«22. «Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«22. «Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
22.
Ապահովել նյութական կարիքները և զարգացնել ինքնապահովումը
22.0
Նախաբան
Եկեղեցու անդամները ուխտ են կապում «կրելու մեկս մյուսի բեռը. … սգալու նրանց հետ, ովքեր սգում են ․․․ և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության» (Մոսիա 18.8–9):
Եկեղեցու անդամներին նաև խորհուրդ է տրվում տքնաջան աշխատանքի և Տիրոջ օգնությամբ ամրապնդել իրենց ինքնապահովումը: Ինքնապահովումը իր և ընտանիքի հոգևոր և կենսական կարիքները հոգալու ունակություն, պարտավորվածություն և ջանք է։
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՋԱՆՔԵՐ
22.1
Զարգացնել ինքնապահովում
Տիրոջ օգնությամբ անդամները զարգացնում են ինքնապահովումը հետևյալ ձևերով.
-
Զարգացնում են հոգևոր, ֆիզիկական և էմոցիոնալ ուժը:
-
Ստանում են կրթություն և աշխատանք:
-
Բարելավում են նյութական պատրաստվածությունը:
22.1.4
Նյութական պատրաստվածություն
Սուրբ գրություններն ուսուցանում են պատրաստ լինելու կարևորությունը (տես Եզեկիել 38․7, Վարդապետություն և Ուխտեր 38․30)։ Անդամներին խորհուրդ է տրվում պատրաստվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան հոգ տանել իրենց, իրենց ընտանիքների և այլոց մասին:
Անդամները մեծացնում են իրենց ֆինանսական պատրաստվածությունը հետևյալ ձևերով․
-
Վճարում են տասանորդը և նվիրատվությունները (տես Մաղաքիա 3.8-12):
-
Հնարավորության սահմաններում փակում են և խուսափում պարտքերից:
-
Պատրաստվում և ապրում են բյուջեի սահմաններում:
-
Խնայում են ապագայի համար:
-
Ստանում են համապատասխան կրթություն, որն օգնում է նրանց ապահովել իրենց և իրենց ընտանիքներին (տես 22.3.3):
Պատրաստվածության ժամանակ նաև ծրագիր է մշակվում, թե ինչպես հոգալ հիմնական կարիքները արտակարգ իրավիճակների ժամանակ: Անդամներին խրախուսվում է ստեղծել սննդի, ջրի և այլ անհրաժեշտ պարագաների կարճաժամկետ և երկարաժամկետ պաշար:
22.2
Սպասավորել նյութական և էմոցիոնալ կարիքներ ունեցողներին
Տիրոջ աշակերտներին ուսուցանվում է «սիրել … և ծառայել մեկմեկու» և «սատարե[լ] նրանց, ովքեր … սատար կանգնելու կարիքն ունեն» (Մոսիա 4.15–16): Անդամները ձգտում են ուրիշներին տեսնել այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում նրանց՝ հասկանալով նրանց հատուկ ուժեղ կողմերն ու կարիքները: Այդ կարիքները կարող են լինել սնունդը, հագուստը, բնակարանը, կրթությունը, աշխատանքը, ֆիզիկական առողջությունը և հուզական բարեկեցությունը։
22.2.1
Տիրոջ շտեմարանը
Եկեղեցում առկա բոլոր ռեսուրսները, որոնք նախատեսված են նյութական կարիք ունեցողներին օգնելու համար, կոչվում են Տիրոջ շտեմարան (տես Վարդապետություն և Ուխտեր 82․18-19)։ Դրանց թվում են անդամների առաջարկած ժամանակը, տաղանդները, կարեկցանքը, նյութերը և ֆինանսական ռեսուրսները՝ կարիքավորներին օգնելու համար:
Տիրոջ շտեմարանը գոյություն ունի յուրաքանչյուր ծխում և ցցում: Ղեկավարները հաճախ կարող են օգնել անհատներին և ընտանիքներին գտնել լուծումներ իրենց կարիքների համար՝ հիմնվելով ծխի և ցցի անդամների կողմից առաջարկվող գիտելիքների, հմտությունների և ծառայության վրա:
22.2.2
Ծոմապահության և ծոմի նվիրատվության օրենքը
Տերը հաստատել է ծոմի և ծոմի նվիրատվության օրենքը, որպեսզի օրհնի Իր ժողովրդին և հնարավորություն տա նրանց ծառայել կարիքավորներին: Անդամներն ավելի են մոտենում Տիրոջը և աճում են հոգևոր ուժով, երբ ապրում են ծոմապահության օրենքով: (Տես Եսայիա 58․6–12, Մաղաքիա 3․8–12։)
Ծոմապահությունը կարող է կատարվել ցանկացած ժամանակ։ Սակայն, անդամները սովորաբար ամսվա առաջին կիրակի օրն են նշում որպես ծոմապահության օր: Ծոմապահության օրը սովորաբար ներառում է հետևյալը.
-
Աղոթք
-
Սննդից և ըմպելիքից հրաժարում 24 ժամվա ընթացքում (եթե առողջությունը թույլ է տալիս)
-
Ծոմի առատաձեռն նվիրատվություն մատուցում
Ծոմի նվիրատվությունը կատարվում է կարիքավորներին օգնելու համար: Երբ անդամները ծոմ են պահում, նրանք հրավիրվում են նվիրատվություն տալ, որն առնվազն հավասար է չկերած կերակուրների արժեքին:
Անդամները կարող են իրենց ծոմի, տասանորդի և այլ նվիրատվությունների լրացված ձևը տալ եպիսկոպոսին կամ նրա խորհրդականներից մեկին: Որոշ տարածքներում նրանք կարող են նաև կատարել իրենց նվիրատվությունն առցանց:
ՂԵԿԱՎԱՐԻ ՋԱՆՔԵՐ
22.3
Ինքնապահովում զարգացնելու և կարիքավորներին սպասավորելու օրինաչափությունը
22.3.1
Փնտրել նրանց, ովքեր կարիքի մեջ են
Եպիսկոպոսը սուրբ պարտականություն ունի փնտրելու և հոգ տանելու կարիքավորների մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 84․112)։ Մյուսները, ովքեր կարևոր դեր ունեն եպիսկոպոսին այս պատասխանատվության հարցում օգնելու համար, ներառում են.
-
Սպասավորող եղբայրները և քույրերը։
-
Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները:
-
Եպիսկոպոսի խորհրդականները։
-
Ծխի խորհրդի մյուս անդամները:
22.3.2
Օգնել անդամներին գնահատել և լուծել կարճաժամկետ կարիքները
Անդամները ձգտում են սեփական ջանքերով ապահովել իրենց հիմնական կարիքները և օգնություն ստանալ իրենց ազգականներից։ Երբ դա բավարար չէ, անդամները կարող են օգնության ստանալ այլ աղբյուրներից, ինչպիսիք են.
-
Կառավարության և համայնքի ռեսուրսները (տես 22.12):
-
Եկեղեցու օգնությունը:
Եկեղեցու օգնությունը կարող է ներառել կարճաժամկետ կարիքների հետ կապված օգնություն, ինչպիսիք են՝ սնունդը, հիգիենայի պարագաները, հագուստը, բնակարանը կամ այլ հիմնական կարիքները: Եպիսկոպոսները կարող են ծոմի նվիրատվություններն օգտագործել այս կարիքները բավարարելու համար: Այնտեղ, որտեղ եպիսկոպոսների կարգագրերը մատչելի են, եպիսկոպոսները սովորաբար դրանք օգտագործում են՝ սնունդ և այլ հիմնական ապրանքներ տրամադրելու համար (տես «Եպիսկոպոսների կարգագրեր և ուղղորդումներ» Ղեկավարի և գործավարի ռեսուրսներում [LCR]):
22.3.3
Օգնեք անդամներին զարգացնել երկարաժամկետ ինքնապահովում
Անդամներին կարող է անհրաժեշտ լինել շարունակական աջակցություն՝ ավելի երկարաժամկետ մարտահրավերներին դիմակայելու համար: Կրթությունը, մասնագիտական ուսուցումը կամ այլ ռեսուրսները կարող են օգնել նրանց զարգացնել ինքնապահովում և բավարարել նրանց ավելի երկարաժամկետ կարիքները:
Ինքնապահովման ծրագիրը օգնում է անդամներին բացահայտել իրենց ուժեղ կողմերն ու կարիքները: Այն նաև օգնում է նրանց բացահայտել օգտակար ռեսուրսները: Այս ծրագիրը պետք է օգտագործվի ամեն անգամ, երբ դիտարկվում է Եկեղեցու օգնությունը:
22.3.4
Սպասավորել էմոցիոնալ կարիքներ ունեցողներին
Շատ անդամներ ունեն էմոցիոնալ մարտահրավերներ: Սպասավորող եղբայրները, քույրերը և ծխի ղեկավարները կարող են օգնել անդամներին դիմագրավել այս մարտահրավերները:
22.4
Եկեղեցու օգնության տրամադրման սկզբունքները
Տիրոջ օգնությամբ անդամները ձգտում են ապահովել իրենց և իրենց ընտանիքների կարիքները:
Եկեղեցու օգնությունը նախատեսված է օգնելու անդամներին ձեռք բերել անկախություն, այլ ոչ թե կախվածություն: Տրվող ցանկացած օգնություն պետք է ամրապնդի անդամներին՝ ինքնապահով լինելու իրենց ջանքերում:
Սուրբ ֆոնդեր, սուրբ պարտականություններ
22.4.1
Խրախուսել անձնական և ընտանեկան պատասխանատվությունը
Ղեկավարներն ուսուցանում են, որ անհատներն ու ընտանիքները կրում են հիմնական պատասխանատվություն՝ իրենց նյութական, էմոցիոնալ և հոգևոր բարեկեցության համար:
Եկեղեցու օգնությունը տրամադրելուց առաջ եպիսկոպոսը (մեկ այլ ղեկավար կամ անդամ, որին նա կհանձնարարի) անդամների հետ ստուգում է, թե ինչ ռեսուրսներ են նրանք օգտագործում իրենց սեփական կարիքները բավարարելու համար:
22.4.2
Ժամանակավոր օգնություն տրամադրել կարևոր կարիքների համար
Եկեղեցու օգնության նպատակն է ժամանակավորապես բավարարել հիմնական կարիքները, քանի դեռ անդամները ձգտում են դառնալ ինքնապահով:
Եպիսկոպոսները պետք է առողջ դատողությամբ հոգևոր առաջնորդություն փնտրեն՝ հաշվի առնելով տրվող օգնության չափը և տևողությունը: Նրանք պետք է կարեկցող և առատաձեռն լինեն՝ միաժամանակ չստեղծելով կախվածություն:
22.4.3
Տրամադրել ռեսուրսներ կամ ծառայություններ, այլ ոչ թե կանխիկ գումար
Հնարավորության դեպքում եպիսկոպոսը պետք է խուսափի կանխիկ գումար տալուց: Փոխարենը, նա պետք է օգտագործի ծոմի նվիրատվությունները կամ եպիսկոպոսների կարգագրերը՝ անդամներին մթերքներ կամ ծառայություններ տրամադրելու համար: Այնուհետև անդամները կարող են օգտագործել իրենց գումարները՝ այլ կարիքները վճարելու համար:
Երբ դա չի բավարարում, եպիսկոպոսը կարող է օգնել՝ ծոմի նվիրատվություններից ժամանակավորապես վճարելով հիմնական ծախսերը (տես 22.5.2):
22.4.4
Առաջարկել աշխատանքի և ծառայության հնարավորություններ
Այն մարդկանց, ովքեր օգնություն են ստանում, եպիսկոպոսներն առաջարկում են աշխատել կամ ծառայություն մատուցել իրենց կարողությունների չափով: Դա օգնում է անդամներին պահպանել արժանապատվության զգացումը: Դա նաև մեծացնում է նրանց ինքնապահովման կարողությունը:
22.4.5
Գաղտնի պահել Եկեղեցու օգնության մասին տեղեկատվությունը
Եպիսկոպոսը և ծխի այլ ղեկավարները գաղտնի են պահում ցանկացած տեղեկություն այն անդամների մասին, որոնք կարող են Եկեղեցու օգնության կարիքը ունենալ: Դա պաշտպանում է անդամների գաղտնիությունն ու արժանապատվությունը:
22.5
Եկեղեցու օգնության տրամադրման քաղաքականությունը
Եկեղեցու ղեկավարները պետք է հետևեն այս բաժնում շարադրված քաղաքականությանը, երբ սննդի և այլ հիմնական ապրանքների համար օգնություն են տրամադրում ծոմի նվիրատվությունների կամ եպիսկոպոսների կարգագրերի միջոցով:
22.5.1
Քաղաքականություն Եկեղեցուց օգնություն ստացողների վերաբերյալ
22.5.1.1
Օգնության տրամադրում ծխի անդամներին
Ընդհանրապես, այն անդամները, որոնք ստանում են Եկեղեցու օգնությունը, պետք է ապրեն տվյալ ծխի սահմաններում և այդ ծխում ունենան իրենց անդամության գրանցումը: Օգնությունը կարող է տրվել անկախ նրանից՝ անդամը կանոնավորապես հաճախում է Եկեղեցու ժողովներին, հետևում է Եկեղեցու չափանիշներին, թե՝ ոչ:
22.5.1.2
Օգնության տրամադրում եպիսկոպոսներին և ցցերի նախագահներին
Անհրաժեշտ է ցցի նախագահի գրավոր հաստատումը՝ նախքան եպիսկոպոսը կկարողանա օգտագործել ծոմի նվիրատվությունները կամ հաստատել եպիսկոպոսի կարգագիրը իր կամ իր ընտանիքի համար:
22.5.1.4
Օգնության տրամադրում Եկեղեցու անդամ չհանդիսացող անձանց
Եկեղեցու անդամ չհանդիսացող մարդիկ սովորաբար դիմում են տեղի համայնքի օգնությանը։ Հազվադեպ է լինում, որ Հոգու առաջնորդությամբ եպիսկոպոսը օգնում է նրանց ծոմի նվիրատվություններով կամ եպիսկոպոսների կարգագրերով:
22.5.2
Ծոմի նվիրատվություններն օգտագործելու քաղաքականություն
22.5.2.1
Բժշկական կամ այլ առողջապահական խնամք
Եկեղեցու յուրաքանչյուր տարածք սահմանել է ծոմի նվիրատվությունները օգտագործելու սահմանաչափ՝ բժշկական, ատամնաբուժական կամ հոգեկան առողջության ծախսերը վճարելու համար։
Թույլատրված գումարների և ուղեցույցների համար, տես «Բժշկական ծախսերի համար ծոմի նվիրատվությունների օգտագործումը»:
22.5.2.3
Ծոմի նվիրատվությունների փոխհատուցում
Անդամները չեն փոխհատուցում Եկեղեցուց ստացած ծոմի նվիրատվության օգնությունը:
22.5.2.4
Ծխի ծոմի նվիրատվության ծախսերի գումարները
Եպիսկոպոսներից չի պահանջվում ծխի անդամներին տալ ծոմի նվիրատվության այնքան օգնություն, որքան նվիրատվություն հավաքվել է ծխի ներսում։
22.5.3
Վճարումներ կատարելու քաղաքականություն
Հնարավորության դեպքում վճարումները պետք է կատարվեն անմիջապես ապրանքներ և ծառայություններ մատուցող ձեռնարկություններին:
22.5.4
Քաղաքականություն այնպիսի վճարումների վերաբերյալ, որոնք շահեկան կլինեն եպիսկոպոսի կամ ցցի նախագահի համար
Երբ եպիսկոպոսը ծոմի նվիրատվության օգնություն է տալիս անդամներին, նա չի կարող ապրանքների կամ ծառայությունների համար այդ գումարներից վճարել այնպես, որը շահեկան կլինի անձամբ իր համար:
Եթե անդամի համար ծոմի նվիրատվությունից վճարումը շահեկան կլինի ցցի նախագահի կամ նրան պատկանող բիզնեսի համար, ապա կպահանջվի տարածաշրջանի նախագահության հաստատումը:
22.6
Ծխերի ղեկավարների դերը
22.6.1
Եպիսկոպոսը և նրա խորհրդականները
Եպիսկոպոսն ունի սուրբ լիազորություն՝ փնտրելու և հոգ տանելու նրանց մասին, ովքեր նյութական օգնության կարիք ունեն (տես Վարդապետություն և Ուխտեր 84․112)։ Նա այս աշխատանքի մեծ մասը պատվիրակում է Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահություններին: Սակայն որոշակի պարտականություններ կատարում է միայն եպիսկոպոսը։ Օրինակ՝ եպիսկոպոսը.
-
Որոշում է տրամադրվող նյութական օգնության տեսակը, չափը և տևողությունը:
-
Հաստատում է ծոմի նվիրատվության օգնությունը (տես 22.4 և 22.5) և եպիսկոպոսների կարգագրերը սննդի և այլ հիմնական ապրանքների համար (տես 22.13):
-
Անձամբ ստուգում է անդամների ինքնապահովման ծրագրերը: Անհրաժեշտության դեպքում նա ծխի մյուս ղեկավարներին հանձնարարում է հետևել այդ ծրագրերի իրականացմանը:
Եպիսկոպոսը և նրա խորհրդականները ունեն հետևյալ պարտականությունները.
-
Ուսուցանել այն սկզբունքներն ու օրհնությունները, որոնք վերաբերում են 1) նյութական և էմոցիոնալ կարիքներ ունեցողների հանդեպ հոգածությանը և 2) ինքնապահովման զարգացմանը (տես 22.1):
-
Ուսուցանել ծոմապահության օրենքը և խրախուսել անդամներին ծոմի առատաձեռն նվիրատվություն տալ (տես 22.2.2):
-
Վերահսկել ծոմի նվիրատվությունների հավաքումը և հաշվառումը (տես 34.3.2)։
22.6.2
Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները
Եպիսկոպոսի ղեկավարության ներքո Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունները առանցքային դեր ունեն ծխի կարիքավորների մասին հոգ տանելու գործում (տես 8.2.2 և 9.2.2): Այս ղեկավարները ծխի անդամներին սովորեցնում են.
-
Սպասավորել կարիքավորներին։
-
Ապրել ծոմապահության օրենքով:
-
Զարգացնել ինքնապահովում։
-
Բարձրացնել անձնական և ընտանեկան պատրաստվածությունը:
22.6.3
Սպասավորող եղբայրները կամ քույրերը
Հոգևոր և նյութական օգնությունը հաճախ սկսվում է սպասավորող եղբայրներից և քույրերից (տես 21.1): Սպասավորության հարցազրույցների ժամանակ և այլ դեպքերում նրանք իրենց Երեցների քվորումին կամ Սփոփող միության նախագահություններին զեկուցում են այն մարդկանց կարիքների մասին, որոնց սպասավորում են։ Գաղտնի կարիքների դեպքում նրանք կարող են անմիջապես կիսվել եպիսկոպոսի հետ:
22.7
Ծխի խորհրդի դերը
Ծխի խորհուրդը կարևոր դեր է կատարում, երբ պլանավորում է, թե ինչպես հոգ տանել կարիքավորների մասին և օգնել նրանց դառնալ ինքնապահով (տես 4.4): Խորհրդի անդամներն այս ծրագրերը կազմելիս հիմնվում են սպասավորման հարցազրույցների և կարիքավորների հետ իրենց անձնական շփումներից ստացված տեղեկության վրա: Անդամների կարիքները քննարկելիս խորհուրդը հարգում է բոլոր նրանց ցանկությունները, ովքեր պահանջում են գաղտնիություն:
22.8
Ծխի երիտասարդների խորհրդի դերը
Ծխի երիտասարդների խորհրդի նպատակներից մեկն է օգնել երիտասարդներին դառնալ Հիսուս Քրիստոսի նվիրյալ հետևորդները (տես 29.2.6):
Եպիսկոպոսության առաջնորդության ներքո ծխի երիտասարդների խորհուրդը ծրագրում է իրենց ծխում և համայնքում կարիքավորներին ծառայելու ուղիներ։