ՋՍԹ, Ղուկաս 16.16–23 (համեմատի՛ր Ղուկաս ԺԶ.16–18)
(Հարուստի և Ղազարոսի առակի համար Հիսուսը համատեքստ էր նախատեսել):
16 Եվ նրանք ասացին նրան. Մենք ունենք օրենքը և մարգարեներին. բայց ինչ վերաբերում է այս մարդուն, մենք չենք ընդունի նրան որպես մեր ղեկավար. քանզի նա իրեն դատավոր է դարձնում մեր վրա:
17 Այն ժամանակ Հիսուսն ասաց նրանց. Օրենքը և մարգարեները վկայում են իմ մասին. այո՛, և բոլոր մարգարեները, որոնք գրել են, այսինքն՝ մինչև Հովհաննեսը, նախապես ասել են այս օրերի մասին:
18 Նրանից հետո Աստծո արքայությունն է քարոզվում, և ճշմարտություն փնտրող ամեն մարդ ջանում է մտնել նրա մեջ:
19 Եվ ավելի հեշտ է, որ երկինքն ու երկիրն անցնեն, քան օրենքի մի նշագիր վայր ընկնի:
20 Եվ ինչո՞ւ եք դուք ուսուցանում օրենքը և ուրանում այն, ինչ գրված է. և դատապարտում եք նրան, ում որ Հայրն ուղարկել է՝ կատարելու օրենքը, որպեսզի դուք բոլորդ փրկագնվեք:
21 Ո՜վ հիմարներ. քանզի դուք ասում եք ձեր սրտում. Աստված չկա: Եվ դուք խեղաթյուրում եք ճիշտ ճանապարհը. և երկնքի արքայությունը բռնադատվում է ձեր կողմից. և դուք հալածում եք հեզերին. և ձեր բռնի ուժով դուք փնտրում եք կործանել արքայությունը. և ուժով բռնում եք արքայության զավակներին: Վա՜յ ձեզ, շնացողնե՛ր:
22 Եվ նրանք կրկին հայհոյեցին նրան, բարկանալով, որ իրենց շնացողներ անվանեց:
23 Բայց նա շարունակեց՝ ասելով. Ով որ արձակում է իր կնոջը և ուրիշի առնում, շնություն է անում. և ով որ մարդից արձակված կին է առնում, շնություն է անում: Ճշմարիտ ասում եմ ձեզ, ես ձեզ կնմանեցնեմ հարուստ մարդու հետ: