Լիահոնա
Խնդրում եմ խնայել մայրիկի կյանքը
Մարտ 2024


«Խնդրում եմ խնայել մայրիկի կյանքը», Լիահոնա, 2024 թ. մարտ

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Խնդրում եմ խնայել մայրիկի կյանքը

Ես վախենում էի, երբ մայրս սրտի բաց վիրահատության կարիք ուներ, բայց Երեխաների միության նվիրյալ ուսուցիչը ինձ սովորեցրեց աղոթել:

Նկար
մայրը կերակրում է դստերը ամանից

Քրիստի Գերլախը և նրա մայրը

Լուսանկարը տրամադրել է հեղինակը

Երբ ես 10 տարեկան էի, մայրս սրտի լուրջ կաթված ունեցավ։ Նա երկար շաբաթներ անցկացրեց հիվանդանոցում՝ պայքարելով իր կյանքի համար։

Այդ ընթացքում Երեխաների միության իմ ուսուցիչը՝ քույր Էլեն Ջոնսոնը, շաբաթը մեկ անգամ գալիս էր ինձ այցելության: Ես նոր էի սկսել Երեխաների միություն հաճախել և ավետարանի մասին սահմանափակ հասկացողություն ունեի: Ամեն շաբաթ քույր Ջոնսոնը բերում էր ինձ իր վկայությունը և խոսում էր աղոթքի մասին: Նա սովորեցրեց ինձ, որ եթե ես աղոթեմ, Երկնային Հայրը կպատասխանի իմ աղոթքներին:

Մի քանի շաբաթ անց մայրիկիս առողջական վիճակը վատթարացավ։ Նրա սրտի փականը վնասված էր, որը լուրջ վիրահատության կարիք ուներ։ Նրա բժիշկն ասաց, որ նա կմահանա՝ առանց սրտի փորձնական վիրահատության: Նրա ապաքինման հնարավորությունները, սակայն, ընդամենը 50/50 էին:

1960-ականների սկզբին սրտի բաց վիրահատությունը նոր էր և ռիսկային: Վիրաբույժները ծրագրել էին բացել մայրիկիս կրծքավանդակից մինչև ողնաշարը, այնուհետև ճեղքել նրա կրծոսկրը, որպեսզի հասնեին սրտին: Շատ հիվանդներ չեն կարողացել ողջ մնալ այդ վիրահատության ժամանակ։ Ես հուզված էի և վախենում էի, որ մայրս կմահանա։

Հայրիկը հիմնականում աշխատանքի էր կամ հիվանդանոցում՝ մայրիկիս հետ: Ավագ քույրս՝ Փեմը, հոգ էր տանում իմ և կրտսեր եղբորս մասին։ Գիշերը ես միայնակ էի զգում և վախենում էի, բայց մտածում էի այն մասին, թե ինձ ինչ էր սովորեցրել քույր Ջոնսոնը աղոթքի մասին: Ես հաճախ ծնկի էի գալիս իմ անկողնու մոտ և լաց էի լինում՝ աղաչելով Երկնային Հորը, որ խնայի մայրիկիս կյանքը:

Նման մի լացակումած աղոթքի ժամանակ մեծ խաղաղություն տիրեց ինձ, և ես դադարեցի լաց լինել: Ես զգացի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես վստահություն զգացի, որ մայրս կապրի և կտեսնի՝ ինչպես եմ ես մեծանում, և որ ես անհանգստանալու կարիք չունեմ: Ես ձայն չլսեցի կամ տեսիլք չտեսա, բայց հանգիստ, խաղաղ զգացումներ ունեի: Ես կասկած չունեի այդ զգացումների վերաբերյալ։ Երկնային Հայրը պատասխանել էր իմ աղոթքին, և ես դա գիտեի:

Նկար
Ծալած ձեռքեր մեդալիոնի կողքին

Նկարը Ալեքս Նաբաումի

Մայրիկս ողջ մնաց և վիրահատությունը փրկեց նրա կյանքը: Նա իր կյանքի մեծ մասը թույլ ու հիվանդ էր եղել, բայց Երկնային Հայրը պատասխանեց իմ աղոթքներին և խնայեց նրա կյանքը: Նա ապրեց ու տեսավ, թե ինչպես եմ ես մեծանում, ամուսնանում և երեխաներ ունենում:

Տարիներ անց, երբ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը դարձավ առաքյալ, մայրս ասաց ինձ, որ նա այն վիրաբույժն է, որը փրկել էր իր կյանքը: Ես առաքյալին նամակ գրեցի և շնորհակալություն հայտնեցի։ Երբ նա պատասխան գրեց, շնորհակալություն հայտնեց ինձ իմ նամակի համար, նշեց, որ ճանաչում է Աստծո օգնությունն իր աշխատանքում: