Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Շաղ տվեք ձեր փշրանքները


Շաղ տվեք ձեր փշրանքները

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, սիրելի՛ ընկերներ, մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը ձեզ է փոխանցել իր ողջույններն ու օրհնությունները։ Այս Սուրբ Ծննդյան օրերին և ընդհանրապես, նա շնորհակալ է ձեր աղոթքների և սիրո համար։

Ես միշտ սիրել եմ տարվա այս ժամանակաշրջանը։ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկոն սիրելի ավանդույթ է դարձել շատերի համար, այդ թվում՝ իմ ընտանիքի համար։ Մենք անհամբեր սպասում ենք Սուրբ Ծննդյան մեկնարկին՝ Տաճարային Հրապարակի նվագախմբի և միշտ հրաշալի Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի հոյակապ երաժշտության ներքո։ Ուղերձներն ու երաժշտությունը ձևավորում են Սուրբ Ծննդյան տոների մթնոլորտը և հիշեցնում են մեզ տոնելու իմաստն ու պատճառները։

Սուրբ Ծնունդը Գերմանիայում

Մանկության վաղ տարիներին Սուրբ Ծննդյան տոներին ցանկանում էի ականատես լինել կատարյալ ձմռան և գիտեմ, որ միայն ես չէի այդպես ցանկանում։ Ինձ համար դա նշանակում էր՝ ձմռան ցրտաշունչ օդ, փխրուն կապույտ երկինք և թարմ ձյան հաստ վերմակ։ Բայց եղանակը գրեթե միշտ տարբեր էր լինում իմ երազած ձմռանից, հաճախ ուղեկցվում էր մոխրագույն մառախլապատ երկնքով, ցեխոտ ու թաց ձյունով և նույնիսկ՝ անձրևով։

Այնուամենայնիվ, Սուրբ Ծննդյան նախօրեին մայրս մեզ փաթաթում էր ձմեռային տաք հագուստով, և մենք հայրիկիս հետ զբոսնում էինք մեր քաղաքի փողոցներով։

Մենք՝ երեխաներս,հասկանում էինք այդ զբոսանքի իրական պատճառը՝ մայրիկը պետք է զարդարեր տոնածառը, նվերներ դներ ծառի տակ և մեր հյուրասենյակը նախապատրաստեր Սուրբ Երեկոյի համար։ Ամեն հնարք գործադրում էինք այդ զբոսանքը կրճատելու համար։ Սակայն, հայրիկը շատ հնարամիտ կերպով ևս մեկ շրջան կամ շրջադարձ էր ավելացնում, դրանով իսկ լրացուցիչ ժամանակ տալով մայրիկին։

Այդ օրերին Ցվիկաու քաղաքի (Գերմանիա) փողոցները երեկոյան ժամերին բավականին մութ էին։ Դա ԵրկրորդԱշխարհամարտից հետո էր, և փողոցի լույսերը քիչ էին։ Միայն մի քանի խանութներ էին բաց, իսկ մի քանիսը տեղակայված էին ռմբակոծված տների կողքին, որոնք դեռևս պատերազմի տարօրինակ հոտ էին արձակում։

Զբոսանքի ժամանակ մի բան կար, որ բոլորիս դուր էր գալիս՝ Ցվիկայուի կենտրոնում գտնվող տաճարի կանգառը, որտեղ մենք լսում էինք սուրբ Ծննդյան հրաշալի տաղերգեր և երգեհոնի հոյակապ երաժշտություն, որը միշտ հնչում էր Սուրբ Ծննդյան նախօրեին։ Ինչ-որ կերպ, այս երաժշտությունը մեր քաղաքի անշուք լույսերը դարձնում էր շատ պայծառ, գրեթե փայլող աստղերի պես, և մեր մանուկ սրտերը լցվում էին ակնկալիքի հրաշալի ոգով:

Երբ վերադառնում էինք, մայրս ավարտած էր լինում իր նախապատրաստական աշխատանքները, և մենք հերթով ներս էինք մտնում հյուրասենյակ ու զմայլվում նոր զարդարված Տոնածառով։ Այդ օրերին եղևնիներ դժվար էր ճարվում, և մենք ստիպված էինք լինում օգտագործել այն, ինչ հասանելի էր։ Երբեմն, ստիպված էինք լինում որոշ ճյուղեր ավելացնել, որպեսզի այն ավելի շատ նմանվեր իրական ծառի։ Սակայն, իմ երիտասարդ աչքերում տոնածառը միշտ հիանալի ու կատարյալ տեսք ուներ։

