2022
Ի՞նչ է ընտանեկան երեկոն
Օգոստոս 2022


«Ի՞նչ է ընտանեկան երեկոն» Լիահոնա, օգոստոս 2022

Ամենամսյա Լիահոնայի ուղերձ, օգոստոս 2022

Ի՞նչ է ընտանեկան երեկոն

Նկար
մայրը, հայրը և փոքրիկ աղջնակը նստած են դրսում

Ընտանեկան երեկոն մի ժամանակ է, որը նախատեսված է շաբաթվա ընթացքում ձեր ընտանիքով հավաքվելու համար: Այդ ժամանակահատվածում կարող եք «սովորել ավետարանը, զորացնել վկայությունները, ստեղծել միասնություն և զվարճանալ միմյանց հետ» (Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 2.2.4, ChurchofJesusChrist.org): Ընտանեկան երեկոն յուրաքանչյուր ընտանիքի համար տարբեր է: Բայց նպատակը մեկն է` օգտագործել այդ ժամանակը միմյանց և Փրկչին ավելի մոտենալու համար:

Նախապատրաստություն

Մտածեք մի միջոցառման մասին, որը ձեր ընտանիքը սիրում է, և մի ավետարանական թեմայի մասին, որը դուք կկամենայիք քննարկել և սովորել: Ընտրեք նաև մի օր և ժամ ամեն շաբաթ, երբ ընտանիքի մեծ մասը կամ բոլոր անդամները կարող են հանդիպել: Եկեղեցին խրախուսում է անդամներին ընտանեկան երեկոն անցկացնել երկուշաբթի երեկոյան: Բայց ընտանիքները կարող են հանդիպել իրենց համար ամենահարմար ժամերին:

Նկար
ընտանիքն աղոթում է

Աղոթք

Շատ ընտանիքներ ընտանեկան երեկոն սկսում և ավարտում են աղոթքով: Դա նրանց տուն է հրավիրում Սուրբ Հոգուն: Ընտանեկան երեկոն հիանալի ժամանակ է երեխաների և չափահասների համար, որպեսզի սովորեն աղոթել փոքր խմբի հետ:

Երաժշտություն

Շատ ընտանիքներ երգում են նաև բացիչ և փակիչ երգ: Նրանք սովորաբար ընտրում են մի երգ օրհներգերի գրքից կամ Մանկական երգարանից: Եկեղեցին ունի օրհներգերի դաշնամուրային ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org կայքում: Դուք կարող եք դիտել նաև Թաբերնաքլի երգչախմբի տեսաձայնագրությունները Տաճարային հրապարակում: Ընտանեկան երեկոյի ժամանակ երգելն օգնում է անդամներին սովորել օրհներգերը, որոնք երգում են եկեղեցում:

Դաս

Եկեղեցին ունի շատ նյութեր, որոնք կարող են օգնել ընտանեկան երեկոյի ժամանակ: Դուք կարող եք տրամադրել մի քանի րոպե` կարդալու և քննարկելու որևէ հոդված Լիահոնայից, Ընկեր, կամ Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերից: Դա կարող է լինել նաև Եկեղեցու տեսաֆիլմեր դիտելու և քննարկելու մի ժամանակ: Կամ կարող եք կարդալ որևէ ելույթ գերագույն համաժողովից, կարդալ սուրբ գրություններ կամ քննարկել այդ շաբաթվա ընթերցանությունը Եկ, հետևիր ինձ ձեռնարկից:

Նկար
երեխաները թխվածքաբլիթներ են պատրաստում

Երեխաները թխվածքաբլիթներ են պատրաստում, լուսանկարը տրամադրվել է Միշել Լոյնեսի կողմից

Ընտանիքի ներգավումը

Երեխաները կարող են մասնակցել ընտանեկան երեկոյին: Նրանք կարող են օգնել միջոցառումներ ծրագրել, աղոթել կամ ընտրել երգերը և չափ տալ: Նրանք կարող են նույնիսկ դասեր ուսուցանել: Նախքան ընտանեկան երեկոն, դուք կարող եք օգնել ձեր երեխային կարդալ մի պատմվածք Ընկեր ամսագրից կամ կարդալ իրենց սիրելի սուրբգրային պատմվածքը: Այնուհետև երեխան կարող է այդ պատմվածքը պատմել ընտանիքին որպես դաս: Շատ երեխաներ սիրում են նաև սուրբգրային պատմվածքներ դերակատարել ընտանեկան երեկոյի համար: Թող ավելի մեծ երեխաները ծրագրեն դասը կամ ընտրեն գերագույն համաժողովի որևէ ելույթ, որը կկամենան կարդալ: Այնուհետև խնդրեք նրանց վարել քննարկումը:

Միջոցառումներ

Շատ ընտանիքներ սիրում են միջոցառումներ անցկացնել ընտանեկան երեկոյի ժամանակ: Տնային միջոցառումները կարող են ներառել՝ խաղեր խաղալ, արհեստագործություն կամ միասին ճաշ պատրաստել:

Բացօթյա միջոցառումների ընթացքում կարող եք զբոսնել, գնալ ընտանեկան արշավի կամ զբաղվել սպորտային խաղերով: Գտեք մի միջոցառում, որին կարող են մասնակցել և զվարճանալ ընտանիքի բոլոր անդամները: Խուսափեք մրցակցային պահերից, որոնք կարող են հեռու վանել Հոգին:

Ծառայություն

Ընտանեկան երեկոն ընտանիքների համար ուրիշներին ծառայելու հիանալի ժամանակ է: Օրինակ՝ դուք կարող եք օգնել որոշ տարեց հարևանների, ուտելիք մատուցել անօթևանների կացարանում, գրել միսիոներներին կամ հավաքել աղբը: