2021
Դուք կարո՛ղ եք դա անել
Հուլիս 2021


«Դուք կարո՛ղ եք դա անել» Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021 թ․, 24-26։

Եկ, հետևիր ինձ

Դուք կարո՛ղ եք դա անել

Մենք պետք է հիշենք այն ամենն, ինչ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը արել և անում են, որպեսզի մենք ժառանգենք սելեստիալ արքայությունը:

Վարդապետություն և Ուխտեր 76

Նկար
երիտասարդ կին

«Ե՞ս: Սելեստիալ արքայությունո՞ւմ: Չեմ կարծում, որ կարող եմ դա անել»:

Դուք երբևէ ունեցե՞լ եք այսպիսի միտք: Ինչևէ, նորմալ է մտածել՝ արդյոք մենք բավական լավն ենք, առավել ևս երբ մեզ թվում է, որ մենք շատ հեռու ենք կատարյալ լինելուց: Երբեմն թվում է, թե սելեստիալ արքայությունն անհասանելի է:

Բայց մի հուսահատվեք: Երկնային Հոր ծրագրի ամբողջ իմաստն է՝ օգնել ձեզ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և ապրել Նրանց հետ սելեստիալ արքայությունում: Եվ դուք շատ ավելի լավ դրության մեջ եք, քան ձեզ թվում է: Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահն է, հիշեցնում է մեզ, որ նորից Նրանց հետ ապրելն «ավելին է քան ուղղակի մեր նպատակը. դա նաև Նրանց նպատակն է»: 1

Ամենից առավել Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ուզում են, որ մենք բոլորս ապրենք սելեստիալ արքայությունում Նրանց և մեր ընտանիքների հետ։ Լավ նորությունն այն է, որ մենք միայնակ չենք այնտեղ հասնելու մեր ճանապարհին: Երբ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ և հետևում ենք Նրան, մենք ստանում ենք անհրաժեշտ ուժն ու օգնությունը: Նրա Քավության շնորհիվ սելեստիալ արքայությունը ժառանգելը ոչ միայն հավանական է, այլև հնարավոր:

Այնպես որ Նրա օգնությամբ դուք կարո՛ղ եք դա անել: Դուք կարո՛ղ եք դա անել:

Աստծո ծրագիրը բոլորի համար է

Սելեստիալ արքայություն մտնելու համար մենք պետք է հավատ ունենանք առ Հիսուս Քրիստոսը և ձգտենք ընդլայնել այդ հավատը: Մենք պետք է ձգտենք ամեն օր փոխվել և ապաշխարել: Մենք պետք է մկրտվենք և ստանանք Սուրբ Հոգու պարգևը և միշտ հիշենք Հիսուս Քրիստոսին ու վերականգնենք մեր ուխտերը: Մենք պետք է համբերենք մինչև վերջ: Եթե դա այն է, ինչ դուք ցանկանում եք և ինչին ձգտում եք, ապա դուք կդառնաք այն մարդը, ով կժառանգի սելեստիալ արքայությունը:

Ի լրումն, Նախագահ Դալլին Հ․ Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է, որ սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանին արժանացել են «նրանք, ովքեր բավարարել են այդ արքայության բարձրագույն պահանջները, որոնցից են՝ հավատարմությունն Աստծո տաճարում տված ուխտերին և հավերժական ամուսնությունը»: 2 (Սրա մասին ավելին իմանալու համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.50-70, 92–96 հատվածները):

Եթե դա ձեզ ստիպում է կասկածել կամ անհանգստանալ, թե արդյոք դուք պատրաստ եք ժառանգել սելեստիալ արքայությունը, թե ոչ, հիշեք, որ դա ճամփորդություն է: Յուրաքանչյուր օր, երբ մենք ընտրում ենք ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, ևս մեկ օր է, երբ մենք մոտենում ենք ավելի սելեստիալ մարդ դառնալուն՝ մոտենում ենք սելստիալ արքայությանը: Իհարկե բոլորիս մոտ կլինեն սայթաքումներ՝ սխալներ և մեղքեր: Ամեն օր ապաշխարելիս վստահել Հիսուս Քրիստոսին՝ սա է բանալին: Այս ճամփորդությունը խոստումնալից է, քանի որ Նա և մեր Երկնային Հայրը արել և անում են ամեն ինչ, որպեսզի մենք հասնենք այնտեղ:

Մենք ունենք Փրկիչին

Նկար
Հիսուս Քրիստոս

Փրկիչը մեզ ցույց է տալիս այն ուղին, որի շնորհիվ մենք կարող ենք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Սելեստիալ արքայությունում ապրող մարդկանց Ջոզեֆ Սմիթը նկարագրում է որպես «Հիսուսի վկայությունը ստացած» և «Հիսուսի միջոցով կատարյալ դարձված … որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը» (Վարդապետություն և Ուխտեր 76.51, 69):

Կատարյալ դառնալ Հիսուս Քրիստոսի միջոցով՝ չի նշանակում, որ մենք երբևէ սխալներ չենք գործում: Դա նշանակում է, որ մենք ամեն օր ապաշխարում ենք և փորձում դառնալ ավելի լավը՝ վստահելով, որ Փրկիչը և Նրա Քավության զորությունը կօգնեն մեզ փոխվել: Երբ մենք անում ենք դա, Նրա ներումն օգնում է մեզ շարժվել դեպի սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանը, որտեղ մենք կարող ենք ապրել Նրա, Երկնային Հոր և մեր ընտանիքների հետ: Մենք նաև կստանանք այն ամենն, ինչ մեր Երկնային Հայրն ունի: Սրանցից ոչ մեկը հնարավոր չէր լինի առանց Փրկիչի:

Մենք ունենք Եկեղեցին

Նախագահ Օուքսն ուսուցանել է, որ Եկեղեցու նպատակներից մեկն է նաև «օգնել Աստծո բոլոր զավակներին հասկանալ իրենց ներուժը և հասնել իրենց բարձրագույն ճակատագրին: Այս եկեղեցին գոյություն ունի, որպեսզի Աստծո զավակներին և դուստրերին միջոցներ տրամադրի սելեստիալ արքայություն մտնելու և այնտեղ վեհանալու համար»: 3 Դա արվում է ավետարանի արարողություններին և ուխտերին հնազանդվելու միջոցով:

Նկար
տաճար

Այդ արարողություններն ու ուխտերը պահանջում են քահանայությունը, որը հասանելի է միայն Աստծո ճշմարիտ Եկեղեցում: Այս և այլ միջոցներով Տերը և Իր Եկեղեցին օգնում են մեզ մեր լավագույն տարբերակին հասնելու մեր ճանապարհին և պատրաստում են մեր սրտերը մի օր Երկնային Հոր ունեցածը ժառանգելու և հավերժական կյանք ստանալու:

Շարունակեք առաջ գնալ և մի հանձնվեք

Դեպի սելեստիալ արքայություն այս ճամփորդությունը խոստումնալից է, բայց ոչ միշտ դյուրին: Երկնային Հայրը գիտի դա: Նա և Հիսուս Քրիստոսը խոստացել են աջակցել և ուժեղացնել մեզ այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլում:

Նկար
արևածագ

Լուսանկարը տրամադրել է © Getty Images

Ուստի, շարունակեք առաջ գնալ և մի հանձնվեք: Մենք կստանանք օգնություն, եթե ձգտենք հետևել Փրկիչին, ապրենք այնպես, որ արժանի լինենք այդ օգնությանը, գործենք ըստ Սուրբ Հոգու հուշումների և իմանանք, թե ինչպես կարող ենք կատարելագործվել: Եթե մենք ապրենք հավատով առ Հիսուս Քրիստոս և ապաշխարենք, երբ դա հարկավոր է, մեր Երկնային Հայրը կօգնի մեզ փոխվել դեպի լավը:

Սելեստիալ արքայությանն արժանանալը միայն մեկ մեծ գործով չի եզրափակվում: Դա Փրկչին հետևելու և Նրա ավետարանից բխող հույսին վստահելու կանոնավոր ընտրության արդյունք է:

Այնպես որ, եթե դուք ձգտում եք հետևել Փրկիչին, բայց դեռևս անհանգստանում եք՝ արդյոք կհասնեք սելեստիալ արքայությանը, թե ոչ, բոլոր նշաններն ասում են. «Այո՛: Դուք կարո՛ղ եք դա անել»: Դա այն է, ինչ Երկնային Հայրը նախատեսել է բոլորիս համար: Եվ ինչպես ուսուցանել է Նախագահ Օուքսը, դա հնարավոր է «Աստծո՝ Իր զավակների նկատմամբ սիրո և Հիսուս Քրիստոսի քավության և հարության շնորհիվ, «Ով փառավորում է Հորը և փրկում է իր ձեռքի բոլոր գործերը [Վարդապետություն և Ուխտեր 76.43]»:4

Հղումներ

  1. Մ. Ռասսել Բալլարդ, 2017 թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 65):

  2. Դալլին Հ. Օուքս, «Apostasy and Restoration», 1995 թ․ ապրիլի գերագույն համաժողով (Ensign, մայիս 1995, 86)։

  3. Դալլին Հ․ Օուքս, “Apostasy and Restoration” (87)։

  4. Դալլին Հ. Օուքս, “Apostasy and Restoration,” (87), շեշտադրումն ավելացված է: