Սեմինարիա
Հելաման 5.14–52․ «Խավարի ամպը կհեռացվի»


«Հելաման 5.14–52․ «Խավարի ամպը կհեռացվի», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«Հելաման 5.14–52», Մորմոնի Գիրք. Ուսուցչի ձեռնարկ

Հելաման 5.14–52

«Խավարի ամպը կհեռացվի»

Նկար
Նեփին և Լեքին բանտում՝ օղակված կրակով

Մութ սենյակում մենք կարող ենք լույս միացնել։ Բայց ի՞նչ կարող ենք անել, երբ մենք հոգևոր խավարում ենք։ Երբ խավարը պատեց մի խումբ ամբարիշտ լամանացիների, նրանց ուսուցանում էին ապաշխարել և հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Այս դասը կարող է օգնել ձեզ վախի և խավարի զգացումները վերացնելու համար ապավինել Հիսուս Քրիստոսին և դրանք փոխարինել Նրա ուրախությամբ, խաղաղությամբ և լույսով։

Խավար և լույս

Մտածեք այն ժամանակի մասին, երբ եղել եք որևէ մութ տեղում, որտեղ աղոտ լույս է եղել կամ բոլորովին լույս չի եղել։ Կարո՞ղ եք հիշել, թե ի՞նչ դժվարություն էր ներկայացնում լավ չտեսնելը։

  • Մութ սենյակում լինելուց բացի ի՞նչ այլ ձևերով կարող ենք մեր կյանքում խավար զգալ։ Որո՞նք են այն զգացողությունները, որոնք կարող եք վերագրել խավարին։

Մտածեք ձեր կյանքի և ձեր զգացած խավարի մասին։ Այսօր ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք անել ձեր կյանքը լույսով լցնելու համար, ինչը կօգնի հեռացնել խավարը։

Նեփիի և Լեքիի ծառայությունը

Հելամանի որդիներ Նեփին և Լեքին քարոզում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Նրանք ուսուցանում էին շատ նեփիացիների, որոնք պառակտության հետևանքով միացել էին լամանացիներին։ Այդ նեփիացիներն ապաշխարեցին և փորձում էին նորոգել իրենց հասցրած վնասները։ Նեփին և Լեքին քարոզում էին մեծ զորությամբ, և 8000 լամանացիներ որոշեցին ապաշխարել ու մկրտվել (տես Հելաման 4.4, 5.14–19

Կարդացեք Հելաման 5.20–22 հատվածները և փնտրեք, թե ինչպես ընդհատվեց նրանց հաջողությունը։

Ամեն անգամ, երբ բախվում ենք հակառակության կամ փորձությունների ենք ենթարկվում, մենք կարող ենք համարել, որ դրանք մեր կյանքի մութ ժամանակներ են: Մենք կարող ենք նույնիսկ հարցնել, թե Աստված ինչու է թույլ տալիս, որ այդ բաները պատահեն։ Սակայն եթե ավելի ուշադիր լինենք, կնկատենք, որ Աստված միշտ գործում է մեր կյանքում և ցանկանում է օրհնել մեզ։

Կարդացեք Հելաման 5.23–33 հատվածները և փնտրեք, թե ինչ արեց և ասաց Աստված։ Եթե առկա է Հելաման 5 գլխի աուդիո տարբերակը, կարող եք կարդալուն զուգահեռ լսել այն։ Ըստ անհրաժեշտության՝ ընդմիջեք և հետ նվագարկեք։

  • Ի՞նչ եք սովորում Աստծո մասին այս հատվածներից: Ձեր սովորածի արդյունքում ի՞նչ զգացողություններ ունեք Նրա հանդեպ։

  • Հատվածներ 29-ում և 32-ում ներկայացված Աստծո հրավերն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ տեսնել Նրա սերը յուրաքանչյուրի հանդեպ։

Հելաման 5.29, 32 հատվածներում կարող եք ընդգծել Աստծո հրավերը ներառող խոսքերը։

Բանտում գտնվողներին պատել էր խավարը։ Նրանք չգիտեին ինչ անել և վախի պատճառով չէին կարողանում շարժվել (տես Հելաման 5.34, 40

Կարդացեք Հելաման 5.35–41 հատվածները՝ տեսնելու, թե Ամինադաբ անունով մի մարդ ինչպես օգնեց նրանց հասկանալ խավարը հեռացնելու ձևը։

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել հատված 41-ում Ամինադաբի ասածից։

Սկզբունքներից մեկը, որ կարող ենք սովորել, այն է, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեր կյանքից հեռացնել խավարը, երբ մենք Նրա հանդեպ հավատք գործադրենք և ապաշխարենք։

  • Ըստ ձեզ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալը և ապաշխարելն ինչպե՞ս կարող են օգնել հեռացնել խավարը։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսը (1932–2017) խոսել է հատուկ ձևերի մասին, որոնցով կարող ենք Տիրոջ լույսը հրավիրել մեր կյանք։

[Հիսուս Քրիստոսի] լույսը պաշտպանիչ վահան կդառնա ձեր և հակառակորդի խավարի միջև, երբ այդ լույսին արժանի կյանքով ապրեք։ Ձեզ պետք է այդ լույսը։ Մեզ պետք է այդ լույսը։ Ուշադիր ուսումնասիրեք սուրբ գրությունները և Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկը] և ականջ արեք ձեր ծնողների ու ղեկավարների ուսմունքներին։ Ապա, իմաստուն խորհրդին հնազանդվելով, սովորեք յուրացնել ավետարանի պաշտպանիչ լույսը։

Կարող եք հարցնել․ «Ինչպե՞ս կարող եմ անել դա»։ Կա միայն մեկ եղանակ․ դուք պետք է սովորեք ինքներդ ամեն օր ստեղծել այդ լույսը՝ հավատալով Հիսուս Քրիստոսին և հետևելով Նրա պատվիրաններին (Ռոբերտ Դ. Հեյլս, «Խավարից դուրս՝ դեպի Նրա սքանչելի լույսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2002 թ․, 70)

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է ձեզ հասկանալ, որ Նա կարող է պաշտպանել մեզ խավարից կամ հեռացնել այն մեր կյանքից։

Հետևյալ արտահայտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք որպես վերնագիր․

  • Օրհնություններ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու և ապաշխարելու արդյունքում

Կարդացեք Հելաման 5.42–49 հատվածները և կազմեք այն օրհնությունների ցանկը, որոնք մարդիկ ունեցան ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում։ Նշեք այն օրհնությունները, որոնք ձեր կարծիքով, այսօր ամենից շատ են անհրաժեշտ մարդկանց։

  1. Կատարեք հետևյալ հուշումներից առնվազն մեկը.

    Ընտրեք ձեր կարծիքով մեկ կարևոր օրհնություն և դրա օգնությամբ համառոտ բացատրեք, թե ինչու կխրախուսեիք ինչ-որ մեկին հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ։

    Ընտրեք մեկ օրհնություն, որը կարծում եք, որ ստացել եք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու արդյունքում։ Համառոտ բացատրեք, թե այն ինչու է կարևոր ձեզ համար։

    Հիշեք այսօր սովորածն ու զգացածը և մտածեք, թե ինչ կարող եք անել Հիսուս Քրիստոսին ապավինելու և Նրա օրհնությունները ստանալու համար։ Պարտավորություն ստանձնեք և այն պահելու համար մի նպատակ սահմանեք կամ հարմարեցրեք արդեն սահմանած նպատակը։