Գերագույն համաժողով
Խաչ բարձրացվեց
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Խաչ բարձրացվեց

Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելու համար երբեմն պետք է կրել բեռ և գնալ այնտեղ, որտեղ զոհաբերություններ են պահանջվում, և տառապանքն անխուսափելի է:

Տարիներ առաջ մագիստրատուրայում Ամերիկայի կրոնական պատմության վերաբերյալ քննարկումից հետո մի ուսանող ինձ հարցրեց. «Ինչո՞ւ Վերջին Օրերի Սրբերը չեն ընդունել խաչը, որը մյուս քրիստոնյաներն օգտագործում են որպես իրենց հավատքի խորհրդանիշ»:

Քանի որ խաչի վերաբերյալ նման հարցերը հաճախ կասկածի տակ են դնում Քրիստոսի հանդեպ մեր նվիրվածությունը, ես անմիջապես ասացի նրան, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համարում է, որ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը հանդիսանում է կենտրոնական փաստը, կարևոր հիմքը, գլխավոր վարդապետությունը և աստվածային սիրո վերջնական արտահայտությունը Աստծո մեծ ծրագրում՝ Իր զավակների փրկության համար:1 Ես բացատրեցի, որ այդ արարքին բնորոշ փրկարար շնորհը շատ կարևոր էր և տրված էր ողջ մարդկային ընտանիքին՝ Ադամից և Եվայից մինչև աշխարհի վերջը:2 Ես մեջբերեցի Մարգարե Ջոզեֆ Սմիթին, ով ասել է. «Բոլոր … բաները, որոնք վերաբերում են մեր կրոնին, միայն լրացումներ են» Հիսուս Քրիստոսի Քավությանը:3

Այնուհետև ես կարդացի, թե ինչ էր գրել Նեփին Հիսուսի ծնունդից 600 տարի առաջ. «Եվ ․․․ հրեշտակը խոսեց ինձ հետ ․․․ ասելով՝ Նայի՛ր։ Եվ ես նայեցի ու տեսա Աստծո Գառին՝ ․․․[Ով] խաչ բարձրացվեց և սպանվեց աշխարհի մեղքերի համար»։4

«Սիրելու, կիսվելու և հրավիրելու» այժմ լեցուն եռանդով, ես շարունակեցի կարդալ: Հարություն առած Քրիստոսը Նոր աշխարհի նեփիացիներին ասաց․ «Իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ … որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ ․․․ Եվ այս պատճառով եմ ես բարձրացվել»։5

Ես պատրաստվում էի մեջբերել Պողոս առաքյալին, երբ նկատեցի, որ ընկերոջս աչքերը սկսեցին այս ու այն կողմ նայել: Նա արագ հայացք գցեց ձեռքի ժամացույցին, ըստ երևույթին, հիշելով, որ պետք է գնա ինչ-որ տեղ, ցանկացած մի տեղ․ և նա շտապեց իր մտացածին հանդիպմանը: Այսպես ավարտվեց մեր զրույցը։

Այս առավոտ՝ մոտ 50 տարի անց, ես վճռական եմ ավարտին հասցնել այդ բացատրությունը, նույնիսկ, եթե դուք բոլորդ սկսեք նայել ձեռքի ժամացույցներին: Երբ փորձում եմ բացատրել, թե մենք ինչու ընդհանրապես չենք օգտագործում խաչի պատկերագրությունը, ես ցանկանում եմ հստակեցնել, որ մենք խորապես հարգում և հիանում ենք հավատքով լցված այն մարդկանց շարժառիթներով և նվիրյալ կյանքով, որոնք օգտագործում են խաչի պատկերագրությունը:

Պատճառներից մեկը, որ մենք չենք ընդգծում խաչը որպես խորհրդանիշ, բխում է մեր աստվածաշնչյան արմատներից: Քանի որ խաչելությունը Հռոմեական կայսրության մահապատժի ամենատանջալից ձևերից մեկն էր, Հիսուսի վաղ հետևորդներից շատերը նախընտրեցին չընդգծել տառապանքի այդ դաժան գործիքը։ Քրիստոսի մահվան իմաստը, անշուշտ, առանցքային էր նրանց հավատքի համար, բայց մոտ 300 տարի նրանք ձգտում էին ավետարանի իրենց ինքնությունը փոխանցել այլ միջոցներով:6

Չորրորդ և հինգերորդ դարերում խաչը ներկայացվում էր որպես ընդհանրացված քրիստոնեության խորհրդանիշ, բայց մեր կրոնը «ընդհանրացված քրիստոնեություն» չէ։ Մենք ոչ կաթոլիկ և ոչ բողոքական ենք, այլ ավելի շուտ վերականգնված եկեղեցի ենք՝ Նոր Կտակարանի վերականգնված եկեղեցին։ Այսպիսով, մեր ակունքներն ու իշխանությունը ծնունդ են առել խորհուրդների, դավանանքների և պատկերագրության ժամանակներից առաջ։7 Այս իմաստով, խորհրդանիշի բացակայությունը, որն ավելի ուշ է մտել ընդհանուր շրջանառության մեջ, ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ քրիստոնեական ակունքների վերականգնումն է:

Պատկերագրությամբ խաչեր չօգտագործելու մյուս պատճառներից մեկն այն է, որ մենք կենտրոնանում ենք Քրիստոսի առաքելության կատարյալ հրաշքի՝ Նրա փառավոր Հարության, ինչպես նաև Նրա զոհաբերության տառապանքների և մահվան վրա: Ընդգծելով մահվան և հարության միջև այդ կապը, կցանկանայի նշել արվեստի երկու գործ,8 որոնք ամեն հինգշաբթի Սոլթ Լեյք Սիթիում անցկացվող Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի շաբաթական տաճարային ժողովներին կախված են պատին: Այս նկարները մշտական հիշեցումն են՝ մեզ համար վճարված գնի և հաղթանակի մասին, որը նվաճել է Նա, ում ծառաներն ենք մենք:

Նկար
Խաչելությունը, Հարի Անդերսոն
Նկար
Հարությունը, Հարի Անդերսոն

Իսկ շատերի համար հասանելի է Քրիստոսի հաղթանակը նկարագրող երկու մասից բաղկացած Թորվալդսենի այս փոքրիկ կտավը, որը փառքով դուրս է գալիս գերեզմանից, իսկ Նրա Խաչելության վերքերը դեռ ակնհայտ են:9

Նկար
Եկեղեցու պատկերանշանը

Վերջապես, եկեք հիշենք, որ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մի անգամ ասել է. «Մեր ժողովրդի կյանքը պետք է լինի մեր հավատքի խորհրդանիշը»:10 Այս նկատառումները, հատկապես վերջինը, օգնում է անդրադառնալ խաչի վերաբերյալ սուրբգրային հղումներից ամենակարևորին: Դա ոչ մի կապ չունի կախազարդերի կամ զարդերի, շինությունների գմբեթների կամ ցուցանակների հետ: Ավելի շուտ այն կապված է մեր աննկուն հավատարմության և բարոյական ամուր հիմքի հետ։ Քրիստոնյաները պետք է դրանք հիշեն իրենց այն կոչումներում, որոնք Հիսուսը տվել է Իր բոլոր աշակերտներին: Բոլոր երկրներում և դարերում Նա ասել է բոլորիս. «Եթե մեկը [կին թե տղամարդ] կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնե և իմ ետևից գա»։11

Այստեղ խոսվում է այն խաչի մասին, որը մենք կրում ենք մեր հոգում, և չի խոսվում այն խաչի մասին, որը կրում ենք արտաքնապես։ Հիսուս Քրիստոսի հետևորդ լինելու համար երբեմն պետք է կրել բեռ՝ քոնը կամ ուրիշինը, և գնալ այնտեղ, որտեղ զոհաբերություններ են պահանջվում, և տառապանքն անխուսափելի է: Ճշմարիտ քրիստոնյան չի կարող հետևել Վարդապետին միայն այն հարցերում, որոնց հետ նա համաձայն է: Ոչ: Մենք հետևում ենք Նրան ամենուր, այդ դեպքում՝ կարիքի պահերին, արցունքներով և դժվարություններով լի ոլորտներում, որտեղ երբեմն կարող ենք բոլորովի մենակ մնալ:

Եկեղեցում և Եկեղեցուց դուրս ես ճանաչում եմ մարդկանց, որոնք հավատարմությամբ հետևում են Քրիստոսին: Ես ճանաչում եմ ծանր ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների և գիտեմ ծնողներին, որոնք հոգ են տանում նրանց մասին: Ես տեսնում եմ, որ այդ բոլոր մարդիկ երբեմն աշխատում են մինչև լիակատար ուժասպառ լինելը, փնտրում են ուժ, անվտանգություն և ուրախության պահեր, որոնք ոչ մի այլ ձևով չեն ստանում: Ես ճանաչում եմ շատ չափահաս ամուրիների, որոնք ձգտում են և արժանի են սիրող զուգընկերոջ, հիանալի ամուսնության և իրենց երեխաներով լի օջախի: Դրանից արդար ցանկություն չի կարող լինել, բայց տարեցտարի այդ հաջողությունը ուշանում է: Ես ճանաչում եմ նրանց, ովքեր պայքարում են տարբեր տեսակի հոգեկան հիվանդությունների դեմ, ովքեր աղերսում են օգնության համար և աղոթում են հուզական կայունության համար: Ես ճանաչում եմ նրանց, ովքեր ապրում են մաշող աղքատության մեջ, բայց, հուսահատության դեմ պայքարում խնդրում են միայն ավելի լավ կյանք ստեղծելու հնարավորություն իրենց սիրելիների և իրենց շրջապատի կարիքավոր մարդկանց համար: Ես ճանաչում եմ շատերին, որոնք պայքարում են ինքնության, սեռի և սեռականության դաժան հարցերի հետ: Ես արտասվում եմ նրանց համար և նրանց հետ, քանի որ գիտեմ, թե որքան կարևոր են նրանց ընտրությունների հետևանքները:

Սրանք բազմաթիվ դժվարին հանգամանքներից մի քանիսն են՝ հանդիսավոր հիշեցումներ առ այն, որ աշակերտության համար պետք է վճարել։ Ոռնային, որը փորձում էր անվճար եզներ և փայտ տալ իր ողջակեզի համար, Դավիթ թագավորն ասաց․ «Ո՛չ, քեզնից [ես] ծախու պիտի առնեմ և ես չպիտի ձրի զոհ մատուցեմ Տեր Աստծուն»:12 Այդպես էլ մենք բոլորս պետք է ասենք։

Երբ մեր խաչը վերցնում ենք և հետևում Նրան, իսկապես ողբերգական կլիներ, եթե մեր մարտահրավերների ծանրությունը մեզ չստիպեր ավելի կարեկից և ուշադիր լինել ուրիշների բեռների նկատմամբ: Խաչելության ամենամեծ պարադոքսներից մեկն այն է, որ Փրկչի լայն բացված և գամված բազուկները՝ ակամայից, բայց ճշգրիտ պատկերում են այն, որ մարդկության ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա ոչ միայն ընդունված է, այլև հրավիրված Նրա փրկագնող, վեհացնող գիրկը:13

Ինչպես փառավոր Հարությունը հաջորդեց տանջալից Խաչելությանը, այնպես էլ ամեն տեսակի օրհնություններ են թափվում նրանց վրա, ովքեր ցանկանում են, ինչպես Մորմոնի Գրքի Հակոբ մարգարեն է ասում, «հավատա[լ] Քրիստոսին և ըմբռնե[լ] նրա մահը, և կրե[լ] նրա խաչը»: Երբեմն այդ օրհնությունները գալիս են անմիջապես, երբեմն էլ՝ ավելի ուշ, բայց մեր անձնական «via dolorosa»-ի (ցավալի դժվար ճանապարհի)14 վերջում ընկած է Վարդապետի խոստումը, որ նրանք գալիս են և կգան: Որպեսզի ձեռք բերենք այդ օրհնությունները, թող որ մենք հետևենք Նրան՝ առանց տատանվելու, երբեք չթուլանալով կամ փախչելով, երբեք խույս չտալով առաջադրանքից, ոչ այն ժամանակ, երբ մեր խաչերը կծանրանան և ոչ էլ մեր ճանապարհը մթագնելիս։ Ձեր ուժի, ձեր հավատարմության և ձեր սիրո համար ես խորին շնորհակալություն եմ հայտնում: Այս օրը ես առաքելական վկայություն եմ բերում Նրա մասին, ով «բարձրացավ»15 և հավերժական օրհնությունների մասին, որոնք Նա շնորհում է Իր հետ «բարձրացածներին», նույնիսկ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, ամեն:

Հղումներ

  1. Տես Jeffrey R. Holland, Encyclopedia of Mormonism (1992), “Atonement of Jesus Christ,” 1:83:

  2. Ամուղեկը Քրիստոսի Քավության մասին խոսում է որպես «մեծ և վերջին զոհաբերություն», որը «անսահման և հավերժական» է (Ալմա 34․10)։ «Բոլորն ընկած են և կորած, և պիտի կորչեն, եթե չլինի քավությունը» (Ալմա 34․9, տես նաև հատվածներ 8–12)։ Նախագահ Ջոն Թեյլորը ավելացրել է. «Մեզ համար անհասկանալի և անբացատրելի ձևով [Հիսուսը] կրեց ողջ աշխարհի մեղքերի ծանրությունը. ոչ միայն Ադամի, այլև նրա սերունդների։ Եվ դա անելով՝ երկնքի արքայությունը բացեց ոչ միայն բոլոր հավատացյալների և բոլոր նրանց համար, ովքեր հնազանդվում են Աստծո օրենքին, այլև մարդկային ընտանիքի կեսից ավելի մարդկանց համար, որոնք մահանում են մինչև հասունության տարիքը։ Ինչպես նաև՝ [նրանք], ովքեր … մահացել են առանց օրենքի, Նրա միջնորդությամբ հարություն կառնեն և կդատվեն առանց օրենքի, և այդպիսով կմասնակցեն … Նրա Քավության օրհնություններին» (An Examination into and an Elucidation of the Great Principle of the Mediation and Atonement of Our Lord and Savior Jesus Christ [1892], 148–49; Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 52–53)։

  3. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 49։

  4. 1 Նեփի 11․32–33։

  5. 3 Նեփի 27․14-15:

  6. Պողոսի ուսմունքներում, իհարկե, խաչի մասին հիշատակումներ կան (տես, օրինակ՝ Ա Կորնթացիս 1.17–18, Գաղատացիս 6.14, Փիլիպպեցիս 3.18), բայց դրանք նշանակում էին շատ ավելին, քան երկու փայտե իրար մեխված գերաններ, կամ որպես այդպիսին ավելի փոքր խորհրդանիշ: Այսպիսով, երբ Պողոսը խոսում է խաչի մասին, նա օգտագործում է վարդապետական համառոտագրությունը՝ խոսելու Քավության վեհության մասին. մի ասպարեզ, որտեղ Վերջին Օրերի Սրբերը պատրաստակամորեն միանում են նրան և մեջբերում են նրան:

  7. Վաղ և ավանդական քրիստոնյա գործիչները, ինչպիսիք են Մարտին Լյութերի համախոհ Անդրեաս Կարլշտադը (1486–1541), ուշ միջնադարում պնդում էին, որ «խաչելությունը [ինքնուրույն] պատկերում էր միայն Քրիստոսի մարդկային տառապանքը և անտեսում էին Նրա Հարությունը և փրկագնող զորությունները» (John Hilton III, Considering the Cross: How Calvary Connects Us with Christ [2021], 17)։

  8. Հարի Անդերսոն, Խաչելությունը, Հարի Անդերսոն, արիամը և հարություն առած Տերը։

  9. Ռասսել Մ․ Նելսոն, «Բացել երկինքներն օգնության համար», Լիահոնա, մայիս 2020, 72-74:

  10. Gordon B. Hinckley, “The Symbol of Christ,” Ensign, May 1975, 92.

  11. Մատթեոս 16.24:

  12. Բ Թագավորաց 24.24։

  13. «Նրա բազուկը մեկնված է դեպի բոլոր մարդիկ, ովքեր կապաշխարեն ու կհավատան նրա անունին» (Ալմա 19․36, տես նաև 2 Նեփի 26․33, Ալմա 5․33

  14. Via dolorosa-ն լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «ցավալիորեն դժվար ճանապարհ, ուղի կամ փորձառությունների շարք» (Merriam-Webster.com Dictionary, “via dolorosa”)։ Այն ամենից հաճախ վերաբերում է Հիսուսի քայլերին՝ Պիղատոսի ձեռքով Նրա դատապարտումից մինչև Գողգոթայի վրա Նրա խաչելությունը:

  15. Տես 3 Նեփի 27․14-15։