2019
Ինչպես արձագանքել, երբ որևէ մեկն ասում է, որ պոռնոգրաֆիայից կախվածություն ունի
Հոկտեմբեր 2019


Ինչպես արձագանքել, երբ որևէ մեկն ասում է, որ պոռնոգրաֆիայից կախվածություն ունի

Հեղինակն ապրում է Յուտայում (ԱՄՆ):

Ամիսներ շարունակ ես զգում էի, որ ինչ-որ բան այն չէր, մինչև իմ ընկերուհին պատմեց ինձ, որ տարիներ շարունակ պոռնոգրաֆիայից կախվածություն է ունեցել, փաստորեն այն ժամանակից ի վեր, ինչ ես նրան ճանաչել եմ:

Երբ լսեցի նրա խոստովանությունը մեքենայում նստած, ես երախտագիտություն զգացի: Ինձ սխալ չհասկանա՛ք՝ ես խորապես ցնցված էի, իմանալով, որ նա այդքան ժամանակ տանջվել է, սակայն ես ուրախ էի, որ իմացա, և դատելու փոխարեն կարող էի սիրով արձագանքել:

Չարությունն արդարացում չունի

Երբեմն, իմանալով, որ պոռնոգրաֆիան չարիք է, մենք այլ կերպ ենք ընկալում մարդկանց: Ինձ հետ այդպես պատահել է: Երբ ավելի երիտասարդ էի, այդ մարդկանց մասին լսելիս, որոնք ներքաշված են պոռնոգրաֆիայի մեջ, իմ ներքին արձագանքը կլիներ զայրույթը և նույնիսկ՝ զզվանքը: Սակայն, երբ իմ ընկերուհին պատմեց ինձ իր դժվարությունների մասին, ես ուժ գտա մխիթարելու նրան, քանի որ մեծանալով, տարիներ շարունակ ես էլ ունեցել եմ իմ սեփական մեղքերն ու թուլությունները:

Այժմ ես գիտեմ, որ չար լինելը չի արդարացվում: Հիսուս Քրիստոսը, ով մեր կատարյալ օրինակն է, փնտրել է այն մարդկանց, ովքեր արհամարհված են եղել մյուսների կողմից: Նա խոսել է սամարացիների և մեղավորների հետ: Քրիստոսը, ով չէր կարող «մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» (Վարդապետություն և Ուխտեր 1.31), նայում է «մեզ՝ անկատարներիս, առանց սարսափով ու զզվանքով ընկրկելու»:1 Ուստի, ընկերուհուս հետ անկեղծ զրուցելով, ես փորձեցի մտածել, թե ինչպես կարձագանքեր Հիսուսը: Շնության մեջ բռնված կնոջ պատմությունը հուշեց ինձ, թե ինչպես արձագանքել:

Արձագանքել կարեկցանքով

Հիսուսի ծառայության օրոք Մովսեսի օրենքով ապրող դպիրներն ու փարիսեցիներն այնքան էլ կարեկից չէին: Նրանք շատ խիստ էին, հաճախ դաժան, մեղքերի համար նշանակված էին պատիժներ, և շնություն կատարողը պետք է քարկոծվեր: Սակայն, երբ մեղսագործին բերեցին Հիսուսի մոտ, Նա չզզվեց նրանից, այլ կարեկցանք ցուցաբերեց: Փոխանակ շնորհավորեր մեղադրողներին, որ բռնել են ինչ-որ մեկին, ով մեղք է գործել, Նա հիշեցրեց նրանց իրենց սեփական մեղքերի մասին (տես Հովհաննես 8.3–7): Ի վերջո, «ամենքը մեղանչեցին, և Աստծո փառքիցը պակասված են» (Հռովմայեցիս 3.23): Քրիստոսը չէր դատապարտում մեղավորին, և մենք նույնպես չպետք է այդպես վարվենք (տես Հովհաննես 13.34–35):

Մեղադրողները հեռացան՝ տանջվելով իրենց անմաքուր խղճից, և Քրիստոսը խոսեց կնոջ հետ: Նա խոսեց քիչ, բայց խորիմաստ: Սկզբում Նա հարցրեց. «Ով կին, ո՞ւր են [քեզ ամբաստանողները]. Ոչ ով քեզ չ’դատապարտե՞ց»: Երբ կինը պատասխանեց, որ նրանք գնացել են, Հիսուսը պարզապես ասաց. «Ես էլ չեմ քեզ դատապարտում. գնա, և այսուհետև մեղք մի գործիր» (Հովհաննես 8.10–11):

Դատապարտումը չէր նպաստի, որ այս կինը փոխվեր, բայց Փրկիչը գիտեր, որ սերը կնպաստեր:

Գնա, և այսուհետև մեղք մի գործիր

Սերը պարզապես առաջին քայլն է, որ կօգնի ինչ-որ մեկին հաղթահարել պոռնոգրաֆիայից կախվածությունը: Բուժման գործընթացը միշտ նույնքան անհատական է, որքան անհատն ինքը, սակայն կան հիմնական քայլեր, որոնք յուրաքանչյուր պայքարողը պետք է կատարի: Քաջալերեք նրանց հանդիպել իրենց եպիսկոպոսի հետ, նա կգտնի օգնելու միջոցներ և գործիքներ: Հարմար առիթի դեպքում օգնեք նրանց հասկանալ, թե ինչն է խթան հանդիսանում այդ կախվածության համար, և կազմեք մի ծրագիր, թե ինչպես օգնեք խուսափել այդ խթաններից: Քաջալերեք նրանց դիմել մասնագետի օգնությանը կամ միանալ աջակցող որևէ խմբի: Եվ շարունակեք սիրել ու աջակցել նրանց այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլում:

Քրիստոսը սեր ցուցաբերեց կնոջ հանդեպ և ասաց, որ չի ցանկանում, որ այդ կինը շարունակի մեղք գործել: Իրական գթասրտությունը չի ենթադրում, որ պետք է անտեսենք մարդկանց սխալները, այլ մղում է մեզ տեսնել նրանց ներուժը և օգնել նրանց, որ առաջ շարժվեն:

Հավատքի ուղին

Ես արդեն սիրում էի իմ ընկերուհուն, սակայն ավելի շատ սկսեցի սիրել նրան, երբ նա կիսվեց ինձ հետ իր գաղտնիքով: Կարևոր չէ, թե ինչ եք արել դուք կամ ինչ-որ մեկն, ում դուք սիրում եք, «հնարավոր չէ սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում»:2

Եթե գիտեք, որ ինչ-որ մեկը պոռնոգրաֆիայից կախվածության ունի, մի հեռացեք նրանից: Օգնեք սիրով և կարեկցանքով, ինչպես Փրկիչը կաներ: Միշտ չէ, որ հեշտ կլինի, այս պայքարը չի ավարտվում մի գիշերում: Համբերատար եղեք ձեր սիրելիի և նաև ինքներդ ձեր հանդեպ: Այդպիսի դժվար իրավիճակում հայտնված մեկին սիրելն ու հասկանալը բնավ հաճելի կամ հեշտ բան չէ: Բայց ես վստահ եմ, որ մեր ցուցաբերած սերն ապարդյուն չի լինի, անկախ մեր սիրելիի ճանապարհի տևողությունից կամ արդյունքներից:

Հղումներ

  1. Դեյլ Գ. Ռենլանդ, «Մեր Բարի Հովիվը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 30:

  2. Ջեֆրի Ռ Հոլլանդ, «Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 33: