսուս Քրիստոսի ավետարանում: Դա բացատրում է, թե ինչու են մեր արժեքները տարբերվում, և մենք ինչու ենք զերծ մնում այնպիսի վարքագծից, որը սովորական կթվար մեր շրջապատի շատ մարդկանց։

Դրա վառ օրինակ է հանդիսանում մեր վերաբերմունքը ամուսնության սահմանման և հենց ամուսնության նկատմամբ։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավարները միանշանակ մտահոգված են Միացյալ Նահանգներում ամուսնության բնույթի և ծավալների վերջին փոփոխություններով: Սա ներառում է ԱՄՆ քաղաքացիների, այդ թվում՝ Վերջին Օրերի Սրբերի որոշ արժանի երիտասարդ տղամարդկանց և կանանց կողմից ամուսնությունը հետաձգելու աճող միտումը: Այդ միտումը ցույց տալու համար եկեք դիտարկենք ամուսնության վերաբերյալ հետևյալ երկու գծապատկերները։ Թեև այս թվերը վերաբերում են Միացյալ Նահանգներին, դրանք արտացոլում են համընդհանուր խնդիր:

Այս առաջին գծապատկերը ցույց է տալիս ԱՄՆ քաղաքացիների տոկոսի զգալի անկումը, որոնք երբևէ ամուսնացած են եղել: Վերջին 30 տարիների ընթացքում այս տոկոսը ութից ինը կետով նվազել է թե տղամարդկանց, թե կանանց համար: Ամուսնությունը ԱՄՆ-ում ակնհայտորեն անկում է ապրում:

Այս երկրորդ գծապատկերը ցույց է տալիս Եկեղեցու երիտասարդ անդամների ամուսնության տարիքի համապատասխան աճը: Այստեղ արտացոլված է վերջին օրերի սրբերի տղամարդկանց և կանանց միջին տարիքը նրանց առաջին ամուսնության ժամանակ: Այն ցույց է տալիս մոտ հինգ տարվա աճ թե տղամարդկանց, թե կանանց համար:4

Մտածեք, թե ինչ են բաց թողնում վերջին oրերի չափահաս երիտասարդները, երբ նրանց ամուսնությունները երկար ժամանակով միտումնավոր հետաձգվում են․ կորցրած հնարավորություններ և հետաձգված օրհնություններ: Դա նշանակում է, որ ամուսնու և կնոջ հարաբերություններում հետաձգվում է այդքան կարևոր անձնական աճը․ այնպիսի հատկանիշների աճը, ինչպիսիք են զոհաբերությունը և խոնարհությունը: Դա նշանակում է, որ Աստծո արքայությունը կառուցելու համար միասին աշխատելու հնարավորությունները նվազում են: Եվ ամենակարևորը, դա նշանակում է, որ ավելի քիչ երեխաներ են ծնվում, որպեսզի մեծանան ավետարանի օրհնություններով: Դուք գիտեք այս ամենը, և պետք է իմանաք, որ ձեր ղեկավարները տեղյակ են, որ ամուրիներից շատերը վաղ տարիքում չեն ամուսնանում իրենցից անկախ պատճառներով: Այդ մասին ավելի ուշ կխոսեմ:

Քրիստեն, ավելացրու քո կարծիքը այս մասին խնդրում եմ:

Քրիստեն Մ. Օուքս․ Լավ։ Ճիշտն ասած ամուսնությունը պարգև է: Ամուսնությունը մեզ ոչ միայն երեխաներ ունենալու հնարավորություն է տալիս, այլ նաև հնարավորություն և շարժառիթ է հանդիսանում աճել իրար հետ։ Մեր հնարավորության չափով սովորում ենք փոքր ինչ այլ ձևով զոհաբերել և ծառայել։

Երբ ամուրի էի, ես միշտ ծառայելու հնարավորություններ էի փնտրում: Այժմ, ամեն երեկո ընթրիքի ժամանակ իմ «ծառայողական նախագիծը» նստած է ուղիղ իմ դիմաց: Ես սովորում եմ, թե ինչպես ավելի լավ սիրել և օգնել ամուսնուս։ Ես ունեմ մի ընկեր, որի հետ կարող եմ ծիծաղել և լաց լինել: Ես ունեմ փաստաբան, ուսուցիչ և պաշտպան, որն իր հերթին օգնում է ինձ: Ամուսնությունը՝ հաղորդակցվելու և տեսակետներ ձևավորելու բնական հնարավորություն է ընձեռում։ Ցանկանում եմ, որ իմանաք, որ կյանքն ավելի լավն է դառնում, երբ մեր ամուսնությունը շաղկապվում է մեզանից ավելի մեծ բանի հետ և ավելի է մոտենում մեր Փրկչին: Եվ մենք ցանկանում եմ դա բոլորիդ համար։

Թշվառները վեպում կա հետևյալ նախադասությունը․ «Ուրիշ մարդուն սիրելը նշանակում է տեսնել Աստծո դեմքը»:5 Դա առավել ակնհայտ է ամուսնության մեջ։

Նախագահ Օուքս․ Աշխարհիկ բառերով ասած, երեխաների հետաձգումը, նույնիսկ նրանց կարևորություն չտալը, ակնհայտ երևում է ազգային հեղինակավոր հարցման մեջ, որը ցույց է տալիս որ չափահասների համար երեխա ունենալու կարևորությունը 25 տարվա մեջ 66 տոկոսից նվազել է 33 տոկոս:6

Ես և Քրիստենը վերականգնված եկեղեցու համար երեխաներ ունենալու այս ազգային արժեզրկման կարևորության մասին սկսեցինք մտածել, երբ Քրիստենի քույրը պատմեց իր փոքր թոռնուհու մեկնաբանությունը: Երբ նրանք միասին կարդում էին Ընկեր ամսագիրը և նայում էին Հիսուսի նկարին, նա հարցրեց, թե ինչու էր Փրկիչը երեխաներին Իր մոտ կանչում։ Չորս տարեկան Անդերսը պատասխանեց այս ոգեշնչված բացատրությամբ. «Չե՞ս հասկանում: «Հիսուսը սիրում է երեխաներին»:

Պարզապես հիշեք, որ սիրող Երկնային Հայրը ծրագիր ունի Իր չափահաս երիտասարդների համար, և այդ ծրագրի մի մասն է ամուսնությունն ու երեխաները:

Այժմ, պարզապես հետաքրքրության համար, մենք ցանկանում ենք կիսվել այն ամենով, ինչ ժամանակին սովորեցրել ենք ժամադրության և ժամանցի մասին: Ահա մի տեսանյութ, թե ես ինչ էի ասում 2005 թվականին, երբ այսօր այստեղ ներկա չափահաս երիտասարդներից տարիքով ամենամեծն այն ժամանակ ընդամենը մոտ 12 տարեկան էր, իսկ մյուսները շատ փոքր էին կամ նույնիսկ չէին ծնվել:

Տարիներ շարունակ Եկեղեցին մեր երիտասարդներին խորհուրդ է տվել չժամադրվել 16 տարեկանից շուտ: Հավանաբար չափահաս երիտասարդներից ոմանք, հատկապես տղամարդիկ, չափից դուրս լուրջ են ընդունել այդ իմաստուն խորհուրդը և որոշել են չժամադրվել մինչև 26 տարեկանը կամ գուցե նույնիսկ 36 տարեկանը։ Այժմ ես հրավիրում եմ ձեզ հետ գնալ և դիտել 2005 թվականի այս տեսանյութը:

Նախագահ Օուքս [տեսանյութ]. «Տղաներ, եթե դուք վերադարձել եք ձեր միսիայից և դեռ հետևում եք տղա-աղջիկ մոդելին, որը ձեզ խորհուրդ էին տվել հետևել, երբ դեռ 15 տարեկան էիք, ապա հիմա ժամանակն է, որ դուք մեծանաք: Քաջություն ունեցեք և փնտրեք մեկին, ում հետ կարող եք զույգ կազմել: Սկսեք ժամադրել տարբեր երիտասարդ կանանց, և երբ այդ փուլը հաջող անցնի, սկսեք ընկերություն անել: Ամուսնության ժամանակն է։ Դա է Տերը նախատեսել Իր երիտասարդ որդիների և դուստրերի համար։ Տղաները պետք է նախաձեռնող լինեն և հաջողություն գրանցեն։ Եթե չգիտեք, թե ինչ է ժամադրությունը, գուցե այս սահմանումը օգտակար կլինի: Ես դա լսել եմ իմ 18-ամյա թոռնուհուց։ «Ժամադրությունը» պետք է անցնի երեք կետից բաղկացած ստուգարքը. այն պետք է (1) նախապես պլանավորվի, (2) նրան պետք է արժանանալ, այնուհետև (3) միավորվել: …

«Իմ ամուրի երիտասարդ ընկերներ, մենք խորհուրդ ենք տալիս հակառակ սեռի հետ ձեր շփումները դարձնել ժամադրություն, իսկ հետո՝ ամուսնություն, այլ ոչ թե դարձնել այն ժամանցային օրինաչափություն, որը կարող է վերաճել միայն թիմային սպորտաձևի, ինչպես օրինակ՝ «Մեկ հպումով ֆուտբոլային խաղը», որն այնքան էլ մրցունակ կամ վտանգավոր չէ։ Ամուսնությունը խմբային միջոցառում չէ, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ երեխաները չեն ծնվել»:7

[Տեսանյութի ավարտ]

Քույրեր, կարծես թե ձեզ դուր եկան ամուրի տղաներին ուղղված այս ցուցումները։ Այժմ Քրիստենը մի քանի խոսք ունի ասելու ամուրի կանանց։

Քույր Օուքս. Նախագահ Օուքս, ժամադրության մասին այդ տեսանյութը իսկապես հին է, բայց սկզբունքը մնում է նույնը. ժամադրությունը դեռ նախորդում է ամուսնությանը:

Քանի որ ես ամուսնացել եմ 53 տարեկանում, ես գիտեմ, թե ինչ է նշանակում սպասել արժանավոր կողակցի, և ձգտումն ու կսկիծը շատ հաճախ դառը արցունքներ են թողել բարձիս վրա։ Բայց ես անցել եմ դրա միջով և կարող եմ վկայել Տիրոջ սիրո մասին՝ այն քաջարի քույրերի հանդեպ, որոնք դեռ սպասում են։ Եվ իմ սիրտը ցավում է նաև հավատարիմ եղբայրների համար, որոնք նույնպես դա են ուզում։ Տառապանքն իրական է։ Ժամադրության առկայությունը և դրա բացակայությունը կարող են սթրեսային լինել։

Երբ իմ հավատքը կարծես փորձության էր ենթարկվում, երբ մտածում էի, թե ինչու է կյանքն այդքան դժվար, երբ ամեն ինչ անում էի ավետարանով ապրելու համար, երբեմն մտածում էի, որ ինչ-որ բան սխալ եմ անում։ Ես ոչինչ սխալ չէի անում։

Ինչպես ասել է քույր Միշել Դ․ Քրեյգը․ «Փորձությունները չեն ենթադրում, որ ծրագիրը ձախողվում է»։ Ծրագիրը նախատեսում է աճ և միտված է օգնելու մեզ, որ փնտրենք Աստծուն։ Քույր Քրեյգն ավելացրել է․ «Երկնային Հայրն ավելի շատ հետաքրքրված է Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու [ձեր] աճով, քան Նա հետաքրքրված է [ձեզ] մխիթարելով»:8

«Եթե դուք ժամանակն եք հաշվում և սպասում ամուսնության հեռանկարին, դադարեք սպասել և սկսեք պատրաստվել: Պատրաստվեք կյանքին՝ կրթության, փորձառության և պլանավորման միջոցով: Մի սպասեք, որ երջանկությունը նվիրեն ձեզ: Փնտրեք ծառայելու և սովորելու հնարավորություններ: Եվ ամենակարևորը, վստահեք Տիրոջը՝ «կանչելով Տիրոջ անունն ամեն օր և անսասան կանգնելով նրա հավատքում, որը պիտի գա»:9 Եվ ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք այդպես վարվեք, դուք կունենաք երջանկություն։

Նախագահ Օուքս. Քույրեր, Քրիստենը ձեզ մի արժեքավոր խորհուրդ տվեց: Նրա խորհուրդը հին չէ: Իրականում, ամուրի տղաներին տված իմ խորհուրդը նույնպես հին չէր: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ղեկավարները նույնքան մտահոգված են ամուսնությամբ, որքան մտահոգված էինք մենք 20 տարի առաջ: Այդ մտահոգության պատճառներից են՝ տների պակասը, որոնք նորապսակ երիտասարդները հնարավորություն չունեն գնելու, և ուսանողական պարտքի աճող գումարները:

Դուք՝ երիտասարդներդ, քաջատեղյակ եք, որ դուք ոչ թե այդ հանգամանքների պատճառն եք, այլ դրանց զոհերը: Ի՞նչ անել։ Հավատքով առաջ գնացեք և ձեր ուժերի ներածին չափով ամեն ինչ արեք ներկայիս անշարժ գույքի շուկայի պայմաններում, որն ավելի քիչ բարենպաստ է, քան իմ ու ձեր տատիկ-պապիկների երիտասարդության տարիներին էր։ Եվ հատկապես աշխատեք նվազագույնի հասցնել ուսանողական պարտքը:

Աստծո ծրագրում մենք կարող ենք ունենալ այդ ամենը, բայց ոչ այն հաջորդականությամբ, որը կարծես թե թելադրում է աշխարհը: Մենք ցանկանում ենք օգնել՝ հիշեցնելով ձեզ Աստծո ծրագրի և մեր նախնիների արժանի օրինակների մասին: Մեր վաղ շրջանի ռահվիրաները թողեցին իրենց տները և ունեցվածքը, որպեսզի իրենց ընտանիքները հոգևոր անվտանգության մեջ ապրեն Արևմտյան Լեռներում: Այսօր մենք հորդորում ենք, որ դուք չթողնեք հոգևոր անվտանգությունն ու ընտանիքը՝ նյութական ունեցվածք ձեռք բերելու համար:

III.

Այժմ ես կանդրադառնամ որոշ խնդիրների, որոնցով մտահոգված են մեր լսարանում գտնվող ավագ դպրոցի սիրելի աշակերտները։

Ամբողջ երկրով մեկ ձեր հասակակիցները տառապում են անհանգստությունից, խոցելի են թմրանյութերի նկատմամբ, կախվածություն ունեն սոցիալական ցանցերից և ռեկորդային թվով դիմում են խորհրդատվության: Դրանք ազդում են ձեզ վրա, բայց բարի լուրը գերազանցում է այդ ամենին։

Դուք գիտեք, որ դուք Աստծո զավակն եք և ունեք եզակի աստվածային ժառանգություն: Աստված սիրում է ձեզ: Նա հզոր ուսուցիչ է և Նա խոստացել է օգնել ձեզ, եթե դուք փնտրեք Նրան այնպես, ինչպես Նա ուսուցանել է: Ձեր մտքում և ձեր անձնական առաջնահերթությունների մեջ հաստատեք այն զորեղ ճշմարտությունը, որ դուք Աստծո սիրելի զավակն եք: Նրա սիրո շնորհիվ դուք ձեռք կբերեք ինքնահարգանք, ուժ և շարժառիթ, որոնք կօգնեն դիմակայելու կյանքում հանդիպող ցանկացած խնդրի: Եվ երբեք մի մոռացեք, որ Նրա ծառաները սիրում են ձեզ: Մենք սիրում ենք ձեզ:

Վերջերս 16 տարեկան մի աղջիկ կարևոր նամակ ուղարկեց ինձ։ Նա ապրում է մի նահանգում, որտեղ մենք քիչ անդամներ ունենք: Ես նրան Էմի կանվանեմ: Նրա նամակը կարևոր է, քանի որ նամակում տեղ գտած զգացմունքները ընդհանուր են Եկեղեցու երիտասարդների համար: Էմիի երկար նամակը ներառում է այս հատվածները: Ես խնդրել եմ ձեր հասակակիցներից մեկին կարդալ նրա խոսքերը:

Էմի. «Ես զգում եմ, որ երբեմն Եկեղեցուց անհամապատասխան և շփոթեցնող ուղերձներ եմ ստանում: Իմ առօրյա կյանքում ես տեսնում եմ, որ մեր Եկեղեցու անդամները սոցիալական ցանցերում այնպիսի նյութեր են գրում, կարծես նրանք այս ավետարանի մի մասը չլինեն: … Տպավորություն ունեմ, որ ես միակ երիտասարդ աղջիկն եմ իմ ծխում, որը տեսնում է այդ սխալ բաներն աշխարհում: … Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու մեր եկեղեցու երիտասարդներից շատերը խնդիր չեն տեսնում, որ մարդիկ ամեն օր փոխում են իրենց սեռը, ժամադրվում են նույն սեռի կամ սեռ չունեցող ինքնությամբ մարդկանց հետ: …

Ծխի կամ ցցի երիտասարդների միջոցառումների ժամանակ ինձ հարցնում են իմ սեռը, կամ դպրոցում ինձ խնդրում են պարել մի աղջկա հետ, որը կարծում է, որ ինքը տղա է։ Ես գիտեմ, որ մենք պետք է սիրենք բոլորին և հարգանք ցուցաբերենք, և ես միշտ եմ այդպես վարվում։ Ես [պարզապես] զգում եմ, որ մենք մի գիծ ենք հատել: … Իմ ցանկությունն է, որ Եկեղեցու ղեկավարներից մենք ավելի շատ ելույթներ լսեինք այս խնդրի մասին»:10

Նախագահ Օուքս. Սա մի նամակ է մի երիտասարդ կնոջից, որն այս լսարանում գտնվող ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտ է: Ինչո՞ւ նրա նամակն այդքան շատ ցնցեց ինձ։ Նա ցանկանում է անել այն, ինչ ճիշտ է, բայց զգում է, որ շրջապատված է այնպիսի արժեքներով և վարքագծով, որոնք, նրա կարծիքով, սխալ են, և նա պարզապես չգիտի, թե ինչ անել դրա հետ կապված: Նա ցանկանում է պաշտպանել ճշմարտությունը, բայց չգիտի, թե ինչպես դա անել սիրով։ Ensign քոլեջի չափահաս երիտասարդների հոգևոր հավաքի ժամանակ, ես և երեց Քլարկ Գ. Գիլբերտը նկարագրեցինք, թե որքան դժվար է սիրով ամուր կանգնել, երբ հռչակում ենք ճշմարտությունը։ Մենք, այնուամենայնիվ, կարող ենք սիրել ուրիշներին և ընդհանուր լեզու գտնել՝ առանց զիջելու մեր իմացած ճշմարտությունները:11

Էմին իր նամակում գրում է Եկեղեցու ընկերների մասին, որոնք վստահ չեն իրենց սեռի հարցում, մի վիճակ, որը կոչվում է գենդերային դիսֆորիա: Այս շփոթմունքը մարդու կյանքի տարբեր փուլերում կարող է տարբեր ձևեր ընդունել: Հետևաբար, տուժած անձինք և ընտանիքի անդամները պետք է նայեն ապագային և ձգտեն ապավինել և գործել հավերժական սկզբունքների հիման վրա: Ես որոշ ժամանակ խորհել եմ այս թեմայի շուրջ: Այժմ, նման թեմաներով մտահոգված մարդկանց հանդեպ սիրուց դրդված, Հոգին ինձ հուշեց, որ պետք է օգտագործեմ այս հնարավորությունը՝ ընդգծելու թանկարժեք ճշմարտություններ, որոնք հայտնի են դարձվել Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ՝ օգնելու մեզ նման շփոթություններում:

Երիտասարդ տղաներ և կանայք, ձեր Եկեղեցու, սեմինարիայի և ինստիտուտի ղեկավարները, ուսուցիչները և ձեր ծնողները ունեն պատասխանատվություն և ոգեշնչում՝ ուսուցանելու ձեզ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտությունները: Ձեզ հասանելի է Երիտասարդներին զորացնելու համար արժեքավոր գրքույկը, որը հիմնված է մեր Երկնային Հոր փրկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի Քավության և մկրտվելու ժամանակ մեր կապած ուխտերի վրա, որոնք մենք թարմացնում ենք յուրաքանչյուր կիրակի՝ ճաշակելով հաղորդությունը: Այդ գրքույկի ներածական էջերում տրված է հետևյալ խոստումը․ «Այս ճշմարտություններն ընդունելով որպես ձեզ ուղեցույց՝ դուք կարող եք կատարել ոգեշնչված ընտրություններ, որոնք կօրհնեն ձեզ այժմ և ողջ հավերժության ընթացքում»:12

Երբ Հիսուսին հարցրին, թե որն է ամենամեծ պատվիրանը, Նա շարադրեց երկուսը։ Առաջին պատվիրանը Աստծուն սիրելն է, ինչը մենք ցույց ենք տալիս՝ պահելով Նրա պատվիրանները: Երկրորդ պատվիրանը մեր ընկերին սիրելն է:13 Մենք պետք է երկուսն էլ անենք, և դա հեշտ չէ։ Մեզանից շատերը ավելի քիչ ուշադրություն են դարձնում մերձավորին սիրելուն և չափազանց կարևորում են օրենքը (պատվիրանները) պահելը: Իմ իրավաբանական կրթության բերումով ես անշուշտ հակված եմ դրան։ Ի վերջո, առաջին մեծ պատվիրանը Աստծուն սիրելն է, որը ցույց ենք տալիս Նրա պատվիրանները պահելով: Եվ, իհարկե, մեզ համար ավելի հեշտ է դատել ինքներս մեզ և ուրիշներին, երբ չենք ենթարկվում օրենքին։ Այնուամենայնիվ բոլորիս համար նաև շատ կարևոր է պահել երկրորդ պատվիրանը, որը «նման է դրան»14, սիրել մեր ընկերին այնպես, ինչպես Հիսուսն է սիրում մեզ:15

Այս երկու մեծ պատվիրանները համատեղելու և պահելու իմ ամենասիրած աստվածային օրինակն այն է, ինչ արեց Փրկիչը, երբ բախվեց այս խնդրին: Հովհաննեսի գրքի ութերորդ գլխում ասվում է, թե ինչպես մի խումբ դպիրներ և փարիսեցիներ բերեցին մի կնոջ՝ Հիսուսի կողմից դատվելու։ Նրանց շարժառիթը Փրկչին ծուղակի մեջ գցելն էր, որ նա հակասեր կամ Մովսեսի օրենքին, կամ Հռոմի օրենքին, որը թույլ չէր տալիս մահապատիժը, որը նման հանգամանքներում նախատեսված էր Մովսեսի օրենքով: Բայց այդ օրինակի արժեքն այսօր մեզ համար այն է, թե Հիսուսն ինչպես խուսափեց ծուղակից և զորեղ դաս տվեց այն մասին, թե ինչպես կիրառել երկու մեծ պատվիրանները:

Նախ՝ Փրկիչը արդյունավետորեն «զինաթափեց» նրանց, ովքեր ձգտում էին անհապաղ կիրառել օրենքը: Նա դա արեց՝ ստիպելով նրանց քննել իրենց վարքը։ Նա ասաց․ «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի դրա վրա»։16 Երբ ամոթխած ամբոխը հեռացավ, Փրկիչը կիրառեց սիրո զորությունը: Նա ողորմածորեն հրաժարվեց դատապարտել կնոջը, և այդ սիրառատ արարքը այդ կնոջը բարձրացրեց դեպի նոր կյանք: Այդ կնոջ վրա օրենքի կկիրառվի ավելի ուշ, երբ նա կդատվի իր ողջ կյանքի համար, ներառյալ ապաշխարությունը: Բայց այդ ավելի վաղ դիպվածով Փրկիչը սեր և ողորմություն դրսևորեց՝ ձեռնպահ մնալով դատապարտելուց, այնուհետև հաստատեց օրենքը՝ ասելով. «Գնա և այսուհետև մեղք մի գործիր»:17

Մենք միշտ պետք է իր ժամանակին համատեղենք և կիրառենք օրենքն ու սերը։ Երեց Քրիստոֆերսոնը հիշեցրել է մեզ, որ «առաջին պատվիրանը առաջին տեղում դնելը չի նվազեցնում կամ սահմանափակում երկրորդ պատվիրանը պահելու մեր կարողությունը: Ընդհակառակը՝ հզորացնում է այն։ … Աստծո հանդեպ մեր սերը բարձրացնում է ուրիշներին լիարժեք և կատարելապես սիրելու մեր կարողությունը, քանի որ մենք, ըստ էության, համագործակցում ենք Աստծո հետ՝ Նրա զավակների խնամքի հարցում»:18

Մտածեք այս երկու արտահայտությունների մասին, որոնցից մեկը տրվել է ԲՅՀ-ում ելույթ ժամանակ, իսկ մյուսը` Բարձրագույն իշխանության ավելի վաղ ելույթում:

«Փրկության ծրագրի ամբողջ աշխատանքը, որն ավարտվում է Տեր Հիսուս Քրիստոսի մեծ ու քավիչ զոհաբերությամբ, հնարավորություն է տալիս դառնալու սիրո էակներ՝ ամուր կապվելով ուրիշ մարդկանց: …

Դա ուսուցանում է, որ պատվիրանները և մարգարեների բոլոր ուսմունքները, ներառյալ ընտանիքի մասին հռչակագրի թանկարժեք ճշմարտությունները, պետք է մեզ առաջնորդեն Աստծո ուղիներով, որպեսզի մենք դառնանք սիրո էակներ»:19

Իսկ հիմա մյուս ելույթը․

«Աստծուն գոհացնելու փոխարեն փորձելով գոհացնել մյուսներին` մենք երեսնիվայր շրջում ենք առաջին և երկրորդ մեծ պատվիրանները: Մենք մոռանում ենք՝ որ կողմ ենք նայում: Սակայն, մենք բոլորս էլ արել ենք այդ սխալը, մարդկանցից վախենալու պատճառով:․․․

Փրկիչը՝ մեր մեծ օրինակը, միշտ նայում էր Իր Հոր կողմը: Նա սիրեց և ծառայեց Իր ընկերներին, բայց ասաց. «Ես մարդկանցից փառք չեմ առնում» (Հովհաննես 5․41)։ Նա ցանկացավ, որ նրանք, ում ուսուցանում էր, Իր ետևից գնային, բայց չձգտեց արժանանալ նրանց բարեհաճությանը»։20

Սիրո և օրենքի այս նկարագրությունները երկուսն էլ ճշմարիտ ուղեցույցներ են այն բանի, թե ինչ է Աստված պատվիրել մեզ անել: Ես նախկինում խոսել եմ, որ մենք պետք է «շարունակաբար [փորձենք] հավասարակշռել սիրո և օրենքի այդ երկու պատվիրանները»21, բայց այժմ կարծում եմ, որ ավելի նպատակային է այդ երկու պատվիրաններով ապրել ավելի լիարժեք ձևով։ Բոլոր նրանք, ովքեր սիրով և արժանապատվությամբ չեն վերաբերվում այն անհատներին, ովքեր բախվում են գենդերային ինքնության մարտահրավերներին, չեն կիրառում առաջին և երկրորդ մեծ պատվիրանների ուսմունքները: Այսպիսով, Աստծո օրենքի թեման քննարկելիս մենք պետք է հիշենք, որ Աստված կրկին ու կրկին հայտնել է, որ Նա արու և էգ ստեղծեց մարդկանց:22 Իսկ մեր ընկերին սիրելու պարտականությունը քննարկելիս մենք պետք է հիշենք, որ Աստված պատվիրել է մեզ սիրել նույնիսկ նրանց, ովքեր չեն պահում բոլոր պատվիրանները:

Եթե դուք, ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկը խնդիրներ ունեն սեռական ինքնության հետ, ես կոչ եմ անում ձեզ կիրառել ինչպես ավետարանի օրենքը, այնպես էլ մեր Փրկչի և Քավչի սերն ու ողորմությունը, որը կօգնի և կառաջնորդի ձեզ, եթե դուք համբերատար քայլեք Նրա ուղիներով: Հիսուս Քրիստոսը, ով ասաց, որ Ինքն է «աշխարհի լույսը»23, ուսուցանում է մեր անցնելիք ճանապարհը, որպեսզի հասկանանք մեր Երկնային Հոր ընտրյալ օրհնությունները: Նա մեզ ուսուցանում է՝ սուրբ գրությունների, Իր մարգարեների և անձնական հայտնության միջոցով: Նա սիրում է մեզ և կառաջնորդի մեզ, երբ մենք ձգտենք հետևել, թե Նա որտեղ է մեզ առաջնորդում:

IV.

Փոխկապակցված և ավելի ծանոթ խնդիր է նույն սեռի մարդկանց հանդեպ ռոմանտիկ հակվածության զգացումը: Իհարկե, եթե չկիրառենք դրանք, նման հակվածությունները մեղք չեն։ Բայց ինչպե՞ս ենք մենք վարվում մեր և ուրիշների մոտ առկա նման զգացումների հետ։

Իմ առաջին խորհուրդն այն է, որ անկախ մեր Երկնային Հոր ստեղծած մարդկանց տարբերություններից, պետք է հիշել, որ Նա սիրում է բոլորիս, և երջանկության Նրա կատարյալ ծրագիրը բոլորիս համար է: Մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները, ներառյալ սերը Նրա զավակների հանդեպ:

Երբ մարդիկ և ընտանիքի անդամները նման զգացումներ են ունենում, նրանք պետք է իրար բնորոշումներ չտան: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այս մասին անցյալ տարի խոսել է համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ: Նա սովորեցրել է, որ բնորոշումը համընդհանուր սահմանափակող է, քանի որ այն բաժանում և սահմանափակում է մարդկանց կարծիքն իրենց և ուրիշների մասին: Նա շարունակել է ուսուցանել․ «Ոչ մի որակավորում չպետք է հեռացնի, փոխարինի կամ առաջնահերթ լինի այս երեք մնայուն դասակարգումներից՝ «Աստծո զավակի», «ուխտի զավակի» և «Հիսուս Քրիստոսի աշակերտի»: Ապա նա զգուշացրել է.

Ցանկացած որակավորում, որն անհամատեղելի է այդ երեք հիմնական դասակարգումների հետ, ի վերջո, ձեզ կհիասթափեցնի: Այլ բնորոշումները ժամանակի ընթացքում կհիասթափեցնեն ձեզ, քանի որ դրանք զորություն չունեն առաջնորդելու ձեզ դեպի հավերժական կյանք՝ Աստծո սելեստիալ արքայությունում:24

Այն, ինչը զորություն ունի առաջնորդելու մեզ դեպի հավերժական կյանք և սելեստիալ արքայություն, դա մեր կապած ուխտերն են։ Եվս մեկ անգամ նախագահ Նելսոնը ուսուցանեց մեզ անցյալ տարի.

«Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում, քան մինչ մեր ուխտն էին: Այժմ մենք կապված ենք միմյանց հետ: Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ։ Յուրաքանչյուրս հատուկ տեղ ունենք Աստծո սրտում»։25

Այնուհետև, ընդամենը մի քանի ամիս առաջ, նախագահ Նելսոնը կրկին հիշեցրեց մեզ, որ «ուխտերի կապումն ու պահումը իրականում հեշտացնում է կյանքը: Ամեն ոք, ով ուխտ է կապում ․․․ ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը»։26

Անձնական զորությանը, որը ստանում ենք ուխտերը պահելիս, ավելանում է Փրկչի այս գեղեցիկ ուսմունքը, որ մահկանացու կյանքի դժվարությունների ժամանակ, մենք պետք է «ուրախ լինենք»։27

Մի քանի ամիս առաջ համաշխարհային իր ելույթում երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հիշեցրեց մեզ, որ Հիսուսն այդ ուսմունքն ուսուցանեց Իր Խաչելության նախօրեին: Նա ինչպե՞ս կարող էր խոսել ուրախ լինելու մասին այն ամբողջ տանջանքների ժամանակ, որոնց Նա հանդիպեց։ Երեց Հոլլանդը բացատրել է.

«Նույնիսկ այն ճակատագրական մթնոլորտում, որը կարող էր տիրել Վերջին ընթրիքի ժամանակ, Քրիստոսը դեռ հիշեցնում է Իր աշակերտներին «ուրախ լինելու» պատճառի և պարտականության մասին (Հովհաննես 16․33)։ …

«Անշուշտ, Նրա հավատքի, Նրա հույսի և գթության այս դրսևորումը գալիս է նրանից, որ Նա գիտի այդ պատմության վերջը: Նա գիտի, որ արդարությունը գերակայում է, երբ ավարտվում են վերջին պատմությունները: Նա գիտի, որ լույսը միշտ հաղթում է խավարին հավիտյանս հավիտենից և հավիտյանս:28

Քրիստեն, կուզենայի՞ր մի քանի եզրափակիչ խոսք ասել այս սիրելի մարդկանց:

Քույր Օուքս. Այն ամենն, ինչ այստեղ քննարկեցինք, կարող է օրհնել մեր կյանքը: Մենք բոլորս գիտենք այն պատմությունը, երբ անապատում թունավոր օձերը հարձակվեցին Իսրայելի զավակների վրա։ Բայց այսօր այն նաև ձեր պատմությունն է։ Աստծո պատվիրանի համաձայն Մովսեսը պատրաստեց մի գավազան, որը խորհրդանշում էր մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին: Այնուհետև Մովսեսը կոչ արեց բոլորին նայել վերև, և նրանց վերքերը կբժշկվեն։

Իսրայելացիների նման այս երեկո մենք նույնպես հարձակման ենք ենթարկվում տարբեր համոզմունքների համար, որոնք սուրբ են մեզ համար: Ես նույնպես խնդրում եմ ձեզ, որ նայեք Աստծուն, և ապրեք: Հետևեք այս երեկո ասված խոսքերին, մեր մարգարեի խոսքերին, սուրբ գրություններին, փրկության ծրագրին և ձեր հայրապետական օրհնություններին: Աղոթեք և Տերը ձեզ հետ կլինի։ Դա չի նշանակում, որ մեզանից ինչ-որ մեկը կմնա անվնաս, այլ նշանակում է, որ մենք միայնակ չենք լինի, և մենք առաջ կգնանք՝ առաջնորդված և պաշտպանված մեզ շրջապատող չարից: Դա նշանակում է, որ մենք կիմանանք ճշմարտությունը և կվայելենք Հոգով: Ես հրավիրում եմ ձեզ, որ նայեք առ Աստված և ապրեք:

V.

Նախագահ Օուքս. Մենք խոսեցինք փրկության ծրագրի բոլոր երեք գործողությունների մասին, որոնք հայտնի են դարձել, հատկապես՝ այս մահկանացու կյանքի նպատակի մասին:

Մենք խոսեցինք ամուսնության և երեխաների դերի և ժամկետների մասին։

Մենք ուսուցանեցինք, որ պետք է ձգտենք ճանաչել Հիսուս Քրիստոսին, զգալ Նրա սերը և հավատալ Նրան ու Նրա սիրառատ առաջնորդությանը՝ մեր հավերժական ճակատագրի ուխտի արահետին:

Մենք խոսեցինք երկու մեծ պատվիրանների մասին՝ սիրել Աստծուն և սիրել մեր ընկերին, և ուսուցանեցինք, որ երկուսն էլ պետք է պահել:

Մեր բոլոր խնդիրներին և մարտահրավերներին դիմակայելիս մենք հորդորում ենք ուրախ լինել, քանի որ Նա հաղթել է աշխարհին: Մենք նույնպես կարող ենք: Հիշեք, մեր Հոր ծրագիրն իրապես երջանկության ծրագիր է:

Ես վկայում եմ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, ով ճանապարհը, ճշմարտությունը և կյանքն է։ Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: