2021 թվականի հոգևոր հավաքներ
Պատճառներ հուսալու համար


Պատճառներ հուսալու համար

2021 թվականի Ս&Ի համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

10 հունվարի 2021 թ․

Թանկագի՛ն քույրեր և եղբայրներ, շա՜տ ուրախ եմ ձեզ հետ լինելու համար։ Մենք հավաքվել ենք գրեթե բոլոր բնակեցված մայրցամաքներից և ծովային կղզիներից՝ միավորված մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սիրով և Նրա արքայությունը կառուցելու մեր հանձնառությամբ: Դուք ինձ ավելի լավ աշխարհի հույս եք տալիս: Եվ իհարկե, կան միլիոնավոր ավելի լավ մարդիկ, որոնց կարող ենք հավաքել և որոնց հետ մենք կարող ենք համագործակցել և ումից կարող ենք սովորել: Եպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն ասում է․ «Հույսն այն է, որ չնայած խավարին, մարդ կարող է տեսնել լույսը»։1

Մեր ամենամեծ հույսը Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի վրա է: Նրա միջոցով մենք ուրախություն և խաղաղություն ենք գտնում: Նա գիտի վերջը ի սկզբանե: Նա խոստանում է․ «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար, եթե դուք ուղիղ քայլեք»։2

Բայց մենք չենք տեսնում վերջը ի սկզբանե: Մենք միայն «փոքր ի շատե գիտենք»։3 Միգուցե մեր կյանքն ընթանում է ոչ այնպես, ինչի հույսը մենք ունեինք: Մենք դեռ կարող ենք «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ [և» հույսի կատարյալ պայծառությամբ»,4 քանի որ գիտենք, որ մեր սիրող Երկնային Հայրը ծրագիր ունի մեզ համար:

COVID-ի համաճարակի պատճառով տանը մնալու հրամայականի ընթացքում ես աշխատել եմ մի նոր հմտության վրա, որը կոչվում է թղթի նախշերով ծածկոց կարել։ Դա գործվածքների մնացորդները բարդ նմուշների վերածելու եղանակ է: Սկզբում գործընթացն անտրամաբանական է թվում։ Դուք գործվածքի կտորներ եք կարում հակառակ կողմից, իսկ հետո՝ հակառակ ուղղությամբ, տեսնելով, թե ինչպես են դրանք հայտնվում վերջնական նախշերով: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են գունային այս կտորները վերածվելու համահունչ նախշի: Բայց աստիճանաբար, համբերատար կտրտելով, կարելով և կրկին ու կրկին սեղմելով, հայտնվում է մի գեղեցիկ նախշ:

Մեզ կարող է թվալ, թե մեր կյանքի ծրագիրը դեռ պարզ չէ: Դա չի նշանակում, որ մենք սպասում ենք, որ կյանքը սկսվի: Սրանք անգնահատելի տարիներ են, անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում։

Սա տաղանդներ զարգացնելու ժամանակ է: Նախագահ Նելսոնն ուսուցանում է․ «Կրթությունը՝ մարդկանց օգնելու ցանկության և նրանց օգնելու կարողության միջև տարբերությունն է»։5 Այն լավ և օգտակար գիտելիքը, որը դուք այժմ ստանում եք, կձևավորի և կօրհնի ձեր ամբողջ կյանքը:

Սա իմաստուն և արդար դաստիարակներին՝ ծնողներին, տատիկ և պապիկներին, ուսուցիչներին, ընկերներին, Եկեղեցու ղեկավարներին և, որ ամենակարևորն է՝ Հիսուս Քրիստոսին փնտրելու ժամանակաշրջան է, որոնք կօգնեն մեզ կառուցել բովանդակալից կյանք: Իմաստալի հարաբերություններ ստեղծեք նրանց հետ, ովքեր կարող են օգնել, որ դուք սովորեք և աճեք:

Այս օրերին պետք է ջերմեռանդ ներգրավված լինենք բարի գործի մեջ։ Երկինքը չի սպասում, որ համաճարակն ավարտվի, որ ես 10 կիլոգրամ նիհարեմ, կամ դուք ամուսնանաք ձեր երազած մարդու հետ, որ մենք ճշմարիտ աշակերտներ դառնանք, որպեսզի պահենք Նրա պատվիրանները, հատկապես՝ սիրել Տիրոջը և մեր մերձավորին պատվիրանը:

Եթե մենք ուզում ենք մեր կյանքին հաղորդել ավելի մեծ հույս և ավելի խորը իմաստ, ապա կարող ենք մեր ամեն օրը սկսել երախտագիտության աղոթքով և անկեղծ աղերսով. «Երկնայի՛ն Հայր, թող այսօր ես գործիք դառնամ քո ձեռքերում: Բացիր իմ սիրտը: Տուր ինձ իմաստություն, երևակայություն, ուժ և քաջություն՝ անելու այն, ինչ կարող եմ»: Ապա՝ փնտրեք ավելի ճշմարիտ ընկեր, ավելի բարի քույր, ավելի լավ որդի, ավելի առատաձեռն հարևան, ավելի ոգեշնչված սպասավոր, ավելի համբերատար ծնող լինելու հնարավորություններ: Լև Տոլստոյը գրել է. «Չնայած մարդկանց թվում է, որ իրենք ապրում են իրենց մասին հոգ տանելով, սակայն իրականում միայն սիրով է, որ նրանք ապրում են: Նա, ով սեր ունի, Աստծո մեջ է, և Աստված նրա մեջ է, քանի որ Աստված սեր է»։6

Երկինքը չի սպասում, որ մենք կատարյալ լինենք կամ գնանք հաջորդ աշխարհ, որպեսզի օրհնի մեզ։ Եթե մենք կատարենք «արդարության գործեր», մենք «պիտի ստանանք [մեր] վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»։7

Քրիստոսի սերը հաստատուն է։ Պողոս Առաքյալն ուսուցանում է․

«Ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ,

և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է»:8

Թող «հույսի Աստվածը լցնե ձեզ ամեն ուրախությունով և խաղաղությունով»,9 երբ վստահեք Նրան, որպեսզի կարողանաք հույսով լցվել Սուրբ Հոգու զորությամբ:

Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Այն զորեղ է։ Այն գեղեցիկ է և կարևոր է։ Այս ամենն ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

_______________________________________________