2018
Հինգ քայլ, որ կատարում են լավ լսողները
five things Good Listeners Do

Սպասավորության սկզբունքները, 2018

Հինգ քայլ, որ կատարում են լավ լսողները

Իսկապես լսելով, դուք կկարողանաք իմանալ, թե ինչպես արձագանքել ուրիշների հոգևոր և նյութական կարիքներին, ինչպես Փրկիչը կաներ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ասել է․ «Հավանաբար լսելն ավելի կարևոր է, քան խոսելը։ … Եթե լսենք սիրով, մենք հետո կարիք չենք ունենա մտածել, թե ինչ ասենք: Այն կտրվի մեզ Հոգու միջոցով»:1

Լսելը հմտություն է, որը մենք կարող ենք սովորել: Լսելով, ցույց ենք տալիս մեր սերը ուրիշների հանդեպ, օգնում ենք կառուցել ամուր հարաբերություններ և հրավիրում ենք Հոգին օրհնելու մեզ զանազանելու պարգևով, որպեսզի հասկանանք ուրիշների կարիքները:2 Ահա հինգ եղանակներ, որոնցով մենք կարող ենք լավացնել լսելու մեր հմտությունը:

1.Ժամանակ տվեք

Շատ մարդիկ ժամանակի կարիք ունեն, որպեսզի հավաքեն իրենց մտքերը՝ նախքան խոսելը: Մտածելու ժամանակ տվեք նրանց խոսելուց առաջ և հետո (տես Հակոբոս 1.19): Եթե նրանք ավարտել են խոսելը, չի նշանակում, որ ասել են ամեն բան, ինչ պետք է ասեին: Մի վախեցեք լռությունից (տես Հոբ 2.11–3.1 և Ալմա 18.14–16):

2.Ուշադրություն դարձրեք

Մենք ավելի արագ ենք մտածում, քան ուրիշները խոսում են: Դիմակայեք հապճեպ եզրակացություններ կատարելու և ձեր ասելիքից արագ մտածելու գայթակղությանը, երբ ուրիշներն արդեն ավարտել են խոսելը (տես Առակաց 18.13): Փոխարենը լսեք՝ հասկանալու մտադրությամբ: Ձեր արձագանքը ավելի լավը կլինի, քանի որ այն հագեցած կլինի ավելի մեծ հասկացողությամբ:

3.Հստակեցրեք

Մի վախեցեք հարցեր ուղղել, որոնք կհստակեցնեն որոշ բաներ, որոնք դուք չեք հասկացել (տես Մարկոս 9.32): Հստակեցումը մեղմացնում է թյուրըմբռնումը և ցույց է տալիս ձեր հետաքրքրությունը ասվածի հանդեպ:

4.Արձագանքեք

Վերաձևակերպեք ձեր լսածը և այն, թե ինչպես եք հասկացել ուրիշի զգացածը: Սա օգնում է, որ նրանք իմանան՝ արդյոք իրենց հասկացել են, և նրանց հստակեցնելու հնարավորություն է տալիս:

5.Ընդհանուր համաձայնության եկեք

Դուք կարող եք չհամաձայնվել ասվածի հետ, բայց համաձայնվեք, ինչի հետ կարող եք, առանց աղավաղելու ձեր սեփական զգացմունքները: Համաձայնվելով, կարող եք թուլացնել անհանգստությունը և պաշտպանողական վարքագիծը (տես Մատթեոս 5.25):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մենք պետք է «սովորենք լսել, և լսենք, որ սովորենք մեկս մյուսից»:3 Երբ լսեք ուրիշների մասին սովորելու մտադրությամբ, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները և կլսեք հուշումներ այն մասին, թե ինչպես կարող եք հոգ տանել ձեզ շրջապատողների մասին, ինչպես Փրկիչը կաներ:

Լսել՝ նշանակում է սիրել

Երեց Հոլլանդի պատմությունը լուսաբանում է լսելու զորությունը.

«Իմ ընկեր Թրոյ Ռասսելը ավտոտնակից դանդաղ հանում էր իր բեռնատարը: … Նա զգաց, որ հետևի անիվը գլորվեց մի ուռուցիկ բանի վրայով: Նա դուրս եկավ մեքենայից և հայտնաբերեց իր թանկագին իննամյա որդուն՝ Օսթինին, երեսնիվայր ընկած մայթին: … Օսթինը մահացել էր:

Չկարողանալով քնել, չկարողանալով գտնել խաղաղություն, Թրոյը անմխիթար վիճակում էր: Բայց այդ տագնապալի դեպքից հետո եկավ … Ջոն Մաննինգը: …

Ես իրոք չգիտեմ, թե ինչ ժամանակացույցով էին Ջոնը և նրա կրտսեր զուգընկերը այցելել Ռասսելների տուն:… Միայն գիտեմ, որ անցյալ տարվա գարնանը եղբայր Մաննինգը եկել ու վերցրել էր Թրոյ Ռասսելին այդ ողբերգական ճանապարհից, կարծես, վերցնում էր հենց փոքրիկ Օսթինին: Որպես … եղբայր ավետարանում, Ջոնը պարզապես քահանայության խնամքով վերաբերվեց Թրոյ Ռասսելին: Նա սկսեց, ասելով. «Թրոյ, Օսթինն ուզում է, որ ոտքի կանգնես, այդ թվում բասկետբոլի դաշտում, այնպես որ ես կլինեմ այստեղ ամեն առավոտ ժամը 5:15: Պատրաստ եղիր …»

«Ես չէի ցանկանում գնալ,- Թրոյն ասաց ինձ ավելի ուշ,- որովհետև ես միշտ վերցնում էի Օսթինին ինձ հետ: … Բայց Ջոնը պնդեց, և ես գնացի: Այդ առաջին օրը վերադառնալիս, մենք զրուցում էինք, ավելի շուտ ես էի խոսում, իսկ Ջոնը լսում էր: … Սկզբում դժվար էր, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ վերագտնում եմ իմ ուժը, հանձինս [Ջոն Մաննինգի], ով սիրում էր ինձ և լսեց ինձ, մինչև արևը վերջապես կրկին ծագեց իմ կյանքում»: 4