«Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք»
Աստծո և Իր զավակների հանդեպ մեր սերը հզոր վկայություն է աշխարհին, որ սա իրապես Փրկչի Եկեղեցին է։
Շատ տարիներ առաջ Քույր Ուխդորֆը և ես ճամփորդում էինք հարավային Գերմանիայով։ Զատիկից անմիջապես առաջ մենք հրավիրեցինք մեր լավ ընկերներից մեկին, ով Եկեղեցու անդամ չէր, միանալ մեզ մեր կիրակնօրյա երկրպագության ժողովին։ Մենք սիրում էինք այս թանկագին քրոջը, ուստի սովորական և բնական էր Փրկչի և Իր Եկեղեցու հանդեպ մեր զգացումներով նրա հետ կիսվելը և հրավիրելը՝ գալ ու տեսնել։ Նա ընդունեց հրավերը և միացավ մեզ՝ մասնակցելու մոտակա ճյուղի ժողովներին։
Եթե դուք երբևէ ընկերոջ եք բերել եկեղեցի առաջին անգամ, ապա հավանաբար կարող եք հասկանալ այդ կիրակի առավոտյան իմ զգացումները։ Ես ցանկանում էի, որ ամեն ինչ կատարյալ ընթանա։ Մեր ընկերը բարձրագույն կրթություն ունեցող, հոգևոր անձ էր։ Ես անկեղծորեն հույս էի տածում, որ այս ճյուղի ժողովները լավ տպավորություն կգործեն նրա վրա և լավ կներկայացնեն Եկեղեցին։
Ճյուղը հանդիպում էր մի մթերային խանութի երկրորդ հարկում վարձակալած սենյակներում։ Այնտեղ հասնելու համար մենք պետք է բարձրանայինք շենքի հետնամասի աստիճաններով՝ անցնելիս զգալով այնտեղ պահեստավորված ապրանքների թունդ բույրերը։
Երբ սկսվեց հաղորդության ժողովը, ես մտածեցի այն մասին, որ ընկերս առաջին անգամն է այս փորձառությունն ունենում, և ես չէի կարող չնկատել այն բաները, որոնք ինձ ստիպեցին մի փոքր անհարմար զգալ: Օրինակ, երգ այնքան էլ Թաբերնաքլի երգչախմբի նման չէր հնչում։ Հաղորդության ընթացքում անդադար լսվում էր երեխաների աղմուկը։ Խոսնակներն իրենց լավագույնն արեցին, բայց նրանք հրապարակավ խոսելու հմտություն չունեին։ Ես լարված նստել էի ժողովի ընթացքում՝ հուսալով, որ գուցե Կիրակնօրյա դպրոցն ավելի լավը կլիներ։
Սակայն այդպես չեղավ։
Ամբողջ առավոտ ես անհանգստանում էի, թե ինչ պետք է մտածի մեր ընկերն այս եկեղեցու մասին, ուր նրան տարել էինք:
Հետո, երբ տուն էինք վերադառնում, ես շրջվեցի, որպեսզի խոսեմ մեր ընկերոջ հետ։ Ցանկացա բացատրել, որ դա միայն մի փոքր ճյուղ էր և այն ամբողջ Եկեղեցին չէր ներկայացնում։ Բայց մինչ ես մի բառ կասեի, նա խոսեց։
«Գեղեցիկ էր»,- ասաց նա։
Ես խոսքեր չգտա ասելու։
Նա շարունակեց․ «Ես շատ տպավորված եմ, թե ինչպես են մարդիկ իրար վերաբերվում ձեր եկեղեցում։ Կարծես, թե բոլորը տարբեր կենսագրություն ունեն, սակայն ակնհայտ էր, որ նրանք անկեղծորեն սիրում են միմյանց։ Դա այն է, ինչին, իմ պատկերացմամբ, Քրիստոսը ցանկանում էր, որ Իր Եկեղեցին նման լինի»։
Դե, ես անմիջապես ապաշխարեցի իմ դատող տրամադրվածության համար։ Ընկերոջս տպավորելու համար ես կատարյալ ժողով էի ցանկանում։ Սակայն այս ճյուղի անդամների ձեռքբերումը՝ միմյանց հանդեպ սեր, բարություն, համբերություն և կարեկցանք ցուցաբերելն էր։
«Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա»
Իմ եղբայրներ և քույրեր, իմ սիրելի ընկերներ, ես սիրում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Սա Փրկչի ճշմարիտ և ապրող Եկեղեցին է և ուսուցանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնված լրիվությունը։ Նրա քահանայության զորությունն ու իշխանությունն այստեղ են։ Հիսուս Քրիստոսն անձամբ է ղեկավարում այս Եկեղեցին, այն ծառաների միջոցով, ում Ինքն է կանչել և լիազորել, և ապրող մարգարե՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի միջոցով։ Վերջին Օրերի Սրբերին Փրկիչը մի հատուկ առաքելություն է տվել՝ հավաքել Աստծո զավակներին և աշխարհը նախապատրաստել Փրկչի Երկրորդ Գալուստին։ Ես իմ վկայությունն եմ բերում, որ այս բոլորը ճշմարիտ է:
Սակայն կարևոր է հիշել, որ մինչ շատերը Հիսուս Քրիստոսի Եկեղեցում առաջին փորձառությունն են ունենում, նրանք չեն մտածում քահանայության իշխանության կամ արարողությունների, կամ էլ Իսրայելի հավաքման մասին։ Ամենից առավել նրանք հավանաբար նկատում են մեր շրջապատում ունեցած զգացումը և թե ինչպես ենք մենք միմյանց վերաբերվում։
Քրիստոսն ասել է․ «Սիրեք միմյանց»։ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք»։ Շատ հաճախ մարդիկ Հիսուս Քրիստոսի մասին առաջին վկայությունը ստանում են, երբ Հիսուս Քրիստոսի աշակերտների միջև սեր են զգում։
Փրկիչը հայտարարել է, որ Նա վերականգնել է Իր Եկեղեցին, «որ … հավատքն ավելանա երկրի վրա»։ Ուստի, երբ մարդիկ հաճախում են մեր Եկեղեցու ժողովներին, Փրկիչը ցանկանում է, որ նրանք Իր հանդեպ ավելի մեծ հավատքով հեռանան։ Այն սերը, որ զգում են մեր ընկերները մեր շրջապատում, նրանց ավելի կբարձրացնի դեպի Հիսուս Քրիստոսը: Դա մեր պարզ նպատակներից մեկն է, երբ ամեն անգամ հավաքվում ենք։
Ցանկացած մարդ, ով Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատք կամ Երկնային Հոր հետ ավելի սերտ կապ է փնտրում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում պետք է զգա ինչպես իր տանը։ Մեր ժողովներին նրանց հրավիրելը կարող է սովորական և բնական լինել, ինչպես նրանց մեր տուն հրավիրելը։
Կատարյալի և իրականի տարբերությունը
Այժմ, ես գիտակցում եմ, որ նկարագրում եմ կատարյալ իրավիճակը։ Եվ այս մահկանացու կյանքում մենք հազվադեպ ենք կատարյալ փորձ ունենում։ Եվ «մինչև … կատարյալ օր [դառնալը]», կատարյալի և իրականի միջև միշտ բաց կմնա։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք, երբ Եկեղեցին դեռ չի հասել կատարյալ օրվան։ Ի՞նչ անենք, երբ ինչ-որ պատճառով մեր ծուխը դեռ կատարյալ հավատք կամ սեր չի սնուցում: Կամ երբ համապատասխան չենք զգում։
Մեկ բան, որ չպետք է անենք, դա կատարյալից հրաժարվելն է։
Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ-ը ներառում է այս կարևոր զգուշացումը. «Եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են․ ուստի, մի դատապարտեք Աստծո բաները»:
Կարո՞ղ է գիրքը, կամ եկեղեցին, կամ անձը, ունենալ «թերություններ» և «սխալներ» և դեռևս Աստծո աշխտանքը լինել։
Իմ վստահ պատասխանն է՝այո։
Ուստի, մինչ ինքներս մեզ պահում ենք Տիրոջ բարձր չափանիշներին համապատասխան, եկեք նաև համբերատար լինենք մեկս մյուսի հետ։ Մենք՝ յուրաքանչյուրս, գործընթացի մեջ գտնվող աշխատանք ենք, և մեր ցանկացած առաջադիմության համար բոլորս ապավինում ենք Փրկչին։ Դա ճշմարիտ է մեզ՝ անհատներիս համար, և դա ճշմարիտ է երկրի վրա Աստծո արքայության համար։
Տերը հրավիրում է մեզ ոչ միայն միանալու Իր արքայությանը, այլ նաև ջերմեռանդորեն ներգրավված լինելու դրա կառուցման գործում։ Աստված տեսնում է մի ժողովուրդ, որը «մեկ սրտի և մեկ մտքի» կլինի։ Իսկ որպեսզի լինենք մեկ սրտի, մենք պետք է ունենանք մաքուր սրտեր, և դա պահանջում է սրտի հզոր փոփոխություն։
Բայց դա չի նշանակում փոխել իմ սիրտը, որպեսզի համապատասխանի ձեր սրտին: Ոչ էլ նշանակում է փոխել ձեր սիրտը, որպեսզի համապատասխանի իմ սրտին։ Դա նշանակում է, որ բոլորս փոխենք մեր սրտերը՝ համապատասխանեցնելով Փրկչին։
Եթե մենք դեռ պատրաստ չենք, հիշեք, որ Տիրոջ օգնությամբ ոչ մի անկարելի բան չկա։
Համապատասխանություն և պատկանելություն
Եվ, եթե երբևէ զգաք, կարծես չեք համապատասխանում, իմացեք, որ դուք միայնակ չեք։ Մի՞թե մենք բոլորս չենք եղել կյանքի այնպիսի իրավիճակներում, երբ սենյակում մեզ օտար ենք զգացել։ Ես նման փորձառություն ունեցել եմ ավելի քան մեկ անգամ։ Երբ ես 11 տարեկան էի, իմ ընտանիքը պարտադրված էր թողնել մեր տունը և տեղափոխվել մի անծանոթ շրջան։ Ամեն ինչ տարբերվում էր նրանից, ինչին ես սովոր էի։ Եվ իմ առոգանությունը մյուս երեխաներին հասկացրեց, որ ես տարբերվում եմ նրանից, ինչին իրենք սովոր էին: Այն ժամանակ, երբ ես խիստ կարիք ունեի ընկերության և պատկանելության, ես ինձ միայնակ և տեղահանված էի զգում:
Այստեղ՝ երկրի վրա, մեր նկատած տարբերությունների մեծ մասը՝ այն տարբերությունները, որոնք ոմանք օգտագործում են միմյանց դասակարգելու համար, կապված են երկրային բաների հետ՝ արտաքին տեսք, ազգություն, լեզու, հագուստ, սովորույթներ և այլն: Բայց «Տերը մարդու պես չի նայում․ մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։
Նրա տեսանկյունից, նախքան մյուս բոլոր դասակարգումները, կա մի դասակարգում․ Աստծո զավակ։ Եվ մենք բոլորս կատարելապես համապատասխանում ենք այս մեկին։
Բնական է, երբ ցանկանում ենք լինել այնպիսի մարդկանց կողքին, որոնք նման են մեզ, մեզ նման են խոսում, գործում և մտածում: Դրա համար տեղ կա։
Բայց Փրկչի Եկեղեցում մենք հավաքում ենք Աստծո բոլոր այն զավակներին, ովքեր ցանկանում են հավաքվել և ճշմարտություն են փնտրում։ Մեր արտաքին տեսքը, քաղաքական հայացքները, մշակույթը կամ էթնիկ պատկանելությունը չէ, որ համախմբում է մեզ։ Մեր ընդհանուր կենսագրությունը չէ, որ միավորում է մեզ։ Դա մեր ընդհանուր ձգտումն է, մեր սերը Աստծո և հարևանի հանդեպ, Հիսուս Քրիստոսի ու Նրա վերականգնված ավետարանի հանդեպ մեր պարտավորվածությունը։ Մենք «մեկ ենք Քրիստոսով»։
Միությունը, որը փնտրում ենք, բոլորս միևնույն տեղում կանգնելը չէ, այլ, որ բոլորս կանգնենք նույն ուղղությամբ՝ դեպի Հիսուս Քրիստոսը։ Մենք մեկ ենք, ոչ թե մեր ունեցած նախկին դիրքի, այլ՝ մեզ սպասվող ապագայի շնորհիվ․ մեկ ենք, ոչ թե մեր ներկայիս ինքնության, այլ՝ այն ինքնության շնորհիվ, որը ձգտում ենք դառնալ։
Դա է Փրկչի ճշմարիտ Եկեղեցու ողջ իմաստը:
Մեկ մարմին
Եթե սիրում եք Աստծուն, եթե ցանկանում եք Նրան ավելի լավ ճանաչել՝ Իր Որդուն հետևելով, ապա դուք պատկանում եք Նրա եկեղեցուն։ Եթե անկեղծորեն ջանում եք պահել Փրկչի պատվիրանները, թեկուզ դրանում դեռ կատարյալ չեք, ապա դուք կատարելապես համապատասխանում եք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն։
Իսկ ի՞նչ անել, եթե դուք տարբերվում եք ձեր շրջապատի մարդկանցից: Դա ձեզ անհամապատասխան չի դարձնում, այլ դարձնում է Քրիստոսի մարմնի անհրաժեշտ մասը։ Բոլորն անհրաժեշտ են Քրիստոսի մարմնում։ Ականջներն ընկալում են բաներ, որ աչքերը երբեք չեն կարող։ Ոտքերն անում են բաներ, որոնցում ձեռքերն անարդյունավետ են։
Դա չի նշանակում, որ պետք է ջանաք բոլորին դարձնել ձեզ նման։ Այլ դա նշանակում է, որ դուք ներդնելու կարևոր բան ունեք և կարևոր բան ունեք սովորելու։
Մեկ ձայն
Գերագույն համաժողովի յուրաքանչյուր նիստում մենք օրհնվում ենք տաղանդավոր երգչախմբերի ոգեշնչող երաժշտությամբ: Լսելիս կնկատեք, որ երգիչները բոլորը նույն նոտան չեն երգում։ Երբեմն մի հատվածն է երգում մեղեդին, երբեմն էլ՝ մյուսը։ Բայց բոլորը միասին գեղեցիկ հնչեղություն և լիակատար միասնություն են ապահովում։ Երգչախմբի յուրաքանչյուր անդամ ունի նույն հիմնական նպատակը՝ փառաբանել Աստծուն և բարձրացնել մեր սրտերը դեպի Նա: Յուրաքանչյուրը պետք է իր միտքն ու սիրտը կենտրոնացնի նույն աստվածային նպատակին: Եվ երբ դա տեղի է ունենում, նրանք իսկապես դառնում են մեկ ձայն:
Եթե դուք դեռ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չեք, մենք հրավիրում ենք ձեզ միանալ մեզ՝ ցնծալու Փրկչի «քավիչ սիրո [երգով]»։ Մենք ունենք ձեր կարիքը: Մենք սիրում ենք ձեզ: Եկեղեցին ավելի լավը կդառնա Տիրոջը և Իր զավակներին ծառայելու ձեր ջանքերի շնորհիվ։
Եթե մկրտությամբ և Աստծո հետ ուխտեր կապելով ցույց եք տվել ձեր փափագը՝ «գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը», ապա շնորհակալություն այս մեծ և աստվածային աշխատանքի մասը կազմելու և Հիսուս Քրիստոսի Եկեղեցին այնպիսին դարձնելու համար, ինչպիսին Փրկիչն է ցանկանում, որ լինի։
Ինչպես Գերմանիայում ընկերոջիցս սովորեցի՝ Աստծո և Իր զավակների հանդեպ մեր սերը հզոր վկայություն է աշխարհին, որ սա իրապես Փրկչի Եկեղեցին է։
Թող Աստված օրհնի մեզ, որպեսզի համբերատար, սակայն ջանասիրաբար ձգտենք հասնել այն կատարյալին, որը մեր Փրկիչը, Քավիչը և Վարդապետն է սահմանել մեզ համար, որպեսզի բոլորն իմանան, որ մենք Նրա աշակերտներն ենք։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։