2021 թվականի հոգևոր հավաքներ
Անվեհեր Հիսուսի վկայությունում


Անվեհեր՝ Հիսուսի վկայության մեջ

2021 Ս&Ի համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

10 հունվար 2021 թ․

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ահա մի գեղեցիկ մաղթանք նոր տարվա համար, որը երգվում է իսպաներեն, «հույս ի ուրախություն աշխարհի, նոր օրվա լույսն է ծնվում»:1

Ես և քույր Գոնգը զարմացանք և մտահոգվեցինք, երբ COVID-19-ի մեր թեսթի պատասխանը դրական եկավ: Շնորհակալություն ձեր ուղերձների և մեր լիակատար ապաքինմանն ուղղված աղոթքների համար: Չնայած մենք մեկուսացած էինք, սակայն մեկուսացում չէինք զգում: Այժմ ես և քույր Գոնգը նույնիսկ ավելի շատ ենք աղոթում բոլոր նրանց համար, ովքեր տառապում են համավարակի դժվարությունների պատճառով:

Աշխարհում կա 1,47 մլրդ 18–30 չափահաս տարիքի մարդ: Մեր Եկեղեցու 2,3 միլիոն 18–30 տարեկան չափահաս անդամներ ապրում են 6 մայրցամաքներում՝ մոտ 180 երկրներում և տարածքներում: Դուք կարդում եք Մորմոնի Գիրքը 114-ից ավելի լեզուներով:

Քույր Գոնգը և ես սիրում ենք հանդիպել ձեզ հետ, լինի դա Ռեքսբուրգում (Այդահո), Մանաուսում (Բրազիլիա), Բոգոտայում (Կոլումբիա). ողջ աշխարհում՝2 յուրաքանչյուր մայրցամաքում և ամեն պարագայում:

Գիտե՞ք արդյոք, որ Հյուսիսային Բևեռում մենք այժմ ունենք Ալյասկա ցից:

Մենք այսօր հավաքվում ենք տեխնոլոգիայի միջոցով: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին մեզ մեկ դարձնի հավատքում, դիպչի ձեր սրտին և բացի ձեր ուղին այս դժվարին ժամանակներում:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Աստված ապրում է: Խնդրում եմ, սկսեք զգալ Նրա սերը և Նրա զորությունը՝ աճելու և փոխվելու համար: Թող Նա օղակի ձեզ «անվտանգության բազուկներում»3 իր հավաստիացումով, որ դուք լիարժեք եք: Դուք ունեք հսկայական աստվածային կարողություն, որը կարող եք զարգացնել ամեն օր:

Այսօր ես կկիսվեմ երեք հրավերներով, որոնք ոգեշնչել են ինձ՝ (1) խորացնել իմ փոխհարաբերությունը Աստծո հետ, (2) այժմ փոխել ապագան և (3) դառնալ ավելի լավը: Ես, ընդհանուր առմամբ, աղոթում եմ, որ այս հրավերներն ամրապնդեն ձեր հավատքը և Աստծուն մոտեցնեն ձեզ ու ձեր շրջապատում գտնվողներին, երբ տևական ուրախություն գտնեք Նրա ուխտի արահետում:

Առաջին հրավերը. խորապես համապարփակ սիրով Երկնային Հայրը խոստանում է. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»:4

Ես մեծացել եմ քաղաքում, բայց սիրում եմ պայուսակը մեջքիս ճամփորդել լեռներում: Ազատ լինելով հետազոտությունների համար՝ ես և ընկերներս շրջում էինք ամբողջ օրը, ապա ճամբար խփում վայրի բնության մեջ՝ լճերի կողքին, բաց երկնքի տակ, քամու գիշերային երգի ներքո:

Վերջերս ես և Քույր Գոնգը մեքենայով հասանք մի վայր, որտեղ այնքան մութ էր ու գեղեցիկ, որ մենք տեսանք Ծիր Կաթինը: Այն գրեթե այնքան պայծառ էր, ինչպես այս լուսանկարը:

Ծիր Կաթինը առասպելի, հրաշքի և առեղծվածի նյութ է: Չինարենում Ծիր Կաթինը կոչվում է “Tian He” («երկնքի գետ»): Բելառուսերենով, էստոներենով, ֆիններենով նշանակում է «թռչունների ուղի»: Ոմանք Ծիր Կաթինը անվանում են «ճանապարհ դեպի Սանտիյագո»։ Չերոկիերեն այն կոչվում է «ճանապարհ, որով շունը փախավ», եբրայերեն նշանակում է «լույսի գետ»:5

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու Երկիրը … : Եվ Աստված տեսավ, որ դա բարի էր»:6 Աստված գիտակ է, զորեղ է և բարի է: Նրա ստեղծագործությունների նպատակը, նրբագեղությունն ու ներդաշնակությունը վկայում են Նրա անսահման սիրո և յուրաքանչյուրիս համար երջանկության Նրա ծրագրի մասին: Ալման վկայում է. «Բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, այո, և նրա շարժումը, այո, և նաև բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են … որ կա մի Գերագույն Ստեղծող»:7

Գիտակցված ջանքեր են հարկավոր հանդարտվելու և «դադար[ելու]» համար: Անհրաժեշտ է հոգևոր շիտակություն և խոնարհություն, որ «ճանաչե[նք], որ [Աստվածն է] Աստված»:8 Երբեմն, երբ հանդարտվում ենք այն բաներում, որոնք ավելի քիչ նշանակություն ունեն, կարողանում ենք գտնել այն բաները, որոնք ամենակարևորն են։

Կարևոր ուղիներից մեկը, որ գիտենանք, որ Աստվածն է Աստված, Նրա ձեռագիրը զանազանելն է այն արարչագործություններում, որոնք ստեղծվել են սիրտն ուրախացնելու համար: Մենք երգում ենք.

Երկրի գեղեցկության համար,

Երկնքի գեղեցկության համար,

Այն սիրո համար մեր ծննդից ի վեր,

Որը մեր վրա է և մեր շուրջ բոլորը,

Մեր բոլորիս Տեր, դեպի քեզ ենք բարձրացնում

Մեր այս հիմնը, երախտապարտ գովքով:9

Աստծուն ճանաչելու մեկ այլ միջոց է՝ բարություն և իմաստ տեսնել աստվածային հարաբերություններում՝ քնքշություն, անսպասելի օրհնություններ, հաշտություն, ներողամտություն, զոհաբերություն:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերջերս նշեց, որ արվեստը, գրականությունը և երաժշտությունը կարող են հարստացնել մեզ:10 Մեզ կարող է հարստացնել նաև գիտելիքը, երբ հասկացվում է հավատքով:

Ահա երկու հայտնի տեսակետներ գիշերային երկնքի մասին:

Գիտությունից, Հաբլի Deep Field աստղադիտակով արված պատկերը, ինչպես Մովսես և Աբրահամ մեծ մարգարեները տեսան, հիշեցնում է մեզ, որ Աստծո ստեղծագործությունները պարունակում են անթիվ համաստեղություններ համաստեղությունների մեջ՝ նույնիսկ այն տեղերում, որտեղ գիշերային երկինքը դատարկ է թվում:

Որպես արվեստի գործ, Վինսենթ Վան Գոգը Աստղային գիշերը յուղաներկով նկարեց կտավի վրա՝ անմիջապես արևածագից առաջ: Երկնքի աստղագիտական թարմացումը 1889 թ.-ի հունիսին ենթադրում է, որ Վան Գոգի առավոտյան աստղը Վեներա մոլորակն է: Մեծ արվեստը ոգեշնչում է Աստծո բարությունը տեսնելու նոր եղանակներ:

Աստծո բարությունը կարող է հարստացնել մեր հոգիները: Այսօրվա աղմկոտ, խառնաշփոթ, աղտոտված աշխարհը կարող է դժվարացնել «դադար[ելը]» և «ճանաչելը, որ [Աստված է] Աստուած»:11 Մենք չենք հիշում, թե որքան աղմկոտ է խոհանոցի օդափոխիչը, մինչև չենք անջատում այն: Մակերեսայնությունը, խաբուսիկ պատկերացումները, բուն թեմայից հեռացնող գաղափարները շեղում են և շփոթեցնում: Որևէ բան բաց թողնելու վախը (ՈԲԲԹՎ) հին նորություն է, չնայած մենք դեռ կառչած ենք մեր էլեկտրոնային սարքերին: Ոմանք կարծում են, որ 24 ժամ օրական և 7 օր շաբաթական ռեժիմով բազմագործարկումը մեծացնում է մեր արժեքը կամ կարևորությունը:

Մենք տեղադրում և շրջանակում ենք կյանքը, որպեսզի «Insta-կատարյալ» լինենք ինստագրամի այդ հաջորդ գրառման համար, չնայած մենք գիտենք «Insta-կատարյալ»-ը ոչ «վայրկենական» է, ոչ էլ «կատարյալ»: Մենք անհանգստանում ենք նոր զտիչներից, որոնք նույնպես անիրական և անիրատեսական են, և ազդում են համացանցում մեր գործողությունների վրա։

The Social Dilemmaվավերագրական ֆիլմում տեխնոլոգիայի մասնագետները նախազգուշացնում են. «Եթե ապրանքի դիմաց չեք վճարում, ապա դուք եք ապրանքը»: Որոշ փորձագետներ այժմ մտավախություն ունեն, որ սոցիալական լրատվամիջոցները անսպասելիորեն վնասում են հասարակությանը և անձնական բարեկեցությանը: Նրանք անհանգստանում են, որ սոցիալական ցանցերի ալգորիթմները, որոնք նախատեսված են առցանց օգտագործումը կատարելագործելու, տարածելու և դրամայնացված գովազդային շահույթի համար, խթանում են նաև կասկածները, բաժանումը և ընկճախտը:12 Թերևս ամենից խոսունն այն է, որ այս տեխնոլոգիական մասնագետները պաշտպանում են իրենց ընտանիքները սոցիալական լրատվամիջոցների չափազանց շատ օգտագործումից:

Լինել հանդարտ և մտածող չի նշանակում լինել միայնակ: Լեոնարդո դա Վինչին ասել է.«Երբ մենակ եք, ամբողջովին ձերն եք»:13 Հանդարտվելը հստակեցնում է միտքս և սիրտս: Այդ ժամանակ երախտագիտությունը և նրա երկվորյակը՝ խոնարհությունը, կարող են բացել իմ հոգևոր աչքերն ու ականջները՝ մեր շուրջը Նրա ապացույցների շռայլ առատության հանդեպ:

Եբրայերեն լեզվի մեկնաբաններից մեկը բացատրում է, որ «դադարեցէք» արտահայտությունը կարող է նշանակել «բաց թողեք»: Ճանաչեցէք, որ ես եմ Աստված կարող է թարգմանվել որպես «ճանաչեցէք Նրա փրկարար զորությունը մեր կյանքում»:14 Այլ խոսքով ասած. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած» նշանակում է թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը:15