Մոմերի փայլուն լույսերը մի խորհրդավոր, գրեթե զարմանալի փայլ էին հաղորդում սենյակին։ Մենք հուզմունքով ու հրճվանքով նայում էինք ծառի տակ գտնվող նվերներին և հույս տածում, որ մեր գաղտնի ցանկությունները կկատարվեն:

Նվերներ ստանալու հուզմունքը գրեթե միշտ համընկնում էր դրանք նվիրելու ցանկությանը։ Հաճախ, այդ նվերները ձեռագործ էին։ Մի տարի, երբ շատ երիտասարդ էի, եղբորս նվիրեցի իմ ձեռքով նկարած նրա նկարը։ Ես շատ էի հպարտանում իմ գլուխգործոցով։ Եվ նա սիրալիր ու գթառատորեն շնորհակալության ու գովասանքի խոսքեր էր ասում ինձ։

Ես միշտ կհիշեմ Արևելյան Գերմանիայում իմ վաղ մանկության այդ քաղցր հիշողությունները։

Անսահման սեր

Այս աշխարհի մշակույթների և ազգերի մեջ սուրբ Ծննդյան ավանդույթները նշվում են հրաշալի և տարբեր ձևերով։ Չնայած իրենց տարբեր լինելուն, դրանք գեղեցիկ և ուշագրավ են։

Բայց դրանք բոլորն էլ ունեն մի ընդհանուր զգացում, մի ընդհանուր ոգի, որը կարծես թե միշտ ներկա է, երբ նշում ենք Քրիստոսի ծնունդը՝ մեր Թագավորի, մեր Մխիթարիչի և Վստահության, Իսրայելի մխիթարության:

Շատ բառերով կարելի է նկարագրել այդ զգացումը՝ ուրախություն, հույս, ակնկալիք, լավ տրամադրություն։ Դրանցից յուրաքանչյուրը նկարագրում է այն, ինչը մենք կոչում ենք «Սուրբ Ծննդյան հոգի»:

Ինձ համար կա մի բառ, որը լավագույնն է նկարագրում Սուրբ Ծննդյան օրերի զգացումները։ Այդ բառը սերն է։

Ի վերջո, այն պարգևը, որի համար մենք տոնում ենք Սուրբ Ծնունդը, սիրո պարգևն է՝ Աստծուց տրված Իր Որդու պարգևը։ «Սորանով Աստուծոյ սէրն երեւեցաւ մեզանում, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք։ Սրանում է սերը»։1

Այդ սիրուց մղված սրտերը փափկում են։ Մենք քնքշություն ենք զգում, որը ստիպում է մեզ բարությամբ և կարեկցանքով հասնել ուրիշներին։

Սուրբ Ծնունդը ոգեշնչում է մեզ ավելի լավ սիրել։

Նույնիսկ, դա արտասանելով, ես գիտակցում եմ, որ սեր բառը բավարար չէ։ Անգլերենում, ինչպես նաև շատ այլ լեզուներում, «սերը» կարող է շատ բան նշանակել։ Օրինակ, կարող եմ ասել ես «սիրում» եմ եղանակը, կամ «սիրում» եմ քո նոր զգեստը, կամ նույնիսկ կարող եմ «սիրել» թենիսի գնդակների նոր բացված տուփի հոտը։

Բայց այն սերը, որի մասին ես խոսում եմ, շատ ավելի խորնէ: Սիրո մասին մեր մահկանացու հասկացությունն ավազի հատիկէ մեծ ծովափին՝ Աստծո հանդեպ ունեցած սիրո համեմատ:

Նրա սերն անսահման ու անսպառ կարեկցանք է։ Աստվածային սերը լցնում է հավերժությունը։ Այն ողողում է հավերժական շնորհով։ Այն օգնում ու բարձրացնում է։ Այն ներում է։ Այն օրհնում է։ Այն փրկագնում է։

Աստվածային սերը գերազանցում է անհատականության, մշակույթի կամ հավատի տարբերությունները: Այն թույլ չի տալիս, որ հակումներն ու նախապաշարմունքները կանգնեն սփոփանքի, կարեկցանքի և փոխըմբռնման ճանապարհին: Այն լիովին զուրկ է ծաղրանքից, խտրականությունից կամ ամբարտավանությունից։ Աստվածային սերը ոգեշնչում է վարվել Փրկիչի նման՝ «սատարել թույլերին, բարձրացնել կախ ընկած ձեռքերը և զորացնել թուլացած ծնկները»:2

Դա է այն սերը, որին ձգտում ենք։ Դա պետք է լինի մեր բնորոշիչ բնութագիրը՝ որպես անհատներ և որպես ժողովուրդ:

Գուցե, այս կյանքում մենք չկարողանանք լիակատար աստվածային սեր զարգացնել, բայց երբեք չպետք է դադարենք փորձել։ Եթե տարվա մեջ կան օրեր, երբ ավելի շատ ենք մոտենում այդ սիրուն, դա հավանաբար, Սուրբ Ծննդյան օրերն են, երբ մեր սրտերն ու մտքերը դառնում են դեպի աստվածային սիրո կենդանի դրսևորման՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդի կողմը։

Քաղաքի լիազորը և տղան

Թույլ տվեք կիսվել մի պատմությամբ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է այդ սերը գործել մեր կյանքում։ 85 տարի առաջ Սուրբ Ծննդյան նախօրեին, Մեծ ճգնաժամի տարիներին քաղաքային խորհրդի լիազորներից մեկը Ձմեռային փոթորիկից հետո ստուգում էր Սոլթ Լեյք Սիթիի ճանապարհները: Մեքենան վարելիս, նա ճանապարհի եզրին մի փոքր տղայի նկատեց, ով կանգնած էր ցրտաշունչ ձմռանը՝ առանց բաճկոնի, ձեռնոցի և կոշիկների: Լիազորը մեքենան կանգնեցրեց, տղային հրավիրեց իր տաքուկ մեքենան և հարցրեց, թե արդյոք նա ուրախ էր սուրբ Ծննդյան համար։ Տղան պատասխանեց․ «Մեր տանը մենք Սուրբ Ծնունդ չենք ունենա։ Հայրիկս մահացել է երեք ամիս առաջ և մայրիկիս, ինձ, եղբորս և փոքր քրոջս թողել է միայնակ»։

Քաղաքի լիազորը բարձրացրեց մեքենայի տաքացուցիչը և ասաց․ «Տղաս, կարո՞ղ ես ինձ տալ քո անունը և հասցեն։ Որևէ մեկը կայցելի ձեզ և ձեզ չեն մոռանա»։

Քաղաքի այդ լիազորը նաև ցցի նախագահ էր Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնում։ Իր ցցի անդամների հետ նա աշխատում էր, որսնունդ ու ընծաներ բաժանի այն ընտանիքներին, ովքեր հնարավորություն չունեին դրա համար։ Այդ տղան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէր, բայց դա նշանակություն չուներ լիազորի համար։ Այդ երեկոյան, նա և ցցի եպիսկոպոսներից մեկը տղայի ընտանիքին Սուրբ Ծննդյան լեփ-լեցուն կողով առաքեցին։3

Այդ տղայի արտաքին տեսքը խորապես ազդել էր ցցի նախագահի վրա։ Դա նրան ավելի վճռական դարձրեց, որպեսզի նա գտնի կարիքավորներին և թեթևացնի նրանց տառապանքները։ Նույնիսկ, դա դարձավ նրա բնորոշ հատկանիշը։

Քաղաքի լիազորի անունը Հարոլդ Բինգհեմ Լի էր, իսկ 40 տարի անց նա կդառնար Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 11-րդ Նախագահը:

Նախագահ Լին կարևորդեր է ունեցել Եկեղեցու խոշոր ծրագրի մշակման գործում, որը նախատեսված էր թեթևացնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց տառապանքները և օգնելու Աստծո բոլոր զավակներինինքնապահով դառնալ։

Իր կյանքի մայրամուտին Նախագահ Լին ասել է, որ հասկանումէ այն մարդկանց, ովքեր տառապում և օգնություն են խնդրում, որովհետև իր կյանքի վաղ տարիներին նրա ընտանիքն աղքատ ու համեստ կյանք է վարել։4

Կարևորչէ, թե որքան ունեցվածքունեք, այլ կարևոր է, թե որքան եքսիրում

Կարծում եմ, ես հասկանում եմ Նախագահ Լիին։

Իմ ընտանիքը ևս ապրել է շատ համեստ պայմաններում: Յոթ տարվա ընթացքում փախստականների նման երկու անգամ փախել ենք մեր տներից և ամեն ինչ թողել հետևում։ Արևմտյան Գերմանիայում մենք ապրում էինք հին գյուղատնտեսական շենքի վարձակալված ձեղնահարկում: Այն երկու փոքր սենյակ ուներ, և բոլորս քնում էինք մի ննջասենյակում: Տարածքն այնքան փոքր էր, որ ստիպված էի քայլել անկյուններով, որպեսզի տեղաշարժվեի մահճակալների միջով:

Մայրս մի տաք պնակ ուներ, որը ծառայում էր որպես վառարան: Եվ երբ ուզում էինք գնալ մի սենյակից մյուսը, մենք ստիպված էինք անցնել գյուղատնտեսական գործիքների, տարբեր տեսակի արկղերի և առաստաղից կախված տարբեր ապխտած մսերի խոչընդոտ հանդիսացող ուղիով: Մի անգամ, երբ ես հիվանդացա ու ստիպված էի ամբողջ օրը մնալ անկողնում, նկատեցի մկների, որոնք խուզարկում էին մեր ձեղնահարկը։ Ջուրը պետք է ձեռքով կրեինք տուն, իսկ սանհանգույցը դրսում էր և գտնվում էր բակի մյուս կողմում՝ ախոռի կողքին։ Կիրակի օրը մենք մի քանի ժամ քայլում էինք, որպեսզի գնայինք Ֆրանկֆուրտում գտնվող մեր Եկեղեցու շենքը և ետ վերադառնայինք։ Հազվադեպ էինք մեզ թույլ տալիս տաքսի պատվիրել։

Սրտի կսկիծով, բայց նաև ուրախությամբ եմ հիշում այդ օրերը։ Իմ ծնողներն իրենց լավագույն ջանքերը ներդնում էին, որպեսզի ապահովեին մեզ, և մենք զգում էինք, որ նրանք սիրում են մեզ։ Այո, դրանք մեծ կարիքի ժամանակներ էին, բայց ես դրանք համարում եմ երջանիկ ժամանակներ, որովհետև կարող էի զգալ այն սերը, որը տածում էինք միմյանց, Տիրոջ և Նրա Եկեղեցու նկատմամբ:

Աղքատ լինելու մեջ ամոթալի ոչինչ չկա։ Հիշեք, որ աշխարհի Փրկիչը ծնվել էր ախոռում և դրվել մսուրի մեջ «քանի որ հյուրատանը [Նրա] համար տեղ չկար»։5 Ապա, մի կարճ ժամանակ անց Նա և Մարիամը դարձան փախստական և փախան դեպի Եգիպտոս, որպեսզի պաշտպանություն գտնեին մարդասպան Հերովդեսից։ Մարդկանց ծառայելու ժամանակ Հիսուսը գտնվում էր սրտով կոտրվածների, սովածների և հիվանդների կողքին։ Նրա օրերն անցնում էին այդ մարդկանց ծառայելով։ Նա եկավ, «որպեսզի բարի լուր ավետեր նրանց»։6 Շատ դեպքերում, Նա նրանցից մեկն էր, քանի որ Նա նույնպես «տեղ չուներ, որ գլուխը դներ»։7

Նա գովաբանեց չքավոր այրի կնոջը, ով աղքատ լինելով, իր երկու լուման գցեց հրեական գանձանակի մեջ։8 Եվ մահկանացու կյանքում Նրա վերջին ուղերձներից մեկն այն էր, որ մեր անձնական փրկությունը կախված է նրանից, թե ինչպես ենք վերաբերվում ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր համարվում են «փոքր», որովհետև «որքան [նրանցից] մեկին արիք», ասաց Նա, «ինձ արիք»։9

19-րդ դարի անգլիացի բանաստեղծը գրել է այս տողերը․

Սառը կարկուտի և ձյունի միջով

Երկչոտ շիկահավն է մոտենում նազով,

Խղճացեք և մի քշեք նրան

Այլ՝ շաղ տվեք ձեր փշրանքները նրան։ …

 

Բոլորն էլ ավելորդ պատառիկ ունեն և դրա համար այնքան էլ աղքատ չեն,

Մենք կարիքի մեջ ենք, երբ ձմեռը գալիս է,

Հացը երբեք էլ միայն ձերը չէ,

Հետևաբար, շաղ տվեք փշրանքները ձեր։

 

