«Դաս 209. Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները. մենք կարող ենք լսել Փրկչի ձայնը Իր Եկեղեցու ղեկավարների խոսքերի միջոցով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 209․ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները
Ուսումնասիրենք Տիրոջ ծառաների ուղերձները
Մենք կարող ենք լսել Փրկչի ձայնը Իր Եկեղեցու ղեկավարների խոսքերի միջոցով
Սա ներածական դաս է մի շարք դասերի համար, որոնք կուսուցանվեն ամբողջ տարվա ընթացքում՝ Եկեղեցու ղեկավարի ուղերձի օգտագործումով: Այդ դասերում կօգտագործվի «Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» ձևանմուշը: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Իր ծառաների կողմից տրված Տիրոջ ուղերձները ուսումնասիրելու և կիրառելու կարևորությունը:
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին դասի գալ պատրաստված՝ կիսվելու Եկեղեցու ղեկավարի խոսքերով, որոնք կարևոր են իրենց համար և բացատրել, թե ինչու են այդ խոսքերը կարևոր: Այդ խոսքերը կարող են լինել գերագույն համաժողովի ելույթից, հեռարձակման ուղերձից, սոցիալական ցանցի գրառումից կամ նման մի նյութից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկչի ծառաները կիսվում են Նրա ուղերձներով
Ցուցադրեք Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի ներկայիս նկարը։ Առաջարկեք ուսանողներին քննարկել մի բան, որն այդ ղեկավարները վերջերս ուսուցանել են: Առաջարկեք ուսանողներին թվարկել որոշ միջոցներ, որոնք Եկեղեցու ղեկավարները օգտագործում են՝ Տիրոջ ուղերձներով մեզ հետ կիսվելու համար: Այնուհետև առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կամ իրենց ուսումնական օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին.
-
Եթե որևէ մեկը հետևեր ձեր կյանքին, նա ի՞նչ կտեսներ, որը ցույց է տալիս այն կարևորությունը, որ դուք տալիս եք Տիրոջ ծառաների խոսքերին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1.37–38 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Փրկիչը պատվիրել մեզ անել Իր ծառաների խոսքերի վերաբերյալ։
-
Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր հիշել այս հատվածներից։
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող եք բացահայտել:
Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություն․ Տերը պատվիրում է մեզ ուսումնասիրել այն խոսքերը, որոնք Ինքը ասում է մեզ Իր ծառաների միջոցով (Վարդապետություն և Ուխտեր 1.37–38)։
-
Ավետարանի կանոնավոր ուսումնասիրության ընթացքում ինչպե՞ս եք փորձել ուսումնասիրել Տիրոջ ծառաների խոսքերը:
2018 թվականի ապրիլի գերագույն համաժողովի ավարտին նախագահ Ռասել Մ. Նելսոնը հնչեցրեց հետևյալ հրավերը. Փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կարող են օգնել մարդկանց հասկանալ Եկեղեցու ղեկավարների ուղերձներն ուսումնասիրելու կարևորությունը:
Ես հորդորում եմ ձեզ առաջիկա վեց ամիսների ընթացքում հաճախակի, նույնիսկ բազմաթիվ անգամներ ուսումնասիրել համաժողովի ելույթները։ Բարեխղճորեն եղանակներ փնտրեք՝ ընդգրկելու այս ուղերձները ձեր ընտանեկան երեկոներում, ավետարանի ձեր ուսուցման մեջ, ընտանիքի և ընկերների հետ ձեր զրույցներում և ձեր քննարկումներում նույնիսկ այն մարդկանց հետ, որոնք մեր հավատքից չեն։ Բազմաթիվ լավ մարդիկ կարձագանքեն համաժողովում ուսուցանված ճշմարտություններին, երբ դրանք առաջարկվեն սիրով։ Եվ հնազանդվելու ձեր ցանկությունը կմեծանա, երբ հիշեք և խորհեք, թե ինչ զգացիք այս վերջին երկու օրերի ընթացքում: (Ռասսել Մ. Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 118)
-
Ի՞նչ բացահայտեցիք:
Առաջարկեք ուսանողներին ինքնագնահատում կատարել՝ Եկեղեցու ղեկավարների ուղերձներն ուսումնասիրելու իրենց ներկայիս ջանքերի վերաբերյալ: Նրանք կարող են մտածել, թե որքան հաճախ են իրենք ուսումնասիրում կամ լսում Եկեղեցու ղեկավարների ուղերձները և իրենց ընտանիքն ինչպես կարող է ուսումնասիրել այդ ուղերձները: Ուսանողները կարող են խորհել, թե արդյոք իրենք կցանկանային ավետարանի ուսումնասիրության ժամանակ ավելի շատ կենտրոնանալ գերագույն համաժողովի ուղերձների վրա։
-
Ի՞նչ եղանակներով եք ներառում Եկեղեցու ղեկավարների ուսմունքները ավետարանի ձեր ուսումնասիրության մեջ:
-
Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ դա անելու համար:
Խորացրեք ձեր ուսումնասիրությունը
Դասի հաջորդ հատվածը ուսանողներին հնարավորություն կտա ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարի ուղերձները՝ օգտագործելով «Եկեղեցու ղեկավարների ուսմունքները» ձևանմուշի գաղափարները: Սա կարող է նախապատրաստել ուսանողներին՝ ուսումնասիրելու Եկեղեցու ղեկավարների ուղերձները ապագա դասերի ընթացքում:
Հետևյալ գաղափարները վերցված են ձևանմուշի «Ուսումնասիրեք ուղերձը» և «Խորացրեք հասկացողությունը» բաժիններից: Դուք կարող եք ընտրել այլ գաղափարներ ձևանմուշից կամ տրամադրել ձեր կազմած նմանատիպ տարբերակները:
Ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը, որը կօգնի ձեզ ուսումնասիրել Տիրոջ ծառաներից մեկի ուղերձը.
-
Գրեք Հիսուս Քրիստոս բառերը ձեր ուսումնասիրության օրագրի էջի մեջտեղում: Ելույթը ուսումնասիրելիս, փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի բնավորության, հատկանիշների և դերերի մասին: Ձեր օրագրում գրեք, թե ինչ եք սովորում և մտածում Հիսուս Քրիստոսի մասին և ինչպես դա կարող է օգնել ձեզ հետևել Նրան:
-
Նշեք ելույթում (կամ ծանոթագրություններում) մեջբերված սուրբ գրությունները։ Կարդացեք հատվածները և նշեք, թե դրանք ինչ են ուսուցանում կամ օգնում ձեզ հասկանալ թեմայի վերաբերյալ: Կարող եք հղում ստեղծել հատվածի և ելույթի միջև ձեր Gospel Library-ում կամ նշում կատարել ձեր սուրբ գրություններում:
-
Օգտագործելով այն, ինչ սովորեցիք ելույթից, ստեղծեք նկար, գծանկար, պաստառ, մեմ, սոցիալական ցանցի գրառում կամ նմանատիպ այլ բան, որը կարող է ծառայել որպես հիշեցում կամ ոգեշնչել որևէ մեկին: Պատրաստվեք կիսվել ձեր ստեղծածով՝ բացատրելով դրա ուղերձը և այն, թե ինչպես դա կարող է օրհնել կամ ոգեշնչել ուրիշներին:
Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել Եկեղեցու ղեկավարների ուղերձը, տրամադրեք նրանց որևէ ելույթ գերագույն համաժողովից՝ ամբողջությամբ կամ մասամբ, որևէ հոդված Լիահոնա կամ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերից կամ Եկեղեցու հոգևոր հավաքներից և հեռարձակումներից: Ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրեք ուսումնասիրության համար՝ օգտագործելով վերը նշված գաղափարներից մեկը, որը նրանք ընտրել են:
Դուք կարող եք շրջել դասարանով, օգնել և խրախուսել ուսանողներին, երբ նրանք ուսումնասիրություն են կատարում: Վարժությունից հետո կարող եք ուսանողներին բաժանել ավելի փոքր խմբերի, որպեսզի կիսվեն իրենց ընտրած գաղափարով, իրենց կիրառած հմտությամբ և այն մտքերով ու զգացմունքներով, որոնք իրենց մոտ առաջացել են ուսումնասիրելիս:
Եթե ժամանակը թույլ տա, կարող եք առաջարկել ուսանողներին կիրառել մեկ այլ հմտություն ձևանմուշից՝ օգտագործելով նույն ուղերձը կամ ելույթը:
Տիրոջ ծառաների խոսքերն ուսումնասիրելու կարևորությունը
Առաջարկեք ուսանողներին ընտրել հետևյալ հարցերից մեկը՝ քննարկելու կամ իրենց ուսումնական օրագրերում պատասխանելու համար.
-
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որն օգնեց ձեզ զգալ Իր ծառաների կողմից տրված Փրկչի խոսքերի կարևորությունը:
-
Ի՞նչ կուզեիք հիշել՝ շարունակելով ուսումնասիրել Տիրոջ ծառաների ուղերձները:
-
Ի՞նչ օգուտ կարող է տալ ավետարանի ձեր կանոնավոր ուսումնասիրության ընթացքում Եկեղեցու ղեկավարների ուղերձների ուսումնասիրությունը։
Կարող եք առաջարկել ուսանողներին պլանավորել, թե իրենք ինչպես պետք է ուսումնասիրեն Տիրոջ ծառաների ուղերձները՝ ավետարանի կանոնավոր ուսումնասիրության ընթացքում։ Կարող եք կիսվել ձեր փորձառությամբ, երբ դուք լսել եք Տիրոջ ձայնը՝ Իր Եկեղեցու ղեկավարների ուղերձները ուսումնասիրելիս։