2022 թվականի հոգևոր հավաքներ
Մեկ հարց, որը կարող է փոխել ձեր կյանքը


Մեկ հարց, որը կարող է փոխել ձեր կյանքը

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար նախագահ Նելսոնի հետ

Կիրակի, 15 մայիս 2022 թ

Մեր սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք ձեզ շատ ենք սիրում: Շատ կուզենայինք բոլորիդ մեզ հետ տուն տանել։ Իսկ որ ավելի կարևոր է, մենք աղոթում ենք, որ այն, ինչ Սուրբ Հոգին կուսուցանի այս երեկո, օգնի ձեզ ավելի լավ պատրաստվել Տուն վերադառնալու համար. Տուն՝ մեծատառ Տ տառով։

Այս երեկո կցանկանայի ձեզ հետ խոսել մեկ հարցի շուրջ․ մեկ հարց, որը կարող է փոխել ձեր կյանքը: Այս մեկ հարցը կարող է մեծացնել ձեր վստահությունը, նվազեցնել ձեր անհանգստությունը, շարժառիթ հանդիսանալ ձեզ համար, բարձրացնել ձեր տրամադրությունը և լավատեսությունը, բարձրացնել ձեր արդյունավետությունը, մեծացնել ձեր կենտրոնացումը և հստակեցնել միտքը, օգնել ձեզ դիմակայել գայթակղությանը, օգնել ձեզ բացահայտել խաբեությունը, մեծացնել ձեր երախտագիտությունը, նվազեցնել լարվածությունը ձեր կյանքում, մեծացնել սիրելու ձեր կարողությունը և օգնել ձեզ ավելի լավ որոշումներ կայացնել: Այդ մեկ հարցը ձեզ ուրախություն, մխիթարություն, սեր և խաղաղություն կպարգևի:

Ինչո՞ւ եմ այդքան վստահ։

Որովհետև դա այն է, ինչ ձեր հասակակից 30 ընկերներ ուսուցանել են ինձ: Եվ ես հավատո՛ւմ եմ նրանց։

Այդ երիտասարդ չափահասներն ինձ ուսուցանել են, որ երբ ինքներդ ձեզ տալիս եք այդ հարցը, այն օգնում է ձեզ հետամուտ լինել այն ամենին, ինչն իսկապես կարևոր է կյանքում, օգնում է ձեզ փոփոխություններ կատարել ձեր կյանքում, որոնք դուք ցանկանում եք կատարել, և նույնիսկ օգնում է ձեզ անկեղծորեն ապաշխարել:

Ձեր ընկերներն ասել են, որ այս հարցը կտա ձեզ աչքեր՝ տեսնելու այնպես, ինչպես նախկինում չեք տեսել՝ Տիրոջ ձեռքը ձեր կյանքում, երկրի գեղեցկությունը և մարդկանց բարությունը: Կարճ ասած, քանի որ այս հարցը ձեզ հաղորդակցության մեջ կդնի Տիրոջ Հոգու և ձեր հոգու աստվածային ԴՆԹ-ի հետ, այս մեկ հարցը ձեզ ավելի շատ լույս և ճշմարտություն կպարգևի:

Ձեր հասակակիցները նաև ուսուցանել են, որ այս հարցը կօգնի ձեզ, անկախ նրանից, թե որքան զբաղված կամ միապաղաղ է ձեր կյանքը ներկայումս: Նույնիսկ նշանակություն չունի, թե ինչպես եք դուք ձեզ զգում՝ ուրախ եք, թե տխուր, մեկուսացած, գերծանրաբեռնված, ընկճված, ոգևորված, անհանգիստ, հուզված, միայնակ, լքված, ճնշված, անտեսված, թե՝ անչափ ուրախ: Դա նշանակություն չունի։ Այս մեկ հարցը կարող է օգնել ձեզ:

Կցանկանայի՞ք լսել այդ հարցը։

Հիանալի՜ է։

Սկզբում ներկայացնեմ նախապատմությունը. Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, մեր Քավիչը, և այս եկեղեցու՝ Իր Եկեղեցու ղեկավարը, շատ հստակ ասել է, որ Ինքը ցանկանում է, որ ես և դուք դառնանք ավելի սուրբ: Նա նույնիսկ պատվիրում է մեզ դա՝ ասելով. «Դուք պետք է … սրբություն գործադրեք իմ առաջ»:1 Նա դրանով չի սահմանափակվում։ Նա այդ տողին ավելացնում է անդադար բառը։

Արդյո՞ք չափազանց դժվար և պարզապես անհնարին է թվում անդադար սրբություն գործադրելը: Ես լիովին հասկանում եմ, որ դուք մտածում եք. «Քույր Նելսոն, ես պարզապես չեմ կարող դա անել»: Թույլ տվեք վստահեցնել ձեզ, թե ինչու ես գիտեմ, որ դուք կարող եք դա անել:

Մեր ամուսնությունից առաջ ես աշխատում էի որպես հոգեբան, ամուսնության և ընտանեկան թերապևտ և ԲՅՀ պրոֆեսոր: Իմ մասնագիտական կյանքի այդ 30 տարիների ընթացքում ես սովորեցի հարցերի ուժի մասին: Որոշ հարցեր օգնում են իրերը բացահայտել բոլորովին նոր ձևով՝ բացելով մեր սրտերն ու մտքերը ամեն տեսակի հնարավորության համար, որը մենք հակառակ դեպքում չէինք նկատի: Այսպիսով, երկու ամիս առաջ, երբ մտածում էի հարցերի ուժի մասին, ես հրավիրեցի 30 երիտասարդ չափահաս ընկերների, որոնք ձեր տարիքին էին՝ ամուսնացած և ամուրի, որպեսզի երեք օր շարունակ միասին փորձարկում անեինք այս մեկ հարցի շուրջ։ Ես խնդրեցի նրանց անել հետևյալը. «Երեք օր անընդմեջ՝ ամեն օր, ընդամենը մեկ իրավիճակում, հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը (նման իրավիճակում)»:

Այդքա՛նը։ Դա էր հարցի էությունը․ «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը»:

Օրինակ․2

  • Ինչպե՞ս կսկսեր իր օրը սուրբ չափահաս երիտասարդը:

  • Ի՞նչ կլիներ նրա «անելիքների» ցանկում:

  • Ինչպե՞ս կխոսեր ընկերոջ հետ, կամ ինչպե՞ս գնումներ կկատարեր, կխաղար, կաղոթեր, լվացք կաներ կամ կընթերցեր երեխայի համար։

  • Ի՞նչ կլսեր կամ կասեր սուրբ երիտասարդ չափահասը, կամ ինչպե՞ս կգրեր, կկարդար, կդիտեր և կհագնվեր։

  • Եթե սուրբ չափահաս երիտասարդին սուտ մեղադրանքներ ներկայացնեին, դավաճանեին կամ սխալ հասկանային, ի՞նչ կաներ նա:

  • Ի՞նչ կաներ նա իսկապես դժվարին իրավիճակում, որտեղ նրա արժեքները կամ բարոյական հատկանիշները կփորձվեին:

  • Նա ինչպե՞ս կպատրաստվեր ընդունելու հաղորդությունը ամեն կիրակի:

  • Սուրբ երիտասարդ չափահասը ինչպե՞ս կօգտագործեր իր ժամանակը, որպեսզի նախապատրաստվեր ամուսնությանը, այլ ոչ թե սպասեր դրան:

  • Ամուսնացած սուրբ երիտասարդ չափահասներն ինչպե՞ս կամրապնդեին իրենց ամուսնությունը:

Եվ ի՞նչ տեղի ունեցավ։ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում և Կանադայի երկու քաղաքներում 30 չափահաս երիտասարդ գնացին գործելու՝ իրենք իրենց հարցնելով. «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը»:

Սկսվեց սովորական առօրյա գործերի մի շրջան, որոնցից յուրաքանչյուրն այժմ արվում էր այնպես, ինչպես դա կաներ սուրբ չափահաս երիտասարդը: Ընդամենը մի քանի օր անց մեծ քանակությամբ զեկույցներ ստացանք։

Թույլ տվեք պատմել, թե ինչ արեցին ձեր ընկերներից մի քանիսը:3

  • Նրանք ավելի մեծ երախտագիտությամբ էին ուտում ճաշի գազարները։

  • Սովորական երաժշտությունն ու փոդքասթները փոխարինվեցին ոգեշնչող երաժշտությամբ, գերագույն համաժողովի ելույթներով և «Եկ, հետևիր ինձ» փոդքաստներով:

  • Սոցիալական մեդիայի ժամանակատար հավելվածները ջնջվեցին։

  • Անպարկեշտ բառապաշարով հեռուստածրագրերն անջատվեցին։

  • Հսկայական «անելիքների ցուցակները» վերադասավորվեցին ըստ առաջնահերթության։

  • Աղոթքներն ասվում էին նախքան դժվար տնային առաջադրանքներ կատարելը՝ հրավիրելով Սուրբ Հոգուն ուսուցանել իրենց։

  • Սուրբ գրությունները կարդում էին տարբեր ժամանակ, այդ թվում՝ քննության մեկնարկից անմիջապես առաջ, որը հրաշալի արդյունքներ էր ապահովում։

  • Վերականգնվեցին հոգևորապես զորացնող սովորությունները, որոնք կորսվել էին միսիայից տուն վերադառնալուց հետո:

  • Կիսվեցին վկայություններով դասընկերների հետ։

  • Խանդը, որ տածում էին այն ընկերների հանդեպ, ովքեր ժամադրվում և ամուսնանում էին, փոխարինվեց նրանց հանդեպ սիրով և ուրախությամբ:

  • Մեքենա վարելու ժամանակը դարձավ հանգիստ խորհելու ժամանակ:

  • Շարունակական բացասական մտքերի փոխարեն սկսեցին հաշվել փոքր հաղթանակները և բազմաթիվ օրհնությունները:

  • Էլեկտրոնային սարքերի վրա ժամանակ վատնելու փոխարեն սկսեցին զանգահարել և անձնական այցելություններ կատարել։

  • Տաճարին տրամադրվող ժամանակն ավելացավ, ինչպես նաև ավելացավ ամուսինների տնայի՛ն գործերը:

  • Ե՛վ Երկնային Հոր, և՛ Հիսուս Քրիստոսի սերն առատորեն զգացվեց:

Ուրիշ ի՞նչ տեղի ունեցավ։

Մի երիտասարդ չափահաս բացահայտեց «իմ ազատ կամքի ո՛ւժը։ Նա շարունակել է. «Երբ որոշեցի գերագույն համաժողովը դիտել այնպես, ինչպես կդիտեր սուրբ երիտասարդ չափահասը, ես սկսեցի այն դիտել ոչ թե մարդկանց հաճոյանալու կամ իմ մասին կարծիք ձևավորելու նպատակով: Ես դիտում էի, քանի որ գիտեի, որ այս Եկեղեցին ճշմարիտ է: Ավետարանը ճշմարիտ է: Ելույթ ունեցող տղամարդիկ և կանայք ոգեշնչված էին և առաջնորդվում են Տիրոջ կողմից, և ես ցանկանում էի սովորել»:

Մի կին, որը միշտ ցանկանում էր մարդկանց գոհացնել, պատմել է, որ աշխատավայրում նրա լարվածությունը նվազել է։ Նա գրել է. «Երբ սկսեցի ինքս ինձ ուղղել այդ հարցը, իմ տեսակետը լիովին փոխվեց։ Ես վերագտա իմ վստահությունը, քանի որ հիշում էի ավելի կարևոր բաների նշանակությունը: Ես սովորեցի, որ սրբանալուն զուգընթաց սկսում ես քիչ անհանգստանալ, թե ինչ են ցանկանում ուրիշները ինձանից, և ավելի շատ անհանգստանում ես, թե ինչ է ցանկանում Աստված»։

Նկար
Շինարարական աստիճանահարթակները Սոլթ Լեյքի տաճարի վրա

Այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ներկայումս Սոլթ Լեյքի տաճարը դեռևս ճարտարապետական հրաշք է, բայց այն Տիրոջ գործող տաճար չէ: Քանի որ այդ արտակարգ կառույցը ենթարկվում է լայնածավալ վերանորոգման և կատարվում են կանգուն պահելու կայունացման աշխատանքներ, Սոլթ Լեյքի տաճարը շահագործումից հանվել է որպես տաճար: Երբ տաճարը շահագործումից հանվում է, այն ինչը սուրբ է, ինչը վերաբերում է արարողություններին և հրահանգներին, հանվում է: Դժբախտաբար, նույնը կարող է պատահել մարդկանց հետ:

Ցավոք, սատանայի հարվածների, մեծ ու ընդարձակ շենքում գտնվող մարդկանց վատ ընտրությունների և հավերժական կյանքին սպառնացող հայացքների պատճառով, շատ երիտասարդ չափահասների սրբությունը հեռացվել է իրենց կյանքից: Այս երիտասարդ չափահասները, այսպես ասած, շահագործումից հանվել են որպես «Աստծո տաճար[ներ]»:4

Այժմ, անկախ նրանից՝ դա տեղի է ունեցել ձեզ հետ, թե ոչ, ես հրավիրում եմ ձեր կյանքում վերականգնել կամ ավելացնել սրբությունը՝ ճշտորեն կատարելով այն, ինչ Տերն է պատվիրել՝ «անդադար … սրբություն գործադրել»: Դուք կարող եք սկսել այս գործընթացը՝ անելով այն, ինչ արեցին ձեր հասակակիցները. Երեք օր անընդմեջ՝ ամեն օր ընդամենը մեկ իրավիճակում, հարցրեք ինքներդ ձեզ․ «Ի՞նչ կաներ սուրբ չափահաս երիտասարդը»: Իսկ հետո հետևեք՝ համաձայն ստացած պատասխանի։

Երբ ձեր կյանքը գնալով զբաղված ու դժվար դառնա,5 ամեն օր փորձեք մի փոքր ավելի սուրբ դառնալ և արագ ապաշխարեք, երբ սխալ գործեք․ դուք ուրախություն կգտնեք այս կյանքում և հավերժական կյանք՝ գալիք աշխարհում: Դուք լիակատար ու անմոռանալի ձևով կզգաք այն, ինչ խոստացավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը, երբ ասաց. «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել»:6

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այժմ ձեզ համար ելույթ կունենա նախագահ Նելսոնը: Ես վկայում եմ ձեզ, և ես կարող էի վկայել ցանկացած երկրի դատարանում, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տիրոջ մարգարեն է երկրի վրա այսօր՝ ընտրված և հրահանգված Նրա կողմից: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 46․33:

  2. Մտորելու այլ հարցեր. Սուրբ չափահաս երիտասարդը ինչպե՞ս կվերաբերվեր դժվարին հանձնարարությանը: Սուրբ չափահաս երիտասարդը ինչպե՞ս կօգտագործեր իր ժամանակը, եռանդն ու փողը:

  3. Ինչ են պատմել մյուս երիտասարդ չափահասները․

    Սրտերը գիտակցաբար փափկեցին և բացվեցին՝ Տիրոջից հրահանգ ստանալու համար:

    Աղոթքները հնչեցին բարձրաձայն, ավելի անկեղծորեն և ուշադրությունը ավելի քիչ շեղելով:

    Աղոթքները հնչեցին դժվար առաջադրանքներ կատարելուց անմիջապես առաջ, ինչպիսիք են՝ շվեդական բանաստեղծության վերլուծությունը, երկրաբանության տնային աշխատանքը:

    Ավելացավ գերագույն համաժողովի ժամանակ նշումների և օրագրերում գրառումների կատարումը:

    Սկսեցին ավելի շատ մտածել ուրիշների, այդ թվում՝ իրենց եղբայրների ու քույրերի կարիքների մասին և ապա, սկսեցին նրանց օգնության հասնել։

    «Կամաց-կամաց ես իմ օրվա մեջ ներառեցի ավելի շատ հոգևորապես ոգեշնչող արարքներ կամ մտքեր»:

    Գաղափարները փոխկապակցվեցին միմյանց։

    Նվազեց հետաձգումը, ինչպես նաև աշնանը համալսարանի գրանցման հետաձգումը:

    Երեխաներին ավելի ուշադիր էին լսում։

    Նախնիները դարձան ավելի իրական։

    Սուրբ գրությունները կենդանացան և կյանքի կոչեցին այլ ճշմարտություններ. «Ես կարդացի Ալմա 11-ը դպրոցի գրադարանի համակ լռության մեջ: 44-րդ հատվածը հիշեցրեց ինձ, թե որքան են իմ Երկնային Հայրն ու Փրկիչը սիրում ինձ, և որքան շատ բան են Նրանք անում ինձ համար: Օժտում ստացած լինելով վերջերս՝ ես նորովի մտածեցի փրկության ծրագրի և դատաստանի օրվա մասին»։

    Երբ մի մարդ «կենտրոնացավ իր ուխտերին հավատարիմ լինելու և Տիրոջ ձայնը լսելու իր կարողությունը մեծացնելու վրա», ընկերների հանդեպ նախկին խանդը, ովքեր ժամադրվում էին և ամուսնանում, փոխարինվեց նրանց հանդեպ սիրով և ուրախությամբ:

    Մյուսն ասել է. «Տիրոջ առաջ իմ կարգավիճակը գնահատելու համար», մեքենա վարելու ժամանակը դարձավ հանգիստ խորհելու ժամանակ:

    «Այնքան լավ է, որ ձեր կատարած ընտրությունները կարող են որոշել, թե ինչպես է անցնում ձեր օրը: Ես գիտեմ, որ կարող եմ ընտրել ավելի սուրբ լինել և ավելի երջանիկ լինել, քանի որ Հոգին ինձ հետ կլինի»:

    Մեկ ուրիշը սովորեց սրբության և զոհաբերության միջև կապի մասին։ Նա գրել է. «Պատահական չէ, որ «հին ժամանակներում զոհաբերությունը նշանակում էր որևէ բան կամ որևէ մեկին սուրբ դարձնել» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Զոհաբերություն», սուրբ scriptures.ChurchofJesusChrist.org)»: Նա եզրակացրեց, որ ցանկանում է միշտ «սուրբ լինելու գաղափարը պահել իր մտքում և գտնել նույնիսկ փոքր ուղիներ՝ ամեն օր ավելի շատ զոհաբերելու Տիրոջը, որպեսզի ինքն ավելի սուրբ դառնա»։

    «Ես ընտրեցի մի հատված, որը պետք է հիշեմ ամբողջ օրվա ընթացքում»:

    «Ես ընտրեցի Քրիստոսանման մի հատկանիշ, որը ցանկանում էի զարգացնել, և փորձեցի կենտրոնանալ օրվա ընթացքում այդ հատկանիշը զարգացնելու վրա»:

    «Գերագույն համաժողովին նախորդող շաբաթվա ընթացքում ես ամբողջությամբ հրաժարվեցի սոցիալական ցանցերից, որպեսզի հանգստացնեմ իմ կյանքը և կենտրոնանամ իմ կյանքի դրական, ոգեշնչող ազդեցությունների վրա, ոչ թե այն ազդեցությունների, որոնք վխտում են համացանցում»:

    «Հոգին ինձ հիշեցրեց մի վատ սովորության մասին, որը ես պետք է ուղղեմ»:

    Պատասխանները գտա սուրբ գրություններում:

    Երբ երաժշտությունը փոխվեց «ավելի լավ երաժշտության, ես նկատեցի, որ ավելի արդյունավետ եմ, ավելի դրական և Հոգուն ավելի ենթարկվող: Տրամադրությունս փոխվեց, իսկ ուրիշների հետ շփումներս ավելի ներշնչող ու սիրով լի դարձան»։

    «Ամեն անգամ, երբ որոշում էի առաջնահերթություն տալ հոգևոր պահերին, մնացած ամեն ինչ իր տեղն էր ընկնում»:

    «Իմ ժամանակը բազմապատկվեց, երբ տնային աշխատանք կատարելուց առաջ կարդացի սուրբ գրությունները»:

    «Փորձելով սմուզի պատրաստել այնպես, ինչպես կպատրաստեր սուրբ երիտասարդ կինը, ես ավելի պատրաստակամ արձագանքեցի իմ սիրելի մարդու կարիքներին»:

    «Դասի գնալիս երաժշտություն լսելու փոխարեն ես զրուցեցի մեկ այլ չափահաս երիտասարդի հետ, երբ սպասում էինք հետիոտնային անցումի մոտ: Ես ընկերացա նրա հետ, երբ լսում էի, թե որքան լարված է նա, երբ վկայեցի նրան, որ Տերն իր համար ծրագիր ունի, և որ ամեն ինչ լավ կլինի նրա համար»:

    «Երբ վարում էի իմ մեքենան, ինչպես կվարեր սուրբ երիտասարդ չափահասը, ես ավելի հանգիստ և ավելի համբերատար էի ինձ պահում»:

    «Երեք օր շարունակ առավոտյան և երեկոյան հեռախոսս ստուգելու սովորության փոխարեն կարդում էի սուրբ գրությունները։ Ամեն անգամ ես ինձ լավ էի զգում։ Ես աղոթում էի միսիոներական փորձառությունների համար, փնտրում էի մեկին, ում համար կարող էի բարություն անել (ինչպես Քրիստոսը կաներ)»: Ո՞րն էր արդյունքը։ «Ես հանդիպեցի նոր մարդկանց, ովքեր նույնպես զբաղված ուսանողներ էին: Մենք հիանալի զրույցներ ունեցանք Աստծո և կրոնի մասին, և նրանք այժմ ցանկանում են հանդիպել միսիոներների հետ»:

    «Ես բախվեցի մի բանի, որը վախեցնում է ինձ, որը, հավանաբար այդքան չվախեցներ ինձ, եթե ակտիվորեն չփորձեի ավելի սուրբ լինել: Ի վերջո, վախին առերեսվելը օգնեց ինձ ավելի վստահ զգալ տվյալ ոլորտում, ինչի համար ես վերջերս աղոթում էի»։

    «Ես փորձում էի ավելի սուրբ լինել, երբ խնամում էի իմ երկու կրտսեր զարմիկներին: Ամբողջ երեկո ես փորձում էի ավելի շատ լինել Քրիստոսի նման․ ասել այն, ինչ Նա կասեր և վարվել այնպես, ինչպես Նա կվարվեր: Ես երբեք ավելի հրաշալի ժամանակ չէի անցկացրել նրանց հետ: Ես ավելի շատ էի մտածում նրանց մասին և ավելի քիչ՝ իմ մասին»:

  4. Տես Ա Կորնթացիս 3.16–17:

  5. Բ. Հ. Ռոբերթսի մեկնաբանությունը այն մասին, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը ապրել իր կյանքը. տես Բ. Հ. Ռոբերթս, The History of the Church of Jesus Christ of Latter-day Saints ներածությունը, 2-րդ հրտ․, (1980), 6:xlii։

  6. Վարդապետություն և Ուխտեր 60․7։