Ռասսել Մ․ Նելսոնն ասում է. «Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես աճող մաքրության համակցությունը՝ ճշգրիտ հնազանդության, անկեղծ որոնման, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցման և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելու հետ»16, որը ուխտի մի արահետ է դեպի հարատև ուրախություն:

Երբ մենք հանդարտվում ենք և փնտրում հավատքով, մեր տեսլականը փոխվում է: Որպես երիտասարդ միսիոներ Ավստրալիայում ծառայելիս Երեց Մարիոն Գ. Ռոմնին (հետագայում Առաքյալ և Առաջին Նախագահության անդամ) մեկ նախապատրաստական օրվա ընթացքում կարդաց և խորհեց Վարդապետություն և Ուխտեր 76գլխի շուրջ:

Երբ ավարտեց, զարմացավ` հասկանալով, որ գիշեր էր: … Նա նայեց երկինք, որտեղ Հարավային Խաչը և մյուս աստղերը փայլում էին անսովոր վեհությամբ: Երբ նա զարմանքով սևեռուն նայում էր, նրան թվաց, թե Հոգու միջոցով տարվեց դրանցից այն կողմ, որպեսզի տեսներ այն բաները, որոնց մասին ինքը կարդացել էր: Նրան հրաշքով տրվեց այն գիտելիքը, որ ավետարանին առնչվող այդ բաները առասպելներ չեն, այլ խստագույն կարևորության իրողություն»:17 Նրա կենսագրականում ասվում է. «Այդուհետ նա ունեցավ հավերժական տեսլական»:18

Հավերժական տեսլականը կարող է մեզ պատշաճ հեռանկար տալ այսօր: Ինչպես մարգարեացել են. «Բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ»:19 Տերն ասում է, որ Իր ձայնը կլսվի երկրաշարժերի, փոթորիկների, համաճարակների, իրենց սահմաններից դուրս եկող ծովի ալիքների մեջ:20 Այս ժամանակներում ոմանք բարին կկոչեն չար և չարը բարի,21 մյուսները կասեն «կերեք խմեք և ուրախ եղեք, … քանզի վաղը մեռնելու ենք»:22 Բայց հոգևոր լույսը և ճշմարտությունը վանում է խավարը մեր միջից:23

Տերը հավաստիացնում է. «Լռիր, պապանձուիր»:24 «Կանգնեք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»:25 Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ [Աստվածն է] Աստված»:26

Այժմ, մեր երկրորդ հրավերն է` ստեղծեք փոխհարաբերություններ, որոնք հիմա են փոխում ապագան:

Վերջերս ես շնորհակալություն հայտնեցի մեկին, ում ես նախկինում չէի հանդիպել, բայց ով փոխել էր իմ ապագան:

Նրա անունը Մելբա Օուքս է (ոչ մի կապ չունի Նախագահ Դալլին Հ. Օուքսի հետ):

Երբ Մելբան 21 տարեկան էր, նա նոր էր ամուսնացել և ապրում էր Սան Մաթեոյում (Կալիֆորնիա): Մելբան և 17-ամյա նորադարձը, որի անունը Ջին էր, դարձան ընկերներ:

Լինելով իր ընտանիքի միակ անդամը՝ Ջինը, ով միացել էր Եկեղեցուն, դպրոց էր հաճախում իրենց տնից հեռու: Ջինի ընտանիքից ոմանք հույս ունեին, որ նա նոր վայրում կմոռանար Եկեղեցին:

Սակայն փոքր և հասարակ ձևերով Մելբան և մյուսները աջակցում էին Ջինին: Երբ Ջինն ավարտեց միջնակարգ դպրոցը, Մելբան այնտեղ էր: Մելբա Օուքսը դեռ պահել է Ջինի հարսանյաց հրավերը:

Ջինը սիրահարվեց և ամուսնացավ մի հիանալի մարդու հետ, որի անունը Ուոլթեր էր: Նրանք փաստորեն ամուսնացան երեք անգամ՝ չինական հարսանիքով, ամերիկյան ծիսակարգով և սուրբ տաճարում կնքվեցին ժամանակի և հավերժության համար: Երբ նրանք հանդիպեցին, Ուոլթերը քրիստոնեական ուժեղ վկայություն ուներ, բայց չգիտեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Ջինը և մյուսները ուսուցանեցին նրան վերականգնված ավետարանը: Նա դարձավ Եկեղեցու հավատարիմ անդամ և ցցի հայրապետ:

Ինչպես կռահեցիք` ամուսնանալով Ուոլթեր Գոնգի հետ, Ջինը դարձավ Ջին Գոնգ՝ իմ սիրելի մայրը: Այսօր իմ մայրիկը 94 տարեկան է։ Մելբա Օուքսը 98 տարեկան է։ Նրանք 77 տարի ընկերներ են ավետարանում:

Վերջերս ես իմացա, որ Քույր Մելբա Օուքսը ապրում է Սենթ Ջորջում, Յուտա: Ես զանգահարեցի նրան` շնորհակալություն հայտնելու իմ և իմ ընտանիքի ապագան փոխելու համար: Օգնելով Ջին Գոնգին, երբ նա առաջին փխրուն նորադարձն էր ընտանիքում, Մելբա Օուքսը օրհնեց ներկայումս վարագույրի այս կողմում գտնվող Գոնգերի ընտանիքի չորս սերունդներին և վարագույրի այն կողմում գտնվող Գոնգերի ընտանիքի 34 հայտնի սերունդներին, որոնց ծագումը սկսվում է մ.թ. 837 թվականին ծնված առաջին Դրագոն Գոնգից:

Դժբախտաբար, իմ մայրիկի մյուս ընկերներն այլևս Եկեղեցում չեն: Մեկը հեռացավ, երբ Եկեղեցու անդամները մերժեցին նրան իր ռասայի պատճառով: Մյուսը շեղվեց, երբ զգաց, որ ստիպված էր ընտրություն կատարել Եկեղեցու անդամ և ոչ անդամ ընկերների միջև: Երրորդը թույլ տվեց, որ աշխարհիկ ճնշումները կասկածներ առաջացնեն Եկեղեցու ուսմունքների վերաբերյալ: Իհարկե, դուք նույնիսկ ավելի ուժեղ մարտահրավերների եք դիմակայում այսօր:

Ես հավերժ երախտապարտ եմ Մելբա Օուքսին և բոլորին, ովքեր օգնել են իմ մայրիկին, երբ նա նոր էր ավետարանում: Ես պարտական եմ նաև մայրիկիս: Նա անսասան է եղել իր հավատքում և անվեհեր՝ իր վկայությունում: Նա և իմ հայրը վճռեցին ուժեղ մնալ Աստծո ճշմարիտ Եկեղեցում: Նրանք հաջողության հասան` չնայած հասարակության ճնշումներին և Եկեղեցու որոշ անդամների ռասայական նախապաշարմունքներին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, շատ Ջին Գոնգեր և Մելբա Օուքսներ կան մեր շրջապատում, մեր բնակարանում, աշխատանքի վայրում, ծխում կամ ճյուղում, մեր շփման շրջանակներում և ընկերների մեջ: Ոչ ոք չի ուզում խղճահարված զգալ: Մենք բոլորս փնտրում ենք ընկերակցություն և ներդրում կատարելու հնարավորություններ: Մենք բոլորս ապահով վայրի կարիք ունենք, որպեսզի հարցնենք և որոնենք, մի ապահով տարածք՝ սովորելու և ավետարանի վարդապետությունով ու Եկեղեցու մշակույթով ապրելու համար: Մենք ուզում ենք, որ մեզ վերաբերվեն չափահասի նման, և պատասխանատու լինենք ու ներդրում ունենանք չափահասի նման:

Մենք ուզում ենք, որ Եկեղեցին լինի մի վայր, որտեղ մենք միմյանց չենք դատի և կապաշխարենք, եթե ինչ-որ մեկը զգում է, որ վիրավորական ձևով ենք դատում իրեն: Մեր Գվադալահարա Մեքսիկա տաճարի մայրապետն ասում է, որ սուրբ տաճարը ոգեշնչում է իրեն «ավելի քիչ դատել և ավելի շատ սիրել»: Նա ճիշտ է: Խնդրում ենք եկեք՝ ինչպես կաք: Մենք ունենք ձեր կարիքը: Երբ մենք դառնում ենք կարեկից ու ներգրավող և հրավիրում ենք մյուսներին անել նույնը, մեր ավետարանական համայնքը դառնում է ավելի բաց, հաղորդակցվող և հրավիրող: Ինչ-որ իմաստով, մենք բոլորս դառնում ենք նորադարձներ, վերադարձող անդամներ, նոր եկածներ՝ փնտրելով մեր ճանապարհը:

Բաժանված հասարակություններում Հիսուս Քրիստոսի աշակերտներն ունեն ավելի մեծ ընդհանուր աստվածային և մարդկային արժանիքներ, քան տարբերություններ: Մռայլ, երբեմն սարսափազդու ժամանակներում, հավատացյալները ճառագում են Նրա լույսը և ազատարար ճշմարտությունը: Եթե հոգևոր սով կա երկրում,27 մենք հռչակում ենք Նրան` որպես կենդանի ջուր և կյանքի հաց:

Ցամաքած աշխարհում, որտեղ ժպիտի ծարավ է և բարևի սով, մենք կարող ենք վերափոխել մեր հարմարավետության գոտիները: Նստեք մեկի կողքին, ով մենակ է: Ներգրավեք, հաճոյախոսեք, խրախուսեք անձնապես և առցանց: Մի դատեք, եթե չգիտեք իրավիճակը: Լսեք, գնացեք այնտեղ, եղեք նրանց հետ: Սպասավորեք պատեհ մտքով կամ սուրբ գրության հատվածով: Նկատեք արցունքը և ժպիտը: Միշտ աղոթեք։

Այսօր դուք եք օգնում ինձ: Վաղը ես եմ օգնում ձեզ: Մենք այստեղ ենք միմյանց համար: Դա այն է, ինչ անում են ավետարանի ընկերներն ու ընտանիքը:

Ես գիտեմ, որ ձեզանից շատերը ձեր ընտանիքի միակ անդամն են կամ միակ ակտիվ անդամը: Դուք անվեհեր եք և հավատարիմ, բայց հաճախ դա դժվար է: Խնդրում ենք, ամուր բռնեք երկաթյա ձողից, կամ որպես երիտասարդ չափահաս Մանաուսում (Բրազիլիա), բռնեք դրանից և «զգացեք պողպատի ամրությունը»: Որոշեք, որ դուք լինելու եք անսասան և անխախտ, ուժեղ կապօղակ ձեր սերունդների միջև: Դա արժե անել:

Ավելի քիչ նշանակություն ունի այն, թե մենք որ սերունդն ենք Եկեղեցում՝ առաջին, թե վեցերորդ, քան այն, թե արդյոք մենք անվեհեր ենք Հիսուս Քրիստոսի մեր վկայության մեջ: Խնդրում ենք տնկեք, խնամեք և պաշտպանեք հավատքի այդ արժեքավոր սերմը: Թող այն ուժեղ արմատ գցի և բողբոջի ձեր մեջ և ձեր հավերժական ընտանիքում:

Խնդրում ենք՝ եղեք Մելբա Օուքս կամ Ջին Գոնգ, կառուցեք փոխհարաբեություններ այսօր, որոնք կփոխեն ապագան՝ գալիք մեկ, հինգ կամ նույնիսկ 77 տարիների ընթացքում:

Սա բերում է մեզ դեպի մեր երրորդ հրավերը. դառնալ ավելի լավը` աշխատելով հնձի Տիրոջ հետ և Նրա կողքին:

Երբ մենք սովորում ենք աշխատել հավատքով և ջանասիրաբար, հնձի Տերը, հունձքի օրենքի համաձայն կարող է օրհնել մեզ «[մեր] աշխատանքի պտուղների ուրախությամբ»:28 Երբ մենք աշխատում ենք տքնաջան և աշխատում ենք խելամտորեն, բացվում են հնարավորություններ: Այն, ինչ ոմանք կոչում են բախտ,մենք ընդունում ենք որպես օրհնություններ: Մենք գիտենք, որ խոնարհ աղոթքը և անկեղծ հաստատակամությունը՝ Նրա ժամանակին և ուղիով հրաշքներ են գործում:

Նոր Կտակարանի Գաղատացիների գիրքը նկարագրում է հունձքի օրենքը որպես՝ «ինչ որ մարդ [կամ կին] սերմէ, այն էլ կ’հնձէ»:29 Մենք չպետք է «ձանձրանանք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կհնձենք՝ եթե չթուլանանք»:30 Այլ կերպ ասած, մենք հավաքում ենք այն, ինչ տնկում ենք. բարին վերականգնվում է բարու համար, ինչպես որ առաքինությունը, արդարադատությունը և ողորմածությունը:31

Լոնդոն և Լյուկ Բրոքբանկները` հավատարիմ վերադարձած միսիոներները, ովքեր վերջերս կնքվեցին սուրբ տաճարում, ասում են, որ իրենք սովորեցին հունձքի օրենքը իրենց ընտանիքների հետ այգում, մինչ մեծանում էին:

[Սկսեք տեսաֆիլմի սղագրությունը]

Լոնդոն. Դե, մենք արթնանում էինք վաղ, լույսը բացվելուն պես`մեղուներից առաջ և շոգից առաջ, և փորձում էինք արմատախիլ անել այնքան մոլախոտ, որքան տնկված բույսերն էին, և փորձում էինք պահպանել բույսերի աճը պարարտանյութով և ցանքածածկով, ու պարզապես պահպանել ամեն բան իր համապատասխան ժամանակի համար:

Բոլորը սիրում և բավականություն են ստանում պտուղը պոկելիս և սկսում են ուտել մի քանիսը քաղելու ընթացքում, բայց ես կասեի, որ մոլախոտերի հեռացումը ամենադժվարն է, որովհետև դուք ծնկի եք գալիս և ձեռքերով աշխատում, իսկ մի քիչ հետո դրանք սկսում են ցավել: Իսկ ձեր ձեռքերը կեղտոտ են: Մենք կեղտոտում ենք մեր մատները և մեր բթամատերը դառնում են կանաչ՝ [մոլախոտերը] դուրս քաշելուց:

Երեց Գոնգ. Այդ պատճառով էլ ասում են՝ կանաչ մատներ ունես:

Լոնդոն. Այո, դուք կարծում եք դա այն պատճառով է, որ բույսերը լավ են աճում․ դա այն պատճառով է, որ մոլախոտերն են հեռացվում:

Լյուկ. Լոնդոնը խոսեց այն մասին, թե պարզապես ինչպես են կատարվում հիմնական գործերը այգին մշակելիս: Գիտեք, որ պետք է պարարտացնեք և տնկեք: Դուք չեք կարող ուղղակի շաբաթը մեկ անգամ գնալ այգի և սպասել, որ ամեն ինչ իսկապես լավ լինի:

[Տեսաֆիլմի սղագրության ավարտ]

Երեց Գոնգ. Ես հարցրի Լոնդոնին և Լյուկին մեր Փրկիչի մասին, որպես ճշմարիտ որթի, ով սնուցում է մեզ հոգևորապես:32

[Սկսեք տեսաֆիլմի սղագրությունը]

Լոնդոն. Երբ մենք այգում խնամում ենք բույսերը, մենք պետք է պարարտացնենք դրանք, որ ունենան համապատասխան սննդարար նյութեր և շարունակեն աճել: Դա նման է մեր վկայություններին նրանով, որ մենք ուղղակի չենք կարող ապրել միայն մեկ հոգևոր փորձառությամբ: Մեզ անհրաժեշտ է նոր փորձառություններով այդ շարունակական վերաթարմացումը: Սքանչելի է հիշել մեր հոգևոր փորձառությունները, բայց մենք անընդհատ ավելի շատի կարիք ունենք:

Լյուկ. Միակ բանը, որի վրա կարող ենք 100 տոկոսով վստահություն ունենալ՝ Փրկիչն է: Եվ ես կարծում եմ, որ այդ տեսանկյունից Նա իսկապես ճշմարիտ որթն է, որ մենք կարող ենք միշտ ապավինել Նրան: Եվ եթե մենք ամեն ինչ անում ենք, որ մեր կամքը համապատասխանեցնենք Նրա կամքին, ինչպես ասվում է, որ Նա մեր մեջ լինի, և մենք էլ Նրա մեջ, Փրկիչը նա է, ով կարող է իսկապես ձեզ կյանքի կոչել:

Լոնդոն. Ես սիրում եմ Փրկիչին և ես շատ ուժեղ վկայություն ունեմ Նրա մասին և մեզ համար Նրա կատարած զոհաբերության մասին: Նա իսկապես լավ ընկերոջ նման է, մեկը, ով երբեք չի հեռանա ձեր կողքից: Որովհետև ես համոզված եմ, որ մենք ունեցել ենք լավ ընկերներ, ովքեր կամա թե ակամա հեռացել են մեր կողքից: Երկու դեպքում էլ դա հաճելի փորձառություն չէ: Բայց այնքան հրաշալի է իմանալ, որ Փրկիչը երբեք չի հեռանա, որ Նա միշտ կլինի մեզ հետ և որ Նա այնտեղ է՝ սփոփելու և օգնելու մեզ, երբ մենք կարիք ենք ունենում:

[Տեսաֆիլմի սղագրության ավարտ]

Երեց Գոնգ. Շնորհակալություն, Լոնդոն և Լյուկ։ Երեց Գոնգ. Լոնդոնը, Լյուկը և ես խոսեցինք հունձքի օրենքի արդարության և ողորմածության մասին: Մենք հնձում ենք այն, ինչ ցանում ենք։ Բայց Աստված նաև իր ողորմածությունն է ավելացնում մեր ջանքերին: Պողոս առաքյալն ասել է. «Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց»:33 Երբ Աստված է մեծացնում, Նա բացում է երկնքի պատուհանները և օրհնություն թափում մինչև որ «նորա համար տեղ չլինի»:34 Երբ նայում ենք հոգևոր աչքերով, Տիրոջ սիրառատ ողորմածությունները հաճախ առատորեն գերազանցում են նրան, ինչը միայն մեր աշխատանքը կարող է արժենալ:

Այնուամենայնիվ, կյանքը երբեմն անարդարացի և անազնիվ է թվում՝ դժվարին, մռայլ, միայնակ պահերով: Արդարացի ցանկությամբ և հնազանդ ջանքով մենք գուցե զգանք, որ արել ենք այն ամենը, ինչ խնդրել են մեզանից: Սակայն ամեն ինչ չէ, որ ստացվել է՝ ինչպես մենք հուսացել ենք: Դժվար է: Գուցե մենք ճնշված, դժգոհ, նույնիսկ դառնացած զգանք: Այդպիսի պահերին, խնդրում եմ, հիշեք՝ այն ուղիներով, որ մենք չենք կարող պատկերացնել, «Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած»:35 Նա հասկանում է, որովհետև Նա եղել է այնտեղ:36 «Ահա,- մեր Փրկիչն ասում է, - Ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա»:37 Նա խոստանում է. «Այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար»:38

Մենք ապավինում ենք Տիրոջը ակնկալիքով և երբեմն անհամբերությամբ: Նրա խոստումները հաստատ են. «Տիրոջն ապավինողները կնորոգվին ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն հոգնիլ, կ[քայլեն] և չեն [նվաղի]»:39 Այո, «իրիկունը լաց է գալիս, իսկ առաւօտը ցնծութիւն»:40 Երկիրը չունի վիշտ, որ երկինքը չբուժի:41

Իր ժամանակին և Իր ուղիով Աստված կուղղի անարդարությունները, վշտերն ու հիասթափությունները: Պատրաստակամ և խոնարհ մարդկանց համար Նրա ավետարանը երկրորդ և երրորդ հնարավորությունների, յոթանասուն անգամ յոթանասունի ավետարան է:42 Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները օրհնված են և կլինեն «օրհնված բոլոր բաներում»։43

Մեր օրերում, ամենուր հսկայական տառապանքներով և մարդասիրական կարիքներով հանդերձ, քրիստոնեական ծառայություն մատուցելու հարցում մենք զգում ենք համոզիչ պատճառ և աստվածային նպատակ: Մեզ համար Աստծո և մերձավորի հանդեպ սերը նշանակում է՝ ուխտի հնարավորություն և ուխտի պարտավորություն: Եկեղեցու վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափահաս երիտասարդները բացահայտում և հոգում են հրատապ մարդասիրական կարիքները Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսում և ամենուրեք ողջ աշխարհով մեկ: Դուք և ձեր ընկերները ընդամենը նրանցից մի քանիսն են.

  • կարում են դիմակներ,

  • աջակցում են կանանց փախստականների կենտրոններին,

  • օգնում են բնական աղետի հետևանքների մաքրման գործին և սփոփում մարդկանց

  • ապահովում են երեխաների սնուցումը,

  • կառուցում են համայնքներ, և

  • սննդամթերք են առաքում սննդի կենտրոններ:44

COVID-ի այս համաճարակի ժամանակ մեր անդամները, մեր ընկերները և մեր Եկեղեցին տրամադրում են մեր երբևէ ամենամեծ հումանիտար արձագանքը 151 երկրներում՝ COVID-19-ի արձագանքման 1,031 նախագծերով: Կարիքի մեջ գտնվողները ստանում են ավելի քան 28,4 միլիոն անձնական պաշտպանության սարքավորումներ (ԱՊՍ), 3,5 միլիոն մթերային ապրանքներ, 1,8 միլիոն հիգիենայի պարագաների փաթեթներ և 1,07 միլիոն անուն բժշկական սարքավորումներ և պարագաներ:

Մինչև այժմ ֆերմայից դեպի սեղան ավելի քան 700 բեռնատարներով սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ են ուղարկվել 1.6 միլիոն մղոն հեռավորությամբ՝ մեր Եկեղեցու եպիսկոպոսների պահեստային համակարգից դեպի 380 սննդի կենտրոններ, անօթևանների ապաստաններ և բարեգործական գործակալություններ: Ես հարցրեցի թե ինչ կա տիպիկ 18-անվանի բեռնատարում: Սովորաբար,18 անիվներով յուրաքանչյոււր բեռնատարը բերում է 3264 տավարի կամ հնդկահավի պահածո, եգիպտացորենի, կանաչ ոլոռի կամ կտրատած լոլիկի 7488 պահածո, 6528 շոգեխաշած, ապուրի կամ չիլիի պահածո, և իմ սիրած, և եկեղեցու կողմից արտադրվող, գետնանուշի կարագի հայտնի պահածոների 792 տուփ, որը լի է սննդարար նյութերով, էներգիայով և բարի կամքով:

Մեր բեռնատարներն առաքում են նաև մրգեր, լոբազգիներ և պուդինգներ, որոնք արտադրվել կամ վերամշակվել են մեր Եկեղեցու 19 ագարակներում, 3 այգիներում, 4 պահածոների գործարաններում, 1 կաթնամթերքի և 3 անասնապահական տնտեսություններում: Գուցե դուք ապրում եք մի համայնքում, որտեղ մեր Եկեղեցին համագործակցել է տեղական խմբերի հետ՝ սնունդ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ ապահովելու համար:

Համաշխարհային պարենային օգնության և սննդի անվտանգության կանխատեսումները մտահոգում են մեզ: ՄԱԿ-ը կանխատեսում է, որ COVID-ի խափանումները կարող են լրացուցիչ 130 միլիոն անհատների ենթարկել հարատև սովի: Չնայած սա միայն սկիզբն է, մեր մարդասիրական ներդրումները շարունակական են, անհրաժեշտ և ողջունելի են այնպիսի խոցելի տարածքներում, ինչպիսիք են՝ Սոմալին, Եմենը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Հաիթին և Զիմբաբվեն, ինչպես նաև Սիրիայի, Եմենի, Հարավային Սուդանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և այդ թվում Աֆրիկայի Սահալի հակամարտող շրջաններում:

Քաղցած երեխաները ուտելիքի կարիք ունեն: Մի մարդասիրական գործընկերոջ հետ մենք ինը զարգացող երկրներում 30 միլիոն ճաշաբաժին ենք առաքում դպրոցական երեխաներին: Յուրաքանչյուր ճաշաբաժինը պարունակում է հատիկային, սպիտակուցային, բանջարեղենի և մրգերի 482 կենսապահովող կալորիա:

Ինչպես տեսանք, մեր Եկեղեցին համաշխարհային մարդասիրական նվիրատվություններ է տրամադրում և նաև ապահովում առատաձեռն աջակցություն Հյուսիսային և Հարավային Ամերիկային և այլ տարածքների, որտեղ Եկեղեցու շատ անդամներ են ապրում:

Փախստականները և ներքին տեղահանվածները հումանիտար մեծ մարտահրավեր են ներկայացնում: Մեր Եկեղեցին փախստականների հետ կապված բազմաթիվ ճգնաժամերի առաջնագծում է: Մեր գործընկերների հետ միասին մենք Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում ապահովում ենք սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ, ջուր և առողջապահական պարագաներ, ապաստարանի հավաքածուներ, հագուստ, անձնական պաշտպանության միջոցներ և կրթական աջակցություն:

Մենք հարմարեցնում և հոգում ենք տեղական կարիքները: Մենք հարգում ենք տեղական սովորույթներն ու մշակույթը: Օրինակ՝ Ինդոնեզիայում 2004 թ.-ին տեղի ունեցած ավերիչ ցունամիի արդյունքում զոհվեց կամ անհայտ կորած մնաց 228,000 մարդ: Մեր համաշխարհային եկեղեցական ծոմն օգնեց վերակառուցել մզկիթներ, գնել կարի մեքենաներ` կարելու անհրաժեշտ ավանդական հագուստներ, ինչպես նաև օգնեց վերականգնել տներ և դպրոցներ: Իսլամական առաջնորդներն ասացին մեզ. «Մենք ծոմ ենք պահում, որովհետև ծոմի նվիրատվությունները հատուկ նշանակություն ունեն մեզ համար: Ձեր ծոմը և զոհաբերությունը արտացոլում է Աստծո հանդեպ ձեր հավատքն ու սերը»:

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, Աստծո հետ և միմյանց հետ մեր ուխտի պատկանելությունը կոչ է անում մեզ լինել բարի և գործել բարին: Ինչպես գիտեք, մեր Եկեղեցին մարդասիրական օգնություն է տրամադրում առանց հաշվի առնելու ռասան, կրոնական պատկանելությունը կամ ազգությունը: Մեր մարդասիրական գործերը չեն օգտագործվում մեր համոզմունքները քարոզելու համար: Մենք աշխատում ենք բոլոր հավատքներին պատկանող մարդկանց հետ կամ նրանց հետ, ովքեր ոչ մի հավատքի չեն պատկանում: Մենք արձագանքում ենք անմիջական և երկարատև կարիքներին: Մենք մնում ենք, մինչ կարիքները շարունակվում են, նույնիսկ լրատվական տեսախցիկների գնալուց շատ ժամանակ հետո: Մենք խթանում ենք արժանապատվություն և ինքնապահովում: Մենք զգում ենք Երկնային Հոր օրհնությունները, երբ արտահայտում ենք մեր սերը Աստծո հանդեպ, ամեն ինչ անելով մեր եղբայրների և քույրերի՝ Նրա որդիների և դուստրերի համար, ամենուր և ամեն կերպ, որ կարող ենք:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մինչ դուք սովորում եք, աճում և ծառայում եք, և երբ ձգտում եք քաջարի լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ, խնդրում եմ համբերատար և ըմբռնող եղեք ինքներդ ձեզ հետ: Շատ հաճախ մենք չափազանց խիստ ենք ինքներս մեր հանդեպ: Տերը հրավիրում է մեզ գալ՝ ինչպես որ կանք, անելու բոլոր բաներն «իմաստությամբ և կարգով»: Նա չի սպասում, որ մենք ավելի արագ վազենք, քան ուժ ունենք, նույնիսկ, երբ մենք ջանասեր ենք և քաջարի:45

Երբեմն, մենք գուցե զգանք ավելի քիչ պահանջված կամ ավելի պակաս նվիրված, եթե Տերը չի խնդրում մեզ անել «ինչ որ մեծ բան»:46 Սակայն հաճախ Տերն ամենաշատը ցանկանում է, որ մեր պայծառացնող լույսը վառ շողա ամեն օր: Հիշե՛ք, Հիսուսն է ճշմարիտ որթը: Ձեր հոգևոր աճն ու երջանկությունը թանկ են Նրա համար:

Ամփոփելով, այս նոր տարվա մեկնարկին կարո՞ղ եմ ձեզ հրավիրել՝ ստանալու երեք հրավերի բոլոր օրհնությունները.

  1. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»:47 Թող Նրա բարությունը և արարչագործություններն արթնացնեն ձեր երևակայությունը, հանդարտեցնեն և հավաստեն ձեր սրտերին ու վկայեն, որ Նա պատրաստ սպասում է` ամրապնդելու ձեր անձնական փոխհարաբերությունը:

  2. Փոխեք ապագան հիմա: Դաստիարակեք բազմասերունդ փոխհարաբերություններ, որոնք կօգնեն ձեզ և ձեր շրջապատում գտնվողներին գալիք տարիների ընթացքում:

  3. Վստահեք հունձքի Տիրոջը, որպեսզի օգնի ձեզ դառնալ ավելի լավը: Երբ մենք աշխատենք Նրա կողքին Իր այգում, հունձքի Տերը կօգնի մեզ առատ աճով: Նրանն են ուրախության օրհնությունները, որոնք լիառատ են:48

Երեք լրացուցիչ գործողություններ կօգնեն ձեզ զորացնել ձեր հավատքը և քաջարի լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ:

  1. Արժանավորությամբ կրեք տաճարային գործող երաշխավորագիր: Խնդրում ենք անել դա, նույնիսկ, երբ տաճարը լիովին բաց չէ: Խնդրում ենք անել դա, նույնիսկ, երբ գուցե կարիք ունեք կարգի բերել որոշ բաներ ձեր կյանքում:

  2. Թույլ տվեք եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին իմանալ, թե ով եք դուք, և որոնք են ձեր հանգամանքները: Եթե ներկայումս Եկեղեցու կոչում չունեք, խնդրում եմ ասել. «Եպիսկոպո՛ս կամ ճյուղի նախագա՛հ, երբ Տերը կոչում ունենա ինձ համար, ես ուրախ կլինեմ ծառայել մեր Եկեղեցում»:

    Մեզանից յուրաքանչյուրը թևերի և արմատների կարիք ունի. բարեկամության և հասարակության լայն շրջանակ և ավելի փոքր շրջանակ, որտեղ մենք կարող ենք կանոնավոր ծառայել հասակակիցների և հոգատար ղեկավարների՝ այդ թվում եպիսկոպոսի հետ, ով կրում է բանալիները:

  3. Երբ թակեք, խնդրեք և փնտրեք, խնդրում եմ ստեղծեք անձնական միջավայր, որը սնուցում է հավատը և օգնում է ձեզ պահել Աստծո պատվիրանները: Տրված լինելով սիրով՝ Աստծո պատվիրանները պաշտպանում են և օրհնում: Ապրեք արժանի, որպեսզի Սուրբ Հոգին լինի ձեր ընկերակիցը և օգնի ձեզ գտնել այն, ինչ ձեզ ամենաշատն է անհրաժեշտ, և որին դուք ձգտում եք: Թույլ մի տվեք, որ աշխարհը ձևացնի, թե առաջարկում է ձեզ այնպիսի բաներ, որոնք Նա չի կարող ընձեռել:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Աստված մեր Հավերժական Հայրն է։ Նրա սիրելի Որդին մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Հավերժական արարողությունները, ուխտերը և վարդապետությունը գտնվում են Նրա վերականգնված Եկեղեցում, որը կոչվում է Նրա անունով`Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը շարունակվում է Մարգարե Ջոզեֆ Սմիթից մինչև Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ այսօր: Մորմոնի Գիրքը և մյուս սուրբ գրությունները վկայում են, ինչպես ես եմ վկայում, որ Հիսուսը Քրիստոսն է:

Սիրելի ընկերներ, թող ձեր լույսը շողա:49 Շարունակեք հավատարմորեն պահել ձեր ուխտերը և անվեհեր լինել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ: Թող Աստված պատսպարի ձեզ Իր գթությամբ և օրհնի ձեզ՝ ձեր արդար հույսերում և ցանկություններում: Թող որ դուք ուխտի պատկանելություն և ուրախություն գտնեք Նրա ավետարանում, տեղ ու տարածք Նրա Եկեղեցում, որը մեր Եկեղեցին է: Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ և նվիրական անունով, ամեն: