2018 թվականի հոգևոր հավաքներ
Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը


Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը

Երեկո Երեց Քիրոնի հետ

Չափահաս երիտասարդներիհամաշխարհային հոգևոր հավաք • մայիսի 6, 2018թ․ • Բրիգամ Յանգ Համալսարան–Այդահոյի կենտրոն

Ես անչափ երախտապարտ եմ Ջենի համար, ով բացառապես ապրում է ըստ իր ուսուցանածի։ Նա գիտի, թե ով է ինքը և ուրախ է այդ հասկացողության համար։ Նա ամենուր համարձակ կիսվում է ուրիշների հետ այդ գիտելիքով։ Շատ ուրախ եմ, որ Եկեղեցուն միանալուցերկու տարի անց մենք հանդիպեցին։ Նա այդ օրից ի վեր դարձավ իմ օրհնյալ օրինակը և շարունակում է այդպիսին մնալ։

Հրաշալի է մտածել աշխարհով մեկ հավաքված բոլոր մարդկանց մասին։ Լենդոնի բացման գեղեցիկ աղոթքի ոգով ես նույնպես աղոթում եմ, որ դուք ստանաք այն, ինչի կարիքն ունեք, որ եթե ոգեշնչման կարիք ունեք, ստանաք այն։ Եթե որևէ բացառիկ բանի կարիք ունեք, ապա այն տրվի ձեզ։ Մի մեծ ուժ են պարունակում այսպիսի հավաքները, երբ պատրաստվում ենք այսպիսի պահերի համար։ Հավաքների մեջ զորություն կա։ Եթե բժշկման կարիք ունեք, թող որ բժշկվեք։ Եթե սփոփանքի կարիք ունեք, թող որ սփոփվեք։ Եթե խաղաղության կարիք ունեք, թող որ ստանաք խաղաղություն։ Եթե քննությունների հետ կապված օգնության կարիք ունեք, կարծում եմ շատերիդ համար կիսամյակը դեռ չի ավարտվել, բայց եթե դրա ժամանակը գա, թող որ դուք ստանաք այդ օգնությունը։

Աղոթում եմ, որ երբ ստանաք հուշում և ձեր պատասխանը, դուք այնքան ուժ և համոզում ունենաք, որ գործեք ըստ դրա, այլ ոչ թե հետ դառնաք ձեր նախկին սովորույթներին։ Եթե փոփոխության կարիք ունենաք, եթե նորոգված ուժի և հավատքի կարիք ունենաք, թող որ դուք ստանաք այդ պարգևը։

Երբ 15 թե 16 տարեկան էի, ես պարփակված էի ինքս իմ մեջ և ունեի անհանգիստ, անորոշ և խոցելի զգացմունքներից շատերը, որոնք ունենում են դեռահասները։ Այդ զգացմունքներից մի քանիսը մնացին, բայց առավել խորն էին դեռահաս տարիքում։ Ես զգում էի մոլորված, ամաչկոտ և անհարմար։ Չէր օգնում նաև այն փաստը, որ սովորում էի Անգլիայի ծովափին գտնվող փոքր-ինչ մեկուսի գիշերօթիկ դպրոցում։ Ծնողներս ապրում էին հեռվում՝ Սաուդյան Արաբիայում։ Հոգվարթսի ու Սնեյփի դպրոցներն ավելի լավն էին իմ դպրոցի համեմատ։

Վատ եղանակը հատուկ էր ծովափնյա տարածքներում, սակայն մի անգամ ձմռանը, մի հուժկու փոթորիկ բարձրացավ Իռլանդական ծովի վրա, որտեղ քամու ուժգնությունը հասնում էր 80 կմ/ժամ արագության։ Ծովը ջարդեց պաշտպանությունը, իսկ որոշ տեղերում անցավ դրա վրայով։ Իսկ հետո, շրջակա տարածքում շուրջ 5000 տուն հեղեղվեց և մարդիկ մնացին կտրված արտաքին աշխարհից, առանց էլեկտրաէներգիայի կամ իրենց տները ջեռուցելու և լուսավորելու որևէ հնարավորության, իսկ սննդի պաշարները վերջանալու վրա էին։

Երբ ջրհեղեղը հանդարտվեց, մեզ դպրոցից ազատ արձակեցին։ Մինչ այդ պահը ես բնական աղետների ականատես չէի եղել և զարմացա, երբ տեսա այն մոտիկից։ Ամենուր ջուր և ցեխ էր: Ջրհեղեղից տառապած մարդկանց դեմքերը գունատ ու հյուծված էին։ Օրեր շարունակ զրկված էին եղել քնից։ Ես և իմ դասընկերները լծվեցինք աշխատանքի՝ բարձրացնելով ջրի տակ գտնվող իրերը վերևի հարկեր, որտեղ դրանք կարող էին չորանալ և հանեցինք ջրհեղեղից վնասված գորգերը։ Հիշում եմ, թե խոնավ գորգերը որքան ծանր էին, և որքան զզվելի էր տներից եկող գարշահոտը։

Ինձ զարմացրեց մեր և այն մարդկանց միջև ձեռք բերված ընկերությունը, որոնց օգնում էինք։ Բացառիկ հանգամանքներում արժանի գործով միավորված մարդկանց միջև տիրում էր մի հիանալի, բարի դրացիական զգացում: Ավելի ուշ ես նկատեցի, որ բոլոր այն անհանգստացնող զգացմունքները, որոնք միշտ պտտվում էին իմ դեռահաս գլխում, լքեցին ինձ, երբ ես ներգրավվեցի մեր մերձավորներին օգնելու այդ մեծ գործում:

Ես կուզենայի, որ այդ զգացումը շարունակվեր, բայց այդպես չեղավ։ Այն բացահայտումը, որ ուրիշներին օգնելիս ես ազատվում էի իմ մռայլ, ինքնամեկուսացված վիճակից, պետք է որ առանցքային լիներ: Բայց այդպես չեղավ, որովհետև այդ բացահայտումը խորը արմատներ չգցեց, և ես խորապես չմտածեցի, թե ինչ տեղի ունեցավ։ Ես դա ավելի ուշ հասկացա։ Հավանաբար, դուք ձեր կյանքում դրանում համոզվել եք։ Օգտակար կլինի, եթե հիշեք, թե երբ և ինչպես եք դրանում համոզվել ձեր կյանքում։

Գերագույն համաժողովին հնչեցրած սպասավորելու հրավերը

Այդ մասին ես մտածում էի գերագույն համաժողովի ընթացքում։ Ես իսկապես շատ բախտավոր եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ խոսելու մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած այդ պատմական համաժողովից անմիջապես հետո։ Ես դեռ հիշում եմ ստացած տպավորությունները, խաղաղությունը և էներգիայի հոսքը։

Համաժողովի ուղերձները կենտրոնանում էին այն շարունակական կոչի վրա, որ պետք է ծառայենք Փրկիչի նման և դա անենք սիրուց դրդված ու հասկանանք, որ մեզ շրջապատող բոլոր մարդիկ Երկնային Հոր զավակներն են։ Մենք կծառայենք ոչ թե այն պատճառով, որ մեր ծառայությունը կհաշվարկվի և կչափվի, այլ այն պատճառով, որ մենք սիրում ենք մեր Երկնային Հորը և ձգտում ենք ավելի բարձր ու ազնիվ գործերի՝ օգնելով մեր ընկերներին գտնել և մնալ այն ուղու վրա, որը տանում է տուն՝ դեպի Նա։ Մենք կսիրենք և կծառայենք մեր մերձավորներին, ինչպես Հիսուսը կաներ մեր փոխարեն, և կփորձենք իսկապես բարելավել մարդկանց կյանքը և թեթևացնել նրանց բեռները: Դրանից է գալիս ուրախությունն ու տևական բավարարվածությունը, ինչպես տվողի, այնպես էլ ընդունողի համար, քանի որ մենք կիսում ենք մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Աստծո հավերժական սիրո և անսահման արժեքը գիտակցելու և զգալու պտուղները։

Այդ ուղերձը Նախագահ Նելսոնն ամփոփեց հետևյալ ձևով․ «Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ կլինի Աստծո զավակներին և նրանց ընտանիքներին ծառայելու կազմակերպված և ուղղված ջանքերը։ Քանի որ սա Նրա Եկեղեցին է, մենք՝ Նրա ծառաները, կծառայենք անհատին, ինչպես Նա ծառայեց։ Մենք կծառայենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ»։1

Երբ հիշում եմ այն, ինչ մեզ ուսուցանվեց, ես գիտակցում եմ, որ եթե ուշադրություն դարձնենք սպասավորության այս կոչին, մենք հնարավորություն կունենանք մտածել ուրիշների մասին, աճել հավատքով, վստահությամբ և երջանկությամբ, չկենտրոնանալ ինքներս մեզ վրա և հաղթահարել դատարկության և մռայլության զգացումը։ Կցանկանայի, որ դա հասկանայի իմ կյանքի ավելի վաղ փուլերում։ Բայց, ես անչափ շնորհակալ եմ, որ տարիների ընթացքում ավելի շատ եմ սովորել դրա մասին և մեզ անընդհատ հիշեցվել է այդ մեծ ճշմարտության մասին։

Այդ տեսակ սպասավորության օգուտներն ու օրհնությունները

Այդ տեսակ ծառայության, սպասավորության կամ աշակերտության գեղեցկությունն այն է, որ այն օգնում է ուրիշներին անհաշվելի և բազմաթիվ ձևերով, բայց դա նաև փոխակերպում է մեզ՝ օգնելով չկենտրոնանալ մեր անհանգստությունների, մտավախությունների, հուզմունքների և կասկածների վրա: Նախ և առաջ, ծառայությունը պարզապես շեղում է մեր խնդիրներից, սակայն շատ արագ վերափոխվում է ավելի բարձր և ավելի գեղեցիկ զգացմունքների։Մենք սկսում ենք լույս և խաղաղություն զգալ՝ գրեթե բնազդաբար։ Մենք հանգստություն, ջերմություն ու սփոփանք ենք զգում։ Եվ մենք ուրախություն ենք զգում, որն այլ եղանակով չէինք զգա։ Այդ պարգևները տրվում են մեզ շատ ավելի մեծ չափով, քան մեր կատարած գործերն են՝ ուրիշներին օգնելու առումով։

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը դա հետևյալ կերպ է բացատրել․ «Սուրբ գրություններում հիշատակված առատ կյանքն այն հոգևոր հանրագումարն է, որը տրվում է՝ ուրիշներին մեր ծառայությունը բազմապատկելու և մեր տաղանդներն Աստծուն և մարդուն ծառայեցնելու շնորհիվ»։2 «Ուրիշներին ծառայելիս մենք ավելի ինքնուրույն ենք դառնում և իրականում, մենք ավելի հեշտ ենք «գտնում» ինքներս մեզ, քանի որ մեր մեջ գտնելու շատ բան կա»։3

Վերափոխման օրինակներին ականատես ենք լինում սպասավորելիս և ընդհակառակը, երբ մենք չենք սպասավորում։

Սա այն փոփոխությունն է, ինչը նոր միսիոներները հայտնաբերում են, երբդադարում են անհանգստանալ իրենց մասին և հարցնում են, թե «ո՞ւմ կարող եմ օգնել, և ինչպես»: Նրանք դադարում են մտածել իրենց մասին և կատարում են իրենց նպատակը և հոգիներ են բերում դեպի Քրիստոսը։ Այդ հասկացողությունը շատ դժվար է ձեռք բերվում միսիոներների կողմից։ Նրանք կարող են այնքան զբաղված լինել նոր վայրով, տարբեր մարդկանցով, սնունդով, մշակույթով և դժվար լեզուն սովորելով, որ շատ դժվար է մտածել ուրիշների մասին և ծառայել։ Սակայն, երբ նրանք անում են դա, ապա ամեն ինչ փոխվում է նրանց համար։ Նրանք դադարում են անհանգստանալ, անցնում են իրենց առջև դրված անձնվեր գործին և խաղաղությամբ ու նպատակի զգացումով բացահայտում են մի նոր հարթություն իրենց միսիայի և իրենց կյանքի համար։

Ցավոք, միսիոներները դա բացահայտում են տուն վերադառնալուց հետո, երբ սկսում են բավարարել իրենց կյանքի հաջորդ փուլի կարիքները՝կրթություն, աշխատանք կամ անձնական ու ընտանեկան մտահոգություններ։ 18 ամսից մինչև 2 տարի անցկացնելով միսիայում նրանք սովորում են, որ մենք առավել երջանիկ ենք, երբ մտահոգված չենք ինքներս մեզանով կամ ինչպես Նախագահ Հինքլին է ասել, երբ մոռանում ենք մեզ և գնում աշխատելու։ Հաճախ, երբ նրանք միսիայից վերադառնում ենհետևում թողածիրենց կյանքին,վերադառնում են իրենց ինքնակենտրոն սովորույթներին, որոնք այդ կյանքի մասն են կազմել։ Մասնավորապես, նրանք կրկին սկսում են մտահոգվել իրենց կյանքով՝ իրենց գործերով, իրենց տեսքով կամ խոսքով, և թե ուրիշներն ինչ են մտածում իրենց մասին։

Անշուշտ, ինչպես արտաքին աշխարհին նայելն ուուրիշներին օգնելն է բերում է լույս, խաղաղություն և ուրախություն, այնպես էլ եսասիրությունը բերում է կասկածներ, անհանգստություն և մռայլություն:

Մի քանի ամիս առաջ մի փորձառություն ունեցա, երբ երկար ժամեր արթուն էի և չէի կարողանում քնել։ Ի վերջո, կանգնեցի և սենյակում մի քիչ քայլեցի, որից հետո վերադարձա անկողին և կրկին փորձեցի քնել։ Ես նորից չէի կարողանում քնել և հանկարծ մի վերափոխող միտք ծագեց․ «Մի մտածիր ինքդ քո մասին»։ Իսկ հետո հարց ծագեց․ «Ո՞ւմ կարող եմ օգնել»։ Ես պառկել էի և ջերմեռանդ աղոթում էի․ «Ո՞ւմ կարող եմ այժմ օգնել և ինչպես»։ Տպավորություն ստացա կապ հաստատել ընկերոջս հետ ու խրախուսել նրան։ Դա մեծ բան չէր, սակայն հաջորդ առավոտ ես արձագանքեցի և հուսով եմ բարի գործ կատարեցի։ Գիտեմ, որ, երբ այդ մասին մտածելով աղոթեցի, հարցնելով ում կարող եմ օգնել, ես գտա այն խաղաղությունը, որը չէի կարողանում գտնել, և ի վերջո, կարողացա քնել։

Փրկիչի սպասավորության օրինակներ

Փրկիչը «ման եկավ բարին անելով»,4 միշտ գտնելով մեկին, ում կարող էր օգնել և «հարստահարվածներին բժշկելով»։5 Նա անընդհատ օրհնեց, սովորեցրեց և առաջնորդեց ուրիշներին՝ փոխել իրենց տեսակետը և հետևաբար, իրենց կյանքը: Ուսանելի է, որ երբ նա կանչեց Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին հետևել իրեն, նրանք անմիջապես փոխեցին իրենց ուղղությունը և կենտրոնացումը․ «նորանք շուտով իրենց ուռկանները թողած նորա ետևից գնացին»։6

Ավելի ուշ, խաչելությունից հետո, երբ Փրկիչին ամենադաժան ձևով տարան նրանց կյանքից, նրանք վերադարձան իրենց ձկնորսությանը, այն ամենին, ինչը նրանք գիտեին անել: Մի առիթով, հարություն առած Փրկիչը երևաց նրանց, երբ նրանք ապարդյուն ձուկ էին որսում։ «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք։ Նրանք գցեցին և ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել»:7 Դա ցույց էր տալիս, որ Նա չէր կորցրել Իր ուժերը, նաև շատ համարձակ պատկերում է, որ նրանք նայում էին սխալ տեղում և կենտրոնանում էին սխալ բանի վրա: Երբ ափին միասին ձուկ էին ուտում, Փրկիչը երեք անգամ հարցրեց Պետրոսին, թե արդյոք նա սիրում էր Իրեն: Յուրաքանչյուր անգամ, և անհանգստության աճող զգացողությամբ, Պետրոսը պատասխանեց, որ սիրում էր: Պետրոսի յուրաքանչյուր պատասխանից հետո, Հիսուսը խնդրեց նրան արածեցնել իր ոչխարներին։

Ինչո՞ւ Փրկիչը երեք անգամ հարցրեց Պետրոսին, թե արդյոք նա սիրում էր Իրեն: Նախկինում, Պետրոսն անմիջապես արձագանքել էր իրեն հետևելու Հիսուսի կանչին՝ թողնելով իր ձկնորսությունը։ Բայց, երբ Հիսուսը հեռացավ նրանցից, Պետրոսը տրտմեց. նա մոլորվել էր։ Նա վերադարձավ այն միակ գործին՝ ձկնորսությանը, որին, իր կարծիքով, լավ էր տիրապետում։ Այժմ, Հիսուսը ցանկանում էր, որ Պետրոսն իսկապես լսեր Իրեն և հասկանար այս անգամվա հրավերի կարևորությունը։ Նա ցանկանում էր, որ Պետրոսը հասկանար, թե ինչ էր նշանակում լինել հարություն առած Քրիստոսի աշակերտն ու հետևորդը, այժմ, երբ նա այլևս ֆիզիկապես չի լինի իրենց կողքին: Ի՞նչ էր Տերը ուզում Պետրոսից։ Նա ուզում էր, որ Պետրոսն արածեցնի Իր ոչխարներին, Իր գառներին։ Դա մի աշխատանք էր, որը պետք է կատարվեր։ Պետրոսը հասկացավ իր Տիրոջ այս նուրբ, ուղիղ կոչը և ավագ Առաքյալն արձագանքեց՝ համարձակ և անվախ՝ իր կյանքի մնացած մասը նվիրելով այն սպասավորությանը, որին կանչվել էր։

Ինչպե՞ս է դա վերաբերում ձեզ։

Վերականգնման շնորհիվ այժմ Երկրի վրա ունենք մեկ այլ ավագ Առաքյալ։ Նախագահ Նելսոնը՝ Հիսուսի ոչխարներին արածեցնելու հրավերը հղում է ձեզ և ինձ։ Գերագույն համաժողովի ժամանակ մենք այդ հրավերը լսեցինք հնարավոր ամենահստակ և ամենաքնքուշ ձևով։ Մենք տպավորվեցինք և ոգեշնչվեցինք, բայց արդյո՞ք մենք փոխվեցինք։ Շրջապատում մեր ուշադրությունը շեղող հանգամանքների և մեզ զարմացնող ավելի քիչ երևույթներով հանդերձ, մեր մարտահրավերն այսօր այդ հրավերին արձագանքելն ու գործելն է՝ իրականում կատարելով որևէ գործ, կատարելով իրական փոփոխություն և ապրելով ուրիշ կերպ։

Սպասավորելու կոչին ի պատասխան ձեր հարցը կարող է հնչել․ «Որտե՞ղից սկսել»։ Սկսեք աղոթքով: Նախագահ Նելսոնը կոչ արեց մեզ «վեր բարձրանալ [մեր] ներկա հոգևոր ունակությունից անձնական հայտնություն ստանալու համար, քանի որ Տերը խոստացել է, որ «եթե [ձգտես], դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղաղարար բաները,– որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական [ՎևՈւ 42:61]»:8

Հարցրեք ձեր Երկնային Հորը, թե ինչ անեք և ում համար անեք։ Բարության ցանկացած փոքր արարք թույլ է տալիս նայել մեր շուրջը և բերել իր օրհնությունները։ Արձագանքեք ձեր ստացած բոլոր տպավորություններին, որքան էլ աննշան դրանք լինեն։ Գործեք ըստ դրա։ Դա կարող է լինել բարի խոսքերով տեքստային մի հաղորդագրություն որևէ մեկին, ով դրան չէր սպասում։ Միգուցե դա որևէ ձևի ուղերձ լինի։ Միգուցե, դրանք ծաղիկներ, թխվածքաբլիթներ կամ բարի խոսքեր լինեն։ Գուցե ավելին է, ինչպես օրինակ՝ այգին կամ բակը մաքրելը մեկի համար, ով նախկինի պես չի կարողանում տեղաշարժվել, լվացք անելն է, մեքենան լվանալը, խոտ հնձելը, ձյունը մաքրելը կամ պարզապես ընկերոջը լսելն է, երբ նա կիսվում է իր խնդիրների մասին։

Ինչպես Քույր Բինգհեմն է ձևակերպել․ «Երբեմն մենք կարծում ենք, որ պետք է մեծ ու հերոսական գործ կատարենք, որպեսզի «համարվի», որ ծառայել ենք մեր մերձավորներին: Սակայն ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր և ուրիշների վրա»։9

Հնարավոր է, առաջին քայլն անելիս վարանեք և պատճառաբանեք, որ ժամանակ չունեք, կամ չեք կարող որևէ բան փոխել, բայց կզարմանաք, թե որքան բան կարող է փոխել փոքրիկ արարքը։

Եթե մտահոգվեք մի ընկերոջ մասին, ով հեռանում է Եկեղեցուց և կորցնում է երբեմնի պայծառ հավատքն ու հույսը, հրավիրեք նրան միանալ ձեզ և կատարել որևէ ծառայություն կամ սպասավորություն։ Աստծո գործերի հանդեպ սրտերը մեղմելու և մեր կյանքում Նրա սերը վերագտնելու ավելի լավ միջոց չկա, քան կարիքի մեջ գտնվող մեկին իմաստալից կերպով ծառայելը:

Ծառայության և սպասավորության նպատակը մեզ համար

Մենք անընդհատ պետք է հարց տանք ինքներս մեզ, թե ինչու ենք ծառայում և սպասավորում։ Մենք մեր Երկնային Հոր զավակներն ենք երկրի վրա, որպեսզի բազմաթիվ փորձառությունների միջոցով սովորենք ու աճենք, որպեսզի ավելի ամբողջական լինենք, երբ վերադառնանք Նրա մոտ: Երբ սովորենք մեր մասին մտահոգվելու փոխարեն մտածել ուրիշների մասին և ծառայել միմյանց, ապա մենք կիրագործենք այստեղ գտնվելու մեր նպատակի մի մասը։ Փաստորեն, այն դրա շատ կարևոր մասն է կազմում։ Ուրիշների մասին մտածելու և կարիքավորներին սպասավորելու հրաշքն այն է, որ այդ գործընթացում մենք սովորում ենք, որ կարող ենք մոռանալ մեզ և մեր սեփական խնդիրները:

Նախագահ Նելսոնը ձեզ և ինձ համար ծառայության ավելի բարձր ու ավելի սուրբ օրինակ է սահմանում։ Երբ արձագանքենք այդ հրավերին, մենք կհասկանանք, թե որքան բավարարող, թեթևացնող ու հանգստացնող է դա, և թե ինչպես կարող ենք ուրիշների համար փոփոխության ու սփոփանքի գործակալներ դառնանք։

Երբ տաճարում ստանաք օժտում և ծառայեք միսիայում, հնարավոր է գայթակղվեք և ասեք, «Դե, ես արդեն ավարտեցի։ 18 ամիս կամ 2 տարի ես լիաժամկետ ծառայել եմ։ Այժմ, մեկ ուրիշի հերթն է»։ Նույնը կարելի է ասել ամուսնանալուց հետո։ Մենք կարող ենք մտածել․ «Դե, ես ամուսնացա։ Այժմ, ընդմիջման ժամանակն է»։ Սակայն, այս տեսակ սպասավորությունը չի դադարում։ Դա կյանքի ուղին է։ Մենք կարող ենք դադարեցնել մեր ամենօրյա գործերը և արձակուրդ վերցնել՝ հանգստանալու և վերականգնվելու համար, «թուլացնելով աղեղի լարը», ինչպես Ջոզեֆ Սմիթն է ասել։10 Նրա նման իրար սիրելու և Նրա գառներին արածեցնելու մեր ուխտյալ պատասխանատվությունը երբեք կանգ չի առնում։

Ես այդ տեսակ սպասավորություն ստացել եմ իմ կյանքում և նաև խաղաղություն ու ուրախություն եմ գտել, երբ ուրիշներին օգնելիս գործիք եմ եղել Աստծո ձեռքերում։

Ջենը նկարագրեց այն պայքարը, որը մենք մղել ենք մեր նորածին որդու կյանքի համար։ Նրա կորստից հետո մենք կասկածում էինք, որ երբևէ կարող ենք վերականգնվել։ Այդ ժամանակ մենք ստացանք սիրո, բարության և օգնության արտասովոր դրսևորում՝ մեր ընտանիքի և ընկերների կողմից, ինչպես նաև այն մարդկանց կողմից, որոնց գրեթե չէինք ճանաչում։ Մի սիրելի զույգ, ովքեր արդեն սիրելի ընկերներ էին մեզ համար, ամբողջ ժամանակ մշտական սպասավորներ էին: Նրանք մնացին մեր կողքին, աղոթելով մեզ հետ և մեզ համար, և օրհնություններով, սննդով, մխիթարական խոսքերով, ինչպես նաև լռությամբ կիսվելով մեզ հետ։ Ինչ-որ ձևով նրանք միշտ հայտնվում էին, երբ ծայրահեղ տեղեկություններ էին ստացվում, կամ երբուժասպառ էինքև ցավով լի: Տարիների ընթացքում նրանք ցույց են տվել, որ դա կյանքի իրենց ուղին է։ Նրանք լուռ ու շարունակաբար սպասավորել են։

Համաշխարհային Եկեղեցու սպասավորությունը

Եկեղեցու Եվրոպայի տարածաշրջանում ծառայելու վերջին մի քանի տարիների ընթացքում ապրում էինք Գերմանիայում, որտեղ ականատես եղա, թե այս սկզբունքն ինչ զարմանալի արդյունք է տալիս, երբ Եկեղեցու անդամները և այլ հավատքների մեր ընկերները միավորվեցին և օգնեցին հազարավոր փախստականների, ովքեր կորցրել էին ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում դեռևս մոլեգնող պատերազմից և ավերվածություններից փախչելիս։ Երբեմն, հազարավոր մղոններ քայլելուց հետո նրանք գալիս էին իրենց հետ կրելով անձնական իրերի փոքր պայուսակներ։ Տեսնելով կարիքը, տեսնելով եղբայրներին ու քույրերին, տեսնելով Նրա գառներին, մեր ժողովուրդը խառնվեց, որպեսզի օգնի, հագցնի, կերակրի, պատսպարի և սփոփի այդ փախստականներին, ովքեր կորցրել էին ամեն ինչ։ Այդպես վարվելով, այդ մարդիկ վերափոխվեցին։ Նրանք օրհնվեցին լույսով, եռանդով և ուրախությամբ, որը նրանք նախկինում չէին զգացել, կամ որը խամրել էր, երբ կենտրոնացել էին իրենց վրա և կյանքի կենցաղային խնդիրների վրա։ Մեր ժողովուրդը օգնության այդ աշխատանքը կատարում է ամբողջ աշխարհով մեկ։

Փախստականները անմիջական և ակնհայտ կարիքներ ունեն, բայց մեր շրջապատում կան ուրիշ մարդիկ, որոնց խնդիրները կարող են այդքան ակնհայտ չլինել, ովքեր կարիք ունեն մեր օգնության և մենք նույնպես նրանց օգնելու կարիքն ունենք։ Մեր սպասավորությունը և ծառայությունը չպետք է լինի աշխարհի մյուս կողմում: Շատ դեպքերում ավելի լավ է, որ այն մոտ է մեր տանը։

Ես շատ հպարտ եմ, որ մի եկեղեցու անդամ եմ, որը կիրառում է այդ սկզբունքը։ Միայն անցած տարի, կամավորները ավելի քան 7 միլիոն աշխատաժամանակ են նվիրաբերել՝ կարիքավորի համար սնունդ աճեցնելու, մշակելու և բաժանելու համար։ Կրկին, անցած տարի Եկեղեցին մաքուր ջրով ապահովել է կես միլիոն մարդկանց, ովքեր հակառակ դեպքում չէին ունենա այդ հնարավորությունը։ Քառասունինը հազար մարդկանց անվասայլակ է տրամադրվել 41 երկրներում։ 40 երկրներում կամավորները վերականգնել և վերապատրաստել են տեսողության խնդիրներ ունեցող 97,000 շահառուների տեսողությունը։ 38 երկրներում երեսուներեք հազար շահառուներ անցել են մայրական և նորածնային խնամքի վերապատրաստում։ Նույնիսկ չեմ նշում «Օգնող Ձեռքեր» նախաձեռնությունը, որտեղ հարյուր հազարավոր անդամներ նվիրաբերել են միլիոնավոր ժամեր օգնության համար։ Նրանք արագ օգնության են հասել մեծ և փոքր աղետներից տուժածներին, ինչպես նաև բարեկարգել իրենց շրջապատը և համայնքները։

Եկեղեցու խոստումնալից JustServe նախաձեռնությունը, որը հրաշալի վայր է հանդիսանում ձեր տարածքում ծառայության հնարավորություններ փնտրելու համար, արդեն ունի 350,000 գրանցված կամավորներ, ովքեր միլիոնավոր ժամեր են ներդրել իրենց համայնքներին օգնելու համար։

Սա գործողությունների եկեղեցի է։ Այդ կերպ ենք մենք վարվում։ Այդ կերպ եք դուք վարվում։ Թող որ դա լինի ձեր եսը որոշող առանձնահատկությունը։ Այդ ձևով ենք մենք գտնում ուրախություն ու խաղաղություն, քանի որ դա ամենաբարձր, ամենալավ ու ամենաշոշափելի եղանակներից է՝ Փրկիչի օրինակին հետևելիս։

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդն ասել է․ «Մեծ բաներն առաջ են եկել հասարակ և փոքր բաներից: Ինչպես ոսկու փոքրիկ մասնիկները կուտակվում և ժամանակի ընթացքում դառնում են մեծ գանձեր, երբ ամեն անգամ մենք իրար օգնության հասնենք, բարության և ծառայության մեր փոքր ու հասարակ արարքները կկուտակվեն ու կդառնան Երկնային Հոր հանդեպ սիրով լցված, Տեր Հիսուս Քրիստոսի գործին նվիրված և խաղաղության ու ուրախության զգացումով լի կյանք»։11

Ծառայության երեք տեսակները

Կցանկանայի ընդգծել ծառայության այն երեք հիմնական տեսակները, որոնց մենք բոլորս առնչվում ենք։

Առաջինը ծառայության այն տեսակն է, որը եկեղեցում պարտականությունից ելնելով հանձնարարում են մեզ կամ հրավիրում են կատարել։ Դրա մասին գերագույն համաժողովի ժամանակ հրաշալի և ոգեշնչող կերպով ելույթներ են հնչել։ Մենք կձգտենք մատուցել այն տեսակ սպասավորություն, որը գնահատվում է, ոչ թե չափվում, որտեղ մենք մտածում, աղոթում և օգնում ենք նրանց, ում մասին հոգ տանելու պատասխանատվություն ենք ստանձնել։

Երկրորդը, ծառայության այն տեսակն է, որը մենք կատարում ենք մեր կամքով։ Սա առաջինի լրացումն է, որը մեր ամենօրյա արարքների և շփումների մասը կկազմի, երբ ավելի գիտակցաբար ձգտենք մոռանալ մեզ և մտածենք մյուսների մասին։ Այդտեղ չկա պաշտոնական հանձնարարություն, սակայն մենք շարժվում ենք Քրիստոսին հետևելու ցանկությամբ՝ լինելով ավելի բարի ու հանդուրժող շրջապատող մարդկանց հանդեպ։ Բարության և մեծահոգության գործերը փոխում են սրտերը և հանգեցնում են ավելի ջերմ, ավելի իմաստալից փոխհարաբերությունների:

Երրորդը հանրային ծառայությունն է։ Նույնիսկ ձեր տարիքում կարող եք ծառայել դպրոցների խորհուրդներում, բարեգործական կազմակերպություններում և տեղական, տարածաշրջանային և ազգային կառավարություններում։ Ես կհորդորեի տղամարդկանց և կանանց նման կերպ վարվել։ Եթե նպատակահարմար է, մտեք քաղաքականության մեջ՝ կենտրոնանալով ծառայության վրա և ամրապնդելով անհատներին ու համայնքներին։ Խուսափեք քաղաքական տրոհումներից, որը դարձել է այնքան բևեռացած, կոպիտ ու կործանարար՝ համայնքների, երկրների ու մայրցամաքների համար։ Միացեք այլ քաղաքական գործիչներին, ովքեր իրենց իրավասության շրջանակում և դրանից դուրս ընդհանուր նպատակ են հետապնդում՝ բժշկելու անհանգիստ կյանքերը։ Դուք կարող եք հավասարակշռված մտքով աջակցել հասարակության բոլոր ոլորտներում արդարության հաստատմանը: Առկա է ձեր եռանդը քաղաքացիական այդ տեսակ արժանի գործին ներդնելու աճող անհրաժեշտություն։

Երբ մենք կարդում ենք նորությունները, մեզ կարող է թվալ, որ աշխարհն ավելի վատ է դառնում։ Եթե մեզանից յուրաքանչյուրը ամեն օր փոքր և մեծ գործեր կատարի, մենք կարող ենք փոխել մեր և շրջապատող մարդկանց աշխարհը։ Երբ ծառայեք ձեր մերձավորին և ծառայեք ձեր մերձավորի հետ ձեր համայնքում, դուք ձեռք կբերեք ընկերներ, ովքեր կցանկանան ծառայել ձեզ նման։ Այդ ընկերությունները կամրապնդվեն և կապող կամուրջներ կդառնան մշակույթների և հավատքների միջև։

Անտուան դը Սենտ Էքզյուպերին ասել է․ «Կյանքը սովորեցրել է մեզ, որ սերը միմյանց նայելը չէ, այլ միևնույն նպատակով ուրիշների մասին մտածելն է: Ընկերություն չի կարող ստեղծվել, եթե միևնույն վեհ գործի համար չկա միասնություն։ Նույնիսկ նյութական բարեկեցության մեր դարաշրջանում դա պիտի արդիական լինի, այլապես, ինչպե՞ս պետք է բացատրենք մեր այն երջանկությունը, որը զգում ենք մեր վերջին պատառը անապատում գտնվող մարդկանց հետ կիսվելիս»:12

Եզրակացություն

Եթե բոլորդ արձագանքեք սպասավորելու այն հրավերին, որը Հիսուսն արեց, դուք կվերափոխվեք և եսասեր լինելու փոխարեն կդառնաք անձնազոհ։ Դուք կբացահայտեք այն ուրախությունը, որը գալիս է Փրկիչի ձևով ծառայելու արդյունքում, ձեր ետևում թողնելով ձեր մտահոգությունները, անորոշությունները և մռայլությունը, որը հետևանք է ձեր գիտակցված անբավարարվածության։

Միգուցե, այս ելույթը լսելիս մի անուն կամ մի գործ ծագեց ձեր մտքում։ Հավանաբար, դա Հոգու հրավերն է, և հավանաբար, դուք ստացել եք դա նախկինում նույնպես։ Օգնության հասեք, փնտրեք և բարձրացրեք: Այսօր արձագանքեք այս հրավերին և աղոթեք, որպեսզի իմանաք, թե ինչ կարող եք անել։ Երբ տեսնեք և զգաք այն օրհնությունները, որոնք գալիս են այդ մարդկանց սպասավորելիս, դուք ցանկություն կունենաք ամեն օր գործելու այդպես։

Մեր ամենաբարձր և լավագույն ձգտումն է՝ Աստծո բոլոր զավակների հետ կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանի լույսով, հույսով, ուրախությամբ և նպատակով և գտնել տունդարձի ուղին։ Օգնությունը, ծառայությունը, սպասավորությունը ավետարանի գործողության դրսևորումներն են։ Երբ դարձնենք դա կյանքի նպատակ, մենք կհասկանանք, որ դա միանշանակ արդյունավետ է և այդպես մենք կարող ենք գտնել այն խաղաղությունն ու ուրախությունը, որը, հնարավոր է, հեռացել էր մեզանից:

Թույլ տվեք կրկնել Նախագահ Նելսոնի կոչը մեզ ուղղված․«Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու առանձնահատկությունը միշտ կլինի Աստծո զավակներին և նրանց ընտանիքներին ծառայելու կազմակերպված և ուղղված ջանքերը։ Քանի որ սա Նրա Եկեղեցին է, մենք՝ Նրա ծառաները, կծառայենք անհատին, ինչպես Նա ծառայեց։ Մենք կծառայենք Նրա անունով, Նրա զորությամբ և իշխանությամբ և Նրա սիրառատ բարությամբ»։13

Այդպես է ապրել Փրկիչը, և դրա պատճառով է Նա ապրել, որպեսզի կատարյալ բալասան և վերջնական բուժում ապահովի՝ ինձ և ձեզ տված Իր մեծ, անսահման և քավիչ պարգևի շնորհիվ։ Թող որ մենք առավել հոժարակամ, ավելի արդյունավետ կերպով հետևենք կենդանի Քրիստոսին, երբ ձգտում ենք դառնալ Նրա ճշմարիտ աշակերտները՝ Նրա նման սպասավորելու շնորհիվ։

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ռասսել Մ․ Նելսոն, «Սպասավորել Աստծո զորությամբ և իշխանությամբ», Լիահոնա, մայիս 2018, 69։

  2. Spencer W. Kimball,“The Abundant Life,” Ensign, July 1978, 4.

  3. Spencer W. Kimball,“The Abundant Life,” Ensign, July 1978, 3.

  4. Գործք Առաքելոց 10.38

  5. Գործք Առաքելոց 10.38

  6. Մատթեոս 4․20, շեշտադրումն ավելացված է։

  7. Հովհաննես 21․6

  8. Ռասսել Մ․ Նելսոն,«Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95։

  9. Ջին Բ․ Բինգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով» Լիահոնա, մայիս 2018, 104։

  10. See William M. Allred, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Aug. 1, 1892, 472.

  11. Մ․ Ռասսել Բալլարդ, «Գտնել ուրախություն ծառայությունը սիրելու միջոցով», Լիահոնա, մայիս 2011, 49։

  12. Antoine de Saint-Exupéry, Airman’s Odyssey (1939), 195.

  13. Ռասսել Մ․ Նելսոն, «Սպասավորել Աստծո զորությամբ և իշխանությամբ», Լիահոնա, մայիս 2018, 69։