2000–2009 թթ․
Եվ եթե ոչ ․․․
Ապրիլի 2004


Եվ եթե ոչ ․․․

Մարդիկ զարմանալի բաների են հասնում, երբ վստահում են Տիրոջը և պահում Նրա պատվիրանները, հավատք գործադրում նույնիսկ այն ժամանակ, երբ չգիտեն, թե ինչպես է Տերը կերտում իրենց:

Պատանեկության տարիներին ես ութերորդ դասարանի բասկետբոլի մրցաշարից տուն վերադարձա ճնշված, հիասթափված և շփոթված: Ես բարձր ձայնով ասացի մայրիկիս․ «Ես չգիտեմ, թե ինչու պարտվեցինք, ես հավատում էի, որ կհաղթենք»:

Հիմա հասկանում եմ, որ այն ժամանակ չգիտեի, թե ինչ է հավատը:

Հավատը քաջախոսություն չէ, ցանկություն չէ, հույս չէ: Ճշմարիտ հավատքը հավատքն է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ վստահելն ու ապավինելն է Հիսուս Քրիստոսին, ինչը մարդուն առաջնորդում է հետևելու Իրեն։1

Դարեր առաջ Դանիելը և նրա երիտասարդ գործընկերները հանկարծակի ապահովությունից դուրս մղվեցին աշխարհ՝ օտար և վախեցնող աշխարհ: Երբ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվեցին խոնարհվել և երկրպագել թագավորի ստեղծած ոսկե պատկերին, կատաղած Նաբուգոդոնոսորը ասաց նրանց, որ եթե նրանք չերկրպագեն այնպես, ինչպես պատվիրված է, ապա անմիջապես կնետվեն կրակով բորբոքված հնոցը: «Եվ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից»:2

Երեք երիտասարդներն արագ և վստահ պատասխանեցին․ «Եթե այնպես լինի [եթե դու գցեղ մեզ կրակով բորբոքուած հնոցը], մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը, եւ քո ձեռքիցն էլ նա մեզ կազատէ»: Դա երեխայական է հնչում։ Բայց հետո նրանք ցույց տվեցին, որ լիովին հասկանում են, թե ինչ է հավատը: Նրանք շարունակեցին․ «Եվ եթե ոչ, … քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում»։3 Դա ճշմարիտ հավատի հայտարարություն է:

Նրանք գիտեին, որ կարող են վստահել Աստծուն, նույնիսկ եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես նրանք հույս ունեին:4 Նրանք գիտեին, որ հավատքն ավելին է, քան մտավոր հավանությունը, ավելին, քան այն, որ Աստված ապրում է: Հավատքը լիակատար վստահություն է Նրա հանդեպ:

Հավատքը նշանակում է հավատալ, որ, թեև մենք չենք հասկանում բոլոր բաները, սակայն Նա հասկանում է։ Հավատքը իմանալն է, որ թեև մեր զորությունը սահմանափակ է, սակայն Նրա զորությունը սահմանափակ չէ։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի դեպքում պետք է լիովին ապավինել Նրան։

Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը գիտեին, որ միշտ կարող են ապավինել Նրան, քանի որ նրանք գիտեին Նրա ծրագրի մասին և գիտեին, որ Նա հարատև է։5 Մեր նման նրանք գիտեին, որ մահկանացու կյանքը բնության քմհաճույքը չէ: Դա մեր սիրող Երկնային Հոր մեծ ծրագրի մի կարճ հատվածն է,6 որը հնարավորություն կտա մեզ՝ Նրա որդիներին և դուստրերին, ձեռք բերել նույն օրհնությունները, որոնք նա ունի, եթե մենք կամենանք:

Մեր նման նրանք գիտեին, որ մեր նախամահկանացու կյանքում մենք հրահանգ էինք ստացել Նրա կողմից մահկանացու կյանքի նպատակի վերաբերյալ. «Մենք կստեղծենք մի երկիր, որի վրա սրանք կկարողանան բնակվել. և դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը` իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»։7

Այսպիսով, մենք ունենք դա. դա փորձություն է: Աշխարհը փորձության վայր է մահկանացու տղամարդկանց և կանանց համար: Երբ մենք հասկանանք, որ այդ ամենը փորձություն է մեր Երկնային Հոր կողմից, ով ցանկանում է, որ մենք վստահենք Նրան և թույլ տանք Նրան օգնել մեզ, մենք կկարողանանք ամեն ինչ ավելի պարզ տեսնել:

Նա ասել է մեզ, որ Իր գործը և փառքն է` «իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը»։8 Նա արդեն դարձել է Աստված։ Այժմ Նրա միակ նպատակը մեզ օգնելն է, մեզ հնարավորություն տալ վերադառնալ Իր մոտ, նմանվել Իրեն և հավիտյան ապրել Իր նման։

Իմանալով այս ամենը, այդ երեք երիտասարդ եբրայեցիների համար դժվար չէր կայացնել իրենց որոշումը: Նրանք կհետևեին Աստծուն. նրանք հավատ կդրսեւորեին Նրա հանդեպ: Նա կազատեր նրանց, և եթե ոչ, ապա մենք գիտենք պատմության մնացած մասը:

Տերը մեզ տվել է ազատ կամք՝ իրավունք և որոշում կայացնելու պատասխանատվություն:9 Նա մեզ փորձում է՝ թույլ տալով մեզ դժվարություններ ունենալ։ Նա հավաստիացնում է, որ թույլ չի տա, որ մենք գայթակղվենք մեր ուժերից վեր:10 Բայց մենք պետք է հասկանանք, որ մեծ մարտահրավերները մեծ մարդիկ են կերտում: Մենք նեղություն չենք փնտրում, բայց եթե մենք հավատքով ենք արձագանքում, Տերը զորացնում է մեզ: «Եվ եթե ոչ» -երը կարող են հրաշալի օրհնություն դառնալ:

Պողոս Առաքյալը սովորեց այս կարևոր դասը և տասնամյակներ շարունակ նվիրված միսիոներական աշխատանքից հետո հայտարարեց․ «Նեղությունների մեջ էլ պարծենում ենք, գիտենալով որ նեղությունը համբերություն է գործում, համբերությունը` փորձառություն, փորձառությունը` հույս. Հույսն էլ չի ամաչեցնում»։11

Նա վստահեցրել է մեզ Տիրոջ միջոցով. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զօրությունը տկարության մեջ է կատարվում»:12

Պողոսը պատասխանեց. «Արդ, ավելի յօժարութեամբ … իմ տկարութիւններովը կպարծենամ, որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում․․․ Հաւանել եմ տկարութիւնների, թշնամանքների, վիշտերի, հալածանքների նեղութիւնների Քրիստոսի համար. որ երբոր տակարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ»։13 Երբ Պողոսը Տիրոջ ձևով հաղթահարեց իր մարտահրավերները, նրա հավատը մեծացավ:

«Հավատքով Աբրահամը փորձվեց, երբ պետք է զոհ մատուցեր Իսահակին»։14 Իր մեծ հավատքի պատճառով Աբրահամին խոստացվեց ավելի մեծ թվով սերունդ, քան երկնքում գտնվող աստղերը, և որ այդ սերունդը կսերի Իսահակից: Բայց Աբրահամն անմիջապես կատարեց Տիրոջ հրամանը: Աստված կպահեր Իր խոստումը, և եթե ոչ այնպես, ինչպես Աբրահամն էր ակնկալում, նա այնուամենայնիվ լիովին կվստահեր Նրան:

Մարդիկ զարմանալի բաների են հասնում, երբ վստահում են Տիրոջը և պահում Նրա պատվիրանները, հավատք գործադրում նույնիսկ այն ժամանակ, երբ չգիտեն, թե ինչպես է Տերը կերտում իրենց:

«Հաւատքով Մովսէսը ․․․ չ’կամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։

Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ,

Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից․․․

Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը․․․

Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով․․․

Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան»։15

Մյուսները «հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, ․․․ խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին.

Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. Պատերազմի մէջ զօրաւոր եղան»։16

Բայց այդ բոլոր փառահեղ արդյունքները, որոնց համար հույս ունեին և սպասում էին մասնակիցները, միշտ կային, և եթե ոչ -երը.

«Միւսներն էլ …նախատինքների և ծեծերի, կապանքների և բանտի … փորձը առան.

Նրան քարկոծուեցան, … սողոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան … ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, [և] չարչարուած․․․17

Աստված նրանց համար մի քանի ավելի լավ բաներ պատրաստեց իրենց տառապանքների միջոցով, քանի որ առանց տառապանքների նրանք չէին կարող կատարյալ դառնալ»:18

Մեր սուրբ գրություններն ու մեր պատմությունները լի են Աստծո հրաշալի տղամարդկանց և կանանց մասին պատմություններով, ովքեր հավատացել են, որ Նա կազատի իրենց, և եթե ոչ , ապա նրանք ցույց են տվել, որ կվստահեն և հավատարիմ կմնան։

Նա ունի այդ զորություն, բայց դա մեր քննությունն է։

Տերն ի՞նչ է ակնկալում մեզանից`մեր դժվարությունների հետ կապված։ Նա ակնկալում է, որ անենք այն ամենը, ինչը կարող ենք։ Նա կանի մնացածը։ Նեփին է ասել. «Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել»։19

Մենք պետք է ունենանք նույն հավատքը, որն ունեին Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը։

Մեր Աստվածը կազատի մեզ ծաղրանքից և հալածանքից, և եթե ոչ։ … Մեր Աստվածը կազատի մեզ հիվանդությունից ու տառապանքից, և եթե ոչ։ … Մեր Աստվածը կազատի մեզ միայնակության, ընկճվածության և վախի զգացումներից, և եթե ոչ։ … Մեր Աստվածը կազատի մեզ սպառնալիքներից, մեղադրանքներից և անապահովությունից, և եթե ոչ։ … Նա կազատի մեզ մեր սիրելիների մահվան կամ առողջության խնդիրներից, և եթե ոչ, …. Մենք կվստահենք Տիրոջը։

Մեր Աստվածը կտեսնի, որ մենք ստանում ենք ազնվություն և արդարություն, և եթե ոչ։ … Նա կհավաստիանա, որ մենք սիրված ու ճանաչված ենք, և եթե ոչ։ … Մենք կստանանք կատարյալ զուգընկեր և արդար ու հնազանդ զավակներ, և եթե ոչ, … մենք հավատք կունենանք առ Տեր Հիսուս Քրիստոսը, իմանալով, որ եթե մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք անել, մենք, Իր ժամանակին և Իր եղանակով կազատվենք և կստանանք այն ամենը, ինչ Նա ունի։20 Ես վկայում եմ այս մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: