2017 թվականի հոգևոր հավաքներ
Սեր և ամուսնություն


Սեր և ամուսնություն

Երեկո Ռասսել  Մ. Նելսոնի հետ

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար • Հունվարի 8, 2017 • Բրիգամ Յանգի Համալսարան

Շնորհակալություն երգչախմբին այդ հուզիչ երաժշտական կատարման համար:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք սիրում ենք ձեզ և մեզ համար հաճելի է ձեզ հետ լինել: Դուք իսկապես Իսրայելի հույսն եք, ահա ինչու, մի քանի մտքեր առաջարկելիս, ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին հասցնի ձեզ ճշգրիտ ուղերձը, որի կարիքը դուք ունեք:

Նախքան մեր ամուսնությունը, ես ավելի քան 25 տարի ընտանիքի և ամուսնության թերապիայի դասախոս էի, իսկ վերջին 13 տարին հենց այստեղ՝ Բրիգամ Յանգի Համալսարանում: Ես խորհուրդ էի տալիս հազարավոր զույգերի և լսում էի մի ողբերգական պատմությունը մյուսի ետևից՝ մասնատված ընտանիքների և խորտակված փոխհարաբերությունների մասին: Ես անձամբ տեսնում էի, թե ինչն էր աշխատում ամուսնության մեջ, և ինչը չէր աշխատում: Ես սովորում էի, թե ինչը կարող էր վերականգնել անգամ ավերված ամուսնությունները, և ինչը կարող էր խորտակել մյուսներին՝ գրեթե մի օրում : Այսպիսով, այսօր թույլ կտա՞ք ինձ խոսել ձեզ հետ, անկասկած, ձեր ամենասիրելի թեմաների՝ սիրո և ամուսնության մասին:

Ես  կկամենայի կիսվել չորս ճշմարտություններով, որոնք, անկասկածկփրկեն ձեզ ոչ միայն անհարկի սրտի կսկիծից, այլև կօգնեն ձեզ լինել և ընտրել արդարակյաց կողակից, իսկ հետագայում՝ ստեղծել երջանիկ ամուսնություն և արդյունավետ ընտանիք: 1

Այս երեկո դուք կմտածեք իմ մասին որպես «Մորաքույր Ուենդի», քանի որ ձեզ հետ սրտանց եմ խոսում, ճիշտ, ինչպես կխոսեի և պիտի խոսեմ իմ սեփական զարմուհիների և զարմիկի հետ: Այսպիով, ահա Մորաքույր Ուենդիի չորս ճշմարտությունները սիրո և ամուսնության վերաբերյալ. 2

Ճշմարտություն 1. Սիրո և ճշմարտության վերաբերյալ ճշմարտությունները բերվում են ձեզ Սուրբ Հոգու միջոցով մեր Երկնային Հոր կողմից: Նա սահմանեց ամուսնությունը՝ որպես Իր երջանկության ծրագրի անփոխարինելի բաղադրիչը: 3 Հոգին սուրհանդակն է այս ճշմարտությունների: Ես հորդորում եմ ձեզ ձգտել հասկանալ դրանք:

Ի հակադրություն սրա՝ ստերը սիրո և ամուսնության վերաբերյալ, սկիզբ են առնում և հավերժացվում սատանայի և նրա ծառաների կողմից: Հակառակորդը ցնծում է ամեն անգամ, երբ համոզում է որևէ զոհի ընդունել որևէ բան, որը պղծում կամ ստորացնում է սերն ու ամուսնությունը: Սակայն ճշմարտությունը՝ ճշմարտություն , սուտը ՝ սուտ,  բայց խելացի մարքեթինգի, քարոզարշավի կամ փաստաբանության ոչ մի քանակ չի կարող երբևէ փոխել այն:

Ճշմարտություն 2. Անձնական մաքրությունը բանալի է դեպի ճշմարիտ սերը: Որքան ավելի մաքուր են ձեր մտքերը և զգացմունքները, ձեր խոսքերն ու գործողությունները, այնքան ավելի մեծ է սեր տալու և ստանալու ձեր կարողությունը:

Վստահեք ինձ այստեղ. Ամեն անգամ, երբ դուք բացում եք ձեր սիրտը ձեր Երկնային Հորը առաջ աղոթքով և հետո լսում, ամեն անգամ, երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները` պատասխաններ որոնելով ձեր սրտի հարցերին, ամեն անգամ, երբ դուք խուսափում եք որևէ բանից, որը կվիրավորեր ձեր հոգին (ինչպես օրինակ՝ պոռնոգրաֆիան), ամեն անգամ, երբ դուք երկրպագում եք տաճարում, ամեն անգամ, երբ դուք որևէ նախահոր արարողության համար գտնում եք կարևոր տեղեկություն, դուք ընտրությամբ մեծացնում եք ձեր անձնական մաքրությունը:

Ձեր ապագա ամուսինը շնորհակալ կլինի ձեզ, որովհետև հենց այդ պահին դուք պատրաստվում եք իսկական ամուսնական մտերմության համար: Այսպիսով, եթե դուք չամուսնացած եք և հետաքրքրվում եք, թե ինչպես պատրաստվել իսկական սիրո համար, պատասխանն է. Արեք հնարավոր ամեն բան, որ ձեր մտքերը, զգացմունքները, խոսքերը և գործողությունները պահեք մաքուր: Հրավիրեք, որ Հոգին առաջնորդի ձեզ: Նա կօգնի ձեզ: Եվ եթե դուք ամուսնացած եք, իմ խորհուրդը ճիշտ նույնն է:

Երբ դուք աշխատեք ավելի մաքուր դառնալ, դուք ավելի ու ավելի շատ կունենանք Սուրբ Հոգին ձեզ հետ: Անձնական հայտնություն ստանալու ձեր ունակությունը կմեծանա, որը նշանակում է, որ դուք ավելի հստակ ուղղորդում կստանաք ձեր կյանքի համար: Դուք ավելի շատ խաղաղություն և ավելի շատ ուրախություն կզգաք, ավելի քիչ մենակություն, և ավելի շատ հույս՝ ձեր ապագայի համար: Դուք կունենաք նաև մտքերի հստակության լավացում, մինչ սովորում և աշխատում եք: Եվ ի լրումն սրա, երբ դուք աշխատում եք ամեն օր մի փոքր ավելի մաքուր լինել այս մեծ պարգևների համար, դուք մեծացնում եք իսկական ամուսնական մտերմություն զգալու ունակությունը:

Ահա թե ինչու պոռնոգրաֆիան այդքան կործանարար է: Ի հակադրություն այն ամենի , ինչ պնդում են դրա բոլոր պաշտպանները , պոռնոգրաֆիան փաստորեն խոչընդոտում է ձեզ ճաշակել մտերմության ամենասքանչելի ձևը:

Այժմ հաջորդ ճշմարտությունը. Ճշմարտություն  3-ը, կարող է վախեցնել ձեր միտքը, որովհետև դա ճիշտ հակառակն է այն բանի, ինչին հակառակորդը և աշխարհի մեծ մասը կկամենար ստիպել ձեզ հավատալ սիրո և ամուսնության վերաբերյալ:

Ճշմարտություն 3.. Որպես իրենց սիրո արտահայտման կարևոր մաս, Տերը կամենում է, որ ամուսինն ու կինը ճաշակեն ամուսնական մտերմության սքանչելիքներն ու ուրախությունները:

Ամուսնական մտերմությունը կարգված է Աստծո կողմից: Այն պատվիրվել է և հանձնարարվել Նրա կողմից, որովհետև ավելի է մոտեցնում ամուսիններին միմյանց և Տիրոջը: Ամուսնական իսկական մտերմությունը ներառում է յուրաքանչյուր կողակցի ողջ հոգին: 4 Այն ամուսնու մարմնի և հոգու միավորումն է իր կնոջ հոգու և մարմնի հետ:

Այդ լիահոգի միությունը ներկայացնում է, թե ինչպես են ամուսինն ու կինը միավորված իրենց կյանքի բոլոր ոլորտներում: Նրանք միասին են գործում որպես զուգընկերներ: Նրանք աղոթում են, խաղում, պայքարում, աճում և միասին վայելում կյանքը: Նրանք զոհաբերություններ են անում են միմյանց համար և քաջալերում են միմյանց՝ լինել այնպիսին , ինչի համար ծնվել են:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ամուսնական մտերմությունը սրբազան է: Ամուսինն ու կինը   կարող են ավելի մոտենալ Աստծուն, երբ միացած են իսկական ամուսնական մտերմությամբ:

Այսպիսով, ինչպե՞ս կարող եք պատրաստվել այդպիսի մտերմության համար: Ձեզ անհրաժեշտ կլինի ապրել արդարակյաց կյանքով, որպեսզի Հոգին ուղեկից լինի ձեզ և ձեր կողակցին:

Սա տանում է դեպի Ճշմարտություն 4-ը. Իսկական ամուսնական մտերմության համար Սուրբ Հոգին պետք է ներգրավված լինի: Ուղղակի հնարավոր չէ ունենալ այնպիսի մտերիմ հարաբերություններ ամուսնությունից դուրս, որոնք կարող եք ունենալ ամուսնության մեջ, որովհետև Հոգին  ներկա չի լինի:

Երեց Փարլի  Պ. Պրատն ուսուցանել է, որ Սուրբ Հոգին ունակություն ունի «ուժեղացնելու, մեծացնելու, ընդարձակելու և մաքրագործելու բոլոր բնական կրքերն ու զգացմունքները»: 5 Ուղղակի պատկերացրեք, Նա կարող է մաքրագործել ձեր զգացմունքները: Ուստի, այն ամենը, ինչ Հոգին հրավիրում է ձեր կյանք, ձեր կողակցի կյանք և ձեր ամուսնություն, կմեծացնի ամուսնական մտերմություն զգալու ձեր ունակությունը: Դա իրականում այնքան պարզ է ու այնքան խորիմաստ, որքան վերը նշվածը:

Մյուս կողմից, այն ամենը, ինչ վիրավորում է Հոգուն, կնվազեցնի ձեր ունակությունը՝ մեկ լինելու ձեր կողակցի հետ: Վարքագծի այս տեսակները՝ բարկությունը, հեշտասիրությունը, աններողամտությունը, հակառակությունը, անբարոյականությունը և չապաշխարած մեղքը կնվազեցնեն ամուսնական մտերմության համար ձեր փորձերը, հասցնելով մի բանի, որը ոչնչով ավել չէ սեռական փորձառությունից:

Ուստի ամփոփենք. մինչ աշխարհիկ սեռական կյանքը աշխարհի և հակառակորդի ազդեցության ներքո է և ներառում է մարմնական, զգայական և դիվական կրքեր, Աստծո կողմից կարգված ամուսնական մտերմությունը Հոգու ազդեցության ներքո է և ներառում է Հոգուց զորացված ու մաքրագործված զգացմունքներ: Որքան ավելի մաքուր եք դուք, այնքան ավելի սքանչելի կլինի ձեր ամուսնական մտերմությունը: 6

Աշխարհիկ սեռական կյանքում ամեն ինչ կարելի է: Ամուսնական մտերմության մեջ նուրբ հոգացողություն պետք է ցուցաբերել ՝ խուսափելով այն ամենից, ինչը վիրավորական է ՝ սկսած լեզվից մինչև երաժշտության և կինոնկարի խոսքերը, որոնք վիրավորական են Հոգու համար, ձեր հոգու կամ ձեր կողակցի հոգու համար:

Մինչ աշխարհիկ սեռական կյանքը վավաշոտ է և սպանում է սերը, ամուսնական մտերմությունն առաջացնում է ավելի շատ սեր:

Աշխարհիկ սեռական կյանքն այլասերում է տղամարդկանց և կանանց ու նրանց մարմինները, մինչդեռ ամուսնական մտերմությունը պատվում է տղամարդկանց ու կանանց և հռչակում մարմինը՝ որպես մահկանացու կյանքի մեծ պարգևներից մեկը:

Աշխարհիկ սեռական կյանքում մարդիկ միգուցե իրենց զգան օգտագործված, բռնության ենթարկված և, ի վերջո՝ ավելի միայնակ: Ամուսնական մտերմության դեպքում կողակիցները զգում են միաբան ու սիրված, ավելի փայփայված և հասկացված:

Աշխարհիկ սեռական կյանքն ավերում է և ի վերջո կործանում փոխհարաբերությունները: Ամուսնական մտերմությունը ուժեղացնում է ամուսնությունները: Այն աջակցում է, ապաքինում և սրբացնում կողակիցների կյանքը և նրանց ամուսնությունը:

Աշխարհիկ սեռական կյանքը նմանեցվում է ֆլեյտայի սուլոցին, մինչդեռ ամուսնական մտերմությունը նմանեցվում է մի ամբողջ նվագախմբի վեհության հետ: 7

Աշխարհիկ սեռական կյանքը դառնում է բացարձակ մոլագարություն, որովհետև այն երբեք չի կատարում իր խոստումները: Աստծո կողմից կարգված ամուսնական մտերմությունը փառահեղ է և կշարունակվի հավերժ՝ ուխտը պահող ամուսինների և կանանց համար:

Ի վերջո, Հոգու կողմից հաստատված ամուսնական մտերմությունն օրհնված և սրբագործված է Տիրոջ կողմից: 8

Այսպիսով, ուժեղ, երջանիկ ամուսնություն ստեղծելը հեշտ չէ: Ես կարող եմ հաստատել դա: Բայց այն կբերի ձեզ ուրախություն:

Մեր հարսանիքի 10-ամյակի կապակցությամբ ես մտորում էի, թե ինչ կարող եմ տալ ամուսնուս՝ ցույց տալով այն ուրախությունը, որ մեր ամուսնությունը բերել էր ինձ: Ահա թե ինչ տվեցի նրան.

Ճոճանա՜կ:

Մեր կողմից շատ սիրված եղբայրներ և քույրեր, եթե դուք կանխամտածված կիրառեք այս չորս ճշմարտությունները, ես վստահ եմ, որ կարող եք կառուցել երջանիկ ամուսնություն, որը կհաստատի և կսփոփի ձեզ հավերժ: Ամուսնություն, որը ձեզ թույլ կտա լինել ավելին, քան դուք կկարողանաք երբևէ լինել ինքնուրույն:

Ես վկայում եմ, որ ամուսնությունը Աստծո կողմից Իր զավակներին տրված մեծագույն արտոնություններից մեկն է, որ ամուսնությունը կարող է լինել անզուգական ուրախության աղբյուր և, որ անձնական մաքրությունը բանալի է դեպի այդ ուրախությունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Henry B. Eyring, “Renaissance of Marriage: To Become as One“ (address given at the Complementary of Man and Woman: An International Interreligious Colloquium in Vatican City, Rome, Nov. 18, 2014), LDS.org:

  2. Sես Wendy L. Watson, Purity and Passion: Spiritual Truths about Intimacy That Will Strengthen Your Marriage (2001):

  3. Տես Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Ensign or Լիահոնա, մայիս 2015, 50–53:

  4. Sես Jeffrey R. Holland, “Of Souls, Symbols, and Sacraments,“ in Morality (1992), 152–66:

  5. Parley P. Pratt, Key to the Science of Theology (1978), 61.

  6. Այժմ, ձեզանից ոմանք գուցե կամենան լավը լինել՝ բայց ոչ չափազանց լավը: Ձեզանից ոմանք գուցե գայթակղվեն անել այն ամենը, ինչ կարող են, որպեսզի խուսափեն չափազանց լավը երևալուց, եթե այդպիսի բան գոյություն ունի: Բայց այնուամենայնիվ, եթե դուք կամենում եք վայելել ամենակատարյալ ամուսնական մտերմությունը, դա հենց այն է, ինչը դուք ցանկանում եք: Դուք կամենում եք լինել այնքան մաքուր, որքան հնարավոր է, որպեսզի ձեր ամուսնական մտերմությունը կարողանա լինել այնքան հիասքանչ, որքան հնարավոր է:

  7. Անձնական նամակագրություն Թրումեն Գ. Մադսենի հետ

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 88.34