Շուտով ձեր կյանքի ձմեռը կգա,

Եվ հաշվետվության օրը կմոտենա։

Վճռով հանդերձ Ձեր մեղքերի դեմ

Ցրված փշրանքները կբարեխոսեն։10

Անկախ կյանքում ունեցած մեր դիրքերից, մենք բոլորս էլ երկչոտ շիկահավեր կամ մուրացկաններ ենք Աստծո առաջ։ Մենք կախված ենք Նրա շնորհից։ Որպես երջանկության մեծ ծրագրի մի մաս՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ունենք փրկության հույս և ողորմածություն։ Այդ հոգևոր պարգևը ոգեշնչում է մեզ պահել Աստծո պատվիրանները և կարեկցանքով օգնության հասնել մեր շրջապատի մարդկանց: Նույնիսկ, երբ մենք ունենք մի բուռ փշրանք, մենք ուրախությամբ ենք դրանք կիսում հուզական, հոգևոր կամ նյութական կարիք ունեցողների հետ, որպես մեր երախտագիտության արտահայտություն Աստծո կողմից պատրաստված աստվածային տոնի համար:

Օրհնել մյուսներին Սուրբ Ծննդյան ժամանակ

Սուրբ Ծննդյան այս սիրելի տոների օրերին պատշաճ կլինի, որ մենք ուրախանանք լույսերով, երաժշտությամբ, ընծաներով ու փայլերով։ Դրանք տարվա այս ժամանակը սիրելու պատճառներից են։

Բայց թույլ տվեք չմոռանալ, որ մենք Հիսուս Քրիստոսի, կենդանի Աստծո կենդանի Որդու աշակերտներն ու հետևորդներն ենք։ Որպեսզի իսկապես պատվենք Նրա աշխարհ գալը, մենք պետք է վարվենք Նրա նման և կարեկցանքով ու ողորմածությամբ օգնության հասնենք մեր մերձավորներին։ Դա մենք կարող ենք ամեն օր անել, թե՛ մեր խոսքերով, և թե՛ գործերով։ Թող որ դա դառնա Սուրբ Ծննդյան մեր ավանդույթը, անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում՝ լինենք մի քիչ ավելի բարի, ավելի ներողամիտ, քիչ դատապարտող և մեր ունեցվածքից ավելի առատաձեռն կիսվենք կարիքավորների հետ։

Թող որ Բեթլեհեմում Հիսուսի ծննդյան մասին մեր մտքերը կարողանան ոգեշնչել մեզ, որպեսզի ավելի նմանվենք Նրան: Թող Քրիստոսի առաքելությունն ու օրինակը մեր սրտերը լցնեն Աստծո հանդեպ աստվածային սիրով, իսկ մեր ընկերակիցների հանդեպ՝ խորը կարեկցանքով։ Եվ թող որ մենք միշտ շաղ տանք մեր փշրանքներն ավելի մեծ առատությամբ և անդադար սիրով: Սա է իմ աղոթքը և օրհնությունն այս Սուրբ Ծննդյան տոների և յուրաքանչյուր օրվա համար, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ա Հովհաննես 4․9-10

  2. Վարդապետություն և Ուխտեր 81․5

  3. See Harold B. Lee, Ye Are the Light of the World (1974), 346–47.

  4. See L. Brent Goates, Harold B. Lee: Prophet and Seer (1985), chapter 32.

  5. Ղուկաս 2.7

  6. Ղուկաս 4․18, Անգլերեն ստանդարտ տարբերակ։

  7. Մատթեոս 8․20, Անգլերեն ստանդարտ տարբերակ։

  8. Տես Մարկոս 12․42–44։

  9. Տես Մատթեոս 25․32-46։

  10. Alfred Crowquill, “Scatter Your Crumbs,” in Robert Chambers, ed., The Book of Days (1881), 2:752։ Ողջ բանաստեղծությունը կարդացվում է այսպես․

    Սառը մանրակարկուտի և ձյունի միջով

    Երկչոտ շիկահավն է մոտենում նազով,

    Խղճացեք և մի քշեք նրան

    Այլ՝ շաղ տվեք ձեր փշրանքները նրան։

    Եվ ձեր դուռը բաց թողեք

    Բոլոր այցելուների համար,

    Աղքատներին տվեք ավելի առատորեն

    Եվ շաղ տվեք ձեր փշրանքները նրանց։

    Բոլորն էլ ավելորդ պատառիկ ունեն և դրա համար այնքան էլ աղքատ չեն,

    Մենք կարիքի մեջ ենք, երբ ձմեռը գալիս է,

    Հացը երբեք էլ միայն ձերը չէ,

    Հետևաբար, շաղ տվեք փշրանքները ձեր։

    Շուտով ձեր կյանքի ձմեռը կգա,

    Եվ հաշվետվության օրը կմոտենա։

    Վճռով հանդերձ Ձեր մեղքերի դեմ

    Ցրված փշրանքները կբարեխոսեն։