«Նետի հասցրած վնասը», Ընկեր, սեպտեմբեր 2024, 4-5։
Նետի հասցրած վնասը
Դանիելը բավական համարձակ կգտնվի՞ ճշմարտությունն ասելու համար։
Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։
Դանիելը բարձրացրեց պապիկի հին խաղալիքների տուփի կափարիչը և ներս նայեց։ Զարմիկները հավաքվել էին նրա շուրջը և դիտում էին։ Նրանք սիրում էին միասին խաղալ պապիկի տանը։
Ներսում կային շատ հին խաղալիքներ, որոնցով Դանիելի մայրն ու մորաքույրը խաղացել էին մանուկ ժամանակ։
«Դրանք ինչե՞ր են»։ Դանիելի զարմիկ Նոյը մատնացույց արեց վեց փայլուն, հնաոճ նետերը։ Դրանք սրածայր էին և ունեին գունավոր դրոշներ՝ մի քանիսը կարմիր, իսկ մի քանիսը դեղին։
Դանիելը վերցրեց դրանցից մեկը։ «Մայրս ինձ պատմել է սրանց մասին»,- ասաց նա։ «Դրսում սիզամարգի վրա օղակ եք դնում։ Այնուհետև հերթով դրանք օդ եք նետում և փորձում այնպես անել, որ վայրէջք կատարեն օղակի մեջ»։
«Հրաշալի է»,- ասաց Նոյը։ Նա արդեն վազում էր բակ՝ խաղը նախապատրաստելու համար։
Շուտով Դանիելն ու իր զարմիկները պապիկի բակի շուրջը օդ էին նետում մետաղե նետերը։ Դանիելն ուրախանում էր, երբ նետերը վայրէջք էին կատարում և խրվում խոտերի մեջ։
«Գրազ կգամ, որ իմ նետը ավելի բարձր կթռչի, քան ձերը»,- ասաց Դանիելի զարմիկ Լիլին։
Երեխաները ծիծաղեցին և նետերը ավելի ու ավելի բարձր նետեցին։
Ապա Դանիելի մոտ մի միտք ծագեց։ «Գրազ կգամ, որ իմ նետը կարող է սլանալ ճանապարհի ողջ երկայնքով և հայտնվել օղակում»,- ասաց նա։ Նա վազեց դեպի ճանապարհի մյուս կողմը և ողջ ուժով արձակեց նետը։
Նետը վեր սլացավ, բայց չհայտնվեց խոտերի մեջ։ Փոխարենը այն ընկավ մորաքույր Ռոբիլինի բոլորովին նոր մեքենայի վրա՝ բարձր դրմփոցով։
«Օ, ոչ»,- գոչեց Նոյը։
Դանիելը վերցրեց նետը։ Նետի հարվածից մեքենան վնասվել էր։
Երեխաները սարսափած նայեցին միմյանց։ Հետո, ոչինչ չասելով, նետերը թողեցին խոտերի մեջ ու ներս վազեցին։
Կեսօրին բոլորը մոտեցան իրենց մեքենաներին և պատրաստվում էին տուն գնալ։ Դանիելի մորաքույրը նկատեց իր մեքենայի վնասված մասը։ «Ի՞նչ է պատահել»,- հարցրեց նա։
Դանիելը շատ անհանգիստ էր։ Սակայն նա ոչինչ չասաց։ Նա պարզապես բարձրացավ մեքենան և ձեռքով հրաժեշտ տվեց իր զարմիկներին։
Տուն գնալիս Դանիելը լուռ նստել էր հետևի նստարանին։ Նա փորձեց կարդալ իր գիրքը։ Բայց չկարողացավ կենտրոնանալ։ Նա իրեն վատ էր զգում կատարվածից։ Նա գիտեր, որ ճիշտը ազնիվ լինելն է։ Բայց ճշմարտությունն ասելը սարսափելի կլիներ։ Նրա ծնողները շատ կբարկանային։ Նրա մորաքույրը նույնպես։
Այնուհետև Դանիելը մտածեց սուրբ գրությունների իր սիրելի հերոսի մասին։ Հին Կտակարանում Դանիելին նետեցին առյուծների գուբը՝ ճիշտն ընտրելու համար։ Նա համարձակ էր։ Միգուցե Դանիելն էլ կարող էր համարձակ լինել։
«Մայրի՜կ»,- կանչեց Դանիելը։ «Ես նետ արձակեցի, որը հարվածեց մորաքույր Ռոբիլինի մեքենային և վնասեց։ Դա իմ մեղքով տեղի ունեցավ»։
Մայրիկը նայեց նրան հայելու միջով։ Ի զարմանս Դանիելի՝ նա այնքան էլ զայրացած չէր։ «Շնորհակալ եմ, որ ինձ ասացիր ճշմարտությունը»,- ասաց նա։
Դանիելը խոր շունչ քաշեց։ «Կարո՞ղ եմ զանգահարել մորաքույր Ռոբիլինին, երբ տուն հասնենք»,- հարցրեց նա։ «Ես ուզում եմ ներողություն խնդրել։ Եվ ես ջանասիրաբար կաշխատեմ ու գումար կվաստակեմ, որպեսզի վճարեմ նրա մեքենան վերանորոգելու գինը»։
Մայրիկը ժպտաց։ «Շատ լավ միտք է»։
Ճնշող զգացողությունը վերացել էր, և Դանիելն իրեն հանգիստ էր զգում։ Նա բավական համարձակ գտնվեց ասելու ճշմարտությունը։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նա կարողացավ ապաշխարել և շտկել ամեն բան։
Նկարները՝ Ջոշ Թալբոթի