2018 թվականի հոգևոր հավաքներ
Դուք ղեկավարներ եք


Դուք ղեկավարներ եք

Երեկո Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 14 հունվարի, 2018 • Համաժողովների Կենտրոն

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ։

Դուք հրաշալի տեսք ունեք: Դուք գեղեցիկ եք: Դուք հոյակապ եք։ Հրաշալի՜ է: Կցանկանայի ձեզանից յուրաքանչյուրին ամուր գրկել:

Անցած շաբաթը վշտի ու երախտագիտության շաբաթ էր։ Ես սիրում եմ Նախագահ Մոնսոնին։ Ես կկարոտեմ նրան: Սակայն վստահ եմ, որ նա ուրախ է կրկին լինելու Ֆրենսիսի՝ իր հավերժական զուգընկերոջ հետ։

Ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու համար։ Նաև ուրախ եմ, որ այստեղ եմ իմ սիրած Առաքյալի հետ։ Գիտեմ, որ մենք պիտի հավասարապես սիրենք բոլորին։ Սակայն իմ դեպքում, կարծես դա թույլատրելի է, քանի որ ես ամուսնացած եմ նրա հետ։

Վերջերս մենք նշեցինք մեր ամուսնության 55 տարին, և մենք շարունակում ենք սիրել միմյանց։

Եկեք խոսենք ավետարանի պտուղների մասին։ Երբ մենք ստանում ենք սիրալիր հաղորդագրություններ և շնորհավորանքներ նման իրադարձության կապակցությամբ մեր թոռներից և ծոռներից, գիտակցում ենք, թե որքան թանկ են Եկեղեցու անդամությանև ավետարանի օրհնությունները։

Ձեզանից նրանք, ովքեր ամուրի են, ամուսնալուծված կամ ապրում են ընտանեկան բարդ իրավիճակում, խնդրում եմ իմացեք, որ Աստված ճանաչում և սիրում է ձեզ, և երբ դուք հավատարիմ մնաք ձեր ուխտերին, ընտանեկան կյանքի ուրախությունը չի ուշանա կամ հեռու չի պահվի ձեզանից։ Ես չգիտեմ, թե իրականում ինչպես դա տեղի կունենա, սակայն գիտեմ, որ Տերը բավականաչափ գթություն, ողորմածություն և սեր ունի մեզանից յուրաքանչյուրի համար։ Նա իրականություն կդարձնի դա Իր ժամանակին և Իր ուղիներով:

Ես և Դիտերը մեծացել ենք Ֆրանկֆուրտի (Գերմանիա) նույն ճյուղում։ Ես գիտեի, որ նա սիրահարված էր ինձ, սակայն դա ինձ այնքան էլ չէր հետաքրքրում։ Նա հաճելի երիտասարդ էր, և մենք ընկերներ էինք։ Մենք սովորեցինք պարել միասին Եկեղեցու միջոցառումների ժամանակ։ Դա ֆոքսթրոթի, բուգի-վուգիի և ռոքընռոլի ժամանակաշջանն էր։

Երբ նա միացավ Օդային Ուժերինկործանիչ օդաչու դառնալու համար, մոտ երկու տարի ես չտեսա նրան։ Եթե անկեղծ լինեմ, երբ նա Ֆրանկֆուրտ վերադարձավ, իմ առաջին տպավորությունն այդքան էլ բարենպաստ չէր։ Նա մի փոքր նման էր «Լավագույն օդաչուները» ֆիլմի տղաներին։

Սակայն երբ նա խոսեց ինձ հետ, ես այնքան տպավորված էի․ այդ երկու տարիների ընթացքում նա ակնհայտորեն հասունացել էր։ Նա գիտեր, թե ինչ էր ուզում անել իր կյանքում, և նա ամուր էր ավետարանում։

Նա չափազանց վճռական էր իմ հանդեպ իր քայլերում, և մի քանի ամիս անց մենք ամուսնացանք, և իմ Ռեյք ազգանունը փոխվեց Ուխդորֆի։ Ես երբեք չեմ զղջացել, որ ուշադրություն դարձրի նրան նույնիսկ առաջին խաբուսիկ տպավորությունից հետո։

Դիտերն իմ կյանքի սերն է և մեր զավակների ու նրանց զավակների հայրն ու պապիկը։

Եվ դուք պետք է իմանաք, որ մենք սիրում ենք միասին պարել մինչ այսօր։

Թույլ տվեք վերադառնալ այն ժամանակաշրջանին, երբ ես 12 տարեկան էի։ Սա իմ պատանեկության շրջանի տխուր ժամանակներից էր: Մի քանի ամիս առաջ հայրս մահացել էր քաղցկեղից: Նա հրաշալի հայր էր, սիրալիր ամուսին և շատ լավ մարդ։ Նա լավ կրթված էր, խոսում էր հինգ լեզուներով, մասնագիտացված նվագում էր չորս տարբեր երաժշտական գործիքների վրա սիմֆոնիկ նվագախմբում և սերում էր Ֆրանկֆուրտի հայտնի երաժիշտների ընտանիքից։

Ծնողներս մեզ հետ կապված մեծ ծրագրեր ունեին։ Ապագան պայծառ և խոստումնալից էր նույնիսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի կործանիչ տարիներից հետո։ Սակայն հորս հիվանդության տարիները մեր տունը դարձրին տառապանքի, վշտի և հուսահատության վայր։

Հորս մահից հետո մայրս չափազանց ճնշված էր։ Կիրակի օրերին մենք գնում էինք բողոքականների մեր եկեղեցին, սակայն չէինք կարողանում բալասան գտնել Գաղաադում։Կարծես չկար ոչինչ և ոչ ոք, որ կարող էր մխիթարություն բերել մայրիկիս։

Սակայն իրականում այդպես չէր։ Մեր Երկնային Հայրը, ով մեծ սեր ունի, մեզ չէր մոռացել։

Հորս մահից ութ ամիս անց ամերիկացի երկու միսիոներ թակեցին մեր դուռը Ֆրանկֆուրտում: Այդ երկու միսիոներները, առաջնորդված Հոգով և լավ պատրաստված, ստույգ գիտեին, թե ինչի կարիք ուներ մեր փոքրիկ ընտանիքը։ Նրանք մայրիկիս տվեցին թանկագին Մորմոնի Գիրքը։

Մայրս սիրում էր կարդալ։ Եվ նա սիրում էր Աստվածաշունչը։ Նրան անմիջապես գերեց այս նոր սուրբ գրությունը։ Երբ սկսեց կարդալ Մորմոնի Գիրքը, նա չկարողացավ կանգ առնել, մինչև հասավ վերջին էջին։ Մայրս այնքան ոգևորված էր Մորմոնի Գրքի բովանդակությամբ և ուղերձով, որ հաճախ հրավիրում էր ինձ և քրոջս նստել ու լսել, մինչ կարդում էր հատվածներ, որոնք կարծես գրված էին հենց մեզ համար։

Հորս կյանքի վերջին շաբաթների ընթացքում ես հաճախ էի կանգնում մեր բնակարանի պատուհանի մոտ, ջերմեռանդորեն աղոթելով մեր ցավերին սփոփանք ստանալու համար։

Եվ պատասխանը եկավ։ Այն եկավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձի միջոցով։ Որքա՜ն եմ ես սիրում Մորմոնի Գիրքը։ Որքա՜ն եմ ես սիրում այնտեղ ամփոփված ուղերձը փրկության ծրագրի, երջանկության ծրագրի վերաբերյալ։ Որքա՜ն գեղեցիկ և զորեղ հույսի ու լույսի ուղերձ է մեզ տվել Երկնային Հայրը։ Երբ մենք ընդունեցինք Մորմոնի Գիրքը, այն մեղմացրեց մեր սրտի ցավը և փարատեց մեր հուսահատությունն ու վիշտը, որ պատճառել էր մեզ հորս մահը։

Երբ Մորմոնի Գիրքը մտավ մեր տուն, այն ցրեց մեր ընտանիքին պատած խավարը, քանի որ լույսը և խավարը չեն կարող միաժամանակ լցնել նույն տարածությունը: Մենք ուժգնորեն զգում էինք Հոգին և գիտեինք մեր ողջ սրտով ու մտքով, որ այդ միսիոներների բերած ուղերձը ճշմարիտ էր։

Մեր տունը կրկին խաղաղություն մտավ։ Ավետարանի ուղերձը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամակցությունը իսկականհրաշքներ բերեց մեր ընտանիքին։ Կարծես հրեշտակներ էին ուղարկվել մեզ։

Երկու միսիոներները, ովքեր եկան մեր տուն, մոտավորապես ձեր տարիքին էին։ Նրանք այդքան էլ տպավորիչ պատմություն չունեին իրենց անցյալի վերաբերյալ։ Սակայն նրանք նման էին երկու փառահեղ հրեշտակների՝ ուղարկված մեզ Աստծո կողմից։ Նրանք բերեցին մեզ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները։

Իմ թանկագի՛ն երիտասարդ ընկերներ, դուք պատրաստված եք նույն աստվածային նյութից։ Ձեզանից ոմանք ամուսնացած են, ոմանք ամուրի են, սակայն դուք բոլորդ էլ ապրում եք այս աշխարհի մարդկանց շրջապատում։ Դուք մեր օրերի ընտրյալներն եք, ովքեր խոսքով և գործով ուսուցանում և ապրում եք ավետարանի ուղերձով ձեր շրջապատում։ Այս նպատակով եք դուք գտնվում ձեր գյուղում կամ քաղաքում, ձեր դպրոցում կամ աշխատավայրում, ձեր ազգի մեջ, ձեր ընտանիքում։ Մ՛ի մոռացեք, դուք ներուժ ունեք փառահեղ հրեշտակներ լինելու նրանց համար, ովքեր ձեր կողքին են։

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ներկայացուցիչներն եք և հզոր ղեկավարներ, որ հռչակում եք ավետարանի ուղերձը ձեր ազնիվ ապրելակերպի և քաջալերող վկայության միջոցով։

Ղեկավարն այն անձն է, ով օգնում է ուրիշներին տեսնել, զգալ և գտնել ճիշտ ուղին։ Խնդրում եմ, օգնեք միմյանց ամուր հաստատվել Եկեղեցում և ավետարանում։ Աստված դրել է ձեզ մի վայրում, որտեղ դուք բազում հնարավորություններ ունեք գործիք լինելու Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքում: Նա ակնկալիքներ ունի ձեզանից, Նա ճանաչում է ձեզ, Նա վստահում է ձեզ, և Նա զորություն կտա ձեզ։ Նա ապրում է: Նա իրական է:

Յուրաքանչյուր պարզ ու հասարակ լավ, ազնիվ, գթասիրտ, բարի, օգտակար, սիրառատ, կարեկից խոսք կամ գործ կարող է դառնալ ձեր ղեկավար գործունեությունը Աստծո արքայությունում։ Մի թերագնահատեք ձեր ազդեցությունն ու զորությունն ի բարին։ Ձեր հասակակից այդ երկու երիտասարդներն օգնեցին ինձ տեսնել ուղին, որը տանում է դեպի մեր Փրկիչը և վերադարձնում Երկնային Հոր մոտ։

Իհարկե, ես ինքնուրույն պիտի անցնեի այս ուղին, հաղթահարեի դժվարություններ, գտնեի հարցերի պատասխաններ, կատարեի լուրջ ընտրություններ և կայացնեի որոշումներ։ Եվ նույնն էլ դուք եք անելու։ Եկեղեցին և Տերն առաջարկում են ձեզ զորեղ միջոցներ՝ իրականացնելու կյանքի ձեր նպատակը։ Մորմոնի Գիրքը դրանցից մեկն է, և այն դրված է հենց ձեր առջև։ Վերցրեք այն, ընդունեք այն և դրա ուսմունքները։ Մոտեցեք Երկնային Հորը, և Նա կառաջնորդի ձեզ։ Վստահեք Տիրոջը:

Իմ սիրելի՛ երիտասարդ ընկերներ, խնդրում եմ իմացեք, որ ես սիրում եմ ձեզ և երախտապարտ եմ ձեզանից յուրաքանչյուրի համար: Իմ աղոթքները և օրհնությունները ձեզ հետ են։ Դուք մեր Քավիչի այս հրաշալի և սուրբ գործի նշանակալի մասն եք։ Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: